«Աստծու նման, իր վերևից նա ասում է՝ և լույս է լինում, ճիշտ ընտրած բառերով նա խոսում է՝ և լույսի բացատը, յասնայա այդ մեծ պոլյանան, ընդարձակվում է, և լուսավոր այդ մեծ հովտում նրա բառերի հետ հայտնվում են երեխաներ, կենդանիներ, ծաղիկներ, որոնք մոտավորապեսության ու այսպես կոչված վերաիմաստավորման թշնամի իրենց ստեղծիչից նշանակված են լինելու միայն ծաղիկ, միայն կենդանի ու միայն երեխա... նրա բառերի հետ բորբոքվում են կրքեր, ծավալվում են իրադարձություններ, և ինքն այդ ամենքի ու ամենի տերն է ու լավ գիտի այդ իրադարձությունների
բոլոր շերտերը, կրքերի պատճառները՝ գոյի բոլոր ելևէջումները, տիրակալի ինքնամեծար ամբարտավանությունից մինչև սպանված մարդու ողնուղեղային զգացողությունները, դեռահասի, մի տեսակ, ծաղկային-բուսական արբունքից, պառավ իշխանուհիների վերջին ծեքծեքումներից, մեռնող ձիու հնազանդ սպասումից, ջահել զամբիկի արյան չարաճճի խայտանքից մինչև բանական մարդու ողբերգական կռիվը աստծուց նախանշված իր կոչման դեմ։
Նա չանհատականացված շներ չունի, աննկարագիր ձիեր չունի, ձիու, շան, գայլի, նապաստակի, մարդու, շքախմբի, զորաբանակի անդեմ-մեխանիկական շարժում չունի, դրանք բոլորը՝ վազքը, անձրևը, այսինչ օրվա լուսաբացը, ծառը՝ բոլորը կերպարներ են։ Նա չի գործածում ամբոխ, ժողովուրդ, զանգված բառերը, ինչը գրողի նրա տկարության կամ ապահովված կոմսի նրա քամահրանքի ու թաքուն վախերի մատնիչը կլիներ, ամբոխ բառը նրա համար չկա. անուն առ անուն, հոգս առ հոգս, ճակատագիր առ ճակատագիր նա գիտի նրանց բոլորին, և նրանք բոլորն իր զավակներն են, ցանկացած պահի կարող են ֆոնից զատվել, առաջանալ, զբաղեցնել իշխան Բալկոնսկու, հայր Սերգիի կամ
Խոլստոմեր ձիու տեղը՝ վերջիններին մղելով դեպի ֆոն և այդպիսով կրկին մատնանշելով, թե ֆոնը ամբոխ չէ, այլ բալկոնսկիներ։ Տաղանդի ու կարողության հարց լինելուց առաջ սա աշխարհայացքի հարց է, սա մարդասիրության հարց է, եթե մարդասիրությունն, իհարկե, նույնպես տաղանդի ու կարողության հարց չէ»։
Հրանտ Մաթևոսյան
Լև Տոլստոյը Հրանտ Մաթևոսյանի ամենասիրելի հեղինակներից էր, գուցե ամենասիրելին։ Տարբեր առիթներով Հր․Մաթևոսյանը հիշում է Տոլստոյին, մշտապես հիանում նրա ստեղծագործությամբ։ Հայ մեծ արձակագրի ստեղծագործության մեջ նաև նկատելի է ռուս ու համաշխարհային դասականի գրականության ազդեցությունը։ Հր․ Մաթևոսյանի խոսքը՝ իրեն բնորոշ խտացմամբ ներկայացնում է Տոլստոյի ստեղծագործության շատ առանձնահատկություններ՝ հեղինակի յուրահատուկ դիրքավորումը, լեզվի ուժը, դետալային պատումը, բնության ու մարդկային