Փավստոս Բուզանդի պատմության էջերում, ի թիվս վիպական ու գեղարվեստական շատ դրվագների, կարող ենք ընթերցել հայ զորավարի՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի վեհանձնության մի բացառիկ օրինակի մասին, որտեղ հայոց պատմության այս նշանավոր հերոսը դրսևորում է բարոյական բարձր հատկանիշներ:
Այսպես, գերելով պարսից տիկնանց տիկնոջն ու ազնվականների կանանց, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը ձեռք չի տալիս և թույլ չի տալիս, որ մյուսներն էլ անարգեն ազնվազարմ կանանց և պատվով վերադարձնում է Շապուհին: Այս բացառիկ ազնվությունն ու մեծահոգությունը գնահատվում է Պարսից թագավորի կողմից.
Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «ճերմակաձին թող գինի խմի»: Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում՝ «ճերմակաձին թող գինի խմի» (Փավստոս Բուզանդ, 1968, էջ 233):
Ուշագրավ է, որ ըստ տարբեր ուսումնասիրողների՝ Ս.Հարությունյանի, Ա. Այվազյանի, Բուզանդի պատմության Մուշեղի հետ կապված այս և այլ դրվագներ արտացոլում են հայ զինվորականության վարքականոնը, որը թելադրում է առանձնահատուկ վերաբերմունք թշնամական բարձրաստիճան մարդկանց, նաև կանանց նկատմամբ:
Մուշեղ Մամիկոնյանի այս քայլը հատկապես բարձր է գնահատվում, քանի որ նախորդող դրվագներում նույն Շապուհը չափազանց ստոր ու անբարո է վարվում հայ ազնվազարմ կանանց և հատկապես Փառանձեմ թագուհու նկատմամբ: Երկար պաշարումից հետո պարսիկները գրավում են Արտագերս ամրոցը, ապա թագուհուն և մյուս կանանց բերում են Պարսկաստան և դաժան հաշվեհարդար տեսնում.
«Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը: Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց, և այս բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջր՝ Փառանձեմին: Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա՝ անասնական պիղծ խառնակության համար: Այս կերպ սպանեցին Փառանձեմին» (Փավստոս Բուզանդ, 1968, էջ 220):
Թեև Փավստոս Բուզանդը չի մեկնաբանում հերոսների նմանատիպ վարքը, սակայն Շապուհի կանանոցի նկատմամբ Մուշեղի մեծահոգությունը կարող ենք մեկնաբանել ինչպես ազնվական կանանց անձեռնմխելիության ֆեոդալական հասարակությանը բնորոշ պատկերացումներով, այնպես էլ ֆեոդալական ու զինվորական վարքականոնի տեսանկյունից: Նաև, ինչը Բուզանդի համար է կարևոր, այստեղ հայ մարդն ու ազնվականը ներկայանում է իր վեհանձնությամբ ու բարոյական բարձր արժանիքներով: Միաժամանակ «Ճերմակաձիու գինի խմելու» մոտիվն էլ փաստում է, որ պատմիչը արժևորում է հակառակորդ թագավորի՝ ազնիվ արարքը գնահատելու կարողությունը: