Յուրաքանչյուր տարի Հայաստանում և արտասահմանի հայագիտական կենտրոններում, պետական ու մասնավոր հրատարակչությունները 100-150 հայագիտական՝ միջնադարագիտական, պատմագիտական, արվեստաբանական, գրականագիտական, լեզվաբանական գիրք են հրատարակում, սակայն այդ արժեքավոր ուսումնասիրությունները մեծի մասամբ և ավելի հաճախ հասանելի են միայն գիտնականների նեղ շրջանակին։ Ավելին, նույնիսկ նույն ոլորտում աշխատող հայաստանյան ու արտասահմանյան հայագետները հաճախ ծանոթ չեն լինում միմյանց ուսումնասիրություններին։ Պատճառները շատ են․ հայագիտական տարբեր հիմնարկների միջև կապերի բացակայություն, կամ ոչ այդքան սերտ հարաբերություններ, երբեմն որոշակի վերապահ վերաբերմունք միմյանց նկատմամբ՝ պայմանավորված այս կամ այն գիտական խնդրի շուրջ տարակարծություններով, օտար լեզուների ոչ բավարար իմացություն, գրքերի հանրահռչակման ուղղությամբ ոչ բավարար աշխատանք և այլն։
Այս պարագայում հայոց լեզվին ու գրականությանը, պատմությանը, արվեստին ու մշակույթին, ձեռագրական արվեստին և հայագիտության շրջանակում ընդգրկված այլ կարևոր հարցեր արծարծող այս ուսումնասիրությունները կարիք ունեն մեկ հարթակում ներկայացվելու, հայագիտական գրքեր հրատարակող հրատարակչությունները միմյանց հետ ծանոթանալու, համատեղ աշխատանքներ իրականացնելու։
Նաև այս խնդիրների լուծմանն է միտված հուլիսի 19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կազմակերպվող Գրատոն հայագիտական գրքի առաջին էքսպո-տոնավաճառը։ Գրատոնը կազմակերպվում է Մատենադարանի նախաձեռնած Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում և մեկտեղելու է Հայաստանի, արտերկրի, Սփյուռքի հայագիտական կենտրոնների, կրթական հիմնարկների, ակադեմիական ինստիտուտների, թանգարանների, մասնավորի հրատարակչությունների վերջին հինգ տարիներին հրատարակված շուրջ 400 անուն գիրք։
Էքսպո-տոնավաճառի ընթացքում ներկայացվելու են նաև արտասահմանյան հայտնի գիտական հրատարակչություններում հայագետների հրատարակած օտարալեզու գրքերը, որոնք չի կարելի գտնել համացանցում և հայաստանյան գրադարաններում։
Գրատոնը ինչպես հայագիտական հանրության, այնպես էլ հայ մշակույթի ու պատմության հարցերով հետաքրքրվող ընթերցողների համար բացառիկ հնարավորություն է ծանոթանալու հայագիտության նոր ձեռքբերումներին ու զարգացման ուղղություններին, շփվելու կոնգրեսին մասնակից հեղինակների հետ և ձեռք բերելու արժեքավոր ու կարևոր գրքեր։
«Գրատոն»- հայագիտական գրքի միջազգային էքսպո-տոնավաճառն անցկացվելու է 2024 թ. հուլիսի 19-ին, ժամը 10.00-18.00 Մատենադարանի թանգարանային մասնաշենքի հարակից տարածքում: