Հուլիսի 22-ին Տաթևում կայացավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, վիմագրագետ Արսեն Հարությունյանի «Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև»(The Spiritual Citadel of Syunik. Tatev) անգլիալեզու պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը: Գիրքը հրատարակության է պատրաստել Մատենադարանի հրատարակչությունը և այն տպագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Խմբագիրը՝ պ.գ.դ Կարեն Մաթևոսյանն է:
Պատկերագիրք-ուսումնասիրությունը գիտահանրամատչելի ձևով ներկայացնում է պատմական Սյունյաց աշխարհի և ընդհանրապես Հայաստանի հոգևոր կարևորագույն կենտրոններից մեկը՝ Տաթևի վանական համալիրը՝ իր պատմությամբ, վիմագրերով, այստեղ ստեղծված բացառիկ ձեռագրերով: Մինչ օրս այս վանական համալիրի մասին այսպիսի համակողմանի ուսումնասիրություն չի եղել:
Պատկերագրքում ամբողջանում է վանքի գրավոր ժառանգությունը: Մատենագրական աղբյուրների ու վիմագրերի համակողմանի ուսումնասիրությամբ ներկայացվում են վանքի պատմության առանցքային դրվագները՝ շինարարական աշխատանքները, մշակութային վերելքը՝ Տաթևի դպրոց-վարդապետարանի, ապա նաև համալսարանի հիմնումն ու գործունեությունը:
Պատկերագիրք-ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից. առաջին մասում ներկայացվում են Տաթևի վանքի պատմության շինարարական, նվիրատվական վիմագրերն ու հիշատակագրությունները, իսկ երկրորդում՝ Տաթևի գրչության կենտրոնն իր հարուստ ձեռագրական ժառանգությամբ՝ մանրանկարչական արվեստով, հիշատակարաններով և այլն:
Այս բացառիկ գիրքը հարուստ է Տաթևի ճարտարապետության, վիմագրերի լուսանկար-գրչանկարներով, ձեռագրերի արվեստը, մանրանկարչությունն ու կազմարարական գործը պատկերող լուսանկարներով:
Այս հրատարակությունը կարևորագույն նշանակություն ունի մեր օրերում օտարալեզու ընթերցողին մեր մշակությաին ժառանգությունը ներկայացնելու, պատմական զեղծարարություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու տեսանկյունից: