1914 թվականի օգոստոսի 26-ին է ծնվել լատինաամերիկյան գրականության երևելի դեմքերից մեկը՝ արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Խուլիո Կորտասարը (1914-1984 թթ․)։ Կորտասարը սկսել է գրել 1940-ական թվականներին, և իր ուսուցիչ է համարում Խորխե Լուիս Բորխեսին։ Սկսած առաջին պատմվածքներից մինչ վեպերը, Կորտասարի ստեղծագործությունները պահպանում են պատումի գեղարվեստական հիմնական առանձնահատկությունները՝ իրականության ու ֆանտաստիկայի յուրահատուկ համադրություն, խորհրդավոր մթնոլորտ, աբսուրդ, խաղային տարրեր, հերոսների հոգեբանական աշխարհի նուրբ վերլուծություններ, իրականության իռացիոնալ երևույթների անսպասելի պատկերներ և այլն։ Այս տարրերը ի թիվս այլ գործերի, լավագույնս դրսևորովում են նրա՝ 1960 թվականին հրատարակած «Վիճակախաղ»(՛Los premios) վեպում։ Վեպի հերոսները ծովային մի խորհրդավոր ճամփորդության տոմսեր շահած մարդիկ են, սակայն հստակ չէ, թե ո՞ւր է գնում նավը, ի՞նչ է տեղափոխում և բազում այլ հարցեր, որոնք ուղևորների մեջ տագնապներ ու վախեր են արթնացնում։ Էքզիստենցիալ իրավիճակում` փակ տարածության մեջ հայտնված մարդկանց տագնապները բռնություն ու հանցագործություն են ծնում, մղում նրանց անսպասելի քայլերի։
«Ընթերցողին կուզենայի նաև տեղեկացնել, թերևս, ինքս ինձ արդարացնելու մղումով, որ այս վեպը ստեղծելիս ես ոչ այլաբանական և ոչ էլ, առավել ևս, բարոյագիտական դրդապատճառներով չեմ առաջնորդվել: Եվ եթե վեպի վերջում կերպարներից մեկն սկսում է աղոտ պատկերացում կազմել ինքն իր մասին, իսկ մյուսը սկսում է կասկծել, որ ի վերուստ անսասանորեն սահմանված կարգուկանոնը նրան գոյության է պարտադրում, ապա դա ընդամենը կենցաղային դիալեկտիկայի խաղ է, որը յուրաքանչյուր ոք կարող է նկատել իր շրջապատում, կամ լոգասենյակի հայելու մեջ, ամենևին չտալով դրան տրանսցենդենտ նշանակություն»-գրում է հեղինակը վեպի Հետգրության մեջ:
Աբսուրդի, նաև Էքզիստենցիալ գրականությանը բնորոշ մթնոլորտն ու իրավիճակները, փաստորեն, հեղինակի խոստովանությամբ միտված չեն բարոյախրատական դասերի, այլ բնութագրում են ընդհանրապես մարդկային կեցության անորոշությունն ու պատահականությունը, որոնք էլ իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց հոգեբանության ու վարքի վրա, մղում անկանխատեսելի արարքների, ի վերջո, ավարտվում վախերից ծնվող համակերպվածությամբ։ Ոչինչ այս կյանքում, հենց այնպես, առանց փոխհատուցման չի տրվում, երբեք չես իմանա՝ ինչ կշահես և փոխարենը ինչ պետք է տաս։ Ներկայացնում ենք «Վիճակախաղ» վեպի եզրափակիչ հատվածներից մեկը՝ Հովհաննես Գրիգորյանի թարգմանությամբ։
Խուլիո Կորտասար
Վիճակախաղ
(հատված)
Պերսիոն անցել էր սուրճի երկրորդ բաժակին, մտածելով տունդարձի մասին: Հիշողության մեջ արթնացան Չակարիտոյի փողոցները: Հարկավոր է Կլաուդիայից իմանալ, թե արժե՞ գնալ գործի՝ Բուենոս Այրես վերադառնալուց հետու «Իրավաբանական մանրամասներ են,— մտածեց Պերսիոն: Իսկ եթե Հանկարծ տնօրենը տեսնի՞ փողոցում, ես, ախր, նրան ասել էի, թե ծովային ճամփորդության եմ մեկնում...»:
Եթե հանկարծ փողոցում նրան տեսնի տնօրենը, որին ասել էր, թե մեկնում է ծովային ճամփորդությա՞ն: Էհ, ջհանդամը թե չի տեսնի։ Ջհանդամը։ Իր բաժակի տակ նստած սուրճի մրուրը զննելով, այսպես կրկնում էր Պերսիոն, վերացած ու անջատված, ճոճվելով, ինչպես մի փոքրիկ խցան՝ հարավային ծովերի ամայի տարածությունները խցանած մի այլ, վիթխարի խցանի մեջ խրված։ Նա ամբողջ գիշեր չկարողացավ արթուն մնալ՝ վառոդի հոտը, վազվռտուքը, տալկ ցանած ափերի զուր ձեռնագուշակությունը, ավտոմեքենաների ղեկերն ու ճամպրուկների բռնակները շեղում էին նրա ուշադրությունը։ Նա տեսավ, թե ինչպես Խորխեի մահճակալից մի քանի մետրի վրա կանգ առնելով, մահը փոխեց իր մտադրությունը, սակայն, Պերսիոն հասկանում էր, որ դա ընդամենը մետաֆորա է: Նա գիտեր, որ իր բարեկամ` տղամարդիկ ճեղքել են շրջապատման օղակն ու մտել են նավախել, բայց չեն գտել այն ճեղքը, որի արանքից հնարավոր էր նորից երկխոսության մեջ մտնել՝ գիշերվա հետ, միանալ այդ մարդկանց թափանցիկ հայտնությանը: Միակ մարդը, որն ինչ-որ բան գիտեր նավախելի մասին՝ հավիտյանս լռել է։ Արդյոք նա բարձրացե՞լ է ընծայման աստիճաններով։ Արդյոք տեսե՞լ է վանդակների մեջ փակված վայրի գազաններին, պարաններից ճոնվող կապիկներին, լսե՞լ է նախնիների ձայնը, գտե՞լ է գոհացման պատճառը։
Օ, նախահայրերի սարսափ, օ, ցեղի գիշեր, խորախոր ու եռ եկող ջրհոր, հյուսիսային վիշապներն ինչ մռայլ գանձ էին պահպանել,ինչ աստառ էր սպասվում նրան՝ մեռյալին իր իսկական դեմքը ցույց տալու համար:
Մնացյալ ամեն ինչը խաբեություն է, և նրանք, ովքեր վերադարձան, և նրանք, ովքեր ամենևին չգնացին, հավասարապես տեղյակ են, ոմանք ոչ մի բան չտեսնելու կամ տեսնել չցանկանալու պատճառով, մյուսներն՝ իրենց պարզամտության կամ էլ ժամանակների ու սովորությունների քաղցր ստորության երեսից: Կեղծ է հայտնագործողների ճշմարտությունը, կեղծ է վախկոտների ու խելամիտների կեղծիքը, կեղծ են բոլոր մեկնաբանությունները, կեղծ են հերքումները բոլոր: Արդարացի և իզուր է միայն կոպիտ, պեպենոտ ձեռքերով հրեշտակի՝ Աթիլիոյի ցասումնալի փառքը, Աթիլիոն, որը չի հասկանում կատարվածի էությունը, բայց որը կընդվզի, կրելով նշանն հավերժության, իր մեծագույն ժամանակի մեջ հստակ, և կմնա այդպիսին, քանի դեռ Իսլա Մասիելի անխուսափելի դավադրությունը չի վերադարձնի նրան իր ինքնագոհ անգիտության գիրկը։
Այնուհանդերձ, այնտեղ էին գտնվում նաև Մայրերը, և ինչ-որ կերպ անուն տալու և նրանց դատարկ երևակայություններին հավատալու համար, որոնք սուրալով դաշտերի միջից, սավառնում են հողի վերևում, որն աղավաղում է իր վրա բանող, ապրող մարդկանց դեմքերը, նրանց թիկունքների ու վզերի ձևերը, աչքերի գույնն ու ձայնը, որն ագահորեն տապակած միս ու մոդայիկ տանգո է պահանջում, այնտեղ էին նաև նախնիները՝ այդ սքողված ոտքերը պատմության, որը խելագարվելով վազում է ըստ պաշտոնական մեկնակերպերի, ըստ մայիսի քսանհինգի ցուրտ -անձրևոտ-օրվա, ըստ Լինեիերի, որը` երեսուներորդ էջի հերոսից, ինչ-որ խորհրդավոր եղանակով դավաճանի է վերածվում երեսունչորսերորդ էջում, խոր թաղված ոտքերը պատմության, որն սպասում է առաջին արգենտինացուն և որը հատուցման է ծարավի, փոխակերպումների և լույս աշխարհ գալու:
Բայց Պերսիոն գիտե, որ արդեն իրականացված է կեղտոտ արարողությունը, և չարագույժ նախնիները խցկվել են Մայրերի և նրանց հեռավոր զավակների արանքը և, որ նրանց սարսափն աղճատել է արարիչ աստծո պատկերն ու այն փոխարինել ուրվականների աշխույժ առևտրով, քաղաքի ահեղ շրջափակումով, նվիրաբերության ու հաշտության անհագ պահանջմունքով։ Վանդակների մեջ փակված կապիկներ, վայրի գազաններ, համազգեստ հագած գլիցիդ, հայրենասիրական տոնախմբություններ, կամ, պարզապես, մաքուր լվացված տախտակամած ու գորշ առավոտ՝ որևէ մի բան՝ թաքցնելու այն ամենն, ինչը սրտի դողով ակնկալում էին մյուս կողմում կանգնածներից։ Մեռած թե կենդանի, տմույն աչքերով վերադառնում էին նրանք ներքևից և Պերսիոյի աչքերի առաջ նորից կենդանանում է կիթառահարի կերպարանքը, որը նկարված էր ըստ Ապոլիների պատկերի, և Պերսիոն նորից ու նորից տեսնում էր, որ երաժիշտը դեմք չունի և դեմքի փոխարեն դատարկություն է, սև ուղղանկյուն, երաժշտություն է առանց տիրոջ, կույր, անառիթ պատահար և մի նավ, որ սուրում է ընթացքով տարված և մի վեպ, որ մոտենում է ավարտին։
Խուլիո Կորտասար, Վիճակախաղ, թարգմ․՝ Հովհաննես Գրիգորյանի, Երևան, 1983։