«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսից, նաև Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի և այլ գրողների ստեղծագործություններից, պատմագրքերից ու ազգագրական նյութերից մեզ հայտնի Սասուն գավառը, քաղաքն ու բերդը դարձել են աննվաճության, հերոսության, խիզախության, նաև, իհարկե, ծռության խորհրդանիշ։ Արևմտյան Հայաստանի այս նշանավոր, հերոսական պատմություն ունեցող գավառը՝ իր իրական ու գրական հերոսների պես առասպելական շղարշով է պատված։
Սասունի բարձրադիր ու անառիկ գյուղերը՝ իրենց ծռությամբ, ավանդապահությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ հայտնի հայ բնակչությամբ, պատմական գրեթե բոլոր ժամանակներում բավական մեկուսացած են եղել Արևմտյան Հայաստանի մյուս վայրերից, ինչը նպաստել է վտանգների դեպքում Սասունի ինքնապաշտպանությանը, միաժամանական ավանդական կյանքի, կենցաղի ու սովորությունների պահպանությանը։
Հայոց ցեղասպանությունից հետո, իհարկե, գավառը հայաթափվեց, սակայն փոքրաթիվ հայ բնակչություն, այդուհանդերձ, մնաց ու շարունակեց ապրել այդ քարքարոտ լեռնաշխարհում։ Բնօրրանում ապրող սասունցիների կյանքը, այնտեղ մնացած հայկական եկեղեցիները, նաև բնաշխարհը լուսանկարներով ներկայացվել են ՀայԱրտ մշակութային կենտրոնում հոկտեմբերի 10-ին բացված «Սասուն, կյանք և ժառանգություն» ցուցահանդեսում։
Ութ տասնյակի հասնող լուսանկարները հեղինակել են ծնունդով սասունցի Բեհչեթ Չիֆթչին, Բեսսե Քաբաբը, Արման Քաբեն և Քենան Յիիթը։ Լուսանկարները տարվա տարբեր եղանակներին ներկայացնում են Սասունի նշանավոր լեռները՝ Մարաթուկը, Ծովասարը, Անդոկը, էպոսից հայտնի այլ վայրեր։
Առանձին ուշադրության են արժանի Սասունի խոնարհված սրբավայրերը՝ Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին, Պետրոս Առաքյալի կամ Մատնեվանքը, այլ սրբավայրեր, որոնք մինչ օրս ուխտատեղի են ոչ միայն տեղի փոքրաթիվ հայերի, Թուրքիայի այլ վայրերում ապրող սասունցիների, նաև քրդերի համար։
Սակայն Սասունն առաջին հերթին խիզախ, ուժեղ, աշխատասեր ու ծուռ սասունցիներն են, որոնք դարեր շարունակ ապրել ու այսօր էլ ապրում են քարքարոտ այս վայրերում, ժայռերի ու լեռների վրա։ Սասունցիներից թեև քչերն են այսօր հայերեն խոսում, սակայն շատ սովորություններ, հավատալիքներ, այդուհանդերձ պահպանվել են, որոնք էլ մոռացնել չեն տալիս ազգային ինքնությունը։