Ավետիք Իսահակյանի ստեղծագործության մեջ թեև չենք կարող գտնել ջարդի ու եղեռնի ուղղակի պատկերներ, սակայն նրա շատ գործերում կա այդ արյունալի իրադարձությունների գեղարվեստական արձագանքը։ Հայ ժողովրդի մեծ ողբերգությանը, դրա քաղաքական պատճառներին ու հետևանքներին Իսահակյանն անդրադառնում է նաև իր նամակներում և օրագրերում։
Ահա նորեն գարուն եկավ,
Օ՜, կտրեցեք, օ՛, կտրեցե՛ք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների՝
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եղած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լիրբ, անզգա...
1919 թ․ Ժնևում գրված այս բանաստեղծությունը այդ տրամադրությունների արձագաքն է։ Սակայն Ավ․ Իսահակյանը ոչ միայն սգում է, այլև փորձում պատերազմի օրերին նաև հետագայում մասնակից լինել մեր ազգային կարևոր խնդիրների լուծմանը։ Այս մասին վկայում է նրա որդին՝ Վ․ Իսահակյանն, իր «Հայրս» գրքում․
«1914 թ. պատերազմի նախօրյակին դոկտոր Յոհաննես Լեփսիուսի նախագահությամբ Բեռլինում հիմնվել էր «Հայ–գերմանական ընկերություն», որը նպատակ ուներ գերմանական հասարակությանը ծանոթացնել մեր ազգի վիճակին։ Այս ընկերությանն անդամագրվել էին շատ ականավոր անձինք՝ Թոմաս Մաննը, Հերման Զուդերմանը, Ֆրանց Վերֆելը, հայագետներ Յոզեֆ Ստրիժիգովսկին, Ֆրեդերիկ Մահլերը, դոկտոր Գրինֆիլդը, Յոսիֆ Քարստը և ուրիշներ։
Բեռլինի ռուս դեսպանը հավանություն էր տվել այս ընկերության հիմնադրմանը, մանավանդ որ այն իր բնույթով չեզոք էր։
Հորս հրավիրեցին, որ աշխատակցի այս ընկերությանը և խմբագրի նրա «Մեսրոպ» ամսագիրը, որը պիտի ունենար երկու բաժին՝ գերմաներեն և հայերեն՝ երկու ազգերին իրար ծանոթացնելու համար։ 1914 թ. սկզբին հայրս մեկնեց Բեռլին։ Մայրս ու ես մնացինք Ժնևում՝ սպասելով, որ հայրս կանչի մեզ իր մոտ։ Հայրս, իհարկե, ուրախ էր, որ մի կայուն ծառայություն էր ձեռք բերել, կարող էր աշխատել և ընտանիքի գոյությունն ապահովել, սակայն նրա բանաստեղծական անկախ խառնվածքն իրեն զգացնել էր տալիս։
Բեռլինից Ժնև Սիամանթոյին հղած նամակում գրում էր. «Իմ գործը չէր բնավ պաշտոն, գործ ստանձնելը, բայց անգործ մնալ չի լինիր. երեխա ունեմ, միջոցներ շատ են հարկավոր ապրուստի համար», և որպես խմբագիր՝ խնդրում է Սիամանթոյին նյութեր ուղարկել «Մեսրոպ»–ում տպագրելու համար։ Քիչ անց հայրս Բեռլինից կանչեց մեզ։ Մայրս, որ առանձին պաշտամունք ուներ ամուսնու ձեռագրերի՝ «Ավետիքի թղթերի» հանդեպ, իրեն հատուկ ջանասիրությամբ հավաքեց հորս արխիվը, գրքերը և տեղադրեց մեծ կաշվե սունդուկների մեջ։ Իսկ Ժնևի մեր բարեկամները օգնեցին մեզ հասնել կայարան և ճամփա գցեցից մեզ. այսպես մենք հրաժեշտ տվեցինք այդ խաղաղ ու հյուրընկալ քաղաքին։
Հայրս Բեռլինում մեզ դիմավորեց և տարավ այն բնակարանը, որտեղ պիտի ապրեինք։ Նա շատ էր հպարտանում իր արած գործերով։ Վարձել էր երկու սենյականոց մի կոկիկ բնակարան Շարլոտեմբուրժ թաղամասում՝ ոչ հեռու Կենդանաբանական այգուց։
․․․ Շուտով լույս տեսավ «Մեսրոպ» ամսագրի անդրանիկ համարը, որը պիտի լիներ և միակը։ Այն պարունակում էր Սիամանթոյի՝ գերմաներեն թարգմանված «Հայրենի աղբյուր» բանաստեղծությունը, երկու բանաստեղծություն հորս գրածներից և տարբեր բնույթի հոդվածներ։
Եղեռնի սարսափելի լուրերը հասնում էին Բեռլին ամենադաժան մանրամասնություններով. Սիամանթոյի, Վարուժանի, Խաժակի մահը, Կոմիտասի տառապանքը, կոտորածներ հազարներով, հարյուր հազարներով։ Բռնաբարված, սպանված կանայք՝ իրենց երեխաների հետ, հրդեհներ, կողոպուտներ, արյունով կարմրած Եփրատը, Դեր էլ–Զորի մղձավանջը…
Այս լուրերը հորս խելագարության եզրին հասցրին։ Տառապանքներից վհատվում, հուսահատվում էր։ Անիծում էր բոլորին՝ Թալեաթին, Էնվերին, Վիլհելմ կայսրին։ Անիծում էր և այսպես կոչված «բարեկամներին»՝ Բրիանին, Հորվարդին, Վիլսոնին։ Եվ այս ամենը կատարվում էր «քաղաքակիրթ» ազգերի անտարբեր աչքերի առջև»։
Ըստ Վ․ Իսահակյանի հուշերի, նաև այլ վկայությունների համաձայն Ավետիք Իսահակյանը նաև իր որոշակի մասնակցությունն է ունենում վրեժխնդրության «Նեմեսիս» հայտնի գործողության դրվագներից մեկին․
«Մեծ եղեռնը և Հայաստանի Հանրապետության անկումը հայերի ոգին կոտրել էր, այլևս ոչնչի չէին հավատում։ Հուսահատված ու թևաթափ՝ մի կերպ միջոց էին որոնում իրենց գոյությունը պահպանելու։ Կանայք իրենց շատ արժանի դրսևորեցին. օր ու գիշեր կար էին անում, տուն պահում։ Հայրս գազազած անիծում էր, այսպես ասած, քաղաքակիրթ ազգերին, որոնք իրենց ագահությամբ ու շահամոլությամբ ոչնչով չէին զիջում տաճիկ ու սելջուկ հորդաներին։ Միայն մի զգացում էր տիրում նրա հոգում՝ վրեժխնդրության զգացումը։
1919 թ. աշնանը նա երեք ամսով Բեռլինում էր, նրան մի գաղտնի հանձնարարություն էին տվել։ Վրեժով լցված հայ տղերքի հետ պիտի հետևեր հայ ազգի դահիճ Թալեաթ փաշային, որը ուրիշի անվան տակ թաքնվում էր Բեռլինում և շարունակ իր բնակարանները փոխում։ Ինչպես գիտենք, այս հրեշն իր արժանի պատիժը ստացավ. քաջ Սողոմոն Թեհլերյանը ինչպես մի կատաղած շան սատկացրեց նրան Բեռլինում՝ ասֆալտի վրա։ Եվ հայրս հատուցման այդ սուրբ գործում նույնպես ուներ իր ավանդը։ Ահա գրավոր վկայություններից մեկը. հայրս հետևել էր Թալեաթին դեռևս Շվեյցարիայում (նամակն ուղղված է դաշնակցության անվանի գործիչ, հորս հին ընկեր Վահան Զաքարյանին, որն արդեն Բեռլինում էր). «Վերջերս Բեռլինի գազանը, հրեշը մի քանի օրով եկած է եղել Զվիցերիա, մինչև իմացանք, արդեն վերադարձել էր Բեռլին. ժողով են ունեցել Բեռն… նույն անունով էր եկել, ինչ որ Բեռլին ուներ։ Դուք նորից պիտի շարունակեք հետաքրքրությունը. փող կարող եմ ուղարկել» (1919, նոյեմբերի 26, Ժնևից)։ Հաջորդ նամակում նույնպես գրում է դրամական միջոցներ հավաքելու և իր՝ Բեռլին մեկնելու վերաբերյալ։
Դաշնակցության հին անդամները հիշում էին Ավոյի ավանդն այդ գործում, թող մեր երիտասարդներն էլ իմանան»։
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Իսահակյանի(կազմ և խմբ․ Հ․ Համբարձումյան), Երևան, Զանգակ, 2025: