Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
Վահան Տերյանի այս հանրահայտ բանաստեղծությունը առաջին անգամ հրատարակվել է բանաստեղծի մահից հետո՝ 1936 թվականին։ Իր թեմատիկ-գաղափարական առանձնահատկություններով բանաստեղծությունը հարում է Տերյանի «Երկիր Նաիրի»(1913-1916) շարքին և ձայնակցում շարքի այլ բանաստեղծություններին, մասնավորապես, օրինակ՝ «Քեզ կըմնա միշտ օտար...» սկսվածքով գործին.
Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար,
Եվ տրտունջը հին։
Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր...
Սակայն, ի սկզբանե, թերևս քաղաքական նկատառումներով, այն հրատարակվում է այդ շարքից դուրս, մասնավորապես երկերի 1973 թ. ժողովածուում այդպես է: Հետագայում սակայն, բանաստեղծությունն ավելացվում է շարքին ու դիտվում որպես գաղափարկան ամփոփում: Բանաստեղծությունն, իհարկե, շատ որոշակի քաղաքական իրադարձությունների ծնունդ է և այդպես էլ մեկնաբանվում է սովորաբար, սակայն քաղաքական ենթատեքստերից ու հղումներից անկախ, այս գործը մի մի զորավոր կոչ է՝ հայ ժողովրդի ինքնության, հնագույն քաղաքակրթական նշանակության, պատմական ճակատագրի, հայրենիքի ու ժողովրդի հարատևության մասին:
Ուշագրավ է, որ այս բանաստեղծությունը հրատարակությունից տարիներ առաջ ծանոթ է եղել Եղիշե Չարենցին։ Թերևս Տերյանի ընկեր Պողոս Մակինցյանի մոտ պահպանվող ձեռագրերի միջոցով։ Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում որոշակի հեգնանքով մեջբերում է տողեր այս բանաստեղծությունից․
«Այսպիսի՛ ահա ինքնուսույց մի թռչուն, բայց, ավելի լավ է ասել «պերպետուում մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը, ինքնաշարժ մեքենա էր, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով՝ դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ — ոնց ասենք... նո՜ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, և միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա — հազարամյա Նաիրին։ Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը սույն տողերը գրելիս.
«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան`
Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման...»:Այսպես ենք կարծում, ընթերցո՛ղ, և մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետև նույնը, ճիշտ նույնը, բառացի նո՛ւյնն էր մտածում և ինքը, նույն ինքը Մազութի Համոն․․․»։