Պատերազմն ու ձեռագրերը
1914 թվական, սկսվում է Առաջին աշխարհամարտը։ Անվտանգության ու պահպանության խնդիրներն հաշվի առնելով որոշում է կայացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող մեր ձեռագրական գանձերը տեղափոխել ռազմաճակատից հեռու՝ Մոսկվա։ Ձեռագրերը պատրաստվեցին ու տեղավորվեցին 147 սնդուկներում, որոնք էլ հատուկ ուղեկցությամբ փոխադրվեցին Մոսկվա։ Որոշվեց դրանք ժամանակավորապես պահել հայկական Սուրբ Խաչ եկեղեցում։
Էջմիածնից՝ Մոսկվա
Այս իրադարձությունների մասին պատմում է Արսեն ավագ քահանա Սիմոնյանը․
«Կայարանից մինչև Ս. Խաչ եկեղեցին տեղափոխելու ժամանակ բոլոր կառքերի վրայ պէտք է նստէին Մոսկուայի Հայկական Կոմիտէի անդամներից երկուքը, որպէսզի առանց որեւէ վտանգի տեղ հասցնէին սնտուկները։ Եւ դրանց յիրաւի ուղեկցեցին կայարանից կառքերի վրայ նստած Մոսկուայի հայ գաղութի անդամները․․․Ամէն ինչ տեղաւորելուց յետոյ, այդ խորանների դռները կնքուեցին Մոսկուայի Հայոց Հոգեւոր կառավարութեան եւ Մոսկուայի Հայոց եկեղեցական խորհրդի կնիքներով, իսկ բանալիներից մէկը յանձնուեց Հայկական Կոմիտէի նախագահին, միւսը Գասպարեան Անկելանոցին։ Այնուհետեւ շատ զգուշութեամբ երբեմն, երկու ամիսը մեկ անգամ խորանների դուռները բացւում էին մի քանի ժամով արեւ եղած օրերին՝ գրչագիրները խոնավութիւնից զերծ պահելու նպատակով, նոյն չորս հաստատութեանց ներկայացուցիչների ներկայութեամբ»:
Պողոս Մակինցյանի որոշումը
Ձեռագրերը չորս տարի մնում են եկեղեցում։ 1918 թ․ ամռանը։ Այդ շրջանում է, որ Պողոս Մակինցյանը փոխարինում է Վահան Տերյանին Մոսկվայում գործող «Հայկական գործերի» կոմիսարի օգնականի պաշտոնում։ Պ․Մակիցյանը տարբեր նկատառումներում որոշում է ձեռագրերը չվերադարձնել Հայաստան, այլ պահել Մոսկվայում։ Սակայն գործին խառնվում է Վահան Տերյանը, ինչի շնորհիվ էլ ձեռագրերի պահպանվում են և հետագայում անվնաս հայրենիք վերադարձվում։ Հիշում է Արսեն ավագ քահանա Սիմոնյանը․
«Պօղոս Մակինցեան իր նշանակուած առաջին օրից խնդիր յարոյց մեր այդ ձեռագիրները հանել Ս. Խաչ եկեղեցու խորաններից ու տեղափոխել Մոսկուայի «Աղէքսանդր Գ կայսեր անուան թանգարանը» մտադրութիւն ունենալով՝ կարգել պրոֆ. Ն. Ադոնցին թանգարանի այդ սենեակների վարիչ: Պէտք է ասել, որ այս լուրը շատ մեծ յուզում յառաջ բերեց Մոսկուայի հայ գաղութի մեջ, որովհետև ամէն ոք այն համոզումն ունէր, թե մէր եկեղեցւոյ միջից տեղափոխելուց յետոյ՝ այդ գրչագիրները մեծ վտանգի պիտի ենթարկոէին էլ հայ ժողովուրդի ձեռքից պիտի առնէին․․․:
Այս յուզումնալից վիճակին վերջ տալու համար, տեղական մարմինները որոշեցին ժողովի հրաւիրել Մոսկուայի հայ գաղութը: Ժողովը տեղի ունեցաւ իմ բնակարանում: Թեև դէմ` խոսակցութիւնից յետայ, որոշում կայացուաւ, որ «եթէ Պօղ. Մակինցեան իր մտադրութիւնը կամենայ իրագործել, այն ժամանակ հեռախոսների եւ մարդոց միջոցով բոլորին յայտնել այդ, եւ ժողովուրդը պարտաւոր են – մանուկ – ծեր, կին-տղամարդ, իրենց փոքրիկներով անգամ եկեղեցու բակ լցուիլ եւ դուռների առջեւ նստած՝ պաշտպանել իրենց նախնեաց աւանդը օտարին հանձնելուց... Ու եթէ այդ հայ ժողովուրդի դրամներով միջնակարգ ու բարձրագոյն կրթութիւն ստացած հայ անձնաւորութիւնը դարձեալ կը յանդգնի միայն իշխանութեան ուժով ոտքի տակ տալ հայ ժողովըրդի զգացմունքներն ու բաղձանքները ու կը բռնագրաւ այդ գրչագիրները, գոնէ մենք ապագայում, պատմութեան առջև որոշ չափով մեր պարտքը կատարած կը լինենք... եւ մեզ արդարացուած։
Այս որոշումը տալուց յետոյ, ժողովականները, ճանաչելով հանդերձ Պօղ. Մակինցեանի անզուսպ բնաւորութիւնը և վճռեցին մի վերջին փորձ անել խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծելու, այսինքն՝ պատգամաւորութիւն ուղարկե նրա մօտ եւ աղերսել, որ յետ գնայ այդ վտանգաւոր քայլն անելուց։ Մակինցեանն այդ ժամանակ իր գրասենյակը տեղափոխել էր Լազարեան ճեմարանի այդ ժամանակուայ վերատեսուչ հանգ. Կարապետ Կոստանյանի բնակարանը: Նրան այդ բնակարանից վտարել էր եւ փոխարէնը տուել մի ըստ ամենայնի մութ ու խոնաւ կացարան։
Վահան Տերյանի միջամտությունը
Երբ զանգահարեցինք, Մակինցեանի մօտից դուրս եկաւ Վահան Տէրեանը։ Բարեւից յետոյ, ես խնդրեցի Վահանին, որ նա եւս ընկերանայ մեզ մի շատ կարեւոր խնդրի համար Պօղոսի մօտ երթալու: Տէրեանը սկզբում փորձեց հրաժարուել, թէ՝ «Տէր հայր, ես հենց հիմա բոլոր գործերը հանձնեցի Պօղոսին եւ ոչ մի կապ այլեւս չունիմ Հայկական Կոմիսարիատի հետ»։ Սակայն ես պնդեցի, որ անպայման գայ, ասելով. «Վահան, այս խնդիրն այնքան կարեւոր է, որ Ձեզ եւս վերաբերում է իբրեւ հայ մարդու»։ Վերջապէս նա զիջեց ու մեզ հետ մտաւ Մակինցեանի մօտ:
Սեղանի շուրջը բոլորուեցուց յետոյ, մենք յայտնեցինք «Մակինցեանին, թե ինչ նպատակով ենք եկած իրեն մօտ եւ պատմեցինք շրջող լուրերի մասին ու խնդրեցինք մեզ հավաստիացնել, արդեօք ճիշտ են այդ լուրերը եւ պարզել, թէ ինչ լուրջ պատճառներից դրդուած՝ նա կամենում է մեր եկեղեցուց այդ գրչագիրները հանել ու տեղափոխել մի այլ օտար վայր։ Նա հաստատեց, որ ճիշտ են շրջող լուրերը, որ ինքն, ի նկատի առնելով, թէ հայոց եկեղեցու մէջ անապահով է նրանց վիճակը եւ կարող են նրանք յափշտակութեան ենթարկւել, որ խորանների դուռները շուտ-շուտ չեն բացում, ուրեմն, գրչագիրները կարող են խոնավութիւնից փչանալ եւ այլն եւ որ վերջապէս, նա կամենում է հայ ազգի մշակոյթի այդ նշանաւոր յիշատակարանների հետ ծանօթացնել ռուս բանվորութիւնը եւ գիտական աշխարհը, ու այդ նպատակով նա Նիկ. Ադոնցին մտադիր է նշանակել այդ գրչագիրների բաժանմունքի վարիչ` տեղափոխելով նրանց Մոսկուայի Աղէքսանդր Գ Կայսեր անուան թանգարանը:
Մենք Մակինցեանին առարկեցինք, որ նրա այդ բոլոր պատճառաբանութիւնները բավարար չափով լուրջ չեն, որ, ընդհակառակը, մեր եկեղեցին աւելի ապահով տեղ է, քան Աղէքսանդր Գ Կայսեր անուան թանգարանը․․․։
Ուստի գաղութի անունից խնդրում ենք թողնէք գրչագիրները հայոց եկեղեցու մէջ, ինչպէս մինչեւ այսօր մնացած են այնտեղ անձեռնմխելի կերպով: Այդ վայրկեանին միջամտեց Վ. Տէրեանը, որ մինչ այդ լուռ լսում էր մեր խոսակցութիւնը ու միանալով մեզ՝ աւելացրեց. «Յիրավի, Պօղոս, մեր ձեռագիրների համար առ ային ամենից ապահով վայր հայոց եկեղեցին պէտք է համարել որովհետեւ տալտայ տեղ է ու ոչ ոք նրա վրայ ուշադրութիւն չի դարձնում, նոյնիսկ գերմանացիք, եթե Մոսկուան գրաւելու լինեն։ Ես էլ կարծում եմ, որ թողնենք առայժմ այնպէս, ինչպէս կայ, եւ ոչ մի տեղ չտեղափոխենք»:
Վահանն ու Մակինցեանը դասընկերներ էին ու լաւ մտերիմ բարեկամներ, եւ Պօղոսն այս անգամ Վահանին ենթարկուեց:
«Շատ լաւ, - ասաց նա։ - Ես համաձայն եմ, որ ձեռագիրները մնան հայոց եկեղեցու մէջ, սակայն մի պայմանով, որ դուռների վրայ ես կը փակցնեմ մի գրութիւն ընկեր Ավանէսովի (այդ ժամանակուայ Համառուսական Գործադիր Կոմիտէի առաջին քարտուղար) ստորագրութեամբ եւ նրա կնիքով, որպէսզի առանց մէր գիտութեան ոչ ոք չբանայ այդ խորանների դուռները, մինչեւ որ Երեւանում եւս կը լինի Հայ բանուորա-գիւղացիական խորհուրդ (իմա Դաշնակցական կառավարութեան փոխարէն) ու նրան կ'ուղարկենք այդ գրչագիրները»:
Մեզ համար անսպասելի էր խնդրի այսպիսի լուծում ստանալը»:
Մոսկվայի հայ համայնքի ու Վահան Տերյանի ջանքերով փրկված ու Հայաստան վերադարձած ձեռագրական գանձերն այսօր պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ու կազմում են Մատենադարանի հավաքածուի հիմքը։