Հայաստանի առաջին հանրապետությունը թեև կարճ կյանք ունեցավ(1918-1920 թթ.), սակայն մեծ ջանքերի շնորհիվ, քաղաքական բարդագույն պայմաններում քայլեր արվեցին պետական ինստիտուտների ու խորհրդանիշերի ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես առաջին անգամ թողարկվեցին թղթադրամներ, որոնք այսօր էլ հիացնում են իրենց ձևավորմամբ: Անկախության հռչակումից ամիսներ անց կառավարությանը կից ձևավորվում է աշխատանքային խումբ հայկական թղթադրամների ստեղծման ու տպագրության կազմակերպման համար: Այդ խմբի կազմում են ընդգրկվում հայտնի նկարիչներ Հակոբ Կոջոյանն ու Արշակ Ֆեթվաճյանը: Տաղանդաշատ նկարիչների ընդգրկումը աշխատանքային այս խմբում փաստում է, թե որքան լուրջ էր վերաբերվում կառավարությունը թղթադրամների ձևավորման խնդրին:
Արշակ Ֆեթվաճյանը(1866-1947 թթ.) սովորել է Հռոմում, աշխատել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Լայն հետաքրքրությունների տեր այս նկարիչն էլ դառնում է հայկական առաջին թղթադրամների ձևավորողը: Մինչ այդ Ա. Ֆեթվաճյանը ստեղծել էր հայկական հուշարձանների մատիտանկարներ, հայոց պատմությանը, մշակույթին ու ազգագրությանը նվիրված նկարներ, ընդօրինակել մանրանկարներ: Այսինքն շատ լավ գիտեր հայ մշակույթն ու նրա այդ գիտելիքների ու նկարչական տաղանդը լավագույնս դրսևորվում են հայկական առաջին թղթադրամների ձևավորման մեջ:
50, 100 և 250 անվանական արժեքով թղթադրամների վրա կարող ենք տեսնել դիցաբանական պատկերներ, հայկական մանրանկարներից ծանոթ կերպարներ ու զարդարանքներ, թղթադրամների ձևավորման արվեստին բնորոշ նկարչական այլ ընդհանուր մոտիվներ:
Հանրահայտ է հատկապես 250 ռուբլիանոց թղթադրամին պատկերված ճախարակով կինը: Ճախարակից դեպի իլիկ ձգվող թելը կարծես դուրս է գալիս բուն պատկերից և նրբահյուս գծերով տարածվում թղթադրամի ողջ մակերեսին՝ սարդոստայնի պես զարմանալի պատկերներ հյուսելով:
Տպավորիչ են 50 ռուբլիանոցի վրայի թևավոր վիշապն ու 100 ռուբլիանոցի սրով արծիվը: Եթե առաջին կերպարը հղում է հայակական դիցաբանությանը, ապա սրով զինված և օձին ճզմող արծվը խորհրդանշում է ազգային ազատագրական պայքարն ու զենքի ուժով հաստատված պետականությունը: