Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ հրատարակվել է «Ռոսլին» արվեստի հանդեսի 2024 թվականի 4-րդ համարը, որտեղ տեղ են գտել արվեստի տարբեր ճյուղերի ու արվեստագետների նվիրված դիմանկարներ, հոդվածներ, հարցազրույցներ ու էսսեներ։
«Հայաստանը ձևավորում է նրա սկզբնական զգայունությունը, խորքային հիշողությունը, լեզուն և երազների պատկերները, հպումների զգայականությունն ու վրձնահարվածների ուժը: Ամերիկան՝ նրա ընկալումը կյանքի, սիրո, կրքերի, ցավերի և ուրախության մասին: Կուբիզմն ու սյուրռեալիզմը ներկայացնում են ժամանակակից արվեստի և արդիականության մեջ մուտքի նրա հախուռն դռները»:
Իտալացի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլո Մացեոյի՝ Արշիլ Գորկու արվեստի ձևավորման ընթացքի այս բնութագրմամբ է բացվում հանդեսի նոր համարը: Մեծ աշխարհի ու հայրենիքի միջև հոգեբանական երկփեղկվածության կամ երկու ակունքներից սնվելու խնդիրը առանցքային է ոչ միայն Արշիլ Գորկուն նվիրված այս ուշագրավ անդրադարձում, այլև հանդեսի մի քանի այլ հոդվածներում: Ի՞նչ է գտնում ու և ի՞նչ կորցնում արվեստագետը հայրենիքից հեռու, ինչ չափով են մեծ աշխարհի հետ առնչությունները անդրադառնում արվեստագետի աշխարհայացքի, գեղագիտական սկզբունքների, հետագա ճանաչման վրա: Ըստ Ֆ. Մացեոյի, Գորկու արվեստը թեև զգայությունների մակարդակում պահպանում է կապը ակունքների հետ, սակայն, այդուհանդերձ, ԱՄՆ-ն ու արվեստի նոր ուղղություններն են, որ ստեղծեցին աշխարհահռչակ ու մեծ նկարչին, բացահայտեցին նրա արվեստի հնարավորությունները:
Արվեստի ժամանակակից ուղղությունների և ավանդականի համադրությանը, Հայաստանում ճարտարապետական նոր ուղղությունների տեղայնացմանն է անդրադառնում Անուշ Տեր-Մինասյանն իր՝ «Միքայել Մազմանյանի ստեղծագործական ուղին» հոդվածում: Նշանավոր ճարտարապետի կյանքն ու ստեղծագործության, հատկապես կոնստուկտիվիստական ոճով ստեղծված նրա գործերի ներկայացմանը զուգընթաց, հեղինակը բարձրացնում է կարևոր մի հարց․ որքանո՞վ և ինչպե՞ս սովետական-ռուսական ճարտարապետության նվաճումներն անդրադարձան 20-րդ դարի հայ ճարտարապետության նոր լեզվի ստեղծման ու զարգացման վրա: 1927 թ. Մ. Մազմանյանը իր դասընկերների Կ. Հալաբյանի և Գ. Քոչարի հետ գալիս է Երևան և հեղինակում մի շարք կարևոր նախագծեր, որոնք այսօր էլ հիացնում են․ «Մանկական աշխարհ» հանրախանութ, Գրքի պալատ, Հայաստանի տարբեր քաղաքների հատակագծեր, Երևանի առանձին թաղամասերում բնակելի համալիրներ և այլն: Սակայն, վրա է հասնում 1937-ը և Մազմանյանը իր ընկեր և համահեղինակ Գ. Քոչարի հետ ձերբակալվում և աքսորվում է Նորիլսկ, որտեղ էլ նրանք շարունակում են ստեղծագործել: Երկարամյա տառապանքներից հետո հայրենիք վերադառանալով 1955 թ.՝ Մ. Մազմանյանը շարունակում է իր արդյունաշատ գործունեությունը.
