Լուսանկարիչ Հակոբ Հեքեքյանը (1923-2000) Ֆրունզե Դովլաթյանի հայտնի ֆիլմի հետ թեև առնչություն չունի, սակայն Երևանի լուսանկարչական խրոնիկան անհնար է պատկերացնել առանց նրա` կինոխրոնիկայի հետ գեղարվեստական շատ ընդհանրություններ ունեցող լուսանկարների։
Լուսանկարել սկսել է մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ապա վերադարձից հետո շարունակել կիսատ թողած գործը։ Հ․ Հեքեքյանը աշխատակցել է ժամանակի հայկական ու միութենական հայտնի ամսագրերին ու թերթերին՝ «Սովետական Հայաստան», «Հայաստանի Աշխատավորուհի», «Կոմսոմոլեց», «Պիոներ», «Ավանգարդ» և այլն։
Ֆոտոթղթակցի աշխատանքը հնարավորություն է տվել լուսանկարչին ականատեսը լինելու ու արձանագրելու Սովետական Հայաստանի ու Երևանի կյանքի կարևոր իրադարձություններն ու միջոցառումները, հանդիպելու նշանավոր մարդկանց հետ և լուսանկարելու նրանց՝ ստեղծելով Երևանի մեզ այդքան ծանոթ ու սիրելի պատկերը։
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց և մինչ նոյեմբերի 28-ը կշարունակվի «Ֆոտոերազ. Հակոբ Հեքեքյանի Երևանը» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի համադրողը՝ Վիգեն Գալստյանն է։
Երևանի գեղատեսիլ ճարտարապետությունը և բնակիչներին պատկերող լուսավոր, դասականորեն կառուցված իր լուսանկարներում Հեքեքյանը ստեղծում էր ավանդույթներից աճող, բայց շարունակական վերափոխման ճանապարհին գտնվող քաղաքի գրեթե կինեմատոգրաֆիկ դիմանկար: Իդեալականցնող միտումի հետ մեկտեղ լուսանկարչին հաջողվել է փոխանցել նաև մայրաքաղաքի ջերմ մտերմության և զուսպ վեհության համոզիչ զգացումը, -կարդում ենք ցուցահանդեսի ազդագրում։
Որքանով էլ խորհրդահայ վավերագրական լուսանկարչությունը առաջնորդվում էր Երևանի մասին իշխանության քաղաքականության որոշակի պատվերով ու սկզբունքներով՝ հյուսելով բարգավաճող ու զարգացող, կանաչ ու վարդագույն քաղաքի առասպելը, այդուհանդերձ, խորհրդահայ լուսանկարիչների, մասնավորապես Հ․Հեքեքյանի լուսանկարներում տեսնում ենք բազմազան, աճող ու փոփոխվող, կենդանի քաղաք՝ իր նվաճումներով, խնդիրներով ու մարդկանցով։
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքային էջից և lusarvest.org կայքից