Հայ առաքելական սուրբ եկեղեցին Հայոց առաջին հայարպես Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոն ունի: Հոգեգալստից հետո չորրորդ շաբաթ օրը, Մուտն ի վիրապն և Ելն ի Վիրապան տոներից հետո, հիշատակվում է Սուրբ Գրիգորի նշխարների գյուտի օրը: Տոնի խորհուրդը ներկայացնող պատմությունը մեզ է փոխանցվել ավանդություններով ու Մովսես Խորենացու Հայոց պատմության միջոցով: Հայտնի է, որ Սուրբ Գրիգորը 325 թ․ հեռանում է Վաղարշապատից և ճգնության համար հաստատվում Սեպուհ լեռան Մանյա անունը կրող քարայրում։ Այստեղ էլ հայոց հայրապետը կնքում է իր մահկանացուն։ Որոշ ժամանակ անց պատահաբար գտնվում է Գրիգոր Լուսավորչի մարմինը, և ամփոփվ քարակույտի տակ։
Տարիներ անց միայն Գառնիկ Բասենցի ճգնավորը աստվածային տեսիլքով իմանում է Հայրապետի թաղման վայրը։ Նա Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները տեղափոխում է Դարանաղյաց գավառի Թորդան ավան ու հողին հանձնում։ Հետագայում այստեղ վկայարան է կառուցվում: Սրբի մասունքների մեծ մասը հետագայում Թորդանից տեղափոխվում են Զվարթնոց և ամփոփվում այնտեղ, որոշ մասունքներ հասնում են Իտալիա (Տե՛ս Սբ․ Գրիգոր Լուսավորիչը՝ Նեապոլի պահապան սուրբ):
Ներկայացնում են Սուրբ Գրիգորի նշխարների գյուտի պատմությունն ըստ Մովսես Խորենացու Հայոց պատմության.
Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն
ԳԼՈՒԽ ՂԱ
Մենք գտանք, որ սուրբ Գրիգորը, մեր հայրն ու ծնողն ըստ ավետարանի՝ սուրբ Թադևոս առաքյալի աթոռը նստավ Տրդատի թագավորության տասնևյոթներորդ տարում։ Երբ նա ամբողջ Հա-յաստանը լուսավորեց աստվածագիտության լուսով, կռապաշտության խավարը փարատեց և բոլոր կողմերը լցրեց եպիսկոպոսներով և կրոնի ուսուցիչներով, այնուհետև նա սիրեց լեռներն ու ամայությունը, որպեսզի հանդարտ մտքով ինքն իր մեջ ամփոփվի և աստծու հետ խոսի՝ (ուրիշ) զբաղմունքներից ազատ, իր տեղ փոխանորդ թողեց իր Արիստակես որդուն և ինքը մնաց Դարանաղյաց գավառում, Մանյա այրք լեռան մոտ:
Բայց ասենք, թե ինչո՞ւ է կոչվում Մանյա այրք: Որովհետև սուրբ Հոիփսիմյանց ընկերների մեջ կար մի կին, Մանի անունով, ինչպես վրացիներին ուսուցանող Նունեն, որ չկարողացավ հասնել և հետևել (ընկերներին), երբ գալիս էին մեզ մոտ, գիտնալով, որ բոլոր տեղերն էլ աստծունն են, բնակվեց այս լեռներում, քարայրների մեջ, որի պատճառով` լեռան անունը կոչվեց Մանյա այրք. նույն այրումն էլ բնակվեց սուրբ Գրիգորը:
Թեպետև նա այնտեղ բնակվեց, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, շրջում էր մեր աշխարհում, աշակերտվածներին հաստատում էր հավատի մեջ: Իսկ երբ նրա Արիստակես որդին Նիկիայի ժողովից հետ եկավ՝ սուրբ Գրիգորիոսն այլևս ոչ ոքի չերևաց այդ ժամանակից ի վեր և չհայտնվեց: Ուստի հաշվելով նրա քահանայանալու սկբից, այսինքն Տրդատի թագավորության տասնևյոթերորդ տարուց մինչև նրա (թագավորության) բառասունվեցերորդ տարին, երբ այլևս ոչ ոքի չերևաց, դուրս կգա երեսուն տարի...:
...Իսկ սուրբ Գրիգորը Մանյա այրում երկար տարիներ` աներեվութաբար ապրելուց հետո մեռնում՝ փոխադրվում է հրեշտակների կարգերը: Հովիվները նրան վախճանված գտնելով, նույն տեղումն էլ թաղում են, առանց գիտենալու, թե ով է: Եվ հիրավի, վայել էր, որ նրանք, որոնք մեր փրկչի ծննդյան խորհուրդին մասնակից եղան, նաև սպասավոր դառնան նրա աշակերտի հուղարկավորության: Եվ այսպես (մարմինը) երկար տարիներ ծածուկ մնաց, կարծես ինչ-որ աստվածային տնօրինությամբ, ինչպես հնումը Մովսեսինը, որպեսզի նորադարձ բարբարոս ազգերից չպաշտվի: Իսկ երբ մեր կողմերում հավատն արմատացավ ու հաստատվեց, շատ ժամանակ անցնելուց հայտնվեց Գառնիկ անունով մի ճգնավորի, և ապա սուրբ Գրիգորի նշխարները բերվեցին և թաղվեցին Թորդան գյուղում:
Սա, ինչպես ամենքին հայտնի է, Պարթևական աշխարհից էր, Պահլավների գավառից, թագավորող ցեղից զատված Արշակունի, Սուրենի ցեղից, Անակ անունով հորից.
նա մեր աշխարհի արևելյան կողմերից մեզ ճշմարիտ արևելք ծագեց և իմանալի արեգակ և հոգևոր ճառագայթ, կռապաշտության խոր չարությունից ելք. ճշմարիտ բարի և դիվահալած, երանության և հոգևոր շինության առիթ, իսկապես աստվածային արմավենի, տիրոջ տանը տնկված և մեր աստծու գավթում ծաղկած: Նա այսպիսի և այսքան ժողովուրդներ բազմացրեց և մեզ պատրաստեց հոգևոր պարարտ ծերության ի փառս և ի գովեստ աստծու: