Հույն փիլիսոփա Պլատոնի (Ք.ա. 428/7-348/7) «Պետություն» նշանավոր աշխատության մեջ առանձնանում գրքի եզրափակիչ` 10-րդ գլուխը, որտեղ ի թիվս փիլիսոփայական ուշագրավ այլ թեմաների, խոսվում է նաև Էր անունով մի հերոսի մասին։ Ներկայացվող առասպելի կամ զրույցի դիպաշարն այսպիսին է․ Պամփիլիացի Արմենիոսի որդի Էրը ընկնում է մարտում և երբ 10 օր անց գտնում են նրա դին, այն անվնաս է լինում, առանց քայքայման նշանների։ Իսկ երբ 12-րդ օրը պատրաստվում են դին հողին հանձնել, արդեն խարույկի վրա, հերոսը կենդանանում է և պատմում, թե ինչ է տեսել ու զգացել իր ժամանակավոր մահվան ընթացքում։ Էրի պատմությունն իր ուշագրավ մանրամասներով մեծ ազդեցություն է թողել հոգիների հարության, անդրշիրիմյան կյանքի, մեղքի ու քավության, արդարության ու բարոյականության գաղափարների հետագա կրոնական ու փիլիսոփայական արծարծումների վրա։ Հայ մշակույթի համար այս առասպելը կարևոր է, քանի որ հայագետները՝ Մկրտիչ Էմինը, Ղևոնդ Ալիշանը և այլք, Էրին համարում են հայ․ նրա հոր անունը Արմենիոս է, մեռնելու և հարություն առնելու դրվագով, նաև անվան հանգամանքով նման է հին հայոց մեռնող և հարություն առնող աստծուն՝ Արային։
Բայց հայտնի է, որ հույները չէին կարող ընդունել և ավանդել օտար մի բան առանց փոփոխության, և ըստ այսմ՝ Արան դառնում է ոչ միայն էր, այլև Ալկիմոս, այսինքն՝ քաջ ու կորովի, ինչպես հայերեն այր բառն էլ նույնն է նշանակում․ տեղով կամ ազգությամբ էլ ասում են պամփիլիացի՝ շփոթելով ուրիշի հետ, -գրում է Ղևոնդ Ալիշանը «Հին հաւատք կամ հեթանոսկան կրօնք հայոց» (1895) աշխատության մեջ։
Մովսես Խորենացու ավանդած առասպելում հայոց թագավոր Արա Գեղեցիկը ընկնում է Ասորեստանի թագուհի Շամիրամի հետ կռվում, և Շամիրամը հրամայում Արալեզներին կենդանացնել Արային ու լուր տարածում, որ կենդանացրել է։ Պլատոնի և Խորենացու հաղորդած առասպելների նմանությունը թույլ է տալիս ենթադրելու դրանց նույնությունը և հայկական ծագումը։ Ուշագրավ է, որ այս հերոսը դառնում է աստվածների կամ դատավորների բանբերը, որը պետք է վերադառնա և մարդկանց պատմի հոգիների շարժի, դատավարության ու իր տեսած մյուս գաղտնախորհուրդ երևույթների մասին։ Արդարության, բարոյականության ու հոգու անմահության խնդիրներին զուգահեռ այս առասպելը նաև մատնանշում է մեկ այլ կարևոր գաղափար՝ մարտի դաշտում ընկած քաջերը հարություն են առնում, որն ըստ հայագետ Մկրտիչ Էմինի՝ հին հայերի գաղափարախոսության առանցքն է կազմում։
Ներկայացնում ենք Պլատոնի «Պետություն» աշխատության Էրի առասպելի հատվածը՝ Սերգեյ Ստեփանյանի թարգմանությամբ։
Պլատոն
Պետություն
Գիրք տասներորդ
...Ասում էր, որ իր հոգին, դուրս գալով մարմնից, շատ ուրիշ հոգիների հետ ճանապարհ ընկավ ու եկավ աստվածային մի վայր, որտեղ հողի մեջ բացված էր երկու ծերպ և ևս երկուսը դիմացը՝ երկնքում: Դրանց մեջտեղում նստած էին դատավորները, որոնք վճիռ կայացնելուց հետո արդար մարդկանց կարգադրում էին գնալ աջ, վեր՝ դեպի երկինք, նրանց առջևից ամրացնելով համապատասխան նշանը, իսկ անարդարներին՝ ձախ, ներքև, և սրանք, նույնպես, ունեին իրենց զանցանքների նշանները՝ թիկունքներին։ Երբ Էրը մոտեցավ դատավորներին, նրանք ասացին, որ ինքը պիտի դառնա մարդկանց բանբերը և հաղորդի այն, ինչ տեսել է այստեղ, այնպես որ պատվիրեցին լսել ամեն ինչ և հետևել ամեն բանի: Նա տեսավ, ինչպես իրենց դատավճիռը ստացած հոգիները հեռանում էին երկու ծերպերով՝ երկնքի և երկրի, իսկ մյուս երկու ծերպերով՝ ժամանում։ Մի ծերպով երկրից բարձրանում էին կեղտով ու փոշով լի հոգիները, իսկ մյուսով երկնքից իջնում էին մաքուր հոգիները։ Եվ բոլոր եկածներն ասես վերադառնում էին մի մեծ ուղևորությունից: Նրանք հանգրվանում էին մարգագետնի վրա, ինչպես ժողովրդական տոնակատարությունների ժամանակ, ծանոթները ողջունում էին միմյանց և հարցուփորձ անում երկրից եկածներին երկրային, իսկ երկնքից ժամանածներին՝ երկնային անցուդարձի մասին։ Եվ նրանք պատմում էին՝ ոմանք ողբ ու սուգով հիշելով իրենց զրկանքները և այն, ինչ տեսել են ստորերկրյա ուղևորության ընթացքում,- այդ ուղևորությունը տևում է հազար տարի,— իսկ մյուսները՝ երկնքից եկածները, պատմում էին երանության և անասելի գեղեցիկ տեսարանների մասին:
Այդ ամենը պատմելու համար, Գլավկոն, շատ ժամանակ կպահանջվեր: Սակայն գլխավորը, նրա ասելով, այն էր, որ յուրաքանչյուր վիրավորանքի համար և յուրաքանչյուր վիրավորվածի համար վիրավորանք հասցնողը պատժվում է տասնապատիկ և հարյուր տարով (քանի որ այդքան է մարդու կյանքի տևողությունը), որպեսզի պատիժը տասնապատիկ մեծ լինի հանցանքից։ Նա, ով շատերի մահվան պատճառ է դարձել կամ դավաճանել է պետությանն ու զորքին, որը ստրկության է գերեվարվել, կամ մեղավոր է մեկ ուրիշ չարագործության մեջ,— այդ ամենի համար պիտի կրի տասնապատիկ մեծ տառապանք: Իսկ նա, ով բարի գործեր է կատարել և եղել է արդար ու բարեպաշտ, ստանում է իրեն արժանին։
Թե ինչ պատմեց Էրը կարճ ժամանակ ապրածների մասին, հիշել չարժե։ Նա պատմում էր նաև աստվածների ու ծնողների հանդեպ ոչ բարեպաշտ և բարեպաշտ վերաբերմունքի և ինքնասպանության համար սահմանված հատուցման մասին։ Նա ասում էր, որ ներկա է եղել այսպիսի հարց ու պատասխանի. «Որտե՞ղ է մեծն Արդիեսը»: Այդ Արդինսը Պամփիլիայի ինչ-որ քաղաքի բռնակալն էր սրանից դեռ հազար տարի առաջ և, ինչպես ասում են, սպանել էր իր ծեր հորը, ավագ եղբորը և գործել բազմաթիվ այլ պիղծ հանցանքներ։ Նա, ում ուղղված էր հարցը, Էրի ասելով պատասխանեց. «Արդիևսը չի ժամանել և չի էլ գա այստեղ: Մեր տեսած ամենասարսափելի տեսարաններից մեկը սա էր. երբ շատ տառապանք կրելուց հետո մենք մոտեցանք մուտքին և պատրաստվում էինք մտնել, տեսանք Արդինսին և ուրիշների, որոնք գրեթե բոլորը բռնակալներ էին, ինչպես նաև սովորական մարդկանց, որ մեծագույն չարագործներ էին։ Նրանք մտադիր էին մուտք գործել, սակայն մուտքը չընդունեց նրանց, այլ շառաչում էր, երբ այդ հանցագործներից որևէ մեկը, որ անուղղելի էր իր արատավորության մեջ կամ դեռ բավականաչափ պատժված չէր, փորձում էր մուտք գործել: Եվ այդտեղ նա տեսավ նաև հրով պատված վայրի մարդկանց, որոնք մուտքի շառաչին անսալով՝ բռնեցին մեղսագործներին և տարան, իսկ Արդինսի և մյուսների ձեռքերն ու ոտքերը կապկպելով՝ նրանց գետնին տապալեցին, մաշկեցին և քարշ տվեցին ճամփեզրով, փշերի միջով, բոլոր հանդիպողներին հայտնելով, թե ինչի համար է այդ պատիժը, և ասում էին, որ նրանց տանում են Տարտարոս։ Չնայած, որ արդեն բազմաթիվ այլևայլ սարսափներ էինք տեսել, սակայն դրանցից ամենաազդեցիկն այն վախն էր, որ չլինի այնպես՝ նորից լսենք մուտքի շառաչը, երբ նորից այնտեղ հայտնվենք,— այդ իսկ պատճառով յուրաքանչյուրն ուրախանում էր, երբ ներս մտնելուց հետո այլևս չէր լսում այն»:
Ահա ինչպիսին էին վճիռներն ու պատիժները։ Բարեգործների հատուցումը միանգամայն հակառակն էր։ Այդ մարգագետնում յոթ օր մնալուց հետո պետք էր բարձրանալ և ճանապարհ ընկնել՝ չորս օրում հասնելու համար այնտեղ, որտեղից երևում է վերևից երկնքի և երկրի միջով անցնող լույսի սյունաձև ճառագայթը, որը շատ նման էր ծիածանի, սակայն ավելի պայծառ ու մաքուր էր: Նրանք հասան դրան, անցնելով մեկ օրվա ճանապարհ, և տեսան լույսի այդ սյան մեջտեղում երկնքից կախված շղթայի ծայրեր: Քանզի այդ լույսը երկնքի հանգույցն է. ինչպես քառակող գերանը տրիերաների վրա, այն կապում է երկնակամարը: Այդ շղթայի ծայրերից կախված է Անանկեի իլիկը, որի շնորհիվ ամեն բան պտտվում է: Իլիկի սուր և կեռ ծայրերը ադամասից են, իսկ իրանը` ադամասից և այլ նյութերի խառնուրդից։ Իրանի բնությունն այսպիսին է, տեսքով նման է մեր սովորական իլիկներին, բայց Էրի ասելով՝ սնամեջ է և դրա մեջ տեղադրված է մեկ ուրիշ, ավելի փոքր իրան, ինչպես որ մեկը մյուսի մեջ դրվում են արկղերը։ Այդպես նրանում տեղադրված են նաև երրորդը, չորրորդը ու ևս չորս իրան։ Դրանք թվով ութն են և դրված են մեկը մյուսի մեջ, իսկ ծայրերը վերևից երևում են որպես մեկ առանցքի շուրջ հավաքված օղակներ, այնպես որ դրսից դրանք կազմում են իլիկի մեկ միասնական իրանի մակերեսը, իսկ առանցքը անցկացված է ութերորդ իրանի միջով։ Առաջին և ամենաարտաքին իրանն ունի շրջանի ամենամեծ մակերեսը, վեցերորդն իր մակերեսի մեծությամբ երկրորդն է, չորրորդը երրորդն է, ութերորդը` չորրորդը, յոթերորդը` հինգերորդը, հինգերորդը՝ վեցերորդը, երրորդը՝ յոթերորդը, երկրորդը՝ ութերորդը: Ամենամեծ իրանի շրջանը խայտաբղետ է, յոթերորդը ամենապայծառն է, ութերորդը ստանում է իր գույնը յոթերորդի պայծառությունից, երկրորդն ու հինգերորդը գույնով մոտ են միմյանց և մյուսներից առավել դեղին են, երրորդը ամենաճերմակն է, չորրորդը կարմրավուն է, իսկ վեցերորդը ճերմակությամբ երկրորդն է: Ողջ իլիկը, պտտվելով, ամեն անգամ կատարում է միևնույն պտույտը, բայց իր պտույտի հետ միաժամանակ ներքին յոթ շրջանները պտտվում են ամբողջովին հակառակ ուղղությամբ։ Ամենից արագ շարժվում է ութերորդ շրջանը, երկրորդ տեղում են միաժամանակ յոթերորդը, վեցերորդը և հինգերորդը։ Երկրորդն է, ինչպես նկատեցին, իր շրջապտույտով չորրորդը: Չորրորդն է երրորդը, իսկ հինգերորդը՝ երկրորդը։ Այդ ամենը պտտվում է Անանկեի ծնկներին:
Վերևից իլիկի շրջաններից յուրաքանչյուրի վրա նստած է մի Սիրեն, որը շարժվում է ամբողջի հետ միասին և արձակում է միշտ նույն բարձրության մեկ ձայն: Բոլոր ձայները, որոնք ութն են, ներդաշնակություն են կազմում։ Սիրեններից հավասար հեռավորությամբ, յուրաքանչյուրն իր գահին, նստած են նաև երեք ուրիշ էակներ՝ Անանկեի դուստրերը՝ Լաքեսիսը, Կլոթոն և Ատրոպոսը՝ ճերմակազգեստ և պսակազարդ մոյրաները: Սիրենների հետ համահունչ՝ Լաքեսիսը երգում է անցյալը, Կլոթոն՝ ներկան, իսկ Ստրոպոսը՝ ապագան։ Կլոթոն աջ ձեռքով դիպչում է իլիկի իրանի արտաքին բոլորակին օգնելով, որ այն պտտվի: Ստրոպոսը ձախ ձեռքով պտտում է ներքին շրջանները, իսկ Լաքեսիսը հերթով դիպչում է դրսի և ներսի շրջանակներին:
Եվ երբ Էրն ու մյուսները հասան այդտեղ, անմիջապես պետք է մոտենային Լաքեսիսին: Ոմն գուշակ դասավորեց նրանց շարքով, այնուհետև Լաքեսիսի ծնկներից վերցնելով քվեներն ու կյանքի նմուշները, ելավ բարձր ամբիոն և ասաց. «Ահա՛ Անանկեի դուստր, կույս Լաքեսիսի խոսքը: Մեկօրյա հոգիներ, սա մեկ ուրիշ, մահկանացու ցեղի համար մահացու շրջապտույտի սկիզբն է։ Քվեարկությամբ ոգին ձեզ չի ստանա, այլ՝ դուք ինքներդ կընտրեք նրան։ Նա, ում քվեն կլինի առաջինը, թո՛ղ առաջինն ընտրի կյանքը, որն անհրաժեշտաբար բաժին է ընկնում նրան։ Առաքինությունը չունի տեր պատվելով կամ չպատվելով նրան՝ յուրաքանչյուր ոք հաղորդակից է նրան առավել կամ պակաս չափով: Դա ընտրողի մեղքն է։ Աստված անմեղ է»։
Սա ասելով՝ նա գցեց քվեները ամբոխին, և յուրաքանչյուրն ընտրեց իրենը: Չընտրեց միայն Էրը, որին թույլ չտվեցին: Յուրաքանչյուրն իմացավ իր համարը։ Դրանից հետո գցեց նրանց կյանքի նմուշները, որոնք ներկաներից ավելի շատ և բազմապիսի էին։ Դրանց թվում կային նաև կենդանիների և ամեն տեսակ մարդկային կյանքի նմուշներ։ Կային բռնապետական կյանքի նմուշներ. մի մասը ցմահ, մի մասը՝ կյանքի կեսից թուլացած, որոնց վերջը աղքատությունն է և աքսորը: Կային նաև այնպիսի մարդկանց կյանքի նմուշներ, որոնք նշանավոր էին իրենց տեսքով, գեղեցկությամբ, մրցություններում դրսևորած ուժով կամ իրենց նախնիների ազնիվ ծագումով ու առաքինություններով։ Կային նաև վատ հռչակ վայելողների, նմանապես նաև կանանց կյանքեր: Բայց դա չէր որոշում հոգու նկարագիրը, որովհետև հոգին կարող է դառնալ ուրիշ, եթե ընտրի ուրիշ կյանք։ Հարուստներն ու աղքատները, հիվանդներն ու առողջները, ինչպես նաև միջանկյալ վիճակի մեջ գտնվողները խառնված էին իրար:
Ինչպես երևում է, այստեղ է, բարեկա՛մ Գլավկոն, մարդու համար ամբողջ վտանգը, ահա ինչու հարկ է առավելագույնս հոգալ, որ մեզնից յուրաքանչյուրը, անուշադրության մատնելով մյուս գիտությունները, հետազոտող և աշակերտ դառնա այս ճանաչողության մեջ, եթե ի վիճակի է որևէ կերպ սովորելու և գտնելու նրան, ով կկարողանա սովորեցնել իրեն ճանաչել պիտանի ու հոռի կյանքը և ամենուր լավագույնն ընտրել ընձեռված հնարավորություններից։ Հաշվի առնելով, թե ինչ ասվեց բոլոր այս բաների մասին, և համեմատելով այդ ամենը` մարդը պիտի հասկանա, թե ինչ է աղքատությանը կամ հարստությանը միացած գեղեցկությունը և հոգու ինչ վիճակի զուգակցությամբ է այն չարիք կամ բարիք գործում, նաև՝ ինչ է ազնվատոհմ կամ ոչ ազնվատոհմ ծագումը, մասնավոր կյանքը, պաշտոնները, ուժն ու թուլությունը, սովորելու ընդունակությունը և անընդունակությունը։ Հոգու բնական հատկությունները որոշ բարենպաստ համադրությունների դեպքում թույլ են տալիս մարդուն խորհրդածելով ընտրություն կատարել: Ավելի վատը նա կհամարի այն կյանքը, որը մղում է հոգուն անարդարության, դարձնում անարդար, իսկ ավելի լավը՝ երբ հոգին ավելի արդար է դառնում։ Մնացյալ բոլոր բաները նա մի կողմ է թողնում։ Մենք արդեն տեսանք, որ կյանքի օրոք և մահից հետո սա ամենակարևոր ընտրությունն է: Պետք է հեռանալ Հադես՝ ունենալով ադամասի պես ամուր այդ համոզմունքը, որպեսզի այնտեղ չկուրանանք հարստությունից և ուրիշ նման չարիքներից, չվերածվենք բռնակալների և զանազան հանցանքներով բազում չարիքների պատճառ չդառնանք, ինքներս չկրենք առավել մեծ չարիքներ, այլ կարողանանք ընտրել միջին ուղին և չընկնենք ծայրահեղությունների մեջ ինչպես այս, այնպես էլ հետագա կյանքում, b քանզի դա է մարդու համար մեծագույն երջանկությունը:
Անդրաշխարհի բանբերը հաղորդեց նաև, որ գուշակն ասել է այսպես. «Անգամ նրա համար, ով ընտրության կդիմի վերջինը, կյանքն այստեղ լավն է, եթե իհարկե ընտրությունը կատարվի խոհեմաբար, և ընտրողը զուսպ կյանք վարի։ Նա, ով ընտրում է սկզբում, թող ուշադիր լինի, իսկ նա, ով ընտրում է վերջում՝ չվհատվի»։
Այս խոսքից հետո իսկույն մոտեցավ նա, ում բաժին էր ընկել առաջին քվեն. դա մեծագույն բռնակալի կյանք էր։ Իր անխոհեմության ու ագահության պատճառով նա ընտրեց առանց մտածելու, և այդ ընտրությունը նրա համար ճակատագրական էր. նա պիտի խժռեր սեփական զավակներին և ենթարկ- վեր ուրիշ չարիքների: Երբ հետո հանգամանորեն մտածեց այդ ամենի մասին, սկսեց կուրծք ծեծել և սգալ, որ ընտրություն կատարելիս հաշվի չառավ գուշակի զգուշացումը։ Եվ այդ չարիքների համար մեղադրում էր ոչ թե իրեն, այլ իր բախտը, դեմոններին,— ամեն-ամեն ինչ, բայց ոչ ինքն իրեն։ Մինչդեռ նա երկնքից եկածների թվում էր և նախորդ կյանքը ապրել էր բարեկարգ պետության մեջ. ճիշտ է, նրա այդ առաքինությունը սոսկ սովորություն էր և չէր բխում փիլիսոփայական մտորումից: Ըստ էության քիչ չէին նրանք, ովքեր եկել էին երկնքից, բայց այս աշխարհում ծուղակն էին ընկել, քանզի անփորձ էին դժվարություններում։ Իսկ երկրից եկածները ավելի շրջահայաց էին իրենց ընտրության մեջ, քանի որ իրենք արդեն տեսել էին դժվարություններ, ինչպես նաև նրանց, ովքեր կրել էին դրանք։ Ահա ինչու, նաև քվեարկության պատահականությունների արդյունքում, շատ հոգիների համար տեղի է ունենում լավի և վատի փոփոխություն։ Իսկ եթե գալով այս կյանք մարդն առողջ փիլիսոփայում է և ընտրության ժամանակ նրան բաժին է ընկնում ոչ ամենավերջին քվեն, ապա այն աշխարհից եկած լուրերի համաձայն երջանիկ կլինի ոչ միայն այստեղ, նրա ճանապարհը այստեղից այնտեղ և այնտեղից այստեղ չի լինի ստորերկրյա ու փշոտ, այլ՝ հարթ և երկնային։
Արժե տեսնել, ասում էր Էրը, թե ինչպես են տարբեր հոգիներն ընտրում իրենց կյանքերը։ Դա խղճալի, զավեշտական և տարօրինակ տեսարան էր: Շատերն ընտրում էին` ելնելով
նախորդ կյանքի սովորությունից։ Տեսավ՝ ինչպես երբեմնի Օրփեոս եղած հոգին ընտրեց կարապի կյանք։ Ստելով կանանց, որոնք նրա մահվան պատճառը դարձան, նա չցանկացավ ծնվել կնոջից։ Տեսավ Թամիրասի հոգին, որը սոխակի կյանք էր ընտրել։ Տեսավ նաև կարապ, որը նախընտրեց մարդկային կյանքը, և այլ մուսայական կենդանիներ։ Հոգին, որն ուներ քսաներորդ քվեն, ընտրեց առյուծի կյանք. դա Տելամոնի որդի Այասն էր։ Սա խուսափում էր մարդ ծնվելուց՝ հիշելով զենքերի դատը։ Նրան հաջորդում էր Ագամեմնոնի հոգին։ Կրած տառապանքների պատճառով սա նույնպես դժկամությամբ էր նայում մարդկային ցեղին և ընտրեց արծվի կյանք: Այդ ընթացքում իր քվեն ստացավ Ատալանտեի հոգին։ Տեսնելով, թե ինչ մեծ պատիվ է վայելում մրցույթներում
հաղթողը, չկարողացավ դիմանալ և ընտրեց այդ կյանքը։ Այնուհետև տեսավ՝ ինչպես Պանոպեսի որդի Էպեյոսի հոգին առավ արվեստներում հմուտ կնոջ բնություն։ Հեռվում, ամենավերջին եկողների մեջ նա տեսավ ծաղրածու Թերսիտեսի հոգին, որը մտավ կապիկի մեջ: Ոդիսևսին բախտ վիճակվեց ընտրել վերջինը։ Հիշելով նախկին զրկանքները և մի կողմ դնելով ամեն փառասիրություն՝ երկար ժամանակ փնտրում էր սովորական, գործերից հեռու մարդու կյանք և հազիվ գտավ այն ինչ-որ տեղ ընկած և բոլորի կողմից անուշադրության մատնված: Բայց Ոդիսևսի հոգին, տեսնելով սա, ասաց, որ նույնը կընտրեր, անգամ եթե իրեն բաժին ընկներ առաջին քվեն: Կենդանիների հոգիները ևս ընտրում էին մարդկային կյանքեր և փոխանակում միմյանց կյանքերը, անարդարներն այստեղ ընտրում էին վայրի, իսկ արդարները՝ հեզ կյանք, և այդպես բոլորը խառնվում էին:
Արդ, երբ բոլոր հոգիներն ըստ քվեարկության՝ ընտրեցին իրենց կյանքը, հերթով մոտեցան Լաքեսիսին։ Վերջինս յուրաքանչյուրի ընտրած դեմոնին ուղարկում էր նրա հետ որպես կյանքի պահապան և ընտրությունն իրականացնող։ Նախ, պահապանը տանում էր հոգին Կլոթոյի մոտ՝ նրա ձեռքի և պտտվող իլիկի շրջապտույտի տակ. այդկերպ նա հաստատում էր յուրաքանչյուրի ընտրած ճակատագիրը։ Կլոթոյի հպումից հետո նա տանում էր հոգին Ատրոպոսի գործվածքի մոտ, ինչն այլևս անփոփոխ էր դարձնում կյանքի թելերը։ Այստեղից հոգին, առանց շրջվելու, գնում էր դեպի Անանկեի գահը և անցնում դրա միջով։ Երբ մյուս հոգիները նույնպես անցան դրա միջով, նրանք բոլորը շոգի և տապի պայմաններում ուղևորվեցին Լեթեի հովիտը, որտեղ չկար ո՛չ ծառ, ո՛չ էլ ուրիշ բուսականություն։ Արդեն երեկոյան նրանք հանգրվանեցին Ամելետոն գետի ափին, որի ջուրը ոչ մի անոթի մեջ չի կարող պահվել: Բոլորը պիտի չափավոր խմեին գետի ջրից, սակայն անխոհեմները խմում էին առանց չափի, իսկ այդ դեպքում նրանք ամեն ինչ մոռանում են։ Երբ պառկեցին քնելու, կեսգիշերին որոտ թնդաց և երկրաշարժ եղավ։ Հանկարծ նրանք տարվեցին տարբեր կողմեր և ապա այնտեղ, ուր պիտի ծնվեին, այնպես որ ցրվեցին երկնքում, ինչպես աստղերը։ Էրին արգելված էր խմել այդ ջրից։ Նա չիմացավ, թե ինչպես նորից հայտնվեց իր մարմնի մեջ։ Ուշքի գալով՝ նա տեսավ, որ պառկած է խարույկի վրա: Ահա այսպես է փրկվել և չի կորել այս պատմությունը, Գլավկոն։ Այն կփրկի նաև մեզ, եթե հավատանք դրան, և մենք կանցնենք Լեթեն առանց պղծելու մեր հոգին։ Բայց հավատացեք ինձ. մտածելով, որ հոգին անմահ է և ունակ է կրելու ամեն չարիք ու ամեն բարիք, բոլորս կընթանանք վերին ճամփով և, խոհեմաբար պահպանելով արդարությունը, բարեկամ կլինենք և՛ ինքներս մեզ, և՛ աստվածներին։ Իսկ եթե շահենք մրցանակը, ինչպես դա անում են մրցույթների՝ ամենուր ընծաներ հավաքող հաղթողները, ապա և՛ այստեղ, եւ հազարամյա այդ ճամփորդության ընթացքում, որը քննեցինք, կմնանք բարյավ:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Պլատոն, Երկեր չորս հատորով, Հատոր IV / Պետություն. թարգմ. և ծանոթագր.՝ Ս. Ստեփանյան/, Երևան, 2017։