Փորձեք կրկնել կետաձկան ծիծաղը՝ ահա, թե ինչու են վերադառնում առասպելները: Փորձեք կրկնել ծիծաղող կետաձկանը՝ չմոռանալով, որ ծիծաղը առասպելն է, իսկ գրողը՝ իր իսկ ծիծաղին ականջ դրած կետաձուկը:
***
Ավետիք Դարբինյանը ստեղծագործել է 1980-ականներին, հեղինակել երկու գիրք: Գրական տեղեկատուներում համառոտ կենսագրություն, մատենագրական ցանկ ունենալու համար քիչ է ապրել: Քիչ է ապրել հավատարիմ ու դավաճան ընթերցողի, մրցանակների ու կրկնությունների, մեծ փառքի ու մեծ ջախջախման համար: Քիչ է ապրել իր կյանքը — վերապրել է «Կետի շատրվանը»:
«Կետաձկան ծիծաղը» էսսեից
ա.պաչյան
Ես գտնվում եմ արծաթափայլ կետի ստամոքսում և որքան էլ տարօրինակ է, դեռ կենդանի եմ և նույնիսկ ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան մի քանի ժամ առաջ, երբ նավակով թիավարում էի դեպի տուն։ Էհ, կյանքը մնում է կյանք՝ և այն միշտ կհարատևի, եթե դրա համար կան նույնիսկ չնչին հնարավորություններ։
Սակայն այդ և հետագա բոլոր օրերին, ինձ զարմացնում էր մի հանգամանք։ Օրական երկու-երեք անգամ կետի ստամոքսն էր լցվում հսկայական քանակությամբ ձուկ։ Այդ բոլոր ձկները սկզբում, որպես կանոն, կենդանի էին։ Նրանք շարժվում էին, թռչկոտում, պայքարում էին միմյանց դեմ ավելի հարմար տեղ գրավելու համար։ Այդ պայքարին հաճախ խառնվում էի նաև ես, որովհետև մեկ-մեկ կետի ստամոքսն էին ընկնում խոշոր ձկներ, որոնք անմիջապես փորձում էին իրենց իշխանությունն հաստատել մյուսներիս վրա։ Այդպիսիներն անընդհատ շուռումուռ էին գալիս մի կողքից մյուսը, իրենց տեղը նեղ համարելով, կուլ էին տալիս տասնյակ փոքրիկ ձկներ։ Հանդիպում էին ավելի գարշելիները, որոնք փորձում էին գրավել նաև իմ տեղը։ Եվ այստեղ ես ստիպված գործի էի դնում դանակս։ Ի վերջո այդ պայքարն ավարտվում էր նրանով, որ կետի ստամոքսն էր լցվում դեղնականաչ մի հեղուկ, որն սկզբում հանգստացնում էր ձկներին, հետո դանդաղ քայքայում, իսկ այդ քայքայված շիլան հետզհետե չքանում էր։ Այսպես, բոլոր ձկները մարսվում, գնում էին, իսկ ես շարունակում էի ապրել և օր օրի ինձ ավելի լավ էի զգում։ Անկասկած կետի ստամոքսն ինձ չէր մարսում։ Սկզբում այդ հանգամանքը մտատանջում էր ինձ, և ես սրտի ցավով հետևում էի, թե ինչպես ձկները գալիս գնում էին, իսկ ես շարունակում էի մնալ ու մնալ։
Նա, ով մի անգամ ընկնում է ուրիշի ստամոքսը, ցանկանում է, որ շուտ մարսվի։
Սակայն շուտով այս մտքերը տեղի տվեցին։ Մարդն ամեն բանի ընտելանում է, և ես էլ սկսեցի մտածել այն մասին, որ այդ հանգամանքը թերևս իմ օգտին է։ Դրա շնորհիվ է, որ ես շարունակում եմ ապրել, իսկ կյանքից հոժարակամ քչերն են հրաժարվել։ Իմ այս մտքերը վերջնականապես հաստատվեցին մի քանի օր անց, երբ կետը, տեսնելով, որ ինձ չի կարողանում մարսել, փորձեց դուրս անել իր ստամոքսից։ Իսկ օվկիանոս դուրս գալն ինձ համար ոչ միայն ձեռնտու չէր, այլ նույնիսկ վտանգավոր էր։ Նախ, ես կխեղդվեի այնտեղ։ Բացի դրանից, ինձ կարող էին խժռել շնաձկները։ Իսկ նրանց ստամոքսն ինձ, հավանաբար կմարսեր։
Դա մի օրհասական պայքար էր ապրելու համար։ Կետն այնպես էր կծկում իր պարկի նմանվող ստամոքսը, որ ես խեղդվում էի այդ ճնշումից։ Օդն այլևս չէր բավականացնում։ Ես հաստատ դուրս կսահեի դեպի կետի կերակրափողը, եթե չլինեին ձեռքերս, որոնցով կառչել էի նրա ստամոքսի պատերից և ոտքերս, որոնցով լայնացնում էի այդ կծկվող պարկը և ինձ համար տեղ ապահովում։ Եվ այդ օրհասական պահին ինձ դարձյալ օգնության հասավ այդ հրաշալի հեղուկը։ Մի ձեռքով շարունակելով կառչել նրա ստամոքսից, մյուսով ես բացեցի ուսապարկս, հանեցի հինգ շիշ օղի և լցրեցի կետի ստամոքսը։ Եվ օղին կատարեց իր գործը։ Կծկումները հետզհետե թուլացան և ի վերջո ամեն ինչ հանդարտվեց։
Հաղթանակած մարդու ուրախությամբ ես մի քանի կում օղի խմեցի ու միացրի տրանզիստորը։ Իմ ուրախությունը սակայն կարճ տևեց։ Կետի ստամոքսի մթության մեջ հանկարծ տարածվեց Պիաֆի խռպոտ ձայնը։
Դե, եկեք, միլորդ, նստեք իմ կողքին,
Կարող եք մեկնել ձեր ոտքերը...
Պիաֆը երգում է։ Պիաֆը վաղուց մեռել է։ Բայց նրա ձայնը ամենուր դեռ լսվում է, նույնիսկ օվկիանոսում լողացող այս կետի մարմնում։ Իսկ ես ապրում եմ, սակայն իմ ձայնը ոչ ոք արդեն չի կարող լսել։
- Էհեյ,- գոռացի։
Այդ պահին կետը հանկարծ սկսեց օրորվել։ Նա մերթ իջնում էր օվկիանոսի խորքը, մերթ՝ ելնում մակերես, մերթ կտրուկ շրջադարձով թեքվում էր մի կողմ, մերթ՝ մյուս։ Իմ կետը հարբել էր, և օվկիանոսը, հավանաբար, նրան թվում էր մի ընդարձակ պարի հրապարակ։
Իսկ Պիաֆը շարունակում էր երգը.
Դե, երգեք, միլորդ,
Դե, պարեք, միլորդ,
Բռավո, միլորդ,
Հոյակապ է, միլորդ։
Այս դեպքից հետո, կետն ինձ վերջապես հանգիստ թողեց։ Նա վերջնականապես հասկացավ, որինձնից ազատվելն անհնար է…
Հրատարակել է ԱՐԻ գրականության հիմնադրամը, Երևան, 2024