Մուսա, երգի՛ր դու ինձ համար բազմահնար այրի մասին,
Որ սրբազան Տրոյան քանդեց, ապա երկար դեգերելով
Տեսավ մարդկանց շատ քաղաքներ ու ճանաչեց բարքը նրանց,
Շա՜տ չարչարանք կրեց ծովում, և տառապեց սիրտը նրա,
Երբ ջանում էր նա ողջ մնալ ու տուն դարձնել ընկերներին:
Հին հույն վիպասաց Հոմերոսի «Ոդիսական» հանրահայտ պոեմը բացող այս տողերը հայտնի են համաշխարհային էպոսների ու գրականության բոլոր երկրպագուներին։ Հայ ընթերցողը նույնպես ծանոթ է այս տողերին, սակայն այլ թարգմանությամբ։ «Զանգակ» հրատարակչությունը Հոմերոսի «Իլիական» պոեմից հետո լույս է ընծայել համաշխարհային գրականության պատմության մյուս նշանավոր երկը՝ «Ոդիսականը»։ Այս պոեմն առաջին անգամ հայերեն՝ գրաբար է թարգմանել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Եղիա Թոմաճյանն ու լույս ընծայել 1848 թվականին։ 1924 թ․ թվականին միաբանության մեկ այլ նշանավոր անդամ՝ Արսեն Ղազիկայնը հրատարակել է «Ոդիսականի» նոր թարգմանությունը՝ արևմտահայերեն։ Արևելահայերեն այս պոեմը թարգմանել են Սիմոն Գրքաշարյանն(1957) ու Համազասպ Համբարձումյանը(1958)։ Վաղուց հասունացել էր Հոմերոսի պոեմների նոր թարգմանության անհրաժեշտությունը և այս կարևոր աշխատանքը, ինչպես վերջերս լույս տեսած «Իլիականի» նոր թարգմանությունը, բարձր մակարդակով կատարել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։
Թարգմանիչները ձգտել են պահպանել բնագրի չափն ու ռիթմը, սակայն քանի-որ հոմերոսյան հեքզամետրը հայերեն դարձնելը շատ դժվար է, պահպանել են տողերի քանակի համապատասխանությունը բնագրին՝ ընտրելով էպիկակական պոեզայի հայերեն թարգմանության համար ամենից հարմար ու ավանդական քառավանկ անդամներով չափը։ Այս դեպքում հայերեն թարգմանության մեջ տողերն ունեն 16-ական վանկ, որոնք հնչողությամբ և երկարությամբ ամենից մոտն են հոմերոսյան վեցոտնյա հեքզամետրին։
Ինչպես իրենց բոլոր հրատարակություններում, թարգմանիչները բնագրին կցել են առաջաբան, ծավալուն ու հանգամանալից ծանոթագրություններ, որոնք ոչ միայն տալիս են այս բարդ, բազմաշերտ ու բարձրարվեստ գործի բնագրային, գրականագիտական, առասպելաբանական, մշակութաբանական մեկնաբանությունը, այլև ընդհանարապես պատկերացում են տալիս անտիկ մշակույթի ու գրականության առանձնահատկությունների, հետագա հայ ու համաշխարհային մշակույթի մեջ արձագանքների ու ունեցած ազդեցության մասին։
Կոթողային այս երկը հայ ընթերցողին է ներկայանում իրապես բարձրարվեստ ու որակյալ նոր թարգմանությամբ ու շքեղ հրատարակությամբ, որի ընթերցումը մեծ վայելք է անտիկ գրականության ու էպոսի, ընդհանրապես մեծ գրականության բոլոր ընթերցողների համար։
Ներկայացնում ենք «Ոդիսականի» նոր թարգմանության ութերորդ երգի ու ամբողջ գործի հայտնի ու հուզիչ մի հատված, որտեղ գլխավոր հերոս Ոդիսևոսը երկար թափառումներից հետո հայտնվում է Փեակների կղզում, հանդիպում Նավսիկային, արժանանում լավ ընդունելության ու խնջույքի ժամանակ լսում վիպասաց Դեմոդոկոսի պատմությունն իր իսկ սխրանքների ու տառապանքների մասին։
Հոմերոս
Ոդիսական
Երգ ութերորդ
(հատված)
Երբ սպասուհիք, լողացնելով, օծել էին ձիթայուղով,
Ապա նրան քիտոն հագցրին ու վրայից՝ սիրուն թիկնոց:
Լոգարանից ելավ-գնաց գինի խմող այրերի մոտ,
Իսկ Նավսիկան, որ օժտված էր աստվածային գեղեցկությամբ,
Մինչ կանգնել էր ամրակառույց այդ սրահի դռան կողքին,
Աչքը հառած Ոդիսևսին՝ հիանում էր նրա տեսքով,
Այնուհետև դիմեց նրան ու թևավոր իր խոսքն ասաց.
«Ողջո՛ւյն, եկվոր, գուցե ինձ էլ, երբ հայրենի երկրում լինես,
Մի օր հիշես. չէ՞ որ ինձ ես դու կյանքովդ նախ պարտական»:
Բազմահմուտ Ոդիսևսը այսպես նրան պատասխանեց.
«Նավսիկեա, որ դուստրն ես մեծահոգի Ալկինուսի,
Թող Հերայի որոտաձայն ամուսինը՝ Զևսը թույլ տա,
Որ օջախս գնամ-հասնեմ, վերադարձիս օրը տեսնեմ.
Այնտեղ, ինչպես աստվածուհու, աղոթք կանեմ քեզ մշտապես
Ու ամեն օր, որովհետև, աղջի՛կ, դու ինձ կյանք տվեցիր»:
Ասաց, նստեց նա աթոռին, Ալկինոոս արքայի մոտ,
Մինչ, խորտիկներ բաժանելով, գինի էին խառնում նրանք։
Մունետիկը եկավ այնտեղ, ժողովրդի կողմից հարգված
Եվ պատվական Դեմոդոկոս երգչին բերեց ու հյուրերի
Ճիշտ մեջտեղում աթոռ դրեց, որ նա բարձր սյանը հենվի:
Բազմահմուտ Ոդիսևսը այնժամ դիմեց մունետիկին՝
Ճերմակատամ խոզի մեջքից միս կտրելով (բայց ավելի
Շատը մնաց, և պարարտ էր ճարպը մեջքի երկու կողմից)․
«Դո՛ւ, մունետիկ, այս պատառը վերցրու և տուր՝ Դեմոդոկոս
Երգիչն ուտի — տխուր եմ ես, բայց ուզում եմ պատվել նրան։
Քանզի բոլոր երկրաբնակ մարդկանց մեջ են արժանանում
Երգիչները փառք ու պատվի. չէ՞ որ երգ է սովորեցրել
Նրանց Մուսան, և սիրել է նա կաճառը երգիչների»:
Այսպես ասաց, մունետիկն էլ այդ պատառը տարավ-դրեց
Դեմոդոկոս այրի ձեռքը, և նա վերցրեց, հրճվեց սրտանց:
Ապա նրանք ձեռք գցեցին պատրաստ դրված խորտիկներին,
Երբ ուտելու և խմելու ցանկությանը հագուրդ տվին,
Բազմահմուտ Ոդիսևսը Դեմոդոկոս երգչին ասաց.
