1916 թ․, սեպտեմբերին Թիֆլիսում լույս է տեսնում Եղիշե Չարենցի ամենահայտնի ու ազդեցիկ ստեղծագործությունների մեկը՝ «Դանթեական առասպել» պոեմը։ Այս առաջին հրատարակության ընծայականում կարդում ենք՝ «Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան և Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում սրբազան ու սիրուն հայրենիքի համար»։ Հետագա հրատարակություններում այս ընծայականն արդեն բացակայում էր։ Եղիշե Չարենցը պատերազմին մասնակցում է 1915 թ․ օգոստոսից։ Սկզբում նա կամավորական 6-րդ գումարտակի սանիտարական խմբի կազմում էր, ապա դառնում է զինվոր։ Այս մասին Չարենց-Նամե պոեմում գրում է։
Ես ինքս էլ լավ միտ—
Չբերի —
Թե ոնց՝ Կարսի այգուց—
Տասնըհինգ թվի վերջերին—
Արթնացա․․․զորքերի շարքում կամավոր․․․
Կամավորական գումարտակը տեղակայված էր Վանի շրջակայքում, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին մարտի է բռնվել թուրքական զորքերի հետ Սուլդուզի դաշտում։ Հենց այս ճակատամարտից հետո էլ զոհվում են բանաստեղծի մարտական ընկերները, որոնց էլ ձոնված է պոեմը։ Չարենցը գումարտակի հետ անցնելով պատերազմի ու ջարդերի սարսափների միջով ականատես է լինում Հայոց ազգային մեծ ողբերգության հետևանքներին․ դատարկված պատմական հայրենիք, մխացող ու ավեր բնակավայրեր, զոհեր, զոհեր․․․ ու մի ամբողջ կործանված ժողովուրդ։ Եղեռնի դաժան պատկերները և այդ ամենից հետո հակառակ ամեն ինչի շարունակվող կյանքը, պոեմի քնարական հերոսի մեջ կյանքի իմաստի վերաբերյալ փիլիսոփայական մտորումներ են ծնում։
Դանթեական առասպել
(հատված)
VIII
…Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ,
Լսում էի ես կարկաչը նրա։
Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ո՛չ ծուխ։
Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա…
Ա՜խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
Դաշտերի ոսկի՜ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
Ուր հավերժության ցնորքը անհաս
Ճախրում է կարծես ոսկի՜ դաշտերում…
Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին։
Միրաժի նման փարվում է հոգուս
Անէ աշխարհի քնքշությունը հին։
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս—
Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին…
Օ՜, խորհուրդների հավերժական մա՛յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
Հղանում ես միշտ կյանքեր անհամար—
Հազար գույներով՝ հազար ելևէջ,—
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ…
Օ՜, դո՛ւ, բարբարո՜ս, խելագա՜ր, ցավո՜տ,
Երբեմն իմաստուն, երբեմն— գազան,
Աշխարհներ այրող կախարդական խո՜տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՜ն,—
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՜ մասին — աղո՜թք սրբազան…
…Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ…