Հայ մեծ վիպասան ու լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունը և հատկապես «Վերք Հայաստանի» վեպը նեշնչման աղբյուր է եղել մեր գրականության ու մշակույթի մեծերի համար։ Այդ մեծակտավ վեպը արժանացել է հիացմունքի ու դրվատանքի, արժևորվել է նրա ունեցած դերը հայ նոր գրականության զարգացման, ազգային գաղափարախոսության կայացման գործում։ Կոստան Զարյանը իր կարճ սակայն ոգեշունչ խոսքով Խաչատուր Աբովյանին գնահատում է որպես ազգային դյուցազնական ոգու մի ուրույն դրսևորում, նրան համարում առասպելական մի կերպար, որը ինչպես մեր «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերն ու նմանատիպ հերոսները անմահ են։ Նրանք կատարում են իրենց առաքելությունը, ապա ժամանակավորապես փակվում քարայրում, սակայն մշտապես վերադառնում նոր դեմքով ու առաքելությամբ։ Ներկայացնում ենք Կոստան Զարյանի այս ուշագրավ անդրադարձը։
Խաչատուր Աբովեանը
Խաչատուր Աբովեանը այն երկաթէ, հաստ եւ անձեւ բանային է, որով բացւում է Հայ ոգու դարպասը: Ճռճռան, կես աւերւած, կտոր կտոր փայտերից կառուցւած այն հինաւուրց դարպասը, որի ետեւ բացւում է մի զարմանահրաշ տեսարան։ Ցեխով, արիւնով, ոջիլով, քարով եւ նաեւ վեհաշուք ձիւնագագաթ լեռներով լեցւած այն խառնաշփոթ մեծութիւնը, որի առջեւ մարդ մնում է ապշած:
«Վէրք Հայաստանի»ն ձիւնամրրիկի մէջ կորած եւ նրա անողոքութեան դէմ պայքարող ուժգին մարդու զիլ աղաղակն է։
Ծեծւած, ընկճւած, յուսահատած, բայց հոգեպէս զօրեղ մարդու ընդվզումը։
Նաեւ՝ օտարամուտ եւ տեղական խեղճ բառերի անտաշ եւ անարւեստ մի կուտակում: Սասանած ժայռերից վայր թա-ւող վտանգաւոր փշրանքներ: Հով եւ փոշի:
Ներսը՝ հրաբուխ։
Ներսը՝ անընկճելի, վիթխարի մի այնպիսի կենսունակու թիւն, որի արձագանգը կարելի է լսել մեր խորխորատների մէջ, մեր բարձրասանդուղք լեռների կատարին, մեր վայող գետերի հոսանքներում, մեր ալիքաւոր դաշտերում:
Նրան ընկերակցում են մեր դեւերը, մեր վիշապները, մեր ալիքները, նաեւ՝ մեր ամեհի աստւածները:
Աղասին՝ Հայկի պոռթկումն է Բելի դէմ: Լայնալանջ աղեղը լարած վիթխարին:
***
Աբովեանը, անկասկած, մեր նոր գրականութեան մեծագոյն դիւցազներգակն է։
Ինքն իսկ էպոսային հերոս է։ Առասպելական։
Ինչպէս այդ պահանջւում է էպոսային հերոսի համար, նա երբ խորհրդաւոր ժամանակը գալիս է անհետանում է. իջնում է հորը, անդունդը, այն կողմի աշխարհը, նորից վերակենդանանալու համար:
Այսօր նա վերադարձել է ուրիշի դէմքով: Կանգնել է Հայ Հրապարակում բարձրացրած պատւանդանի վրայ` երեւակա-յական մարմնով, երեւակայական դէմքով եւ աչքերով։ Մի քիչ Բեթհովեն, մի քիչ Շիլլեր, մի քիչ Գէօտէ: Այնպէս՝ ինչպէս երկրորդական տաղանդ ունեցող մի քանդակագործ նրան ուզել է ներկայացնել:
Սակայն նրա քարէ մարմնի ներսը դեռ եռում է իր վիթխարի թափը:
Մեզ համար նա մանաւանդ մեծղի ձայն է, ապրել ուզող ժողովրդի հսկայական կանչ:
Սրտից ժայթքող արիւն:
Մերժում։ Փոթորիկ դարբնող կամք:
Աղբյուրը՝ Կոստան Զարյան, Լեզուն եւ Արիւնը, գիրք Բ, Երևան, 2020: