Աստվածաշնչի ամենախորհրդավոր կերպարներից մեկը Սիմեոն ծերունին է: Տեառնընդառաջի (Տրնդեզ) տոնի խորհրդի հետ կապված արդար ու աստվածավախ այս մարդն արժանացավ տեսնելու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, նախքան իր մահը։ 40-օրյա Քրիստոսին ընդառաջ գնալու դրվագում, որը ներկայացվում է Ղուկասի Ավետարանում (Ղուկաս 2:25-35) մենք տեսնում ենք խոր ծերության հասած մի մարդու, որը երկար տարիներ՝ 200 կամ 300 տարի սպասում է Փրկչի գալստին։
Ըստ եկեղեցական ավանդության Սիմեոնը Հին Կտակարանի հունարեն թարգմանիչներից էր (մ.թ.ա. 3-րդ դ.): Նրան էր վստահված Եսայի մարգարեի գրքի թարգմանությունը և երբ նա գրքի 7:14 հատվածըում կարդում է «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի», տողը, այն նրան արժանահավատ չի թվում և հետագա տարընթերցումներից խուսափելու համար նա ցանկանում է փոխել «կույս» (ἡ παρθένος) բառը և դարձնել «երիտասարդ կին»: Սակայն Աստծու ուղարկած հրեշտակը, նրան հայտնում է իսկությունն ու ասում, որ նա չի մահանա, մինչև իր աչքերով չտեսնի մարգարեության իրականացումը։
Պարականոն գրականության մեջ և ավանդություններում կարելի է գտնել Սիմեոն ծերունու կյանքի այլ դրվագներ ևս, որոնք բացակայում են Նոր Կտակարանից: Այսպես, ըստ ավանդություններից մեկի՝ Սիմեոնը վերադառնում էր Եգիպտոսից Երուսաղեմ և մատանին գցում է գետն ու ասում․ «Եթե նորից գտնեմ այն, ապա կհավատամ մարգարեի խոսքին»։ Հաջորդ օրը գյուղերից մեկում նա ձուկ է գնում, և երբ սկսում է ուտել այն, ձկան փորում գտնում է մատանին։ Այսպես հավատալով մարգարեությանը՝ Սիմեոն ծերունին համբերատար սպասում է մինչև Երուսաղեմի տաճարում իր աչքերով չի տեսնում և ընդառաջ չի գնում մանուկ Հիսուսին ասելով՝
Այժմ, ո՛վ Տեր, համաձայն քո խոստման՝ թող որ քո ծառան մեռնի խաղաղությամբ, 30 քանզի աչքերս տեսան Փրկչին, որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին, որպես լույս՝ լուսավորելու հեթանոսներին և լինելու փառքն Իսրայելի՝ քո ժողովրդի։
Ըստ մեկ այլ ավանդության, Սուրբ Հովհաննեսի հոր՝ Զաքարիայի սպանությունից հետո Երուսաղեմի տաճարի քահանա է ընտրվում հենց Սիմեոն ծերունին։
Փրկչին տեսնելուց հետո, կարճ ժամանակ անց Սիմեոն ծերունու հոգին հրեշտակների ուղեկցությամբ բարձրանում է երկինք։
Սիմեոն ծերունին դարձել է համբերության, ամուր հավատքի, Տիրոջ խոսքի նկատմամբ վստահության խորհրդանիշ։ Միաժամանակ Տեառնընդառաջի խորհուրդը հորդորում է հավատացյալներին լինել արդար ու համբերատար, բաց ու պատրաստ լինել դիմավորելու Փրկչին ու աստվածային լույսը մեր կյանքում: