Հրանտ Մաթևոսյանի «Տերը» վիպակի դրվագներից մեկում գնդապետի երեխան ճշտելու համար, թե գլխավոր հերոս՝ անտառապահ Ռոստոմը ինքն իր մասին ինչո՞ւ է «մենք»-ով է խոսում, հարցնում է․
—Հոպար, կրկնեց, դու ինչո՞ւ ես հոգնակի խոսում՝ «լսում ենք, ասում ենք, մենք», այսինքն դու, որ թոքը խանչալով խառնել են՝ Սումբաթ պապը, հին անտառապահ Տիգրան պապը, Սարգսյան մեր ազգը՝ բոլո՞րս:
Երանության տրվեցինք, հավատացինք, որ մի մեծ տոհմի ժառանգ ու նահապետ ենք, երանությունը մեր դեմքը ողողեց,ասացինք.
- Էդ անպայման էդ է ու կա. բայց մենք ուրիշ հանգամանք նկատի ունենք, մատաղ. տասնութ թվի հեղեղ-անձրև հունիսին մեր էս սարերով, գաղթական ամբողջ Հայաստանը ետևը ծփալով-ծփալով՝ մի Անդրանիկ զորավար է անցել. անցել, Ջարխեչա վրա իջել ու ժողովուրդը ետևից արտի նման ծփալով-օրորվելով, ինքը ժողովրդի առաջ սպիտակ ձիավոր՝ խփվել է ասում են դեպի Պարսկաստան. որ «մենք» ենք ասում՝ ուզում ենք, մատաղ, Անդրանիկ զորավար լինենք, բայց թե ոչ ետևներիցս եկող ժողովուրդ ունենք, ոչ էլ առաջներս՝ թուրքի թշնամի։
Երեխայի հարցը մի փոքր այլ կերպ հետագայում՝ 1987 թվականի հոկտեմբերին Հրանտ Մաթևոսյանինն է ուղղում «Լիտերատուրնայա գազետա» թերթի լրագրողը «Այսօր և այստեղ» խորագրված հարցազրույցում։ Լրագրողն ուզում է ճշտել արդյո՞ք ժամանակավրեպ չէ Ռոստոմի կերպարը, նրա միջոցով հեղինակի արածարծած թեմաներն ու տագնապները։ Արդյո՞ք 1980-ական թթ․ վերջին կրկին կարևոր է Ռոստոմի մարմնավորած կամ երազած «ժողովրդի և առաջնորդի, առաջնորդ խոսքի, առաջնորդ վարքի այն հին միությունը»։ Հրանտ Մաթևոսյանը պատասխանում է․
Այդ ասվածը Անդրանիկի մասին, մի երկու խոսք էլ գուցե ուրիշ էջերում ունենամ, մի քանի բառ էլ իրենց տեղը գտնեն գուցե ապագա իմ էջերում, զուտ պատմական իրողություն է: Ժողովուրդը ետևից ծփալով-ծփալով, ուռչելով ու չնվազելով, տիֆը չնայած շատերին ետ էր պահում, ճանապարհի հայ գյուղերը ոմանց չնայած ծածկ էին տալիս, Թումանյանի Դսեղից հոսել է Դիլիջանի ձորով ու Սևանի սարերով դեպի Նախիջևան ու Թավրիզ, հուսացել է՝ թե Փոքր Ասիան պիտի ճեղքի ու ելնի Միջերկրական ծովափ, ուր դեռևս հոծ հայություն կար: 1918-ի թաց, ծանր գարնանը բոլոր քարանձավներից, բոլոր գյուղերից ու գոմերից բոլոր արահետները որբերին ու որբևայրիներին դեպի Անդրանիկ էին բերում, երբ ելքը նաև ինքը չգիտեր, բայց նաև չէր կարող լքել իր ժողովրդին՝ սպիտակ նժույգի վրա կար իր ժողովրդի առաջ որպես հույսի ու հաղթանակի մարմնավորում, երբ իր հույսը միայն Աստված էր:
