Սիրանույշ անուն փոքրիկ վեպս՝ ի լույս ընծայելով նպատակ ընտրած եմ դարձյալ ուսումնասիրել և դատապարտել ընկերական անիրավությանց մեկ քանիներն որք զկին կը ճնշեն ամուսնական պայմանաց ներքև։Ամուսնությամբ ընտանիքը կը կազմվի, ընտանյոք՝ ընկերությունը։ Որչափ ամուսնություններն երջանիկ ըլլան՝ նույնչափ զավակները բարեկիրթ կը հանդիսանան, և նույն համեմատությամբ ընկերությունն ընտիր անդամոք կը ճոխանա։ Ամուսնությունն ընկերության հիմն է ուրեմն, և ամոլից մեջ միաբանությունն ընկերային բարեկարգությունը կը ձևացնե, ինչպես և բարոյականությունը սիրո հիմն կը հաստատե։ Ուր որ սեր չկա՝ պարտականության գաղափարը կա պարզապես, և միայն այդ գաղափարը ամուսնական հարկին ներքև կը ներկայե մարմին մի առանց հոգվո՝ այսինքն կենաց կմախքը։
Ամուսնության ու կանանց իրավունքների մասին այս խոսքերով է բացվում հայ առաջին կին վիպասանի՝ Սրբուհի Տյուսաբի Սիրանույշ վեպը: Արևմտահայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ Սրբուհի Տյուսաբը(1840-1901 թթ.) հայտնի է իր ֆեմինաստական ուղղվածությամբ վեպերով, բարեգործական-հասարակական ու մանկավարժական գործունեությամբ: Ժամանակի ամենաուսյալ ու առաջադեմ հայացքներ ունեցող հայ կանացից մեկը հեղինակել է Մայտա (1883), Սիրանույշ (1884), Արաքսիա կամ Վարժուհին (1887) վեպերը, հրապարակախոսական հոդվածներ, որտեղ արծարծվում են կանանց իրավունքների խնդիրներ: «Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկիզբը», «Հայ ընկերությունք». հայ հասարակական կյանքում ու ընտանիքում կնոջ դիրքի մասին այս հոդվածներում, նաև վեպերում Սիրանույշը իր ժամանակների ու հայ իրականության համար մեծ խիզախությամբ ոչ միայն բարձրաձայնում է արատավոր բարքերի, հասարակության մեջ կնոջ անհավասար դիրքի ու սոցիալական անարդարության մասին, խոսում կանանց կրթության ու աշխատանքի անհրաժեշտության շուրջ, այլև քննադատում ազատության ու հավասարության մասին եվրոպական գաղափարները, որոնք հեռու են իրականությունից: Սակայն, Սրբուհի Տյուսաբի ստեղծագործության գաղափարական աշխարհը չի սահմանափակվում միայն կանանց իրավունքների հարցերով, հայ առաջին վիպագիրը նաև խոսում ընդհանրապես հասարակական կյանքի զարգացման, կրթության ու բարոյական արժեքների կարևորության, հայ ժողովրդի ինքնաճանաչման ու այլ ժողովուրդների հետ հարաբերության մասին, տալիս 19-րդ դարավերջի պոլսահայ կյանքի պատկերը.
«Թեև Սիրանույշի մեջ Պոլսեբնակ հայոց ընկերային պատկերին դույզն մի մասն նկարագրել աշխատած եմ, հանդերձ այսու եվրոպական աշխարհին մեջ ևս փոքրիկ քայլեր առած եմ՝ հոնկե քաղելու մտոք նկարագիրներ, որք՝ թեև մեր ազգային բարուց հետ բոլորովին հարաբերություն չունին, սակայն կերպիվ իվիք տարբեր երևույթներ և զգացումներ, արվեստական թեթև ճաշակներ, պատմական տեսություններ. նկարելով՝ ընդհանուր պատկերն առավել հետաքրքրական կը հանդիսացնե գուցե։
Մարդկությունը մի է, ազգերը նույն մարդկության զավակներն են՝ զորս կլիմաները, հեռավորությունը, ընկերային շահերը, մարդկային կիրքերը իրարու թշնամի դարձուցած են, բայց վերջապես իրենց ծագումը նույնն է քանի որ մարդկության մեծ մարմինն է։ Նույնն է և յուրյանց նպատակը՝ այսինքն հառաջադիմությունը։
Ուստի մարդկության մեծ ընտանիքեն անխտիր փոխ կառնում ինչ որ կը նպաստե լավը, գեղեցիկը և կամ տգեղը ներկայացնելու։ Մեկ կողմ թողուլ պարագա մի, դեպք մի, տաղանդ մի, պատմական իր մի՝ վասն զի ազգային չէ, զայդ բնավ չեմ ըմբռներ։ Ինչո՞ւ ուրեմն օտար ազգաց պատմությունը, մատենագրությունը և գեղարվեստներն ուսումնասիրենք եթե հարկ է որ մեն մի ազգ կղզիանա մարդկության ովկեանին մեջ։ Կուսնինք քննելու, բաղդատելու, դատելու և գործելու համար», -գրում է Տյուսաբը «Սիրանույշ» վեպի առաջաբանում:
Ներկայացնում ենք հատված այս վեպից:
Սրբուհի Տյուսաբ
ՍԻՐԱՆՈՒՅՇ
ԳԼՈԻԽ Գ
Տգիտության խավարը դարերե ի վեր տարածված էր թրքահայոց վրա։ Այս մթին կացության մեջ ժողովուրդք մտավոր աշխարհի հրաժեշտ տալով նյութական կյանքով կը սնանին, ու իրենց բոլոր ճիգը կը թափեն հարստություն համբարելու համար, և հոն կը գտնան իրենց փառքը, քանի որ փառաց զաղափարն կազնվանա առավել կամ նվազ՝ մարդկային մտաց կամ զգացման հառաջադիմության համեմատ։
Հայերը ազնվաբարո, լուրջ և գործունյա ժողովուրդ մի, նաև ամեն ժամանակ իրենց արքունական տիրոջ հավատարիմ հպատակ ըլլալով, նյութական շքեղ ապագա մի դյուրավ հաստատեցին, և ոսկվո անդիմադրելի ուժով բավական բարձր դիրք մ՚ստացան Պոլսո մեջ։ Գրեթե հազիվ կես դար հառաջ հայերը թեև քաղաքական պաշտոններե զրկված՝ սակայն տաճիկ գլխավոր պաշտոնակալներուն սեղանավորներն ըլլալով, բախտակից կլլային սույն բարձրաստիճան անձանց հաջողության կամ անկման, որով անուղղակի կերպիվ քաղաքականության աշխարհին մեջ մուտք մ՚ ունեցած կըլլային, ու սեղանավորաց ազնվականությունը կը գոյացնեին՝ Ամիրայի տիտղոսով մկրտվելով։
Այս Ամիրաները բռնավորաց դաս մի կը կազմեին որոնց կամքերն օրենք Էին, և որոշումները՝ վճիռ, ներքին ընտանեկան կենաց ինչպես և ազգային գործոց մեջ։ Անիրավություն, բռնարարություն, կողոպուտ, ըստ հարկին զամեն ինչ կը գործեին իրենց ազդեցությունն գործադրելու և կամ հարստությունն ավելցնելու մտոք։ Ժամանակին ոգին զայս կը պահանջեր գուցե: Բայց ինչպես ամեն բռնավորները նույնպես և Ամիրաներն ազգին շահերուն ի նպաստ կր գործեին երբ իրենց անձնական շահուց և կամ կառավարության օրինաց վնասելու երկյուղ չկար, որով իրենց ամիրայական իշխանության ազդեցություն առավել ևս կը հաստատվեր։ Ամենախոնարհ վիճակի մարդր կրնար մինչև ամիրայության հասնիլ սեղանավորության շնորհիվ: Եվ ով որ Ամիրայի թոռն էր բավական հին ազնվականության դասուց վրա մանավանդ բացարձակ առավելություն ստանալ: Այս էր իրաց վիճակը գրեթե կես դար առաջ:
Բայց ժամանակը քայլեց, դեպքերը փոխվեցան, գիշերվան մռայլը մասամբ փարատեցավ, մտքերը բավական լուսավորվեցան, քաղաքականությունն ուրիշ կերպարանք մ՚առավ, հայերը կոչվեցան տերության պաշտոնատարության ի փոխարեն իրենց ավանդական հավատարմության խալիֆաներուն նկատմամբ: Վերջացավ սեղանավորաց պաշտոնը, մեռավ ամիրայությունը, ասոր հաջորդեց ազնվականությունը՝ այսինքն տերության պաշտոններից ազնվականությունը, որուն հետ կը մրցի՝ ազդեցության մասին, հարուստ վաճառականաց խումբը: Իսկ երրորդ դաս մ՚ալ՝ այսինքն ուսումնականացը, մասնավոր էությամբ կը հանդիսանա մյուս երկու կարգերուն մոտ: Պաշտոնի, ոսկվո և լուսո կռիվն է այդ: Ոչ-պաշտոնեությունը՝ հպատակություն է, հարստությունը՝ անկախություն, և գիտությունը՝ հառաջադիմություն, այսինքն ապագան:
Ուստի ուսումնականաց դասը թեև ինքն յուր ույժը կը կրե և նով օր ավուր կը զորանա, hանդերձ այսու խոնարհ դիրք մ՚ ունի ի մեջ տակավին երկու մյուս կարգերուն առջև։
Պ. Հայնուռ յուր ճյուղագրության մեջ քանի մի ամիրաներ կրնար հաշվել, ու անցյալ փառաց հիշատակավն յուր ներկա հարստությունը կը վայելեր։ Ինքն որևէ գիտութենե զուրկ ըլլալով բնավ ուսման հարգ չէր րնծայեր, և ով որ հարստութենե կամ բարձր պաշտոնե բաժին չուներ՝ խղճալի արարած մ՚էր աչացն առջև։
Յուր սիրո երկու գլխավոր առարկաներն էին Սիրանույշ դուստրը և ոսկին. միայն և մյուսույն վրա գրեթե նույն խնամոք կը գուրգուրար. թեև խոստովանելու է որ արժանավայել հարգանք կընծայեր յուր ազնիվ կողակցին որ բարոյական գեղեցիկ ձիրքերով օժտված էր ընտանեկան համեստ կացությանը մեջ ու միտքն ուսմամբ զարդարված։ Երեսուն տարեկան տիկին մ՚էր նա որ անցյալ դիմական գեղեցկության հետքերը կը պահեր, ու նույնչափ համակրություն կազդեր որչափ ակնածություն։ Յուր ազնիվ վարմունքին ու ֆիզիկական ձրից շնորհիվ յուր անշուք վիճակեն ելած էր Պ. Հայնուռի կինն ըլլալու համար. մինչ տասնևինն տարեկան էր և ամուսինն երեսունուվեց՝ ծնած էր քնքուշ Սիրանույշը։ Իբր մայր ուշիմ և գորովագութ՝ մասնավոր կերպիվ հոգ տարած էր նախ մանկանը առողջության և աճման, ինչպես և ապա մտադիր եղած էր անընդհատ հսկել աղջկանը դաստիարակության վրա։
Կաճեր ուրեմն Սիրանույշ մայրենի իմաստուն հոգատարության ներքև, մորմեն կը խրատվեր ու անկե կառաջնորդվեր։ Եվ մինչ տասը տարեկան հասակին մեջն էր, այնպես ծանրաբարո էր, հանդարտ և ուսումնասեր որ թվեր ծաղկահասակ աղջիկ մի տղայության մեջ։ Ուսնիլ և սիրել՝ այս էին յուր հաճույքը։ Տղայական խաղերե խույս տայով յուր գոհունակությունը մայրենի ընկերության մեջ կը գտներ առանց որեէ մանկան ընկերությունն որոնելու։ Մինչդեռ այսպես մենիկ կաճեր, ահա բախտը տասնամյա հասակակից ընկերուհի մի շնորհեց իրեն։ Տիկին Հայնուռի հեռավոր ազգականներեն մին մեռնելով երկու որբեր թողուց անտեր և անարծաթ։ Զարուհին մայր մի գտավ ի Տիկին Հայնուռ, և Երվանդ որ տասնչորս տարեկան էր, որդեգրեցավ ազնվասիրտ ազգականեն։
Գեղեցկությամբ ու իմաստությամբ կաճեր Սիրանույշ յուր ընկերուհվույն հետ. կանցնեին արագորեն օրերն ու տարիները, և շնորհազարդ օրիորդին հետաքրքիր միտքը կը ջանար միշտ զարգանալ։ Ուսնիլ՝ սիրելի երազն էր Սիրանույշին, մանավանդ հին և նոր ազգաց պատմությանց տեղեկանալ, ինչպես և այլազգի մատենագրությանց։ Կը սիրեր ազգաց զարգացման ու անկման պատճառներն ուսումնասիրել, և կը դիտեր թե մեծ ձիրքերն ինչպես և մտավորական լույսերը ժողովրդոց կյանք տված էին, ինչպես և մոլություններն ու տգիտությաններր՝ մահ։ Առաքինությունն ու գիտությունը սրտին ու մտացը պետքն ըրավ, անոնցմով ապրեցավ ընկերության մեջ. ըստ կարելվույն մեկուսացավ, զի թեև ծաղկահասակ՝ զզվանք կզգար արդեն ստության, նախապաշարմանց և այն ամեն նողկալի փոքրոգիությանց դեմ որոնցմե մարդիկ դժբախտաբար ազատ չեն. կը դիտեր մանավանդ դյուրությամբ կը նվաստանան բոլոր անոնք որ շահախնդիր նպատակե դրդյալ յուր հորը բարձր դիրքեն կը ջանային օգտիլ. ի՜նչ շողոքորթություն, ի՜նչ նախապատրաստություն անոր կիրքերը շոյելու, թշնամյացը թշնամին հանդիսանալու, և յուր բարեկամացը բարեկամ։
Արհամարհանոք կը հաստատեր թե մարդիկ գործերու բերմանց համեմատ կուսակցության կփոխեն, ինչ որ այսօր կը հարգեն վաղը կը թշնամանեն, ինչ որ այսօր կը պաշտեն վաղը կանգոսնեն, կարծես ջանադիր ըլլալով հռչակելու թե սկզբունք չունին։ Նամանավանդ մեծ էր յուր սրտմտությունը երբ կը դիտեր թե կրոնքը որ հուսահատ մարդկության հույսն և ապավենը պիտի ըլլար ու բարոյական ճշմարտության ընդունարանը, կրոնքը նույն իսկ անարգ գործիք եղած էր կրոնականաց շատերուն ձեռքը, անոնց անձնական շահերը ապահովելու, խղճերը մոլորեցնելու, մարդիկը թալլելու, և մարդկության մեջ երկպառակությանց, թշնամանաց, ոխակալության սերմերը ցանելու և աճեցնելու համար։ Այո՛, մեծ եղավ օրիորդին զայրույթը մանավանդ երբ նկատեց թե կրոնական թաքուն ազդեցությունն անդիմիադրելի ույժ մ՚ է, քանի որ ընդհանրապես տգետ խղճերու վրա կտարածվի անողորմաբար, և թե մտավորական լույսն որ այդ զոհողությանց վերջ կրնար տալ և փրկության խարիսխ մ՚ըլլալ, տակավին խիստ աղոտ էր և սահմանափակ։
Սիրանույշի արյունը կեռայր նշմարելով կանանց նվաստ և ողորմելի դիրքն ընկերության մեջ, երբ անոնք ոչ ազատ կարծիք մի հայտնելու կը համարձակեին, ոչ՝ իբր անհատ՝ իրենց օրինավոր բնական իրավանց տիրանալու գաղափարն ունեին, և ոչ նախապաշարմանց շավղեն հեռանալու քաջությունը։ Կը հաստատեր թե օրիորդք անվնաս արարածներ հանդիսանալու փառքը կը փնտրեին, իրենց մտավոր կարողությունը, կորովամտությանը քողարկելու ջանադիր ըլլալով, այնչափ կը վախնային որ չըլլա թե իրենց ձիրքերն երկյուղ ազդելով հակառակ սեռին՝ արգելք կանգնեին իրենց ամուսնության։
Կը մտածեր թե այս պայմաններու ներքև քանի աղջկունք արդյոք հինքյանս մեռուցած էին այն ձիրքերն որք բողբոջելու բերմունք ունեին, և թե քանի տաղանդներ ոչնչացած էին մարդկության օվկիանին մեջ առանց իսկ գիտակցությունն ունենալու իրենց կարողության։ Կեռայր սրտմտությամբ, բայց որու՞ կրնար յար զայրույթն հաղորդել, ի՞նչպես կրնար բողոքել գտնված միջավայրի մեջ, երբ հայր մ՚ ուներ որ առաջինը պիտի ըլլար յուր բողոքները դատապարտելու, քանի որ համոզված էր թե կանանց, մանավանդ օրիորդաց ներելի չէ բարձրաձայն խոսիլ և ազատ գաղափարներ հռչակել։ Սիրանույշ, երբեմն երբ բացարձակ կերպիվ կարծիքները կը հայտներ, անմիջապես հորը դատապարտող ձայնը բարկությամբ կը բարձրանար ու աչերեն բոցեր կը ցայտեին. հետևաբար օրիորդն զգույշ կը կենար տանը մեջ վրդովմունք պատճալե։ Տասնևութը տարեկան կույս անձուկ սահմանի մեջ ապրելով, այնչափ հետազոտող և լուրջ միտք մի անկարող էր ունենալու առանց առաջնորդի, և Սիրանույշ զԵրվանդ ունեցավ իբր առաջնորդ։