1929 թ․ հոկտեմբերի 24-ին է ծնվել հայ կինոյի և թատոնի մեծ դերասան Սոս Սարգսյանը։ Սիրված դերասանն իր մարմնավորած նշանակալի դերերից զատ նաև հասարակական ու մշակութային ակտիվ գործունեություն է ծավալել։ Իր տարբեր հոդվածներում, հարցազրույցներում ու ելույթներում Ս․Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին, դժվար պահերին հուսադրել ժողովրդին, փորձել գտնել բարդագույն հարցերի լուծումները։ Երբեմն նույնիսկ խիստ ու սուր խոսքով բարձրաձայնել ցավոտ ու արատավոր երևույթներիի մասին՝ մշտապես կրելով մտավորականի առաջնորդող դերի գիտակցությունն ու պատասխանատվությունը։ Ներկայացնում ենք Սոս Սարգսյանի 1989 թ․ գրված «Խառը ժամանակների, խառը մտքեր» հոդվածից հատված, որտեղ բարձրացված շատ խնդիրներ արդիական են նաև այսօր։
Խառը ժամանակների, խառը մտքեր
Քարերը շպրտե՛նք...
Քարերը հավաքենք... Խորենացուց մինչև Չարենց ենք երազել՝ միաբանություն... Դարերի մեջ ծամելով մաշեցինք այս խոսքը ու այսօր էլ դատարկ հնչյուն, համազգային հավաքականությունը մնում է երազանք...
Նույնիսկ փորձությունների, ողբերգությունների մեջ կոփված հայոց ազգի ուժը չի կարող անվերջանալի լինել, եթե մսխվի անմտորեն: Կասկած կա, որ տեղատարափ հարվածներից թմրած լինի մեր մարմինը, ցավ չզգա, վտանգը չնկատի... Արնաքամ եղած, մեկ էլ տեսար սպառվեցինք, տկարացանք ու մեկ էլ տեսար մեր երթը չի շարունակվում, պրծնում ենք: Այդպես պոռթած ջվալից աննկատ հոսում է ցորենը:
Գոնե մենք մեզ խնայողաբար վերաբերվենք. հարյուր միլիոն չենք, ոչ էլ հիսուն: Հնուց ի վեր սատանան մեր սարերում է քեֆն անում... Թվում է, Աստված մեզ փորձությունների համար է ստեղծել... Աստված էլ թող ամեն մեկիս երեք մարդու խելք տա։ Այդպիսով եռապատկվենք...
Քանի՛ մարդ ես առաջնորդում, անվնաս տեղ հասցրու, թե չէ գիտենք, մեր մորթու վրա է փորձած՝ «լես ռուբյատ, շչեպի շետյատ»։ Մեր համբերությունից մեր վատին էլ բաժին հանենք: Մնացինք մատների վրա հաշված ժողովուրդ։ Կարևորն ընձյուղվելն է․․․
Նա, ով դեռ չի մարել, թող հետ տա փետրվարից այս կողմ մեր կյանքի ժապավենը, սկզբից նայելով գա, դրվագ առ դրվագ վերլուծի, սուր տեղերում ասի՝ «ստոպ», ու «դանդաղեցրած կադրով» ստուգաբանի ճիշտն ու սխալը, ջոկի կարևորն անկարևորից, հաղթանակը՝ պարտությունից, օգուտն՝ անօգուտից... Հետազոտելը շնորհք է, անաչառ լինելը՝ համարյա սխրանք, իսկ եթե կարողանանք նաև իրականությունն իրական տեսնել, կդառնանք անգին...
Լինել չլինելու խնդիրն է ծառացած... Եղբայր իմ, Հո՞ երթաս... «Տեսա կրակը թեժ են արել՝ մի ծեղ էլ ես գցեցի»։ Թեժ կրակ սիրողներ էլ ունենք, բայց քամի էլ կա, մեկ էլ տեսար մեր արած կրակի բոցը դեպի մեզ արավ․․․
Ծանրածանր է ժամանակը, ցից մեխված գլխավոր մի հարց կա քո, իմ, նրա խղճի առաջ՝ ո՞րն է նպատակը։ Ինչքան էլ շուռումուռ տանք, որ կողմից էլ նայենք, նրա պատասխանը փնտրենք ու չմոռանանք անսալ խորքերից մեզ հասնող Եղիշեի ձայնին՝ «Մարմնոյ եւ հոգւոյ՝ մտօք կառավար...».
Ճիշտն ու ճշմարիտը ես եմ... Էս է, որ կա, համառում եմ։ Մեր «ճիշտը» առաջ ենք տարել մեծամասնության ջերմեռանդ հավանության կոչերի տակ։ Բազմությանը հաճոյանալ անհամեմատ հեշտ է, քան մի անհատի, բազմությունը հեշտ դառնում է ամբոխ, ամբոխը սիրում է հաճոյախոսություն ու հորթի պես հրճվում, եթե իր անունից ես խոսում: Յոթանասուն տարիները դաժան դասեր ունեն. բազմությունից էին ճչում` մահ «ժողովրդի թշնամիններին», այսինչին կամ այնինչին՝ մահ... Միտինգներում, ժողովներում... մեզ ավերողը կուռքերի կոչերն էին, առաջնորդների անշեղ գծերը: Մի գիծ, անվիճելի, անառարկելի... Ու, չհակաճառես, դեմ չգնաս՝ «արժանացել է մեծամասնության հավանությանը»։ Կուռքը, քուրմը, գերագույնը բարբառել է...
Չծուլանանք, պատմության մեջ գտնենք մեզ նմանին, նրա գնահատականն ու մեր արժեքն ըստ այդմ իմանանք: Մեր գլխով անցածը, հին ու նորը բանականության դատին տանք, մեզ էլ հետը: Հանրապետության ճակատագրի համար երբեք այնքան կարևոր չի եղել ամեն մեկիս դիրքորոշումը, իհարկե, սեփական մտքով, իհարկե՝ առանց գեղեցիկ կեցվածքի: Հանրապետության համարում ունենք: Ունենք: Մի բան ունենք։ Մերն է։ Դարձնենք հայեցի պետություն: Եղածը շատ թանկ գնահատենք... Իրա՞վ է, որ իմ գործելակերպը, արտասանած խոսքը օգուտ են հայրենիքին: Հայրենիք բառը սովորենք սիրելով ասել, չամաչենք...