Եվ իսկապես Զորավար Անդրանիկի կերպարին՝ անունը տալով կամ ակնարկելով Հրանտ Մաթևոսյանը տարբեր առիթներով վերադառնում է։ Ու այդ անդրադարձներում Անդրանիկը մե՛կ միամիտ հայդուկ է, մե՛կ առասպել, մե՛կ ժողովրդի փրկիչ, երազած ապավեն ու առաջնորդի իդեալ, որին ձգտում է նմանվել Ռոստոմը։ Եվ ամենագլխավորը՝ Անդրանիկը տեր է, անդավաճան ժողովրդական հերոսի իր առաքելությանն ու ժողովրդին։ Այս ամենով հանդերձ, ողբերգությունը սակայն այն է, որ ինչպես Ռոստոմը նա չի տեղավորվում իր ճղճիմ ժամանակի մեջ, մնում անընկալելի, ինչպես Փոքր Մհերին չի տանում մեղավոր հողը, այնպես էլ Զորավոր Անդրանիկը, ի վերջո, ստիպված է լինում հեռանալ։ Եվ ըստ Մաթևոսյանի Զորավար Անդրանիկը կամ նրա գործը կա, եթե ետևից գնացող ու նրան հավատոցող ժողովուրդը կա:
Անդրանիկի կերպարին մաթևոսյանական նախկին անդրադարձները խտանում ու բյուրեղնում են 2000 թվականին գրված Զորավար Անդրանիկին նվիրված խոսքում։ Այստեղ Անդրանիկի կերպարը նույնանում է «Սասնա ծռեր» էպոսի ու մեր ազգային դյուցազներգության հերոսների հետ՝ իր առասպելականությամբ, հերոսականությամբ, վեհությամբ, ազնվությամբ, ողբերգականությամբ, բայց և անմահությամբ:
2025 թվականի փետրվար 25-ին լրանում է Զորավար Անդրանիկի (1865-1927 թթ․) ծննդյան 160-ամյակը։ Այս առիթով «Խոսքի աշխարհը» գրական նախագծի շրջանակում ներկայացնում ենք Հրանտ Մաթևոսյանի նրան նվիրված խոսքը։
ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ
Նկատված է. մեկ հազարամյակ առաջ, երբ մեր ոստաններն ավերվեցին, երբ մեր երկրի ազնվականությունը գլխատվեց – ինքնիշխանությունը հանգրվանեց հայ գյուղացու տանը. ասել է թե՝ հայ մարդու, հայ գյուղացու տունը Լոռվա սարերից մինչև Սասուն ու Տավրոս, օրրանը եղավ մեր հնօրյա փառքերի և գալիք հույսի, հայ գյուղացու տունը վիպերգեց իր եղած ու չեղած արքաներին ու հերոսներին և սպասեց ծնունդին իր այն զավակի, որ պետք է գար և հայոց մեր լուռ աշխարհը լցներ ուրախության ու հաղթանակի աղաղակով, պետք է գար և նման լիներ մեր անմոռաց ժամանակների հերոսներին ու թագավորներին, բայց շատ ավելի՝ հերոսի ու թագավորի ժողովրդական մեր իդեալը լիներ:
Հայոց աշխարհի փոքր հովտով հայոց մեր երկար ժամանակները հաղթած կամ շղթայված շատ իշխանների են անցըրել, փառքուպսակի արժանի են եղել նրանցից շատ-շատերը, բայց և նրանցից ոչ մեկը չի զորում համաժողովրդական վերաբերմունքի միջով իր անցքը հրճվանքի և ուրախության, սիրո և գորովի, հույսի և վստահության շքերթ դարձնել այնպես, ինչպես թագավորի ու հերոսի մեր իդեալը, մեր անիրականը, մեր վիպերգայինը՝ մեր Դավիթը, Սասունցին. դարեր ու դարեր մինչև այսօր ու մինչև վաղը և վաղվա վաղը՝ ոչ ոք չի կարողանում մեր մեծից ու փոքրից կորզել այն ավաղն ու ափսոսը, արցունքն ու ժպիտը, որ միայն Դավթի համար են՝ Սասունցու, անիրականի, դյուցազներգականի, մեր համազգային իդեալի:
Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը մեզ համար նույնքան առասպելական է, դյուցազներգային, վիպերգային, ինչքան Դավիթը՝ իրական. համաժողովրդական սիրո հրապարակը այդ երկու իրական և վիպերգային հերոսների երթն է դարձնում պսակյալ շքերթ, մարդու և զինվորի իր իդեալով իր Անդրանիկին է հանդերձավորում, և իր Անդրանիկը՝ ժողովրդի Անդրանիկը, իդեալ մարդու կերպարը իր վրա է առնում ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Դավիթ Սասունցին Մհեր Սասունցու զենքուզրահն է իր վրա առնում:
Որպես հայոց մեր տան սպասված որդի՝ Անդրանիկը հանդերձավորվեց, իր ժողովուրդը նրան հանդերձավորեց իր վիպերգի զենքուզրահով, և Անդրանիկի ստույգ իրականությունը ոչնչով չխաթարեց նրա առասպելականությունը. նրա վախճանի ու ծննդյան տարիների ստուգությունը, տված մարտերի ու ձախողումների ու ծննդավայրի ստուգությունը, մարդկայնորեն նրա խոցելիությունը ամենևին չեն խանգարում նրան դարձյալ վիպերգից եկած և երգ, վիպերգ, առասպել վերադարձած տեսնել, երբ մեր հերոսական էպոսն ու ինքը Անդրանիկը նույն և մեկ ժամանակի ծնունդ են, և հայտնի չէ, թե նրանցից ով ում վերածնեց - Զեյթունի հերոսամարտը, Աղբյուր Սերոբը, Սոսե մայրիկը, Չաուշ Գևորգը, ինքը Անդրանի՞կը սերեցին մեր վիպերգը, իմ այդ տրեխավոր փաշաների կենարար շնչի վրա՞ մեր դյուցազներգը ելավ մեր գեղջուկ հայ տնից, թե՞ վիպերգը արթնացրեց նրանց և իշխանահասակ կանգնեցրեց հայոց մեր աշխարհում:
Նրանք մեկ և նույն ճանապարհի ճամփորդներն էին՝ Անդրանիկը և վիպերգը, միմիյանց լրացնելով, միմյանց սովորեցնելով, միմյանցից սովորելով, շտկելով, հաստատելով, միմյանց զորացնելով գալու էին, և նրանց ճանապարհն անվախճան էր: Նրանք հայոց իրենց հեռաստաններում սպասողների բազմություններ ունեին, այդ բազմությունները մենք ենք, և բազմությունների բազմություններ ունեին, դրանք մեր թոռնեթոռներն են, և հավերժի այդ ճամփորդների ճանապարհը կվերջանա՝ երբ իրենց հեռաստաններում այլևս բազմությունների սպասումն չի լինի:
Եվ ուրեմն փառք մեզ՝ նրանց կանչողներիս, նրանց սպասողներիս՝ որ նրանց անմահության, նրանց անվերջության երաշխավորն ենք, և փառք իրենց, փառք իրեն Անդրանիկին՝ որ իր որդիների և որդվոց որդիների հայոց մեր անցյալը անհուշ ու անանցյալ չթողեց: Նա մեր կերպարին վեհություն է բերում, մեր ձուլվածքին ազնվություն ու ազնվականություն է բերում, ռազմիկի մեր վարքին՝ արծվենի ճախր, հազար փառք իրեն:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Բնագրերի աղբյուրը՝ www.hrantmatevossian.org
©Հրանտ Մաթևոսյան -բնագրի համար