աշխարհի հարաբերության նուրբ պատկերավորումը, ընդգրկումն ու խորությունը, կերպարների բազմակողմանի ներկայացումն ու, իվերջո, մեծ մարդասիրությունը, որով կենդանանում, կերպարավորվում է այն ամենն ինչին դիպչում է Տոլստոյի գրիչը։ Լև Տոլստոյը բազմաթիվ, բազմաժանր ու բազմահատոր գրական ժառանգություն է թողել։ Նրա ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից է «Աննա Կարենինա» վեպը։ Ռուս բարձրաշխարհիկ կնոջ ազատ ընտրության իրավունք, կնոջ կարճատև երջանկություն, ազնվական հասարակության դաժանություն, ողբերգական մահ և շատ ուրիշ թեմաներ ընդգրկող այս ծավալուն ստեղծագործությունը ուշագրավ ու տպավորիչ շատ հատվածներ ունի, սակայն մենք ընտրել ենք վեպի կենտրոնական ու խորհրդանշական դրվագներից մեկը, որտեղ Աննա Կարենինայի սիրելի՝ իշխան Ալեքսեյ Վռոնսկին անհաջողության է մատնվում ձիարշավի ժամանակ։ Անչափ դրամատիկ, տպավորիչ ու բացառիկ վարպետությամբ ներկայացված դրվագն էլ կարծես կանխագուշակում է սիրային պատմության ու վեպի դժբախտ ավարտը։ Ուշագրավ է, որ թագավորական ձիարշավի դրվագում հիշատակվող գեղեցիկ ձիու՝ Ֆռու-Ֆռուի կերպարը ստեղծվել է ի պատիվ Տոլստոյի համանուն ձիու, որին հեղինակը հետագայում նվիրում է եղբորը։ Վեպում Ֆռու-Ֆռուի ու գլխավոր հերոսուհու ճակատագրերը զուգահեռվում են։
Լև Տոլստոյ
Աննա Կարենինա
XXV
Արշավում էին ընդամենը տասնյոթ սպա: Ձիարշավը պետք է տեղի ունենար չորս վերստանոց էլիպսաձև մեծ շրջանում՝ տաղավարի առաջ։ Այդ շրջանի վրա շինված էր ինն արգելք. գետ. երկու արշին բարձրությամբ, խուլ, մեծ բարիեր տաղավարի դիմացը, չոր խրամատ, ջրով լի խրամատ, զառիվայր, իռլանդական պատնեշ` բաղկացած (ամենադժվար արգելքներից մեկը) թումբից, մեջը տնկած չոր խռիվ, որի ետևին կար ձիու համար անտեսանելի էլի մի խրամատ, այնպես որ ձին պետք է միաժամանակ թռչեր երկու արգելքի վրայից կամ ջարդվեր. հետո էլի երկու խրամատ՝ մեկը ջրով լի, մյուսը՝ չոր, և վերջ ձիարշավին՝ տաղավարի դիմաց։ Բայց ձիարշավն սկսվում էր ոչ թե շրջանից, այլ նրանից մեկդի հարյուր սաժեն հեռավորությունից, և այդ տարածության վրա էր առաջին արգելքը՝ երեք արշին լայնությամբ պատվարված գետը, որից հեծյալները կարող էին թռչել կամ վազեվազ անցնել, ինչպես կամենային:
Հեծյալները երեք անգամ հավասարվեցին, բայց անգամ դուրս էր պրծնում մեկն ու մեկի ձին, և պետք էր նորից ետ դառնալ ու գալ: Բացթողի գիտակ՝ գնդապետ Սեստրինն արդեն սկսում էր բարկանալ, երբ վերջապես չորրորդ անգամ բղավեց. «Գնա՛», — և հեծյալները շարժվեցին:
Ամենքի աչքերը, ամենքի հեռադիտակներն ուղղված էին հեծյալների խայտաբղետ խմբակի վրա այն միջոցին. երբ հավասարվում էին նրանք:
«Բա՛ց թողին: Արշավո՛ւմ են», լսվեց ամեն կողմից՝ սպասողական լռությունից հետո:
Ե՛վ խումբ-խումբ մարդիկ, և՛ մենավոր հետիոտներն սկսեցին վազել մի տեղից մյուսը, որ ավելի լավ տեսնեն: Հենց առաջին րոպեին հեծյալների հավաքուն խմբակը ձգվեց, ու երևում էր, թե ինչպես նրանք երկու-երկու, երեք-երեք և մեկը մյուսի ետևից մոտենում են գետին։ Դիտողներին թվում էր, թե նրանք բոլորը արշավում են միասին. բայց հեծյալների համար կար վայրկյանների տարբերություն, որ մեծ նշանակություն ուներ:
Հուզված ու չափազանց ջղային Ֆոու-Ֆռուն կորցրեց առաջին պահը, և մի քանի ձիեր տեղից շարժվեցին նրա նից առաջ, բայց, տակավին չհասած գետին Վռոնսկին, ամբողջ ուժով պահելով երասանը ձիգ տվող ձին, հեշտությամբ անցավ երեքից, և նրա առջևում մնում էր միայն Մախոտինի շեկ Գլադիատորը, որ համաչափորեն ու թեթևությամբ, տընկ- տընկացնում էր ուղղակի Վռոնսկու դիմաց իր գավակը, իսկ ամենքից առաջ հիանալի Դիանան էր, որ տանում էր ոչ ողջ, ոչ մեռած Կուզովլևին:
Առաջին րոպեներին Վռոնսկին դեռ չէր տիրապետում ո՛չ իրեն, ո՛չ էլ ձիուն: Մինչև առաջին արգելքը, մինչև գետը, նա
չէր կարողանում ղեկավարել ձիու շարժումները:
Դիանան ու Գլադիատորը մոտենում էին միասին և համարյա միևնույն պահին՝ իրար ետևից բարձրացան գետի վրա ու թռան մյուս կողմը. աննկատելի, կարծես թռչելով, վերասլացավ նրանց ետևից Ֆռու-Ֆռուն. բայց ճիշտ այն միջոցին, երբ Վռոնսկին զգաց իրեն օդի մեջ, հանկարծ տեսավ, համարյա իր ձիու ոտների տակ, Կուզովլևին, որ Դիանայի հետ թպրտում էր գետի մյուս ափին: (Կուզովլևը թռիչքից հետո բաց թողեց երասանը, և ձին նրա հետ միասին գլորվեց գլխի վրա): Այս մանրամասները Վռոսնսկին իմացավ հետո արդեն, իսկ այժմ նա միայն տեսավ, որ այնտեղ, ուր Ֆռու- Ֆռուն պիտի կանգնի, կարող է ընկնել Դիանայի ոտը կամ գլուխը։ Սակայն Ֆռու-Ֆռուն, ինչպես վայր ընկնող կատու թռիչքի վայրկյանին ջանք թափեց ոտներով ու մեջքով և, մեկդի թողնելով Դիանային, սլացավ առաջ:
«Օ, սիրելիս», մտածեց Վռոնսկին:
Գետից հետո Վռոնսկին լիովին տիրապետեց ձիուն ու սկսեց պահել նրան, մտադրվելով մեծ բարիերն անցնել Մախոտինի հետևից և հետո արդեն երկու հարյուր սաժենանոց ու անարգելք հետևյալ տարածության վրա փորձել նրանից անցնել։
Մեծ բարիերը գտնվում էր ցարական տաղավարի ճիշտ դիմացը: Թագավորը, և՛ ամբողջ արքունիքը, և՛ ամբոխած ժողովուրդը նայում էին նրանց, նրան ու մի ձիու հեռակայությամբ նրանից առաջ գտնվող Մախոտինին, երբ նրանք մոտենում էին սատանային (այդպես էր կոչվում խուլ բարիերը): Վռոնսկին զգում էր ամեն կողմից իր վրա սևեռած այդ հայացքները, բայց ոչինչ չէր տեսնում, բացի իր ձիու ականջներից, վզից, իրեն ընդառաջ վազող գետնից և Գլադիատորի գավակից ու սպիտակ ոտներից, որոնք արագ տակտ էին խփում իր և տակավին միևնույն տարածության վրա մնացածների առջևում։ Գլադիատորը բարձրացավ, առանց թխկոց հանելու, թափահարեց կարճ պոչը և անհայտացավ Վռոնսկու աչքից:
— Բռա՜վո,— ասաց մեկի ձայնը։
Այդ նույն վայրկյանին Վռոնսկու աչքերի առաջ, հենց իր իսկ դիմաց աղոտ կերպով երևացին բարիերի տախտակները: Մազաչափ անգամ չփոխելով իր շարժումը, ձին վերասլացավ նրանց վրա. տախտակները չքվեցին աչքից, և ետևից միայն թրխկաց ինչ-որ բան: Տաքացած առջևից գնացող Գլադիատորից, Ֆռու-Ֆռուն չափազանց վաղ բարձրացավ բարիերի դիմաց ու ետևի սմբակով դիպավ նրան: Բայց ձիու քայլքը չփոխվեց, և Վռոնսկին ստանալով իր երեսին մի գուղձ ցեխ, հասկացավ, որ ինքը նորից գտնվում է Գլադիատորից նույն հեռավորության վրա։ Նա նորից տեսավ իր առջևում նրա գավակը, կարճ պոչը և նորից նույն չհեռացող, արագ շարժվող սպիտակ ոտները:
Ճիշտ այն վայրկյանին, երբ Վռոնսկին մտածեց, թե պետք է այժմ անցնել Մախոտինից, ինքը Ֆռու-Ֆռուն, արդեն հասկանալով այն, ինչ մտածեց նա, առանց որևէ խրախուսանքի՝ ավելացրեց վազքը և սկսեց մոտենալ Մախոտինին ամենանպաստավոր կողմից՝ պարանի կողմից։ Մախոտինը չէր տալիս պարանը: Վռոնսկին միայն մտածեց այն մասին, թե կարելի է շրջանցել նաև դրսի կողմից, երբ Ֆռու-Ֆռուն փոխեց ոտքը և սկսեց շրջանցել հենց այդպես Ֆռու-Ֆռուի քրտինքից արդեն սևանալ սկսող ուսը հավասարվեց Գլադիատորի գավակին: Մի քանի ոստյուն նրանք արին կողք-կողքի: Բայց արգելքի առաջ, որին մոտենում էին նրանք, Վռոնսկին, որպեսզի մեծ շրջան չանի, սկսեց աշխատել երասանով և արագ՝ հենց զառիվայրում անցավ Մախոտինից: Նա տեսավ նրա ցեխոտված դեմքը: Նրան նույնիսկ թվաց, որ նա ժպտաց: Վռոնսկին անցավ Մախոտինից, բայց անմիջապես իր ետևում զգում էր նրան և անընդհատ լսում էր իր թիկունքում Գլադիատորի համաչափ վազքը ու նրա քթածակերի ընդհատուն, դեռ բոլորովին թարմ շնչառությունը:
Հետևյալ երկու արգելքից՝ խրամատից ու բարիերից Ֆռու-Ֆռուն անցավ հեշտությամբ, բայց Վռոնսկին սկսեց ավելի մոտիկից լսել Գլադիատորի փնչոցը և վազքը: Նա քշեց ձին և ուրախությամբ զգաց, որ Ֆռու-Ֆռուն հեշտությամբ ավելացրեց քայլքը, և Գլադիատորի սմբակների ձայնը նորից սկսեց լսվել նույն տարածությունից:
Վռոնսկին վարում էր ձիարշավը, — հենց այն բանը, ինչ ուզում էր նա անել և ինչ խորհուրդ էր տալիս նրան Կորդը. — ու այժմ նա վստահ էր հաջողության մեջ: Նրա հուզմունքը, ուրախությունն ու քնքշությունը դեպի Ֆռու-Ֆռուն անընդհատ ուժեղանում էին: Նա ուզում էր ետ նայել, բայց չէր համարձակվում և աշխատում էր հանգստացնել իրեն ու չքշել ձին, որպեսզի պահպանի նրա մեջ ուժի այնքան պաշար, ինչքան պաշար, զգում էր նա, մնում էր Գլադիատորի մեջ: Մնում էր մի, և ամենադժվար արգելքը. եթե նա անցնի դա մյուսներից առաջ, կգա՝ տեղ կհասնի առաջինը: Նա մոտենում էր իռլանդական պատնեշին: Ֆռու-Ֆռուի հետ միասին նա դեռ հեռվից տեսավ այդ պատնեշը և երկուսն էլ՝ և՛ ինքը, և՛ ձին, վայրկենապես լարվեցին։ Նա ձիու ականջներում նկատեց անվճռականություն ու բարձրացրեց մտրակը, բայց անմիջապես զգաց, որ կասկածն անհիմն էր. ձին գիտեր, թե ինչ է պետք: Ձին վազքն ավելացրեց և համաչափորեն, ճիշտ այնպես, ինչպես ենթադրում էր նա: Վերսլացավ ու կտրվելով գետնից, անձնատուր եղավ իներցիայի ուժին, որը նրան թռցրեց խրամատից հեռու այն կողմ․ և հենց միևնույն տակտով առանց ջանքի, միևնույն ոտքից Ֆռու-Ֆռուն շարունակեց արշավը:
— Բռա՜վո, Վռոնսկի, — լսեց նա մի խումբ մարդկանց ձայներ, — նա գիտեր, դրանք իր գնդից էին և իր բարեկամները, որոնք կանգնել էին այդ արգելքի մոտ. նա չէր կարող չճանաչել Յաշվինի ձայնը, բայց չտեսավ նրան։
«Օ՜, սքանչելիք իմ», մտածում էր նա Ֆռու-Ֆռուի մասին, ականջ դնելով, թե ինչ է կատարվում ետևում։ «Թռա՜վ»։ Մտածեց նա, լսելով ետևից Գլադիատորի վազքը։ Մնում էր երկու արշին լայնությամբ վերջին խրամատը՝ ջրով լի։ Վռոնսկին չնայեց էլ այդ արգելքի վրա, այլ կամենալով շատ ավելի շուտ գալ առաջինը, սկսեց շրջանաձև աշխատել երասանով, վազքի տակտի համեմատ բարձրացնելով և իջեցնելով ձիու գլուխը: Նա զգում էր, որ ձին գնում է ծախսելով իր ուժերի վերջին պաշարը. թաց էին նրա ո՛չ միայն վիզը և ուսերը, այլև կաթիլ-կաթիլ քրտինք էր դուրս տալիս նրա ծոծրակին, գլխին, սրածայր ականջներին, և նա շնչում էր խիստ ու ընդհատ։ Բայց Վռոնսկին գիտեր, որ այդ պաշարը լիովին հերիք էր մնացած 200 սաժենի համար: Շարժման առանձնահատուկ փափկությունից և շնորհիվ այն բանի, որ Վռոնսկին իրեն ավելի մոտ էր զգում գետնին, նա գիտեր, թե որքան շատ է ավելացրել իր ձին արագությունը։ Ֆռու-Ֆռուն ցատկեց խրամատից. կարծես չնկատելով այն: Նա այդ արգելքի վրայից թռավ-անցավ թռչնի պես. բայց հենց այդ ժամանակ Վռոնսկին. իրեն համակող սոսկումով զգաց, որ ետ մնալով ձիու շարժումից, ինքն էլ չհասկանալով, թե ինչպե՜ս, արավ մի վատ, աններելի շարժում, իջնելով թամբի վրա։ Հանկարծ նրա դիրքը փոխվեց, և նա հասկացավ, որ կատարվեց մի սարսափելի բան: Նա դեռ չկարողացավ հաշիվ տալ իրեն, թե ի՛նչ պատահեց, երբ արդեն նրա մոտ վայրկենապես երևացին շեկ հովատակի սպիտակ ոտները, և Մախոտինը սրընթաց ու արագ անցավ նրա մոտից: Վռոնսկին մի ոտքով դիպավ գետնին, և նրա ձին գլորվեց այդ ոտքի վրա։ Նա հազիվ կարողացավ ազատել ոտքը, երբ Ֆռու-Ֆռուն ընկավ մի կողքի և ծանր խռխռալով զուր ջանքեր էր թափում իր բարակ, քրտնած վզով, որպեսզի բարձրանա, կանգնի. նա թպրտում էր գետնի վրա, իր տիրոջ ոտների տակ, ինչպես գնդակահար թռչուն:
Վռոնսկու արած անհարմար շարժումը կոտրեց ձիու մեջքը: Բայց դա նա հասկացավ հետո միայն: Իսկ այժմ նա տեսնում էր լոկ այն, որ Մախոտինն արագ հեռանում էր, մինչդեռ ինքը, օրորվելով, կանգնել էր մենակ՝ ցեխոտ ու անշարժ գետնին, ու իր դիմաց, ծանր շնչելով։ Պառկած էր Ֆռու-Ֆռուն և, գլուխը ծռած դեպի նա, նայում էր նրան իր սքանչելի աչքերով: Տակավին չհասկանալով այն, ինչ կատարվեց, Վռոնսկին ձգում էր ձիու սանձը: Ձին նորից թպրտաց ինչպես ձուկ, ճռճռացնելով թամբի թևերը, ազատեց առջևի ոտները, բայց անկարող լինելով բարձրացնելու գավակը, անմիջապես ճոճվեց ու նորից ընկավ կողքի վրա: Սարսափից այլանդակված դեմքով, գունատ և դողացող վարի ծնոտով, Վռոնսկին կրունկով խփեց ձիու փորին ու նորից սկսեց ձիգ տալ սանձը։ Բայց Ֆռու-Ֆռուն չէր շարժվում, այլ, քիթը տնկած գետնին, իր խոսուն հայացքով նայում էր միայն տիրոջը:
—Ա՜ա՜ա՜, — բառաչեց Վռոնսկին, ձեռքով բռնելով գլուխը: — Ա՜ա՜ա՜, ի՜նչ արի ես,— ճչաց նա: Ե՛վ ձիարշավը տանուլ տված: Ե՛վ իմ հանցանքը՝ ամոթալի, աններելի: Ե՛վ այդ դժբախտ, սիրելի, կորած ձին: — Ա՜ա՜ա՜, ի՜նչ արի ես:
Մարդիկ, բժիշկն ու բուժակը, նրա գնդի սպաները վազեցին դեպի նա: Իր համար դժբախտաբար, նա զգում էր, որ ինքը ողջ է և անվնաս: Ձիու մեջքը կոտրվել էր, ու վճռեցին գնդակահարել նրան։ Վռոնսկին չէր կարող պատասխանել իրեն տրված հարցերին, չէր կարող խոսել ոչ ոքի հետ։ Նա շուռ եկավ, և առանց բարձրացնելու գլխից ընկած գդակը, դուրս գնաց ձիարշավարանից, ինքն էլ չիմանալով, թե ո՛ւր: նա իրեն զգում էր դժբախտ: Կյանքում առաջին անգամ նա զգաց ամենածանր դժբախտությունը, անուղղելի և այնպիսի դժբախտություն, որի պատճառն ինքն էր:
Ցաշվինը, գդակը ձեռքին, հասավ Վռոնսկուն, ուղեկցեց նրան մինչև տուն, և կես ժամից Վռոնսկին ուշքի եկավ: Բայց այդ ձիարշավի հիշողությունը երկար ժամանակ մնաց նրա հոգում, որպես իր կյանքի ամենածանր ու տանջալից հիշողություն։
Բնագրի աղբյուրը՝ Լև Տոլստոյ, Աննա Կարենինա, հատոր առաջին,
թարգմ․՝ Վահան Տեր-Առաքելյան, Երևան, 1979: