Համացանցի և թվային տեխնոլոգիաների բուռն զարգացումը, հնարավորություն տվեց իրականում գործող թանգարաններին ներկայություն ապահովել նաև համացանցում՝ վիրտուալ իրականության մեջ: Շատերը վիտուալ թանգարանների մասին լսեցին միայն համավարակի ժամանակ: Իհարկե, մինչ 2020 թ. համահավարակը արդեն իսկ կային վիրտուալ բազմաթիվ թանգարաններ ու հայտնի թանգարանների թվային տիրույթներ, սակայն համավարակը, մարդկանց տեղաշարժվելու սահմանափակումները խթանեցին թանգարաններին վիրտուալացման ընթացքը:
Ի՞նչ է վիրտուալ թանգարանը
- Վիրտուալ թանգարանը թվային հարթակ է, որը նախկինում իրական թանգարանի կրկնօրինակն էր, այսինքն՝ ուներ նույն տեսքը, գործառույթներն ու բովանդակությունը: Այն բովանդակային հարստություն և հասանելիություն ունեցող տարածք է կամ հարթակ, որն ունի ժամանցային, ճանաչողական ու կրթական նշանակություն:
- Այն իրականացնում է գիտական, կրթական, ժամանցային գործունեություն, ունի արխիվ ու գրադարան: Վիրտուալ թանգարանները կոչվում են նաև առցանց թանգարաններ, հիպերթանգարաններ, թվային, կիբեր կամ վեբ թանգարաններ:
Վիրտուալ առաջին թանգարանները
Առցանց առաջին թանգարանները սկզբում բավական սահամանափակ հնարավորություններ ունեին, քանի որ պարզ էին կայքերը, սահմանափակ վեբ բրաուզերների մուլտիմեդիա տեխնոլոգիաները: Վիրտուալ թանգարանները ստեղծվում էին ինչպես գործող ֆիզիկական թանգարանների, այնպես էլ այլ կազմակերպությունների և անհատների կողմից:
- Աշխարհում առաջին վիրտուալ թանգարանը ստեղծվել է 1991 թվականին, երբ դեռ չկար համացանց: Ավստրալացի նկարիչ Ջեֆրի Շոուն ստեղծեց թվային կոնտենտ, որը տարածվում էր CD-ROM-ով:
- Apple-ը 1992 թվականին թողարկեց վիրտուալ թանգարան հավելված CD-ROM-ով և այն անվճար սկսեց տարածել: Այդ վիրտուալ թանգարանը ինտերակտիվ, էլեկտրոնային թանգարան էր, որտեղ օգտատերերը տեղափոխվում էին սենյակից սենյակ և ընտրում էին ներկայացվող ցուցանմուշները ավելի մանրամասն ուսումնասիրության համար: Այս կոնտենտը հիմնականում ուսուցողական բնույթ ուներ: Բովանդակության ներկայացման համար մշակվել էր 3D տարածության միջով նավարկելու և այդ տարածքում գտնվող առարկաներին ծանոթանալու ծրագիր, որը կոչվում է «վիրտուալ նավարկություն»:
- Գուգենհայմի նշանավոր թանգարանը 1999 թվականին Asymptote Architecture դիզայներական գրասենյակի հետ ստեղծեց փորձարարական ինտերակտիվ վիրտուալ թանգարան, որը հիմնված է VRML տեխնոլոգիայի վրա: Այն յուրօրինակ վիրտուալ կենտրոն էր, որը ներկայացնում էր ֆիզիկական թանգարանի ցուցանմուշներն ու նաև կազմակերպում կիբերարվեստի ցուցահանդեսներ:
- Ibiblio թանգարանը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աջակցությամբ: Այն ներառում էր նոր ցուցահանդեսների հարթակներ, ցուցանմուշներով, նույնիսկ վիրտուալ «ռեստորան»:
- Համակարգչային արվեստի թանգարանը (MOCA) հիմնադրվել է 1993 թվականին: Այն գործում է նաև այսօր՝ moca.virtual.museum հասցեում:
- WebMuseum, Փարիզը ստեղծվել է առցանց 1994 թվականին որպես WebLouvre: Այն ներկայացնում էր գրքերից և այլ ազատ աղբյուրներից թվայնացված պատկերներ:
- Գիտության պատմության թանգարանը Օքսֆորդում ստեղծվել է առցանց՝ 1995թ.: Այն առաջին ֆիզիկական գործող թանգարանն էր, որը ստեղծեց վիրտուալ ցուցադրությունների ծրագիր՝ եղած հավաքածուների վրա հիմնված բովանդակությամբ և բարձր որակով պատկերներով: Կայքը տեղադրված էր Օքսֆորդի համալսարանի «Sable» UNIX հիմնական համակարգում և զբաղեցնում էր 150 ՄԲ և օգտագործում էր GIF ֆայլեր:
- Museo Nazionale Scienza e Tecnologia Լեոնարդո դա Վինչի թանգարանը հիմնվել է 1996թ.: Հենց այստեղ էլ 1999թ. գործարկել է առցանց 3D վիրտուալ միջավայր, որն իր տեսակի մեջ առաջինն էր թանգարանային աշխարհում։
Վիրտուալ թանգարանն այսօր
Հայաստանում և արտերկրում գործող թանգարանների մեծ մասն այժմ ունի առցանց ներկայություն, որտեղ կարող ենք գտնել տարբեր ծավալներով տեղեկատվության: Կան թանգարաններ, որոնք ուղղակի տեղեկատվություն են տալիս թանգարանի գործունեության ու պատմության վերաբերյալ, վաճառում տոմսեր, գրքեր ու հուշանվերներ: Կան այլ թանգարաններ որոնք գոյություն ունեն միայն առցանց, ունեն շենք, բայց առաջարկում են վիրտուալ շրջագայություններ, ցուցանմուշներ, ինտերակտիվ առցանց հնարավորություններ, մուլտիմեդիա և որոնելի կամ դիտելի հավաքածուներ, ուսումնական ծրագրեր:
Այսօր թվային տեխնոլոգիաների, հարթակների ու գործիքների զարգացումը մեծ հնարավորություն է տալիս ստեղծելու արվեստի գործերի ցուցադրության լայն հնարավորություններ, գիտական ուսումնասիրությունների պայմաններ ու անընդհատ փոփոխվող ու գրավիչ միջավայրեր: Սրանով հանդերձ վիրտուալ թանգարանը ոչ միայն չի խանգարում իրական թանգարանին, այլև պահպանում է թանգարանի հիմնական բնութագրիչները՝ ինքնատիպություն, ինտերակտիվություն և հասանելիություն:
Վիրտուալ թանգարանների գործունեությունը նպաստում է իրական թանգարանների հանրահռչակմանը, նպաստում նոր ու հետաքրքիր ցուցադրությունների ստեղծմանը, խթանում մշակութային զարգացումը: