Շուրիշկան լույսի փաթախտա ա,
Սուրբ ճառագայթ ամեն վախտ ա,
Զորությունը չարին յաղթա,
Շուրիշկանանց ավետարան:
Զորավար հանճար արեգակ,
Լուսապայծառ ամեն տեսակ.
Զորքերդ բարի հրեշտակ,
Շուրիշկանանց ավետարան:
Աշուղական այս բանաստեղծությունը ձոնված է Շուրիշկանի խնդրակատար նշանավոր ավետարանին, որն այսօր պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: 2025 թվականի մարտի 10-ից ապրիլի 10-ը այս զորավոր Ավետարանը` դուրս բերվելով ձեռագրապահոցից, դրվել է ցուցասրահում, հնարավորություն տալով բոլոր այցելուներին հաղորդակցվել հրաշագործ Ավետարանի զորությանը:
Վասպուրականից՝ Պարսկահայք
Շուրիշկանի Ավետարանը 1498 թվականին Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում ընդօրինակել է Բարսեղ անունով քահանան: Ձեռագրի պատվիրատուն Վասպուրականի Թուրվանդա իշխանն է: Ձեռագրի հետագա շուրջ հարյուրամյա կյանքի մասին տվյալներ չկան: Հայտնի է, որ 17-րդ դարասկզբի Շահ Աբասի կազմակերպած մեծ գաղթի ժամանակ Տեր Գրիգոր քահանան Ավետարանը բերել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ, որի անունով էլ մինչ օրս կոչվում է Մատյանը:
Փորձություններ ու հրաշքներ
Ըստ Տեր Գրիգորի վկայության, գաղթի ժամանակ Ավետարանը նա պահել է այծի մորթուց պատրաստված անջրանցիկ տիկի մեջ: Ավետարանը ուժ ու զորություն է տվել իրեն ապավինած գաղթական հայերին, օգնել հաղթահարել ճանապարհի դժվարությունները և անվնաս անցնել Արաքս գետը: Սակայն Ավետարանի փորձություններն ու հրաշքները այսքանով չեն ավարտվել. բերելով Պարսակաստան, հայերն Ավետարանը թաքցրել են Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում, որտեղ Ավետարանը մնացել է 7 տարի: Իսկ երբ գնացել են Ավետարանը հողից հանելու, ականատես են եղել նոր հրաշքի. Ավետարանի թաքստոցի վայրում աղբյուր էր գոյացել և ձեռագիրը եղել է ջրի մեջ, որն էլ Ավետարանի զորությամբ բուժիչ է դարձել: Այս զորավոր աղբյուրին Պապ անունն են տալիս և տեղում նաև մատուռ կառուցում:
Ավետարանի հռչակը այլադավանների մեջ
Հրաշագործ Ավետարանի հռչակը տարածվում է ամբողջ Պարսկաստանում: Նույնիսկ այլադավանները ակնածանքով ու վախով են մոտենում Ավետարանին և ապավինում նրա զորությանը: Կան պատմություններ, թե ինչպես համաճարակների ժամանակ Ավետարանը դուրս է բերվել ու տարվել Նոր Ջուղա և այլ վայրեր, կամ ինչպես կատարել իրանցիների խնդրանքները, բժշկել մարդկանց և այլն: Օտարազգիների՝ Շուրիշկանի Ավետարանի նկատմամբ ակնածանքի արտահայտությունն են Ավետարանին կցված ֆերմանները՝ հրովարտակները, որոնցով արգելվում է վնասել Ավետարանը:
Ավետարանը Մատենադարանում
1971 թ. Ներսես և Մաթեոս Ծառուկյանները՝ ներգաղթելով Հայաստան, Շուրիշկանի Ավետարանը հանձնում են Մաշտոցի անվան Մատենադարանին: 2002 թվականից Քրիստոսի հրաշափառ Հարությանը հաջորդող յուրաքանչյուր կիրակի՝ Կրկնազատիկին, Ավետարանը դուրս է բերվում Մատենադարանից և տարվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ երկրպագության համար: