7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսն է պատմում Զվարթնոցի տաճարի կառուցման մասին: Այստեղ է որ առաջին անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տաճարը անվանվում է Զվարթնոց, այսինքն հրեշտակների տուն կամ հրեշտականոց: Զվարթուններ էին կոչվում երկնային զորքի զինվորները` հրեշտակները, որոնք ըստ Ագաթանգեղոսի պատմության, երևում են Սուրբ Գրիգորի տեսիլում: Ըստ նույն պատմիչը, հենց այս վայրում են հանդիպում Կեսարիայից վերադարձող օծյալ կաթողիկոս Սուրբ Գրիգորն ու հայոց արքա Տրդատ Մեծը:
Ի նշանավորումն այս պատմական իրադարձության էլ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը 641-661 թթ. կառուցում է այս հոյակերտ տաճարը: Այստեղ էլ ամփոփվում են հայոց առաջին հայրապետի մասունքները:
Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում <էին>՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, արժանի պատվին Աստծու, ում որ նվիրեց։ Աղբյուր բերեց, <ջուր> անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո: Սեբեոս
Ինքնատիպ ճարտարապետությամբ վեհաշուք տաճարն իր հարակից կառույցներով հիացնում է ժամանակակիցներին և հետագայում էլ մեծ ազդեցություն է ունենում հայ ճարտարապետության զարգացման վրա: Տաճարը կանգուն է եղել մինչ 10-րդ դար, ապա քանդվել երկրաշարժից: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան անունը. հնարավոր է ենթադրել, որ դա ճարտարապետի անունն է: Զվարթնոցի ճարտարապետական ոճի նմանությամբ կամ ներշնչմամբ են կառուցվել Իշխանի և Բանակի (7-րդ դար) եկեղեցին, Լյակիթի (7-րդ դար) եկեղեցին Աղվանքում, Գագկաշեն Սուրբ Գրիգոր(11-րդ դար) եկեղեցին Անիում, Սուրբ Երրորդություն եկեղեցին Երևանում:
Զվարթնոցի ճարտարապետական կառույցի, դրա՝ հայ ճարտարապետության վրա ունեցած ազդեցության ու նշանակության մասին մասին իր ակնարկներից մեկում խոսում է նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Ներկայացնում ենք հատված այդ ակնարկից:
Ռաֆայել Իսրայելյան
ԶՎԱՐԹՆՈՑԸ 1300 ՏԱՐԵԿԱՆ
Եզակի այս կառուցվածքը, որ Զվարթնոց անունն է կրում, հայ ճարտարապետական շատ կոթողների մեջ գրավում է ուրույն տեղ, թեև, նրան շրջապատողները՝ Քասախի տաճարն ու Տեկորը, Երերույքն ու Օձունը, Գայանեն ու Հռիփսիմեն են, հուշարձաններ, որոնցից ամեն մեկը իրոք որ ճարտարարվեստի սքանչելի մի նմուշ է:
Այս բազմազանության մեջ միանգամայն անսպասելի ձևերով ու մտածելակերպով վեր խոյացավ Զվարթնոցը, չունենալով իր հեռավոր նմանությունը և ոչ մի կոթողի հետ:
Քառանկյունի, քառակուսի կամ խաչաձև շատ շինությունների մեջ Զվարթնոցի կլոր եկեղեցին խիստ զանազանվում է իր եռահարկ ծավալով:
Արաքսի հովիտը, որ Արարատյան դաշտն է ներկայացնում, երևի միակ հարթավայրն է մեր հանրապետության մեջ:
Մասիսներին եթե նայում ես արևելքից կամ արևմուտքից, իրար գրեթե ծածկում են: Միայն մի կողմից, հարավից է, որ նրանք ազատ փռվել են, դաշտով մեկ ձգվել, կանգնել իրենց ողջ հասակով: Եվ ահա այդ անկրկնելի գեղեցկություն ունեցող լեռների դեմ է, որ տասներեք դար առաջ վեր է խոյացել Զվարթնոցի խրոխտ տաճարը, ձուլված Արարատների հետ, դառած նրանց երրորդ գագաթը:
Ու կառուցել է ժողովուրդն այդ հուշարձանը կոփված քարե կամարների հրաշալի, եռակարգ պատերից, վայելուչ ծավալներով, որպես մի զարդ Արարատյան ողջ դաշտավայրի և, հիրավի, իր ժամանակի հռչակավոր գործերից է եղել նա, վաստակել համբավ, տարածելով իր անունը շատ ու շատ հեռուներում:
Նրա հուժկու, վիթխարի ծավալները մեծ տպավորություն պիտի թողնեին արտաքինից, ներսից էլ Զվարթնոցի տաճարը մեզ իբրև օդային պալատ է պատկերվում, որը եռահարկ կամարաշարների միջից ողողվել է արևի ճառագայթներով, որոնք, շլացուցիչ լույսով հատելով իրար երկրաչափական ինչ-որ կանոնավոր ձևերով, կազմել են արևային մի կառուցվածք:
Զվարթնոցը կառուցվել է հայկական պարզ քարից՝ տուֆից, որ գրանիտից էլ ամուր է, ժողովրդի ոգու պես չխամրող գեղեցկությամբ։ Կառուցվել է ժողովրդի վարպետների ձեռքերով, քրտինքով:
Ժողովուրդը կառուցել է իր համար, որպես գովք իր կենսասիրության, արծվաթև կամարներով վեր է բարձրացրել, սլացրել տաճարը դեպի լույս: Եվ գրել է անունը Զվարթնոց՝ գարնան շունչ, գովք բնության զարթոնքի, ստեղծագործ մտքի պայծառ թռիչք:
Մոգական ուժ ունեն այդ ավերակները, տարերքից տապալված, գետնի մեջ խրված լինելով էլ անտարբեր չեն թողնում դիտողին, ներշնչում են նրան վաղեմի վեհությունն այդ կոթողի:
Քայլում ես Զվարթնոցի բեկորների մեջ և զգում, հասկանում, որ դրանք ոչ թե հղկված տուֆից պատրաստված քանդակներ են, այլ մի-մի երգ օժտված գարնան ջինջ երկնքի կապույտով, հստակությամբ, զվարթ՝ արևի ճառագայթներով։ Ամեն մի նռան զունդը, խաղողի ողկայզը լցված է մայր հողի հյութով, և կենդանանում է՝ տեսցնելով հին վարպետների մեծ տաղանդը, աշխատանքը նրանց սերը դեպի կյանքը, հայրենի բնությունը, նրա բարիքները, ստեղծագործությունը:
Ժողովրդի հանճարով, նրա ոգով ու ճաշակով կառուցված, նրան հարազատ ձևերով բանդակված` այդ կոթողի մեջ ժողովուրդը տեսել է ոչ թե աստծո տաճար, այլ կյանքի, պայքարի ու գեղեցկության մի սրբավայր:
Մեծ է, շա՜տ մեծ Զվարթնոցի նշանակությունը մեր ճարտարապետության, նրա հետագա զարգացման համար: Զվարթնոցի հիմնադրումով բացվեց մի նոր դարաշրջան մեր ճարտարվեստի մեջ, Զվարթնոցի գաղափարը հնչեց իր գրավիչ, կախարդական երգով, քայլեց դարերի միջով, մտավ Անի, նրա հետ և շատ ուրիշ քաղաքներ և իր հմայիչ պատկերով հասավ մինչև մեր օրերը, իբրև մեր նախնիների մի անգնահատելի պարգև:
1963