Հնագույն շատ մշակույթներում՝ միջագետքյան, հին հրեական, հին հունական, հնդկական, չինական, աֆրիկյան և դրանց բանավոր ու գրավոր ավանդություններում, առասպելաբանության մեջ ու էպոսներում արտացոլվել է համաշխարհային մեծ ջրհեղեղի մասին պատմությունը: Առատ տեղումների արդյունքում առաջացած ամենակործան բնական աղետը գրեթե բոլոր դեպքերում կապված է մարդկանց մեղքերի, հատուցման աստվածային պատժի, բայց նաև մաքրման անհրաժեշտության ու վերածննդի գաղափարների հետ: Աստվածները պատժում են մարդկանց, սակայն մատնանշում փրկության նոր ճանապար: Ջրեհեղեղը կործանում է սակայն միաժամանակ դրվում է նոր՝ ավելի կատարյալ աշխարհի հիմքը: Թեև հնագիտական տվյալներով հաստատվում է նմանատիպ մեծ բնական աղետների իրականում եղած լինելու հնարավորությունը, սակայն համաշխարհային ջրհեղեղի դիպաշարն ու համապատասխան մոտիվները առավել չափով բարոյական ու մարդասիրական ուղերձներ ունեն: Դրանք զգուշացնում են մարդկանց մեղքերի ու չարագործության հետևանքների, հիշեցնում բնության տարերքների առկայության ու անկանխատեսելիության մասին, փորձում ետ պահել մարդկանց մեծամտությունից, հպարտությունից, նաև բնական միջավայրի նկատմամբ կործանարար գործունեությունից: Աստվածաշնչում արձանագրված համաշխարհային ջրհեղեղի, Նոյ նահապետի և նրա կառուցած տապանի մասին պատմությունը հատկապես կարևոր նշանակություն ունի մեզ՝ հայերիս համար, քանի-որ մարդկության փրկության տապանը կանգ է առնում հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի, հայ ժողովրդի համար սրբազան՝ Արարատ լեռան վրա: Ըստ այդմ էլ՝ մարդկության փրկությունը սկսվում է մեր լեռնաշխարհում՝ Արարատ լեռից ու դաշտավայրից: Նոյյան տապանի ու մարդկության փրկության այս գաղափարները տարբեր կերպ արտացոլվել են հայ առասպելաբանության ու բանահյուսության, հայ միջնադարյան հոգևոր գրականության մեջ: Այնքան մեծ է եղել այս ավանդության ազդեցությունը, որ հայկական լեռնաշխարհի շատ ու շատ վայրերում ցույց են տվել տապանի անցման վայրեր, այս պատմությամբ ստուգաբանել լեռների ու բնակավայրերի անուններն ու ստեղծել նոր զրույցներ: Ներկայացնում ենք ջրհեղեղի ու Նոյյան տապանի հետ կապված հայկական ուշագրավ ավանդություններ՝ լեռների ու բնակավայրերի մասին:
ՕՁԱՍԱՐ
Գտնվում է Հին Նախիջևանի շրջանում
Երբ երկիրը դեռ ծածկված էր ջրով, Նոյան տապանը գիշերը լողալիս դիպել է այս սարին։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ սարը բաժանվել է երկու մասի։ Նոյը վրդովված անիծել է, և սարը բնակեցվել է օձ ու վիշապով: Դրա համար էլ այն կոչվում է Օձասար:
ԳՈՀԱՆԱՄ
Գտնվում է Կարնո գավառում
Նոյյան տապանը երկար ժամանակ ջրերի վրա ծփալուց հետո, հոգնած մի կայան է փնտրում: Եվ առաջին անգամ տապանը հանդիպում է Կարնո Փալան թեոքեն կոչված լեռան կատարին, ուր մի վայրկյան իսկ չմնալով անցնում է: Այստեղ Նոյը զգում է, որ ջրերը հետզհետե քաշվում են, հուսահատությունը փարատվում է և թևերը պարզելով աստծուն, բացականչում է՝ «Գոհանամ քեզանից, տեր»: Դրանից հետո այդ լեռը կոչվում է Գոհանամ։
ԱՐՏՈՍ ԵՎ ԱՌՆՈՍ
Գտնվում են Վասպուրականում
Երբ Նոյ նահապետի տապանը հասել է Արտոս լեռանը, նա արտաս-վել է, որի համար էլ կոչվել է Արտոս։ Իսկ երբ տապանը հասել է Շատախի լեռանը, ասել է՝ Առ Նոյս, առ Նոյս, դրա համար էլ սա ստացել է Առնոս անունը:
ՄԱՍՏԱՐԱ
Գտնվում է Խարբերդից դեպի հարավ–արևելք, Կոլճք լճի հարավային եզրին
Նոյ նահապետին կեմին (տապան) գնըց Մաստարու գլուխը կայնեցավ։ Նոյ նահապետ տումանը (ղեկ) օլրեց, կեմին գետինը դպավ, խրխըրաց, ըսըց.
-Տղաք, աչուանդ ( աչքերդ) լոս, ջուրը էջեր է։ Բերին մաս տարտըղնեցին (բաժանել, ցրել), անունը մնաց Մաստարու լեռ։
ԵՐԵՎԱՆ
Ջրհեղեղի հետո Նոյ նահապետը Մասսի վրա իջած տապանից դիտում է շրջակայքը և հեռվում տեսնելով մի անջուր տարածություն, բացականչում. «Երևա անդ...» (այնտեղ երևում է): Դրանից հետո այդ վայրը կոչվում է Երևան։
Երբ Նոյ նահապետը դուրս է գալիս տապանից, ամենից առաջ տեսնելով այս վայրը, ասում է. «Ահա՛, երևացին լեռներ ու բլուրներ...»: Այդ պատճառով էլ այն կոչվում է Երևան։
ՆԱԽԻՋԵՎԱՆ
Նոյը ջրհեղեղից հետո տապանից դուրս գալով, առաջին անդամ ընտանիքով իջևանել է այստեղ, ուր և դրել է ապագա քաղաքի հիմքը, որի համար և այդ տեղը ստացել է Նախիջևան անունը։
ԱԿՈՌԻ
Գտնվել է Հին Նախիջևանի շրջանում, Մեծ Մասսի հյուսիս-արևմտյան լանջին
Նոյ նահապետը տապանից դուրս գալուց հետո այստեղ առաջին անգամ տնկել է խաղողի որթը («արկ ուռի»), որտեղ և հետո Ակոռի անունով գյուղ է հիմնվել։