«Դեմոդոկո՛ս, բոլոր մարդկանց մեջ առավել քեզ եմ գովում —
Ապոլլոնն է քեզ դաս տվել կամ էլ Զևսի դուստր Մուսան,
Քանզի դու շատ ճշմարիտ ես երգում բախտը աքայացոց՝
Ի՛նչ արեցին ու կրեցին, ի՜նչ վիշտ տեսան աքայացիք,
Ասես ինքդ այնտեղ էիր կամ լսել ես մեկ ուրիշից:
Սակայն, հապա՛, ա՛յլ բան երգիր, այն փայտաշեն ձիու մասին,
Որ Էպեյոսն Աթենայի հետ էր սարքել, և միջնաբերդ
Տարավ մի օր այդ ծուղակը Ոդիսևսը աստվածազուն -
Այրերով էր լցրել, որոնք Իլիոնը կործանեցին:
Եթե իրոք տեղը տեղին կարողանաս դա ինձ պատմել,
Իսկույնևեթ բոլոր մարդկանց կազդարարեմ, որ բարեհաճ
Մի աստված է աստվածային երգի շնորհք քեզ պարգևել»:
Ասաց, նա էլ, աստվածուհուց ներշնչվելով, սկսեց երգել
Հենց այնտեղից, որ գեղանիստ նավեր նստած, աքայացիք,
Հյուղակները կրակ տված, նավել էին ու հեռացել:
Բայց, ձիու մեջ թաքնվելով, եկել էին այլ արգիվյանք
Հռչակավոր Ոդիսևսի հետ Տրոյայի հրապարակ —
Տրոյացիներն իրենք էին քաշել-տարել այն միջնաբերդ:
Կանգնած էր ձին, տրոյացիք էլ հայտնում էին, շուրջը նստած,
Խառնաշփոթ բազում մտքեր — գերակա էր երեք կարծիք.
Կամ սնամեջ փայտը պիտի զարկեն-ճեղքեն ժանտ պղնձով,
Կա՛մ, քարշ տալով մի բարձր տեղ, ցած գլորեն այն ժայռերից,
Կամ էլ թողնեն, իբրև մի մեծ, աստվածներին հաճո ընծա.
Եվ ի վերջո, անտարակույս, պիտի հենց սա իրագործվեր,
Քանզի բախտն էր այդ քաղաքի, որ կործանվի՝ ներս թողնելով
Մեծ փայտե ձին — նստած էին ներսում բոլոր երևելի
Արգոսացիք և տրոյացոց բերում էին մահ ու օրհաս:
Երգում էր նա` ինչպես ոստանն ավերեցին աքայորդիք՝
Դուրս հորդելով ձիու միջից, փուչ դարանը իրենց թողած,
Երգում` որ այլք բարձր քաղաքն այս ու այնտեղ կողոպտեցին,
Ոդիսևսն էլ Դեիփոբոս այրի տունը գնաց-հասավ
Արեսի պես, և նրա հետ՝ Մենելաոսն աստվածակերպ:
Այնտեղ, ասաց, նա խիզախեց ամենաթեժ մարտը վարել,
Ապա հաղթեց՝ մեծահոգի Աթենայի զորակցությամբ:
Սա էր երգում երգասացը հռչակավոր, Ոդիսևսն էլ
Նվաղում էր, և արցունքը՝ թարթիչներից դեմքը թրջում:
Ինչպես կինը ողբ է անում՝ գրկած այրին իր սիրելի
(Որ ընկել է իր քաղաքի առաջ՝ հանուն ժողովրդի,
Երբ վանում էր զավակներից ու ոստանից օրը դաժան)-
Տեսնում է նա, որ մեռնում է ամուսինը, ջղաձգվում,
Ու փարվում է կինը այրին, բարձր լալիս, իսկ հետևից
Հարվածում են նիզակներով նրա մեջքին և ուսերին,
Գերություն են տանում նրան, ուր ցավ ու վիշտ պիտի քաշի,
Մինչ սմքում են նրա այտերն այդ խղճալի լացուկոծից.
Ոդիսևսն էլ իր աչքերից այդպես դառը արցունք հեղեց:
Երբ թաքուն էր արցունք թափում այնտեղ բոլոր մյուսներից,
Ալկինուսը միայն տեսավ և ուշք դարձրեց, քանզի նրա
Կողքն էր նստած՝ աղիողորմ հառաչանքին ականջալուր:
Աղբյուրը՝ Հոմերոս, Ոդիսական/հին հուն․ թարգմ․, առաջաբանը և ծանոթագր․
Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի/, Երևան, Զանգակ, 2024։