Աշխարհի ամենակաֆկայական քաղաքը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահան է: Այստեղ է ծնվել, սովորել, աշխատել, կյանքի մեծ մասն ապրել Ֆրանց Կաֆկան: Այստեղ էլ թաղված է նա՝ հին հրեական գերեզմանատանը: Այսօր Պրահայում Կաֆկայի թանգարան ու նրան նվիրված մի քանի հայտնի հուշարձաններ կան: Ըստ հուշագիրների, հատկապես Գուստավ Յանուխի, Կաֆկան սիրում էր Պրահան և նաև շատ լավ գիտեր քաղաքը: Չեխ գրականագետ ու երաժշտագետ Գուստավ Յանուխը՝ Կաֆկայի մտերիմներից էր և հետագայում հեղինակել է «Զրույցներ Կաֆկայի հետ»(1951) գիրքը։ Այստեղ էլ ներկայացրել է գրողի հետ իրենց ամենօրյա հանդիպումներն ու զրույցները: Art365-ը ներկայացնում է մի ուշագրավ հատված Գուստավ Յանուխի «Զրույցներ Կաֆկայի հետ» գրքից, որտեղ կարող ենք տեսնել, թե ինչ վերաբերմունք ուներ Կաֆկան Պրահայի նկատմամբ, բայց նաև հետևենք շատ ավելի ընդգրկուն ու փիլիսոփայական մի զրույցի՝ մեղքի, պատժի, քավության, պատերազմի ու բարոյական սկզբունքների մասին:
***
Ես հաճախ զարմանում էի դոկտոր Կաֆկայի՝ քաղաքի ամենաբազմազան շինությունների վերաբերյալ գիտելիքներով: Նա ոչ միայն քաջ գիտեր Հին քաղաքի պալատներն ու եկեղեցիները, այլև աչքից հեռու տներն` իրենց միջանցիկ բակերով: Նա գիտեր հնամենի շենքերի անվանումներն անգամ այն դեպքում, երբ դրանց մուտքերի վերևի հին ցուցատախտակներն արդեն քաղաքային թանգարանում էին: Դոկտոր Կաֆկան հին շենքերի պատերի վրա կարդում էր քաղաքի պատմությունը: Ծուռտիկ փողոցներով նա ինձ տանում էր հին Պրահայի փոքրիկ ձագարաձև ներքնաբակերով, որոնց անվանում էր թքամաններ: Անցնում էինք Կառլի հին կամրջի մոտի տարօրինակ սրահով, Վերածննդի կլոր կամարներով նեղլիկ բակով և մութ, խողովակ հիշեցնող թունելով հասնում էինք փոքրիկ բակով շրջափակ փոքրիկ սրճարանին՝ «Աստղեր դիտողի մոտ»
անվանումով, քանի որ այստեղ որոշ ժամանակ ապրել էր Յոհաննես Կեպլերը և այս դժոխանման մութ խցում 1609 թ. ստեղծել իր հանրահայտ «Նոր աստղագիտությունը», որն այն ժամանակվա գիտական նվաճումները զգալիորեն գերազանցող երկ էր:
Դոկտոր Կաֆկան սիրում էր հին փողոցները, պալատները, պարտեզները և եկեղեցիները քաղաքի, որտեղ ծնվել էր: Զվարթ հետաքրքրությամբ նա թերթում էր Պրահայի հնություններին նվիրված յուրաքանչյուր գիրք, որ ես նրա համար բերում էի գրասենյակ: Նա աչքերով ու ձեռքերով ուղղակի փայփայում էր այդ գրքերի էջերը, թեև դրանք արդեն վաղուց, մինչ ես կդնեի այդ գրքերը նրա գրասեղանին, կարդացել էր: Նրա աչքերը փայլում էին, ինչպես փայլում են ինքնամոռաց գրքեր հավաքողի աչքերը: Բայց նա միանգամայն ուրիշ էր, քան գրքեր հավաքողը: Հինը նրա համար պայմանականորեն քարացած նյութերի հավաքածու չէր, այլ իմացության ճկուն գործիք, դեպի այսօրն ընկած կամուրջ: Ես դա հասկացա, երբ մի անգամ Ապահովագրական ընկերությունից Ալտշտեդտեր Ռինգ ճանապարհին կանգնեցինք Ս. Հակոբ եկեղեցու մոտ՝ ուղիղ Տայնհոֆի դիմաց։
- Գիտե՞ք այս եկեղեցին,— հարցրեց Կաֆկան:
- Այո՛, բայց մակերեսորեն: Գիտեմ, որ պատկանում է հարևան ֆրանցիսկյան փոքրամասնական միաբանությանը: Ընդամենը այդքանը:
-Բայց շղթայված ձեռքը եկեղեցում անկասկած տեսել եք:
-Այո՛, նույնիսկ մի քանի անգամ:
-Եկ մի անգամ էլ միասին նայենք:
-Հաճույքով:
Մտանք եկեղեցի, որի երեք նավերը Պրահայի եկեղեցիների ամենաերկարներից էին: Ձախ կողմում՝ անմիջապես մուտքի մոտ, բարձր առաստաղին ամրացված երկաթյա երկար շղթայից կախված էին չորացած մսի ու ջլերի մնացորդներով պատված ոսկորներ, որոնք արտաքուստ հիշեցնում էին մարդու նախաբազկի եղերական մնացորդներ: Այն հավանաբար 1400-ին կամ Երեսնամյա պատերազմի ավարտին ինչ–որ ավազակի կտրված ձեռքն էր և «իբրև մշտական սարսափ», կախվել էր այստեղ՝ եկեղեցում: Տարեգրությունների և մշտանորոգ բանավոր ավանդույթի համաձայն՝ այդ սարսափելի իրադարձությունն այսպիսի նախապատմություն է ունեցել:
Եկեղեցում, որն այսօր էլ, ի դեպ, օժտված է երկրորդական խորաններով, կողային խորաններից մեկում դրված էր սուրբ Մարիամի փայտե արձանը, որը ծածկված էր ոսկե և արծաթե դրամներից շղթաներով։ Ազատ արձակված մի վարձկան զինվոր, որին շլացրել էր այդ հարստությունը, թաքնվում է խոստովանության խցում և սպասում է եկեղեցու փակվելուն: Ապա դուրս է գալիս խցից, գնում է դեպի խորանը, բարձրանում աթոռակին, որը սովորաբար ծառայում էր բարձրադիր մոմերը վառելու համար, պարզում է ձեռքը և փորձում պոկել արձանի զարդարանքները: Բայց ձեռքը քարանում է:
Ավազակը, որն առաջին անգամ էր սողոսկել եկեղեցի, զգում է, թե ինչպես է արձանը պինդ բռնել իր ձեռքից: Փորձում է ազատվել, չի կարողանում: Եկեղեցու դպիրը առավոտյան նրան գտնում է խորանում, աթոռակին բարձրացած և իմաց է տալիս վանականներին: Զոհասեղանի առաջ, որտեղ Աստվածամայրը շարունակում է բռնած պահել սարսափից գունատված ավազակին, շուտով աղոթողների մեծ բազմություն է հավաքվում, այդ թվում նաև քաղաքագլուխը և Հին Պրահայի ավագագույն մի քանի քաղաքացի: Դպիրը և վանականները փորձում են ավազակի ձեռքը պոկել արձանից։ Դա նրանց չի հաջողվում: Այդ ժամանակ քաղաքագլուխը կանչում է դահճին, որը սրի մի հարվածով կտրում է ավազակի ձեռքը, որից հետո ձեռքից ազատվում է նաև արձանը: Ավազակի կտրված ձեռքն ընկնում է գետնին: Ավազակին ձերբակալում են և մի քանի օր անց գողության համար դատապարտում երկարամյա բանտարկության, որը կրելուց հետո իբրև հավատացյալ մտնում է կրոնական եղբայրության մեջ: Կտրված ձեռքը երկաթե շղթայով ամրացնում են եկեղեցում: Դրա կողքին կանգնած սյան վրա հետագայում տեղադրում են պարզունակ նկար՝ լատիներեն, գերմաներեն և չեխերեն տեքստերով:
Դոկտոր Կաֆկան մի քանի րոպե հետաքրքրությամբ նայեց վեր՝ չորացած ձեռքին, հայացք գցեց կողքի փոքրիկ տախտակին՝ հրաշքի նկարագրությամբ, ապա դուրս եկավ: Ես հետևեցի նրան:
— Սարսափելի է,— ասացի ես դրսում,— Տիրամոր հրաշքը իսկապես այլ բան չէ, քան փայտացում:
- Բայց ինչպե՞ս է դա պատահել,- հարցրեց Ֆրանց Կաֆկան։
- Հավանաբար ներքին անսպասելի արգելակման հետևանքով,— ասացի ես,— Աստվածամոր ոսկյա զարդարանքն ամեն կերպ գողանալու կրքից՝ ավազակի կրոնական բթացած զգացմունքն արարքի շնորհիվ հանկարծ մեկեն արթնացել է: Այն ավելի ուժեղ է եղել, քան ավազակը ենթադրել է: Այդ պատճառով էլ նրա ձեռքը քարացել է։
- Ճիշտ է,— գլխով արեց Կաֆկան ու թևանցուկ արեց,— բաղձանքն առ աստվածայինն ու դրան մշտապես ուղեկցող երկյուղն առ սրբազան վայրին հասցրած վիրավորանքը, ինչպես նաև մարդուն ներքուստ բնորոշ արդարության զգացումը՝ այս ամենը հզոր և անհաղթահարելի ուժեր են, որոնք ըմբոստանում են մարդու ներսում, երբ նա ներհակ գործեր է անում։ Դրանք բարոյական կարգավորիչներ են: Այդ պատճառով հանցագործը նախ և առաջ այս ուժերն ինքն իր մեջ պետք է ոչնչացնի, որպեսզի առհասարակ՝ որևէ հանցագործություն կարողանա աշխարհում իրականացնել: Ուստի յուրաքանչյուր հանցագործություն սկսվում է հոգևոր ինքնախեղմամբ: Վարձկանին, որն ուզում էր արձանը թալանել, դա չի հաջողվել: Այդ պատճառով է նրա ձեռքը քարացել: Այն հաշմվել է արդարության սեփական զգացումից: Ուստի դահճի միջամտությունը նրա համար այնքան սարսափելի չէ, որքան դուք կարծում եք: Ընդհակառակը՝ սարսափը և ցավը մարդուն փրկության են հասցրել: Հոգևոր ինքնախեղումը հատուցվել է դահճի մարմնական գործողությամբ: Դրա շնորհիվ ազատ արձակված թշվառ վարձկանը, որը կարողացել է ոչ մեկ անգամ փայտե տիկնիկներ գողանալ, ազատվել է խղճի դատաստանից: Նա կարողացել է իբրև մարդ շարունակել գո-յությունը:
Մենք լուռ շարունակեցինք քայլել: Մինչ Ալշտեդտեր Ռինգ կհասնեինք, Կաֆկան անսպասելի կանգ առավ և հարցրեց.
-Ինչի մասին եք մտածում:
- Մտածում եմ այն մասին, թե արդյոք Ս. Հակոբ եկեղեցում ավազակի հետ պատահածը այսօր էլ հնարավոր է,— անկեղծորեն ասացի ես և հարցական նայեցի Կաֆկային:
Նա միայն հոնքերը զարմացած վեր ձգեց: Մի քանի քայլ անելով՝ ասաց.
- Կարծում եմ՝ հազիվ թե: Հավատը առ Աստված և մեղքի հանդեպ երկյուղն այսօր չափազանց թուլացել են: Մենք խրվել ենք ամբարտավանության ճահիճը: Պատերազմը՝ ապացուցում է դա. մարդու բարոյական ուժերի զանգվածային ապամարդկայնացումը և դրանով հանդերձ նաև իր՝ մարդու անմարդկայնացումը թմրադեղի պես ազդում են երկար տարիներ: Կարծում եմ՝ այսօր եկեղեցի թալանող ավազակն այլևս քարացման ջղաձգումների մեջ չի ընկնի: Բայց եթե նման բան պատահի, ապա ոչ թե կկտրեն մարդու ձեռքը, այլ կանդամահատեն նրա ոչ արդիական բարոյական պատկերացումներն ամբողջությամբ: Նրան կնետեն հոգեբուժարան: Այստեղ նրա հնացած բարոյական մղումները, որոնք կներկայացվեն իբրև արգելակման հիստերիկ ջղաձգումներ, պարզապես ապաքայքայման կենթարկեն:
- Եկեղեցի թալանողը,— ծաղրեցի ես,— կերպարանափոխվելու է Էդիպուսի կամ մայրական թաքուն բարդույթի զոհի:
-Անշուշտ,— գլխով արեց Կաֆկան,— չկան ո՛չ մեղք, ո՛չ էլ հավատ առ Աստված: Ամեն ինչ երկրային է և հստակորեն գործնական: Աստված մեր գոյությունից դուրս է: Այդ պատճառով ենք մենք ապրում խղճի ընդհանրական քարացման մեջ: Կանհետանան բոլոր մշտնջենական հակասությունները, եթե բոլորը, բոբոլորը պայքարեն, ինչպես պայքարել է փայտն կերպարը Ս. Հակոբ եկեղեցում: Մենք չենք շարժվում Մենք միայն միայն կանգնած ենք այստեղ։ Անգամ դա այդպես չէ: Մեզնից շատերը սոսկ գարշելի վախից սոսնձվել են էժանագին սկզբունքների խախուտ աթոռներին: Այսպիսին է ողջ գործնական կյանքը: Ես, օրինակ, նստում եմ գրասենյակում, թերթում եմ փաստաթղթերը, թերթում եմ ծայրեծայր և փորձում եմ Ընկերության հանդեպ իմ ողջ հակակրանքը թաքցնել դեմքիս լուրջ արտահայտությամբ: Հետո գալիս եք դուք: Մենք խոսում ենք հնարավոր ամեն ինչի մասին, քայլում ենք աղմկոտ փողոցներով, մտնում ենք Ս. Հակոբ եկեղեցի, նայում ենք կտրված ձեռքին, խոսում ենք ժամանակի բարոյական քարացման մասին, և ես գնում եմ իմ ծնողների խանութ՝ մի բան ուտելու, իսկ հետո մեկ–երկու նախազգուշական քաղաքավարի նամակներ եմ գրում մի քանի պարտապանների: Ոչինչ տեղի չի ունենում: Աշխարհի կարգուկանոնը մնում է անխախտ: Մենք սոսկ փայտե կերպարանքներ ենք եկեղեցում: Միայն առանց խորանի: Նա թեթևորեն սեղմեց ուսս: Ցտեսություն:
Աղբյուրը՝ Գուստավ Յանուխ, Զրույցներ Կաֆկայի հետ․գրառումներ և հիշողություններ
(թարգմ․ գերմ․՝ Արա Առաքելյանի), Երևան, Զանգակ, 2018։