Սաղմոսներում, մարգարեական գրքերում, պարականոն ավետարաններում ու աստվածաբանական երկերում ներկայացվում է, որ Քրիստոս խաչելությունից հետո իջնում է դժոխք, քարոզում մահացած հոգիներին, նրանց ազատում բանտարկությունից, կապում սատանային ու կատարում իր փրկչական առաքելությունը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խորհուրդը լրացնող այս դրվագներն իրենց ուշագրավ արտահայտությունն են գտել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ տարածված «Դժոխքի ավերումը» կամ «Էջք դժոխք» պատկերներում:
Տարբեր մանրանկարներում Քրիստոս պատկերվում է կենտրոնում՝ ձեռքին խաչ, գալար կամ դրոշակ: Նրա ոտքերի տակ կործանված դժոխքն է՝ տապալված դռներով, շուրջբոլորը թափված դժոխքում մարդկանց տանջանքը խորհրդանշող առարկաներ՝ բանալիներ, մեխեր և այլն: Նկարի աջ կամ ձախ կողմերում՝ Ադամն է, որի ձեռքը բռնում է Քրիստոս և դուրս բերում դժոխքից: Մանրանկարներում տարբեր կերպ ներակայացվում են նաև Հին ու Նոր կտակարանի այլ կերպարներ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Դավիթ ու Սողոմոն թագավորները և այլք: Ներկայացնում ենք «Դժոխքի ավերումը» տեսարանի երեք ուշագրավ մանրանկար՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող մատյաններից:
Վասպուրականի Սուրբ Գևորգ վանքում 1357 ստեղծված այս պատկերում միավորվում են Հարության ու Դժոխքի ավերման տեսարանները: Մանրանկարիչ Զաքարիա Աղթամարցին դժոխքը պատկերել է շատ պարզ, իսկ այնտեղ գտնվողներին՝ վիշապի երախում:
1423 թ. Շարակնոցում մանրանկարիչ Հովհաննես Սանահնեցին պատկերել է Քրիստոսին, որ բռնում է Ադամի ձեռքից ու դուրս բերում նրան դժոխքից: Ուշագրավ է, որ պատկերի ներքևում մակագրություն կա. «Տե՛ր, ինձ նույնպես, նրանց նման, դուրս բեր մեղքերիս բանտի աղջամուղջից»։
1287 թվականի Թորոս Ռոսլինին վերագրվող Դժոխքի ավերման պատկերում Քրիստոս կանգնած է դժոխքի կործանված դարպասների վրա: Մի ձեռքում խաչ է պահել, մյուսով՝ բռնել Ադամի ձեռքը: Ադամը, ինչպես այս թեմայով այլ պատկերներում է, ներկայացվում է ծեր ու տառապած մարդու տեսքով, իսկ նրա թիկունքում փրկության արժանացած այլ կերպարներ են: