Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկում ի թիվս տարբեր աղոթքների, մեկնողական գլուխների, մեկ ծավալուն գլուխ է նվիրված Սրբալույս Մյուռոնին: Իհարկե, «Մատյան ողբերգության» աղոթամատյանի այլ հատվածներում էլ կարող ենք գտնել Մյուռոնին նվիրված տողեր, սակայն հենց այս գլխում է ամբողջանում Սուրբ Գրիգոր Նարեկացու ոգեշունչ խոսքը սրբազան յուղի մասին: Ըստ այդմ՝ յուղով օծմամբ հավատացյալները հուսավառվում են, բժշկվում ախտերից, նոր կենդանություն ստանում, նախանշվում է նրանց փրկության ճանապարհն ու ընդգծվում կապը Օծյալի՝ Փրկչի հետ: Մեծ աստվածաբանն ու բանաստեղծը ներկայացնում է օծման յուղի աստվածաշնչային պատմությունը, օծման ու օծյալների նշանակությունը, մատնանշում օծման յուղի կարևորագույն խորհուրդները: Հենց այստեղ է Սուրբ Գրիգոր Նարեկացին առաջին անգամ օգտագործում Մյուռոնի «Սրբալույս» բնութագրումը, որն այսօր շատ է կիրառվում: Նարեկի այս կարևոր գլուխը խորհրդային շրջանում ոչ բոլոր փոխադրություներում է առկա: Մասնավորապես Վազգեն Գևորգյանի սիրված ու տարածված փոխադրության մեջ այն բացակայում է, ըստ այդմ էլ լայն հանրությանն այն ծանոթ չէ:Ներկայացնում ենք «Մատյան ողբերգության» երկի Սրբալույս Մյուռոնին նվիրված այդ գլուխը՝ Մկրտիչ Խերանյանի փոխադրությամբ:
Բան ՂԳ
Մեկնողական աղոթք
սրբալույս յուղ մեռոնի մասին
Ա
Սուրբ և ահավոր անուն անպատում, բարձրյալ,
Միշտ ախորժելի, անձկալի փափագ,
Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանված,
Որ բնակվում ես սուրբ վայրում,
Լի ամենազեղ բարությամբ,
Առատաձեռն աննվազելի,
Լույս բարի և ծագումն գովելի,
Երկրպագված փառավորություն,
Ահեղ և անզննելի, ամեն և ամեն ինչի մեջ:
Դաշն հույսի այս խոսքով
Քեզ միանալու ուխտ եմ անում,
Հզոր, այո՛, ամե՛ն, ալելուիա,
Հանուրի գովյալ թագավոր,
Բոլորի Աստված, գոյերի ստեղծիչ և կամարար Տեր,
Միակ առիթդ պատճառվածների,
Փրկիչ և օծյալ մշտապաշտելի:
Բ
Ուստի մեկնությամբ պարզաբանելով մեզ համար
Անվախճան այս գանձը ու անփոխադրելի հարստությունը,
Հիսուս Քրիստոս, երկնային արքա, որին մեծ դողով սպասարկում են
Ահեղ անմահների լուսաբերան բոցաշնչությունները,
Խոնարհվելով կամահոժար, անխոտոր մտքով,
Գոհությամբ ծունր եմ դնում, ստեղծո՛ղ էությունների,
Որ կան տեսանելի և ծածուկ:
Որ ես և էիր միակ բովանդակը՝ անպակասելի ամենևին,
Մեր [պատկերն] առար, իսկապես համայն,
Որպեսզի քո լրությունից լրացնես,
Օրհնյալ և բարեբանյալ, հավետ ճանաչված,
Միշտ անքննելի ողորմությամբ մեր փրկության համար,
Ի փառս և գովեստ անճառ բարձրությանը
Ահավոր բարերարիդ:
Սկզբնաձիրդ մեր օծման շնորհի
Մեծախորհուրդ հրաշազարդության,
Քանզի քո լույսը ճանաչեցինք,
Անհաս ճառագայթ, անսահման ծագում,
Անաչառասփյուռ արեգակ
Երկակշիռ տարրերի սահմանազատ աստղ,
Ոտքի ճրագ և ընթացքի լույս,
Որով այս խոսքիս հարմարության տեսությամբ
Տոնում ենք հրեշտակական պարերգությամբ,
Հստակ մտքով, փրկչավայելուչ կնդրուկով
խնկելով Ամենիմաստիդ առատ պարգևաբաշխումը,
Անբիծ դավանման զվարթ յուղով:
Քանզի հենց սկզբից կողոպտվեց իբրև շնորհված
Բարձրագույն շնորհից, Ողորմելի տխրությամբ,
Սկզբնաստեղծ հայրն իմ,
Գերի մեղքերի՝ մահվան մատնվեց,
Անզերծ հանգույցով կապվեց մերժելի ապականության,
Ծառի պատճառով՝ անկումն անդարձ ամենակործան գլորման,
Լույսից մերժվելով՝ մատնվեց այս խավար վայրին:
Իսկ դու, գթած տեր ողորմության,
Ավելի քան նա ճանաչեցիր նրան, որ ստեղծեցիր,
Չեղածի անկնկալությամբ չմնաց այնտեղ,
Ուր էր նախապես,
Դառնալով անկարող տեսնելու լույսը
Անսահմանելիիդ վերին անմատչելի գերակայության,
Ոչ թե մշտափայլ հարատև վառմամբ
Տարածեցիր [լույսն] անաղոտ,
Այլ գիշերի մթության մեջ, որ սայթաքում են ոտքերը,
Ձեռք բերիր ձեթն ու պատրույգի նյութին հյուսելով՝
Օրինակ տվիր անախտ միությամբ մեզ միանալուդ,
Մարդասիրաբար հյուսելով կազմեցիր.
Որպեսզի կանխակորուստ ծառի պատճառով
Մահու ստվերով տարագրվածներս,
Նրա ազգակից պտղի պատճառով
Ջահավորվելով հավատի վառմամբ
Վերստին դառնանք նույն խնկարկության,
Ինչպես որ մահվան փայտին կապվեցիր,
Մեզ նույնպես նրա մոտ տարար կապեցիր,
Մեծ խորհրդի օրինակով միավորվելով կենաց փայտի հետ:
Գ
Արդ, ինչպես օրը թերի է առանց գիշերի,
Նույնպես է տնտեսությունն առանց հարկ եղած
ձեթի, Քանզի ինչպես սովորական, ոչ նվիրական
Յուղն է լուսավորում մարմնական աչքի տեսողությունը,
Նույնպես անիմանալի կերպով
Քոյինաշունչ շնորհի ընտրությամբ մաքրվածը
Աներևույթ հոգիները միավորում է մեզ
անտեսիդ Հրաշափառապես պայծառացնելով:
Եվ ինչպես իջնելով սուրբ ավազանի լուսարանը,
Մարմինը լվանալով՝ հավատում ենք, թե սրբություն ենք ստանում,
Այդպես յուղի օծումով հուսավառվում ենք,
Սրանով կարծում ենք անտարակուսելիորեն
Հոգու զորություն ստացած:
Եվ ինչպես օրհնաբանելի տերունական հրամանդ
Նախավճռում էր մեղքերի քավումն ախտացյալների,
Իսկ դրան չհավատացողների հանդեպ
Հրաշալի բժշկություն անելով՝
Մարմնական աչքով տեսանելի,
Հաստատում էիր վստահելի վկա,
Այսպես և այս յուղը՝ կատարյալ փրկության
լույսով, Լցվելով մեզ վրա՝ օծում է մեր խորանն արտաքին,
Իսկ ներքին մարդու մեջ մտնելով ոչ ակնհայտ, այլ ծածկապես՝
Նոր կենդանություն է հաղորդում:
Դ
Նյութի զանգվածն այս երկնի Արարչիդ
Պատկերն է պանծալի.
Քանի որ ովքեր յուղի օգուտն ստացան,
Ստացան և ողորմություն,
Եվ ի գովեստ քեզ դու սահմանեցիր սա՝
«Ողորմած եմ ես, Տեր»,
Որովհետև ինչպես սիրո հետ նույնացնում ես Աստված անունդ
Նույնպես և մասամբ կոչվում ես սրանով,
Մեզ պարգևվածով
Պարարտ ճարպն այս վեհագույն մեծության խորհուրդն է կերպավորում
Թանձր երկրային հողանյութ գոյացությամբ:
Որովհետև կենդանու այս մասը ուտել չէր թույլատրվում այնտեղ,
Ըստ հին Օրենքի,
Այլ արարչությանդ [արժանի] պտուղ էր համարվում,
Նույնպես և այստեղ,
Որպես Տիրոջը մատչելի զորություն,
Վայելչապես նվիրվում է Աստված Էիդ,
Հաճության ավանդն այս՝
Հոգուս հարազատ զուգաշավիղ,
Ուխտով պահված Արարողիդ:
Քանզի իմ հոգու օրինակն ու կարողությունը՝
Անշունչ արյունը և զվարթության ճենճերը [Զոհի] մսի հատվածների հետ չեն ոչնչանա,
Այլ վերին արքայությանդ են ձոնվում ճաշակման,
Այդպես՝ այս նյութը ջահավորական
Մշտաբորբոք ու անաղարտելի:
Ե
Անդրանիկն արու չէր կարող լինել
Դատաքննությանը նախագահող՝ Առանց օծումով դրոշմված լինելու,
Եվ չէր կարող անկոխելի տեղը մտնել քահանայության,
Եթե սրանով կատարյալ չլիներ: Օծումով կնքելով քարը,
Որ խորհրդանիշն էր ընտրության խորանի
Հակոբը երազում տեսավ հարմար սանդուղքը,
Որով իջնելը անճառ Բարձրյալիդ
Եվ իմ ելնելը խորհրդանշվեց.
Նա վեմ կանգնեցրեց և օծեց յուղով Ի ցույց, հիշատակ գալոց օրերի:
Ահարոնի քահանայության պայծառությունը
Մեծդ Աստուծո հրամանով օծմամբ էր ճոխանում,
Որով գլխից դեպ մորուքն իջնող գերափառ յուղը,
Ըստ սաղմոսողի զարմանազան նկարագրության,
Նախահոր փառքի վերադարձն էր
Եվ կյանք բաժանող քո սուրբ շնորհի
Գիրկընդխառնումը մեր բնության հետ:
Թագավորությունը պանծալի չէր քո ստեղծած պատկերով,
Թե յուղի եղջյուրով չձեռնադրվեր
Պճնության թագ ու պսակով, Հանուն քո, Քրիստոս,
Վեր չբարձրանար
Եվ ինչպես մոռացա վեհերից առաջինին,
Մեծությանդ ծառային և անպարագրելիիդ պատկերին,
Մելքիսեդեկը չէ՞ր՝ ահավոր ճշմարտությանդ
օրինակ, Ձիթենյաց լեռան վրա, Ուր հետո կանգնեցին
Մարմնացած Աստծուդ ոտքերը,
Այն վերին հրեշտակների ձեռքով
Այստեղի պտուղներից օծվեց,
Ուստիև նախահոր շիրմի պաշտպան նստեց՝
Քեզնից եպիսկոպոսական արքայապատիվ ճոխություն ստանալով,
Մինչև հայտնվեցիր իբրև կատարյալ իսկություն՝
Ունակ Ադամին կենագործելու:
Զ
Արդ, որովհետև քոնն է շնորհը
Եվ քեզ է վայել գոհաբանություն,
Ո՜վ օրհնաբանված Որդի Աստուծո,
Դու հարմարեցրու իմ բարենշմար աղաչանքները՝
Յուղավոր, խնկապատար ու զմռսալիր
Քեզ պատճառ փառքի,
Ինձ՝ մեղապարտիս, բուժվելու առիթ:
Տեր Հիսուս, աներևույթ վերքիս մոտեցրու
Ձեթն այս լուսանյութ Եվ մահացու խոցի այս խարանին դիր
Յուղիդ օրհնյալ կաթիլներ,
Քո սիրո անապակ փրկարար գինով,
Արարչական միությամբդ
Խնամքի պատանքով պատսպարելով,
Որ մաղթական խոսքի մեկնողական շարադրանքս
Մի վայելուչ հարմարությամբ քո Հոգու թևերով
Իր կարգը գտնի:
Բարձրյալ, քո հոգին Դավթի վրա իջավ այն օրը,
Երբ որ օծումով նվիրագործվեց.
Սավուղն այլ մարդ դարձավ
Եվ մարգարեների շարքը դասվեց,
Երբ իր գագաթին օծում ստացավ.
Ասորեստանցոց արքայությունը
Օծմամբ գրավված՝ կցորդվեց տանն Իսրայելի.
Կայսրեր մի քանի՝ Նշանավոր, վեհ ու երևելի,
Խուժիկ, բարբարոս ազգուցեղերից,
Կենսացնցուղ ցողով անձրևած այս յուղը
Որսաց, ինչպես կարթով, ընտանի դարձրեց Մեծիդ
Աստուծո հպատակության:
Երկնային պատվասիրության՝
Կյուրոսին ուղղված խոսքից
Օծյալ հորջորջումը մեծ համարվեց
Եվ Սաղմոսողը մարգարեությունից նախընտրեց
Օծյալ կոչումը՝ տարբերակեց ու սահմանազատեց,
«Մի՛ դիպչեք նրանց և մի՛ մեղանչեք»:
Քորեբում Եղիային Աստծուց առաքելություն շնորհվեց՝
Օծելու Հեուին ու Ազայելին,
Որ նշանակում էր հրաժարեցնել
Բահաղի պաշտամունքից:
«Փեսայիդ անունը թափված յուղ է» հոգելից խոսքով
Վերավկայել է իմաստունը,
Նախապես գրվեց
Հոգին, որ Աստուծո ճիշտ պատկերն ու նմանակն է,
Քեզնով փոքրի մեջ մեծդ է պատկերված,
Շնորհդ ստանալով միանանք քեզ հետ:
Է
Այլևս ինչու հույժ երկար ու մանվածապատ,
Հեռու, գծագրական և այլաբան շարադրեմ
Վերինիդ ու ահավորիդ առջև Աղոթական բանաստեղծություն:
Տերդ և կենդանարարդ, Արարիչդ երկնի և երկրի,
Օծումից հետո սկսեցիր քարոզել արքայության Ավետարանը,
Այն օրերից վկայվելով Հովհաննեսի միջոցով
Իբրև Օծյալ և Գառն Աստուծո
Եվ վերացնող աշխարհի մեղքերի:
Թեպետ քո օծմանը Հոգին էր բովանդակ էությամբ,
Խառնված աստվածությանը ամբողջապես,
Այդ [օծյալ] անունը պաշտվում է իբրև խորհրդանիշ
Սրբերի մեջ հրաշափառորեն ազդող շնորհի,
Որպեսզի ադամական մարմինը ստրկացած
Պատրաստ դարձնես այս հորջորջումով
Միանգամայն բարձրանալու:
Բանալով Եսայիի մարգարեությունը
Դու ինքդ՝ մարդացած աստվածությունդ կարդացիր՝
Հավաստելու քո ծառաների խոսքը, Տեր,
Եվ երբ օծությամբ ճանաչեցիր խոսքը, թե
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որով հենց ինձ օծեց»,
Հետո փակեցիր Որոշեցիր երկու հավասարափառ օծյալների որքանությունը,
Խտրոցով նշեցիր սահմանի ընդարձակ հեռավորությունը
Եվ կնքեցիր,
Մերը միայն մի կաթիլով շնորհազարդելով,
Իսկ քոնը բացատրեցիր Հոր և Հոգու հետ
Կատարյալ հավասարությամբ:
Մեր կերպարանքով երբ հայտնվեցիր՝
Օծյալ կոչումով, գովեստով իբրև,
Փառաբանիչ հրեշտակները
Երկրային արարածներին ծանուցեցին,
Որ մարգարեն նախապես գուշակեց
Հորդանանում և ընտրյալ լեռ Թաբորում Հոր ձայնի գալուստը, թե՝
«Մարդկանց շրջանում պատմում է իր օծյալի մասին»:
Որ և սաղմոսի ձայնն է պատմում կանխավ.
Հզորիդ այս փառքն ու պատիվը՝
Տրված ձեռնադրությամբ ստացածդ մարմնի.
«Օծեց քեզ, Աստված, քո Աստվածը Յուղով ուրախության»:
Ը
Մարգարեի «Մեր հոգու շունչը» խոսքը, Տեր Քրիստոս,
Որ իսկական օծյալ կոչումդ է,
Որով կենդանության շունչ ներարկեցիր
Լույս բարերարությամբդ՝ ի դեմս մեր.
Մի երջանիկ իմաստուն խոստովանելի մարդասիրությամբ
Մեկին ասել է, թե Տիրոջ օծյալի առջև վկայեց.
Նորից ավետեց «Անգամ կոշիկ չվերցրի բոլոր
մարմնեղեններից»:
Երգ երգոցը Սուրբ Եկեղեցի հարսին գովելու համար
Աստուծո ցույց տված խորհուրդը լուսաբանում է
Համեմատելով յուղեփողական գինու հետ՝
Զմուռսն առաքինության, առաջին յուղով հանդերձ,
Եվ զմուռս ու կնդրուկ մաքուր վարքի՝
Ամեն տեսակ անուշաբույր փոշիներով ու Յուղով շաղախած,
Առաջ բերեց այնժամ ու այժմ ևս:
Քրիստոս, երկնքի թագավոր,
Դանիելը կենսատու մահդ հստակ գուշակեց,
Քեզ անվանադրեց գերազանց բառով,
Եվ հորջորջեց քեզ օծյալ առաջնորդ.
«Օծյալը կսպանվի վաթսունինը յոթներյակ հետո»:
Բարեքի որդի Ադովյան Զաքարիայի ճրագակիր աշտանակին
Յուղի բարեբաշխությամբ վառվող յոթնմասնյա գնդերից
Քո լրության մասին՝ հանուն մեր փրկության և օծության
Նախապատմեցիր գերբնականորեն:
Ըստ հին օրենքի նախանշման՝ Տաճարի մեջ, խորանի առջև
Ամենընտելությամբ սովորույթ էր մատուցելու
Բաղարջաբլիթներ, յուղով խառնած շարմաղալյուր,
Յուղով օծած մատաղ եզներ,
Որ կոչվում են տիրոջական,
Եվ որոշ հավքեր՝ թաթախած Ճարպին ազգակից արյան մեջ:
[Այդ ամենը] սրա խորհրդի հայտնի նշան են,
Որ հարմար են քեզ,
Մեծ Աստուծո Միածին ծնունդդ օրհնաբանյալ,
Միայն դու ես օծված նոր ու զարմանալի՝
Ինքնությամբ, ամբողջ էությամբ,
Իսկապես լրմամբ Եվ ամեն ինչով անպակասելի:
Թ
Եվ ի՞նչ կարիք կա բազմապատկելու
Անհասանելի այս մեծ խորհրդի զուգակշիռներ
Եվ չճաշակել քեզ, ո՜վ քաղցրություն,
Քեզնով իմանալ, թե ինչ է յուղն այս,
Որ մեղքի փայտից եկած տխրությունը
Նրանով ես բուժում, զվարթացնում, ըստ սաղմոսողի,
Կամ պարարումը, որով մոռանում ենք մահացու կերը,
Կամ օծությունը, որով մոխիրի թշվառ տեսքը
Սրա միջով պիտի փոխարկենք
Հավերժ խնդության պայծառությանը:
Եվ փրկվելով քո անվամբ, զորության
Հոգով Պիտի որդեգրվենք Հորը:
Եվ մարգարեի հոգևոր ըղձականությունը,
Եվ բաղձանքը ամենատենչ
Իր ծերությունը պարուրվի ձեթով,
Կամ գլխի կատարը օծանել յուղով:
Հին խարդախությունը սաստիկ սուգի,
Մահի ու կործանման, Կյանքի այս դեղով չկենագործվի՝
Պատսպարելով պիտ օժանդակես.
Եվ ո՞րն է ճրագի լուսավորելուն շնորհակալիքը,
Եթե ոչ մեղքի անհասության մեգի և կռապաշտության խավարի մեջ
Կերպակցելով միավորեցիր ինձ հետ իբրև Էմմանուել:
Եվ կամ ինչո՞ւ մարգարեն, որ աստվածաբանում է
Սփոփիչ ու զվարթարար օրհներգությամբ,
Հստակ ու վայելուչ ավետում է ոմանց,
Թե՝ «Կօծվեն յուղով՝ մրուրից մաքրած»:
Կամ իմաստունը հարսի անունից ասում է օրիորդներին.
«Ինձ յուղով զորացրեք ու ծածկեցեք
Գեղեցկազարդ խնձորով»,
Եվ՝ «Ձիթենյաց պարտեզ տանելով գրկեցեք»,
Թե ահավասիկ այս ընտիր նյութով, քո Հոգով լցված չլիներ,
Այս լույսով կտեսնեինք, գովյալ, անիմանալի քո բարձրությունը,
Եվ այժմ քեզ, միակ խնամակալ,
Բոլոր ստեղծվածների բարի պատճառդ,
Ձեռք եմ կարկառում ես բազկատարած,
Գործակցությամբ երիկամներիս, սրտիս հեծությամբ,
Լեզվիս ու շրթունքներիս ձայնարկումով.
Լսի՛ր ողորմությամբ, Տեր,
Քեզ ուղղված խնդրանքս պաղատական,
Պարգևներով այս շնորհված
Իմ գոհությունն եմ քեզ վերառաքում,
Հզոր, ահավոր, բարձրյալ, անքնին,
Եվ միշտ համբուրված անտակ փափագով,
Սուրբ, սուրբ և միակդ միշտ սուրբ,
Մշտապես օրհնյալ՝ հավերժ, անդադար երգեցողությամբ:
Իսպառ վրիպածիս ընձեռիր առավել բարերարություն,
Քաղցրության հույս տուր, որ քո լույսից մի մասին
Անարժան եմ եղել,
Քեզնով ընդլայնվել, բարի,
Ծածուկ խորհրդի նրբությունը,
Աղերսանքիս գոհություն խառնել, Դավթի հետ ասել՝
Աստված, Ստացանք ողորմությունդ
Եվ գաղտնիքների ծածուկ մասերը
Քո իմաստությամբ հայտնի դարձրիր:
Ժ
Արդ, մեծություն քեզ, [ով] ամենակալ,
Աննվազելի առատաձեռն,
Գթության գործում [միշտ] ամենափույթ,
Մշտահոժար բժշկությանը,
Որ միացրիր, մերձավորին խառնեցիր,
Դյուրագյուտ, ընտանի նյութիս անճառ հրաշքը
Քո սքանչելիքի ահավորության:
Որովհետև ամեն բարձրության երկինքը
Երկրի լայնությամբ և ներքին անդունդների խորությամբ
Ծովերի բազմությամբ չի կարող տանել,
Այլ իբրև չնչինը բարի մեծից
Փոքր գոյիս մեջ տեսակավորեցիր զորությամբ
Սահմանելով ճշմարտորեն անհրապուրելի,
Որ ինչ-որ նոր երևալով այլ էությունից
Հարևանցի կասկած հարուցի
Վիրավորելու, քան բժշկելու,
Առանց խտրության մտքի, կարծիքի:
Օրհներգված Որդի Աստուծո,
Ինչպես մարմինդ ցորենի հացից ես հանդերձում՝
Ուղիղ իմաստով և ոչ այլաբան,
Եվ խաղողի արյունը՝ կայլակ քո կողից,
Իսկ ջրերի առատությունը՝
Հոգևոր ծննդի ու կյանքի արգանդ,
Նույնպես և անմահիդ փչմամբ մեզ տրված հոգին
Սրանով, սրա մեջ արդյունատրեցիր կյանքի երկունք,
Որից առաջացած կերպարանքը չի ձևափոխվի
Անգամ հեթանոսությամբ,
Ինչպես չի երկրորդվի տյառնագրությունը Խաչափայտի:
Տեր, խավար երկրում նստածներիս
Քոյանման լույս ծագեցրիր:
Որովհետև շնորհի այս կերպավորումով
Աշխարհին ցույց տվիր
Անհասիդ անպակասելի լրիվությունը
Եվ լուսավորեցիր, որպեսզի տնանկը կարոտ չմնա
Եվ ոչ հարուստը մեծամտանա,
Ինչպես որ օդն է հավասար բաշխվում,
Կամ արեգակի լույսն է տարածվում,
Եվ կամ հոսում են վտակներ ջրի,
Որ երկրածիններին տալիս են հավասարաբար
Մանանայի զուգամասնությամբ՝
Փոքրերին ավելի, քան մեծամեծին:
ԺԱ
Իսկ այս նյութի խորին խորհրդի տեսանելությունը
Բնականորեն և հրաշապես է բացատրվում,
Որ ոչ թե երկմիտ հապշտապությամբ
Անհաստատապես իր տեղն է փոխում
Եվ ոչ նենգելով լքում է իր պահարանը,
Քանի որ ոչ օճառով է իսպառ հերքվում,
Եվ ոչ ինչ-որ ընդդիմակցից ողողվելով դուրս է ելնում:
Որովհետև ինչպես պատահած գույնը
Անհրաժեշտ բան է մարմնի էության համար,
Որ լինելով գոյացնում է, չլինելով ապականում,
Այդպիսի մի հարմարությամբ այս յուղի զորությունը,
Որը իր հատկության բերումով
Զբաղեցրած տեղից անբաժան է,
Դու կցորդեցիր մեզ հետ միասնաբար,
Տեր Հիսուս Քրիստոս,
Եղած իրի հետ միավորեցիր և օրինակը՝
Որովհետև աչքի տեսության և մտքին, ըղձին անիմանալին
Առաջ բերելով կերպավորեցիր,
Երկրի պտուղներից ճզմելով ու քամելով,
Զարմանալի հրաշագործությամբ
Պատրաստեցիր մեզ մատակարարելու:
Մանավանդ որ ոչ թե բազում և զանազան ծաղկանց
Խառնումով ու խմբակցությունով
Եվ բազմաբույր այլայլումով՝
Օծման այս յուղը հրահանգեցիր՝
Ըստ հին ու ստվերական օրենքի,
Այլ դա օրինակ համարելով
Եվ ինքդ խառնվեցիր
Վերնալույս ձեթի այս մաքրությանը:
Ու թեպետ անճառելի են քո անուշ համեղությունները,
Եվ համեմատելի չեն այլ օրինակների հետ,
Այլ դաշտի ծաղիկը, հովտի շուշանը,
Ընտիր նարդոսը, եղեգնախունկը՝
Հալվեով խառնած,
Քրքումի հաճելի բույրով,
Փթթած ողկույզի և ազնիվ գինու,
Ոչ սոսկ յուղի միությամբ,
Պատշաճորեն պատկերացար,
Փառավորյալ և անքնին անուն,
Որ ամեն ինչ լիացնում ես
Եվ որևէ բանի բնավ չես կարոտում:
Ուստի ոչ թե հակառակ առարկաների
Բռնորեն խառնում,
Որ օրինակն է բաժան կամքերի,
Այլ հոժար սիրով մեր կողմից պարարվում ես
Դու աստվածապես.
Մեզ համար ըստ մեզ պատկերանում ես
Կատարյալ վայելչությամբ,
Եվ բարի լույս, ջերմացնող հուր Եվ սիրո տապ,
Առանց անգութ ցրտի շնչման,
Տեսնում են մաքուր մտքերը և ճանաչում
Ձեթի նյութեղեն կաթիլների մեջ,
Որով հնարավոր է իրոք Աստծուն միանալ:
Օծված և Աստծուն որդեգրված Սողոմոնի հետ
Հարսի բերանով երգում եմ երկնային փեսայիդ
Բարեբան գոհություն,
Մտքի ըղձանքով համբուրելով քո յուղերի հոտը,
Ավելի քան բոլոր խունկերը,
Եվ որպես հավիտենական կյանքի խոսք ունեցողի
Իմաստուն և աստվածաբան Ավետարանչի
Հոգելից խոսքի համաձայն,
Յուղերիդ բույրով քո հետքով պիտի ընթանանք
Երեսներս լվանալով կյանքի ջրերով,
Որ վեր է քան այս օդի երկինքը,
Եվ գլուխս օծելով երկնային անապական յուղով՝
Ուրախությամբ քեզ ընդառաջ կգամ,
Զվարթորեն և ոչ տխրությամբ:
ԺԲ
Խնկելի յուղն այս, Պաշտելի ու երանելի,
Սոսկ ուղեղի պահանոցը
Կամ գագաթի վարսերը օծելով օգուտ չի տա,
Եթե տերունի կենսատու խաչովդ չտյառնագրվի
Զարմանահրաշ օրհնալույս յուղն այս
Հրեային ու խուժին, հնդիկին ու բարբարոսին,
Սկյութացուն ու հելլենին,
Դժնի դուժին ու արհավրատեսիլ
Սոսկավիթխար շնագլխին,
Ազատ տիրոջն ու ծառայածին ստրուկին Քրիստոսյան դարձնելով՝
Քո անվամբ է կնքում, ընծայում Սուրբ Հոգուդ
Եվ երկնային Հորդ հարազատ Որդի հաստատում:
Բազմատեսակ են սրա հրաշալիքները
Նախ՝ հարմարված նյութին, ապա՝ զորությանը:
Որովհետև ինչպես փայտեղեն անոթը Քանի չի օծվել,
Հեշտությամբ ջարդվում է ու դառնում անպետք,
Արժեզրկվում է, Նույնպես և մարդը՝ չօծված սրանով,
Հեշտությամբ խորտակվում է
Եվ քեզնից հեռու լինելով՝ չի լուսավորվում:
Հիսուս, սա քո մատն է, որով
Զարմանագործում ես հրաշալիքներ,
Որովհետև նրա անգծելի կազմությամբ
Ու կարծր պահպանությամբ պաշտպանելով
Ամենապատրաստ շրջաբերությամբ
Ծածկում է այլևայլ եկամուտ բաներից,
Այնպես որ սրա մաքրությամբ օծվածը
Արյամբ չի ներկվի
Եվ չի այլայլվի տխուր գույներով:
Եվ մանավանդ իր թափանցել-խառնվելու հատկությամբ
Հոգեպես մտնում է մեր թանձր մարմինը,
Ու եթե սաղմոսողի անեծքը ձեթի պես
Չարի բոլոր ոսկորներին է հասնում,
Որչափ առավել Հոգիդ Լույսի սույն ճարպով կյանք տալով ողջացնում է
Ներքին վերքերը անտեսանելի,
Եվ այն խորքերից ազդումն է տալիս Հագագի շունչին,
Ներգործելով ծայրանդամների վերջը,
Մոռացնել տալիս մարմնի մահվան արկածները,
Որովհետև, միշտ ահավոր, Տեր Հիսուս Քրիստոս,
Քո կենսարար զորությունը խառնված է սրան,
Եվ բնակվում է նրա հետ:
ԺԳ
Այս օծումը բարետեսիլ
Բռնամարտիկ, մերկամրցման ըմբիշները ևս ունեն:
Իբրև ճգնական հնարանքների զորավոր խթան,
Անբռնելի՝ հակառակորդի համար
Պաշտվում է օրենքով, Հզոր և ահարկու է դևերի և հիվանդության դեմ:
Զի Եզեկիելի բազմապաճույճ պճնած խոսքով,
Որ հեգնում էր իմանալի փարավոնին այլաբանորեն,
Ողբական երանգներով. «Երբ ստեղծվեցիր, ասում է,
Օծյալ քերովբեի դեմ կռվելու պատրաստվեցիր,
Ուր հրեղեն քարեր էին հաստատված»:
Օրհնաբանված ահավորություն,
Որ ձեռքդ հասնում է ամեն տեղ,
Խոսքով անճառելի և քննությունից վեր,
Մշտապես խնկվում ես ավետարանով,
Իբրև օծյալ նորածին՝ Դավթի քաղաքի մեջ,
Եվ քահանայապետի հարցին՝ թե
«Դո՞ւ ես Օծյալը՝ Օրհնյալի Որդին»
Պետրոսի երանելի դավանությունն էր՝
«Միակ Օծյալը՝ կենդանի Աստուծո Որդին»
Իսկ թերահավատ քննողները հարցնում են՝
«Դո՞ւ ես Օծյալը, ասա համարձակ»
Նաև քո կանոններից հավատում ենք
Օծյալ ուսուցչիդ և բոլորի Տիրոջդ:
Սրանից առաջ Հերովդեսը Օծյալ անունով
Քեզ էր փնտրում հայտնապես
«Ինչպե՞ս ես գրում,- ասացիր ինքդ,-
Աստուծո Օծյալը և Տերը Դավթի, Որդին անսկիզբ,
Որդի՝ ժամանակով»:
Այսպես ըմբռնեցինք վայելչաբար
Այս բացատրությունը, որ մեզ տալիս է
Խորհրդավոր կոչման լրումը,
Որ նախապատիվ է [դարձնում] քրիստոնյաների վիճակը:
ԺԴ
Այնքան ահավոր, միաժամանակ այնքան սուրբ է
Յուղի սոսկալի, խնկավոր «օծություն» անունը,
Այնպես որ, ոչ ոք երկրայիններիցս չի համարձակվի
Աստված կոչվել, այլ՝ լոկ աստվածային,
Նույնպես չի կարող մարմնավոր մեկը
Իրեն Քրիստոս համարել, այլ՝ լոկ քրիստոնյա,
Դա անհնար էր և առաջին մեծ մկրտչին՝
Ջրերով Հոգուն հրավիրողին,
Որովհետև, ասում է, ես օծյալը չեմ,
Այլ ուղարկված եմ նրա առջևից:
Ինչպես Մարկոս Ավետարանչի խոսքն է՝
Սրանով էին շրջում առաքելական լծակիցները,
Իբրև Աստծու ձեռք, օգտվելով սրանից,
Քո անվամբ բուժում էին, առանց մարդկային դեղամիջոցի:
Քանի որ ինչպես խավարը լույսից,
Հիվանդությունը առողջությունից,
Գիշերն օրվանից ու մահը կյանքից,
Այդպես և այս տիրապարգև նյութից
Մերժվում են չարի բոլոր հանգամանքները,
Խափանվում են և իսպառ վերանում:
Քանզի ինչպես որ զազիր ճանճերը,
Սարդեր, զեռունները ականջամուտ,
Իբրև թույնից՝ սպառվում, պակասում են այս նյութից,
Այդպես այս յուղը երբ զորանում է
Օրհնության շնորհիվ՝ և՛ դևերին է հալածում,
Ե՛վ չարքի մուրհակներն է ոչնչացնում,
Եվ մահավճիռն է պատռում:
Ավազանը կատարյալ է լոկ օծման օգնությամբ:
Թե՛ ավազակներից մահացու խոցված
Առաջին մարդուն տրվեց փրկության այս դեղը,
Թե՛ Հակոբոսի և Իսրայելի անբույժ վերքերին [Իբրև դեղ] այս պատվական իրը հիշվեց:
Այս յուղն էր փափագում Դավիթը հարակա հույսով
Իբրև պտղավետ ձիթենի Աստուծո տան մեջ,
Այնժամ մերժելով թլփատությունը՝
Գուշակեց շնորհը մկրտության:
Եվ ինչո՞ւ եմ ես ճառում սրանից,
Կարծելով՝ կարող եմ սպառել նյութը,
Մինչդեռ վերիններն իսկ ի զորու չեն
Մասնակիորեն բացահայտել այս խորհուրդը, Եվ կամ՝ էապես:
ԺԵ
Փառք քեզ միշտ և ամեն ինչում, անմահ թագավոր,
Այժմ իմ երգած օրհնաբանությամբ,
Որ արեցիր, կատարեցիր ինձ համար,
Բարեխնամ, գթած և ներողամիտ,
Հարուստ և առատ, ամենահաղթող,
Հայրերից սկսած՝ օրինակ տվիր,
Լրման հասցրիր իսկությունը ճշմարտապես:
Դու՝ բնությամբ՝ լույս ես և արեգակ մշտապայծառ,
Եվ աշակերտներիդ դասը լույս անվանեցիր,
Որով երկրի բոլոր արարածներին
Նրանց երջանիկ շնորհի շողերով լցրիր:
Մեկից անուշ յուղ ստացար ոտքերիդ՝
Նշան, որ ընդունելի են քեզ ուղղված խնդրանքները,
Եվ մի այլ պոռնկից՝ գլխիդ,
Նշանակ մեր հանդեպ գթառատ սիրույդ:
Անսահմանելիդ մշտափափագ բաղձանքով հոտոտեց յուղն այս,
Հաստատուն ուխտով սահմանածդ մշտակա օրենք օրհնաբանելի՝
Կյանքի պատգամներ քոյահրաման
Քարոզելու աշխարհով մեկ Արժանավորությունը համեստ յուղի՝
Ի զարմանս հրաշքը լսողների,
Ի հուսադրություն գալիք սերնդի:
Դուք սրբից ունեք օծությունը՝
Ասաց երջանիկն առաքյալներից,
Մեկնաբանելով օծման խորհուրդը,
Որ տալիս ես մեզ կենդանարարիդ
Անպակաս էության առավելությունից:
Ուստի գերազանցորեն քեզ նմանատիպ և հարմարավոր
Լույսիդ և Սուրբ Հոգուդ,
Օրհնության կաթեցումն այս, որ սրսկվում է մեզ վրա անսպառ,
Նաև Լույս է կոչվում,
Իբրև ստեղծվածներից առաջինը
Եվ արարչությանդ պատկերակից,
Որով հալածում ես մեղքի խավարը:
Իսկ Հուր է կոչվում, որովհետև
Ամեն տեսակ տարրերի հետ
Հավասարապես զուգավորվում է՝
Բաշխված հայտնապես, թե ծածուկ,
Լուռ, թե հռչակված,
Ու թե չբախվի հակառակորդի՝
Չի բաղձա բորբոքվել ինքնասաստ կամքով:
Նաև՝ օծումն, որ արքայաբար Որդեգրելով, քեզ հետ միասին՝
Մատուցես Հորդ ի ժառանգություն,
Ողորմությանդ [այս] ազգակիցը
Մեր մեջ նկատվի անեղծանելի,
Որպեսզի փայլենք գալիք փառքի մեջ:
Կոչվում է Հոգի, Որպեսզի խաբեության հետքը մաքրելով,
Ուր բանսարկուի ներգործությամբ էր,
Նոր փոփոխվելով Երկնային Հորդ երկրպագենք
Հոգով և ճշմարտությամբ
Հույսի հավատքով քեզ հետ բևեռված,
Ամենապարգև:
ԺԶ
Ահա արդարև ճշմարտագունեղ
Այս լուսապատար, խնկալից յուղը
Վերնայնիդ սիրո արտացոլումն է,
Որի համար և Պողոսը պատշաճ դատեց
Գոհաբանական ճառի մեջ ասել հայտնապես.
Ով մեզ օծեց ձեզ հետ միասին ի Քրիստոս
Հիսուս՝ Աստված է, որ և կնքեց մեզ և մեր սրտերին
Հոգու առհավատչյան տվեց Ու նաև ասաց.
Մի՛ տրտմեցնեք Աստծու Սուրբ Հոգին,
Որով կնքվելու եք փրկության օրը:
Պատկառելի և անվանելի է Այս օծություն հորջորջումը
Ինչպես հին օրենքում, Առավել և նորում:
Տիրական տնօրինություններիդ ու չարչարանքիդ
Անցած խորհուրդն է ակնհայտ դարձնում
Դավթյան սաղմոսի այն ասույթը, թե՝
Տիրոջ և իր Օծյալի դեմ
Հավաքվեցին, կուտակվեցին
Իշխանները ժողովուրդների:
Մեծ մարգարեությունն էր ակնարկում
Մոլեգնաչար հրեաների խմբի՝
Անջնջելի արյանդ մեղքի տակ մտնելը,
Երբ հանդգնեցին տերությանդ դեմ.
Ո՞վ է, որ ձեռք պիտի մեկնի Տիրոջ օծյալին
Եվ քավություն գտնի:
Որովհետև թեպետ Սավուղը
Իր ազգակցի ձեռքով սպանվեց,
Օտար ազգերի ամոթն ու նախատինքը
Իսպառ չմերժեց [նրանց],
Մինչև որ Աստուծո արյանդ հաղորդվեցին:
Ապագայի մեծ հիշողության գրավական են
Աղոթանվեր աղերսանքներն այն,
Որ ասում էր իր սաղմոսով.
Հանուն քո սիրելի Դավթի
Երես մի՛ դարձրու քո Օծյալից:
Ու դարձյալ.
Նայիր և տես քո Օծյալի երեսը,
Եվ՝ Ողորմություն արա Օծյալիդ:
ԺԷ
Քրիստոս, երկրպագելի պարգևն է ձեռքիդ
Լուսակիր հյութն այս,
Եվ արքայական իր ճոխության մեջ
Չի տեսնում ուրիշ բարձրություն մի մեծ,
Քան քո անունից ասված քո խոսքը.
Գտա իմ ծառա Դավթին
Եվ իմ սուրբ յուղով օծեցի նրան:
Ըստ սովորության հիշելով և համբուրելով
Քո լուսեղեն օծությունը,
Տեր Հիսուս Քրիստոս, Քեզ ճանաչում ենք՝
Անփոփոխելի մշտնջենություն,
Դու ես ամենը, ամեն ինչի մեջ,
Միակ թագավոր թագավորությանց,
Եվ յուղվածների ճշմարիտ օծյալ,
Երեկ և այսօր
Փառաբանվածդ երկրպագությամբ:
Ինչպես պատրույգը ճարպի մեջ թրջված
Նշողում չունի՝ մինչև չվառվի,
Այդպես և լույսի այս օծությունը՝ թափված մեզ
վրա, Ապագայում է լուսավառվելու:
Սա [օծման] մեկին բացատրությունն է՝
Նախնիներից մինչև օրս,
Բարենշան օրինակով մի հարմարած,
Հրաշապայծառ գույնով ներկած:
ԺԸ
Արդ, պատճառը ապրեցուցիչ վեհագույն մասանց,
Աստվածային արարչությանդ հարազատների,
Առանց որի հնարավոր չէ քրիստոնյա լինել,
Եվ կամ անվանվել Նազովրեցի,
Կամ հիշատակվել Հուդայի որդի,
Խրախույս կարդալ հանուն Հակոբի Աստուծո,
Այս ձեթի հյութը, որի մեջ
Միավորվում է սուրբ Երրորդությունդ,
Շնորհքի ճառագայթ, շուքը մեր դեմքի,
Նկարագիրը մեր երեսների, բարեձևությունը պատահմունքի,
Աչքերի լույսը, բիբերի տյառնագրությունը,
Այտերի վայելչությունը, կերպարանքի զարդը,
Շրթունքների պահպանարանը, Հանդերձիչը կրոնների,
Վարքի հարմարիչ, հավաքման շաղկապ,
Անձանց զորություն, ընդդիմացող ուժ,
Հուռութ խափանող, հմայանք քակտող,
Ձեռնածուների հալածիչ, կախարդների խայտառակիչ,
Աղանդները բացահայտող, դևերին հաղթող,
Ցավեր փարատող, կնքվածներին սրբագործող,
Նորադարձների տենչանք, անիմանալի՝ իմաստուններին
Ապշությունը հեթանոսների, անհավատների
նախանձը շարժող, Գաղտնիքները բացահայտող,
Հարգանք՝ նվաստներին, փառք՝ ստրուկներին,
Պճնումն կանանց, աճումն մանկանց,
Ծերերի հրճվանք, նվիրվածների ձեռնադրություն,
Զգուշացում մաքուրներին, պսակ թագավորներին,
Ճոխությունն արքաների և կայսրերի մտադրություն,
Քանի որ կնքված ամանը ցույց է տալիս
Պարունակության մեծագնությունը,
Նաև մեզ տրված շնորհի բարձրությունը՝
Սրանով ծածկված քո անվամբ,
Աստված Տեր Հիսուս Քրիստոս,
Վայելուչ ինչ-որ համեմատությամբ Դառնում է ճանաչ:
Իսկ նրա անունը նույն հորջորջումով,
Ըստ հոգելից իմաստունների,
Դեռ եգիպտացիներից սկսած
Բացահայտում է իրի պատկերը՝
Ահեղ խորհրդի կերպարանքը:
ԺԹ
Չէ՞ որ մյուռոնը այս օրհնաբանված,
Որ մարգարեն նախապես աղերսելով
Աչքի լույս էր խնդրում,
Քերթողական խոսքով բացատրած՝
Հոմերոնը թարգմանվում է «իմ մայր»,
Այսինքն, որ մեր բնությունը ուժգնորեն ձգող,
Եվ կայունացնող չքնաղ փոփոխմամբ
Հոսուն ջրերը լուսավոր ավազանի,
Եվ կաթ մածուցող մակարդի նման
Իր մեջ է հաստատել վայրենությունս
Եվ հեղեղը աղբյուրների մշտահոս:
Իսկ մառնամուտը նույնպես մյուռոն է նշանակում,
Մի այլ բառով արտահայտված,
Այսինքն՝ մթին, որ խավարչուտ է
Եվ ծածկված է, անտեսանելի:
Օտարացեղ չէ այս դիմառնական կոչումը բառիս,
Քանի որ իրոք անուն է դրվում իրին համաձայն
Եվ անքննելի է խորությունը այս,
Քան թե ամեն մի սրբություն սրբոց:
Քանի որ ոչ թե ջրի նման է աղտը լվանում,
Կամ սիրտն ամրացնում հացի բնությամբ,
Այլ նորոգ ինչ-որ մի հարմարությամբ
Տնօրինապես տյառնագրվում է զգայարաններին,
Սակայն վերնական անհասությամբ
Ունի անուն անքննելի:
Եվ ինչպես ասվում է՝
Աստված անմատույց
Լույսերի մեջ է, իսկ անսահման փառավորությամբ
Անբավ խավարում ծածկված է անտես:
Արտաքուստ փակված՝ հասու չենք նրան:
Նույն կերպ է և այս ծորումը լույսի
Որոշ ճարտար լեզուներից
Պատշաճ ասությամբ անվանագրված՝
Մռայլ է կոչվում, Քանի որ անհնար է
Երկրածին բնությամբ իսկությունն զգալ:
Իսկ իր մեջ հարստաբար ու տիրականապես
Երկու Աստուծո անուն է կրում:
Եվ բարձրյալի անվանը նմանվելով
Կրկնակի է մեծանում այս յուղը՝
Նվիրագործված ամենաբուրյան ազնիվ կնդրուկով,
Զի Աստվածը մեր սպառիչ կրակ է ըստ Մովսեսի,
Ու նաև լույս է, ըստ Հովհաննեսի,
Ուստի Եսային ճշմարտորեն է սրան ակնարկում՝
Լույսն Իսրայելի հուր պիտի դառնա:
Ի
Դարձյալ նոր ձևով ներկայացնեմ՝
Իրը հայտնելու նոր մի պատկերով,
Չմոռանալով իմ նողկությունը,
Որը քաղցրացավ գթությամբ մեծիդ՝
Նորից ու նորից գովեստով օրհնել:
Մեռա՝ դառնություն է նշանակում,
Տաժանելի կիրք և չարչարանքներ:
Մյուռոն՝ մեր լեզվով թե ստուգաբանենք,
Պիտի թարգմանենք մահ-մեռելություն:
Որովհետև այս հոգևոր օծմամբ
Մենք կտրվում ենք սնոտիասեր,
Մահակերպարան, տաղտուկ ու զազիր,
Հեշտություններից հակառակվողի,
Որ օդախոնավ մեղկություններով,
Ինչ-որ ջրացիր մի խոնավությամբ
Աղավաղում են հունչը քնարի իմ լսողության,
Թմբուկ-թաղանթի ներդաշնությունը
Ուժգին հնչումով մի անվայելուչ
Ներքև է ձգում, մատնում կորստյան
Հեռանկարը մարդուս գոյության:
Դարձյալ, վերստին հուսով ենք կապվում
Քո խաչի անճառ խորհրդին, Քրիստոս,
Դու, որ միշտ ողջ ես՝ մահով մկրտված,
Աստված, և հաղորդ քո խրախույսով՝
Սրանով ենք մենք հաղորդվում կյանքիդ,
Եվ՝ բոլորովին անբաժանելի:
ԻԱ
Հիսուս, չորս կողմից դրոշմած այս յուղը
Բարձրյալիդ խաչի պես հաստատում է
Կեցուցչիդ զուգափառ և նմանատիպ արյան
շնորհը,
Եվ մեծարում է՝
Նույն անմերժելի փառքով պսակված:
Ծառն այդ կոչվում է օրհնյալ յուղի փայտ,
Ըստ մարգարեի կանխասացության,
Դա սովորական անտառի տունկից կազմվածը
Հզոր մի ուժով փրկում է չարի նենգ արկածներից
Եվ օտարոտի մտածումներից,
Վերադարձնում է քեզ՝ ստեղծողիդ,
Հասցնում նրան կյանքի նույն նյութին:
Եվ մեր մտքի պատուհանը մշտաբաց ու դյուրաթափանց
Տյառնագրում ենք հանուն ահավոր մեծիդ զորության,
Որ զգայարանքս խոհականորեն զգաստանան քեզնով,
Իբրև ըղձական օթևան Հոգուդ,
Եվ խավարահողմ խարդախող չարի
Խաբեության դեմ անհաղորդ մնան:
Զսպված այս լույսով՝ կենտրոնանում ենք,
Երեկոյան պաշտամունքի
Գոհաբանական նվագերգության,
Աստղերի հետ, որ նշանն են
Մեր մեջ վառվող քո շնորհի:
Սրանով են և փրկության բարի հուշարկումները
Տնկվում մեր սրտում ու պտղաբերում,
Քո մեծ գալստյան վերջին գիշերի Ընթրիքի համար
Այս լույս ճրագն ենք, ահա՝ կիրառում:
ԻԲ
Իսկ այժմ տառաթվերի գումարով դիտենք.
Թե քսանը չորսով մենք բազմապատկենք,
Եվ գտնենք տառը քսաներկուերորդ՝
Կբացատրենք խորին իմաստը [սրբալույս] յուղի,
Որ թարգմանվում է ճաշակ հեշտալի,
Եվ պատրաստում ենք այն ընկալելու մենք ամբողջապես:
Երբ ութսուն նշող գրի փոխարեն դնենք չորս հարյուրը,
Ստուգաբանենք՝
Ձեթի անվան հետ նյութ է ստացվում,
Որ կերպարանքն է թթու խմորի:
Սա զանգվածն իրեն ենթարկել գիտե,
Որ ոչ թե քիչն է շատի ընդերքում,
Այն ամեն ինչը իր կողմն է ձգում՝ աճեցնելով,
Ինչպես ասում է Ավետարանը:
ԻԳ
Այս համեստ յուղը միշտ օրինակն ու նմանությունն է
Համբարձման և խոնարհության:
Երբեմն իբրև կակուղ պատառ է տրվում, ընկալվում,
Համակշիռ ու հարմար խոսքի պես,
Երբեմն, սակայն, գերափառ է նա,
Բոլոր լուծական, հոսանուտ, ծորող նյութերի վրա
Շրջում է իբրև
Այն հրաշափառ խորհրդի պատկեր:
Երբ որ լցվում է կաշվե պարկի մեջ՝
Ոչ թե գինու կամ ջրի պես թրջում,
Այլ պահպանում է հին պատշաճ ձևը:
Այսպես ստանալով առավելական
Այս բարիքը քո,
Որդիդ կենդանի Աստուծո,
Սրբանվեր այս օծելությունը
Մեր ճակատին ենք գրում քո արյամբ,
Ու քո Հոգով տպավորում ենք մեր սրտում,
Եվ հավատում ենք խորապես,
Որ նա մի օր թե հայտնվի
Բազմաճաճանչ շառայլներով՝
Տարածվելու բազմատեսիլ,
Զարմանահրաշ ընդլայնումով,
Լույս կընծայե գալիք օր ու սերունդներին:
Երջանիկ ու վերնանշույլ ճարպն հոգևոր
Թող իմ դեմքին քո նշանով լուսավառվի:
ԻԴ
Եվ կարծես անհաս, անըմբռնելի
Մեծ զորությունն այս
Մտքի սլացքի թեթև թևերով,
Որ շա՜տ, շատ վեր է մեր ըմբռնումից,
Անկանգ շարժումով, անհետ փախստյամբ
Ու լայն տարածքով տարաբաժանված,
Թաքնվեց ինձնից և չօրինակվեց.
Կամ զուգորդաբար չնմանակվեց,
Կամ սահմանումով չձևակերպվեց,
Եվ չկշռվեց զուգակցի չափով,
Այլ աստվածային խաչի նշանիդ հավասարությամբ
Եվ, կեցուցիչ, քո արյան հետ միայն
Հոգևորապես գերազանց եղավ:
Եվ հիմա օրհնիր մեզ, Տեր, սրանով:
Նաև ահավոր, լուսեղ, երկնային և զարմանալի
Քո անունը, Տեր, թող փառաբանվի,
Մաքրակրոնների բուրվառով խնկված,
Սուրբ, սուրբ անքնին, անպատում, բարձրյալ,
Ողորմած, երգված, ճշմարիտ,
Բարերար և սուրբ,
Սրանով փրկագործիր, և քավություն տուր
Բժշկություն պարգևիր, շնորհով օժտիր,
Առատաձեռնիր, ով երանություն:
Օծվելով երկնանձրև լույսի այս ձեթով՝
Անարատ լինեմ, Յուղված բանավոր այս հենքի մեջ թող
Մեղքի բիծն անգամ չտխրեցնե,
Որ հոգուս կերպը մնա անարատ:
Եվ թող բոլորը, որ կմոտենան օծվելու սրանով՝
Հարսնապաճույճ վեհությունով գեղազարդ,
Սուրբ վայելչությամբ ու երջանկորեն Հոգով զարդարվեն:
Թող այս լուսափառ և աստվածատուր
Կրակը իրեն մոտեցնողներին լինի կրկնեռաց մուխ
Եվ բարեփափագ ջերմության ու հորինվածքի երկաթ,
Որով ամբողջովին, ամենապատրաստ պնդությամբ
Քո կարծր անսասան վեմի վրա հարակա
Միշտ արձանանում,
Աներկբայորեն ի քեզ հաստատված:
Ով սրանով զինվի՝
Նշանակ լինի երկնամրցանակ այս մեծ պարգևին.
Ո՛չ ջրով թրջվի, ոչ այրվի հրով, ոչ ցրտահարվի,
Ո՛չ վնասաբեր հողմն իրեն մարե,
Ո՛չ աղտեղանա ինչ-որ ուրվական պղծություներից,
Եվ պահվածները չարին չմատնե,
Ո՛չ աշխարհից հեռանալիս անմտաբար
Դուրս նետել կյանքի գանձերն ամբարված,
Եվ քո թևերի օգնությունից զուրկ չմնալ [հանկարծ],
Մեր մեջ էացած [սուրբ] օծությունից,
Անմաքրությամբ չմերկանալ:
Այլ քո հաճությամբ կիզվենք նրանով,
Պարարվենք իրմով և լուսավորվենք,
Նրանով ազատված և արդարացված,
Պսակված ու թագավորած:
Եվ քեզ, միակիդ, միակ Օծյալիդ
Բոլորի երգը օրհնաբանական,
Եվ լեզուների փառատրությունը,
Հնչմունք ձայների, հանդիսավոր գովք,
Եվ շրթունքների բարեբանություն,
Սրբաբանությո՛ւնը սաղմոսների Հոր և Սուրբ Հոգու հետ
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Բնագրի աղբյուրը՝ www.zoraweb.com