Իր ստեղծագործության ամենավաղ շրջանում նույնիսկ, հակված լինելով ավանգարդիստական գաղափարներին, նա այնուամենայնիվ ճկուն էր և բազմազան իր նախագծած շենքների հատակագծային և ծավատալատարածական լուծումներում, դասական և միաժամանակ վերաիմաստավորված, նորարարական արտահայտչամիջոցներում և հնարքներում, ինչպես և ազգային իր գեղարվեստական պատկերացումներում, ինչը և ստեղծեց ճարտարապետ Միքայել Մազմանյանի յուրահատուկ հեղինակային ձեռագիրը` դասելով նրան 20-րդ դարի հայկական ճարտարապետության ամենաականավոր ստեղծագործողների թվին, -եզրակացնում է Ա. Տեր-Մինասյանը:
Նոր, ավանգարդիստական ուղղությունների ու ազգային բովանդակության, ավանդական արվեստի հետ հարաբերության դիսկուրսը որոշակիորեն շարունակվում է Լիանա Ախինովա-Հարությունյանի «Արա Հարությունյան. հետազոտող արվեստագետը» հոդվածում: Արվեստաբանը անդրադառնում է Ա. Հարությունյանի քանդակագործության ստեղծաբանական առանձնահատկություններին և և հատկապես բոլորաքանդակին: Նշանավոր քանդակագործը մեծ ժառանգություն է թողել. հուշակոթողներ, հուշարձաններ, քանդակային անսամբլներ՝ իրականացված Հայաստանում և արտերկրում: Այդ աշխատանքներն իրենց ինքնատիպությամբ, յուրահատուկ ձեռագրով այսօր էլ քննարկման առարկա են:
Թեև Ա. Հարությունյանի ամենից հայտնի աշխատանքը՝ «Մայր Հայաստան» հուշարձանն է, սակայն վարպետը բազմաթիվ այլ նշանավոր հուշարձաններ է հեղինակել, որոնք որոշակիորեն պայմանավորում են հատկապես մայրաքաղաք Երևանի դիմագիծը. Կոմիտասի ու Սայաթ Նովայի քանդակներ, Սունդուկյանի թատրոնի, Երևանի գինու գործարանի, Էրեբունի թանգարանի, Սարդարապատի հուշակոթողի ճարտարապետաքանդակագործական համալիրներ և շատ այլ աշխատանքներ: Ամենուր քանդակագործին հաջողվել է ներդաշնակորեն համատեղել մոդեռնիստական ճարտարապետությունն ու ազգային բովանդակությունը։
Մայրաքաղաքի և ընդհանրապես Հայաստանի քանդակային դիմագիծը դժվար է պատկերացնել առանց մեկ այլ նշանավոր ու վաստակաշատ քանդակագործի՝ Արտաշես Հովսեփյանի աշխատանքների։ Նրան նվիրված դիմանկար-հոդվածում արվեստաբան Օհաննա Էլոյանը քննարկում է ավանդույթի ու արդիականության հարաբերությունը քանդակագործի խաչքարերում։ Հոդվածագիրն անդրադառնում է խորհրդանշական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող այն դետալ-քանդակներին, որոնք հանդիպում են Ա․ Հովսեփյանի տարբեր ստեղծագործություններում և խաչքարերում, օրինակ՝ Քրիստոսի պատկերը, Արծիվը, խոյակները, ծաղկային զարդեր, սուր և այլն։ Դրանք ցույց են տալիս Ա․ Հովսեփյանի՝ հայ քանդակագործության ու խաչքարագործության պատմության խորը իմացությունը, բայց առավել չափով ավանդականին նոր կյանք հաղորդելու վարպետի մեծ շնորհը։ Ընդ որում, հին խաչքարերի դետալների օգտագործումը երբեք ինքնապատակ չէ, այլ խորապես հիմնավոր, գաղափարական ու ստեղծաբանական առումով բնօրինակին չհակասող։
Ստեղծագործաբար յուրացնելով հայկական միջնադարյան դասական խաչքարագործության սկզբունքները` նա միաժամանակ ձեռնամուխ է լինում թե՛ հորինվածքային նորարական լուծումների, թե՛ նոր մոտիվներ՝ ներմուծելուն: Այսպես, ի թիվս այլ մոտիվների, պահպանելով դասական խաչքարի հորինվածքաստեղծ հիմնական տարրերը` կեռխաչը, ձգված համամասնություններով խաչը, արվեստագետը միաժամանակ ներմուծում է նոր մոտիվներ` Արարատ լեռան, եզակի դեպքում հորինվածքում խաչապատկերի բացակայության հետ մեկտեղ` միևնույն զարդամոտիվի` վարդյակների բազմակի կրկնությունը, Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտ պատկերները, Զվարթնոցի զամբյուղաձև խոյակի պատկերը, Արտավազդ Երկրորդի դիմաքանդակը, -ամփոփում է հեղինակը։
«Ռոսլին» հանդեսի ձմեռային համարի ներկապնակն, իհարկ,ե հարուստ է նաև գեղանկարչությանը նվիրված հոդվածներով։ Մասնավորապես, Արմեն Առուստամյանի անդրադարձը նվիրված է եգիպտահայ նկարիչ Բյուզանդի մայրության թեմայով ինքնատիպ կտավներին։ Ստեղծագործության վաղ տարիներից, ապա նաև 1972-ին Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո, Բյուզանդը տարբեր կերպ անդրադառանում ընտանիքի ու մայրության մոտիվներին։ Ըստ հոդվածագրի այս մոտիվներին նկարչի անդրադարձներն անչափ զգացմունքային, ապրված, երբեմն խորապես անձնական են ու արտահայտության ձևով համեմատելի սիրո ու կարոտի երգերի հետ։
Հայ ժամանակակից նկարիչներին՝ Արև Պետրոսյանին, Արա Հակոբյանին, Խաչատուր Ազիզյանին են նվիրված Տաթևիկ Համբարձումյանի, Սաթենիկ Մելիքյանի, Մարտին Հուրիխանյանի և Հռիփսիմե Վարդանյանի ակնարկները։ Մասնավորապես Մ․Հուրիխանյանի հարցազրույցում քննարկվում է ոչ միայն Խ․ Ազիզյանի ստեղծագործության, այլ ընդհանրապես ժամանակակից արվեստագետի և իրականության, կրթության ու արվեստի հարաբերությունների ու խնդիրների լայն շրջանակ։
Արվեստագետի ու ժամանակի հարաբերության հարցերը քննարկվում են նաև Աշոտ Գրիգորյանի՝ կոնցեպտուալ արվեստագետ Վահրիճ Բախչանյանին նվիրված ուշագրավ ակնարկում, Վրեժ Առաքելյանի՝ երգիծանկարիչ Ալեքսան Տաշչյանին նվիրված էսսեում։
Հանդեսի երաժշտական բաժնում ընթերցողը կգտնի Աննա Արևշատյանի՝ Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գրքի գրախոսությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված՝ Աստղիկ Դալլաքյանի անդրադարձը։
Ամսագրի նոր համարի ամբողջական էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել ու ընթերցել այստեղ։