Սիրված արձակագիր Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» անկախության շրջանի հայի վիպասանության ամենաինքնատիպ դրսևորումներից է։ Այն պատմում է Բյուզանդիայի հայազգի նշանավոր կայսեր՝ Վասիլ Ա-ի կամ Բարսեղ Ա Մակեդոնացու(811-886 թթ․) կյանքի հրաշքներով ու արկածներով լի կյանքի առասպելախառն պատմությունը։ Անկախության շրջանի պատմավիպասանությանը բնորոշ գծերով՝ էպիկական-առասպելական մոտիվներ, պատմության հեղինակային ընթերցում ու մեկնաբանություն, քաղաքական խնդրառություն, հեղինակի ժամանակի հետ ուշագրավ զուգահեռներ ու համընկնումներ, Զ․ Խալափյանը ստեղծում է միջնադարյան Բյուզանդիայի և Հայաստանի կյանքի ուշագրավ պատկերը, սակայն արծարծվող հարցերը արդիական են միշտ՝ իշխանություն ու բարոյականություն, առաջնորդություն ու խիղճ, ճշմարտություն և երևակայություն, մեղք ու անկում։ Գիրքը Հայաստանում լույս է տեսել երկու անգամ՝ 1995թ․(Համազգային) 2024 թ․(Անտարես)։ Ներկայացնում ենք հատված «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» պատմավեպից։
Կոստանդնուպոլսում Պրոմուտ անունով երկու թաղամաս կար, մեկը քաղաքի տարածքում, մյուսը՝ ծովի եվրոպական ափին: Ծովափնյա Պրոմուտ արվարձանում էր Միքայել հրեշտակապետի լքյալ ու կիսավեր վանքը, որը հետագայում Վասիլ կայսրն ի հիմանց վերակառուցեց և եկեղեցու աջ կողմում գտնվող ստատարեայում ամփոփեց իր Մարիա անունով դստերը, թերևս վերհիշելով իր մի արկածը, երբ դեռևս մասնավոր ու սնանկ մի անձ էր, փախուստ էր տվել սուրբ Դիոմեդեսի վանքից ու պատսպարվել նրա կիսավեր գմբեթի տակ: Երանավետ ու անմոռաց օրեր, ավելի քան երկու ամիս վայելեց անհոգ մի գոյություն, որ չէր տեսել ոչ մինչ այդ և ոչ էլ տեսավ կայսերական գահին բազմելուց հետո: Ամեն ինչով հրաշալի ու հարմարավետ բնակավայր էր այդ լքյալ վանքն իր օդահեծ ու բարձրաբերձ գմբեթով: Ամեն ինչ կար երջանիկ ու անպակաս ապրելու համար, միայն մի փոքր ջանք էր պետք ձեռքը մեկնելու ու Աստծո տված ամեն բարիքը վայելելու, ինչպես Ոսկե դարում: Նա գիշերներն իջնում էր մոտակա այգեստանները, քաղում միրգ ու պտուղ սիրտն ուզածի չափ, ապա չոր ճյուղերից մի տրցակ անելով կրկին բարձրանում իր գմբեթը: Իսկ ի՞նչ տեսարաններ էին բացվում չորս կողմ, ալեծուփ ծովը հեռվում, այստեղ ու այնտեղ կառանած, գույնզգույն առագաստներով մեծ ու փոքր նավեր, գեղատեսիլ ժայռերի ստորոտում արածող նախիրներ ու ոչխարի հոտեր՝ իրենց նախրապաններով ու հովիվներով, ոսկեփոշու նման դեղնին տվող շիկահող ճանապարհներ, որոնցով օրվա բոլոր ժամերին շեփորների ղողանջով երկձի ու քառաձի կառքեր էին սլանում դեպի մայրաքաղաք ու մայրաքաղաքից դեպի կայսրության ծայրամասերը: Մարդկային եռուն կյանք էր չորս կողմ, իսկ նա երջանիկ էր, որ իր տեղն իմացող չկա՝ ո՛չ իր մասին հոգացող, ո՛չ էլ իր անդորրը խանգարող:
Ո՜վ առաջինը նկատեց գմբեթի տակից ելնող ծուխը: Ծխի վրա բարձրացան ու գտան նրան: Երկար ժամանակ չսափրված, մորուքացած դեմքով, կրոնավորի կիսամաշ զգեստով խարույկի վրա կքածը խելագար կամ գոնե ճգնավոր թվաց: Գմբեթի տակ ծվարում էին հազարավոր վայրի աղավնիներ, գիշերը մարխը վառում և որսում էր այնքան, որքան կբավարարեր օրվա կերակուրի համար: Կայսրը երրորդ անգամ այստեղ ձերբակալվեց, ասում է:
Շատերն արդեն գիտեին նրա պատմությունը և տեղյակ էին վանահոր մարգարեությանը, ու երբ զինվորները նրան ուղեկցում էին եպարքոսի մոտ, ճանապարհին ոմանք այլևս խոնարհվում էին նրա առաջ՝ «Ողջույն կայսրին» ասելով: Անգամ քաղաքապետարանի մեծավորն այնպես ներշնչված էր, երբ լսեց՝ «Վասիլը եկավ», որը հնչում է որպես «Թագավորը եկավ», ակամա ելավ նրա առաջ ու, նույնպես խոնարհվելով, երկրպագեց՝ խիստ վախեցնելով Վասիլին: Նա Վասիլին վանահորը վերադարձրեց զինվորների ուղեկցությամբ, այս անգամ որպես նրա անձն ուղեկցող շքախումբ և որպես մեծարման ու հարգանքի արտահայտություն: Մեծ պատիվներով նրան տեղ հասցնելով՝ զինվորները վանահորը հաղորդեցին եպարքոսի ողջույնները, որից վերջինս չզարմացավ ամենևին, այլ ընդունեց ըստ արժանվույն: Կրկին խոնարհվելով՝ զինվորները հեռացան:
Վանահայր Նիկողայոս Անդրոսալիտեսն ամենօրյա իր գործին էր, գրություն էր անում: Մարմարե թանաքամանը ձախ բռի մեջ ու կրծքին սեղմած, գրոցի վրա արմունկներով հենված, գրիչը թաթախելով ու ավելի խոնարհվելով, երկար ու ուշադիր գրում էր: Ապա առժամանակ թանաքամանը ցած դրեց, գրչածայրը սրբեց թավշե լաթով, նույն լաթի մեջ փաթաթեց ու, մի կողմ դնելով, ասաց.
— Իմ խրատը քեզ՝ քար ցանել, ծովի հետ խոսել ու եթովպացուն սպիտակացնել էր, հա՞: Տեսնո՞ւմ ես, ինչպես են քեզ երկրպագում: Ինչո՞ւ է ծնոտդ կափկափում:
— Ես վախենում եմ դրանից, տե՛ր իմ,— ասաց Վասիլը:— Եթե կայսրն իմանա, ինձ կգլխատեն:
— Դա չի՛ լինի: Եթե քո ոտքերի տակ հրաբուխ էլ ժայթքի ու քեզ երկինք հանի, դարձյալ քեզ ոչինչ չի լինի, դու անվթար կիջնես ուղիղ գահի վրա: Այնպես որ՝ գլխիցդ հանիր ճակատագրից փախչելու անմտությունը, դրանից ոչինչ դուրս չի գա:
— Ի՛նչ անեմ ես, ի՛նչ անեմ,— ասաց Վասիլը սրտնեղած ու հուսահատ:
— Այնտեղ նստիր ու սպասիր:
— Ինչի՞ն:
— Մինչև քո ժամը հնչի: Բայց ասեմ քեզ՝ աղավնի որսալն ու խորոված անելը վատ չէ: Ոչ մի մուրացիկի մտքով չի անցել, քաղաքի պատերի տակ ընկած են անոթի, գոնե այդքան բանը հասկանային ողորմելիները: Չէ՜, դու խելքը գլխին կայսր ես լինելու:
— Այս ամենը վատ վախճան է ունենալու, տե՛ր իմ,— ասաց Վասիլը:— Եթե դու բարի մարդ ես, ճանապարհիր ինձ իմ հայրենիքը, մի ջորու փող տուր ինձ:
— Ես կայսրության մասին եմ խոսում, նա՝ ջորու:— Վանահայրը խոսքը կիսատ թողեց՝ նույն պահին բաց դռնից նկատելով մոտեցող եռաձի կառքը:— Բայց ահա կարծես քո ժամը հնչեց:
Դեպքերի հետագա ընթացքն այսպես է ներկայացնում մատենագիրը, որը ստուգությամբ գրառել է ու մեզ հասցրել ամեն ինչ: Մոտեցողը, ասում է, Միքայել կայսրի ու Վարդաս Կեսարի մի ազգականն էր, որին փաղաքշորեն Թեոփիլիցես էին անվանում՝ Պեդևոնեմենես մականվամբ: Սա վանքի հետ կապված էր և հաճախ էր այցի գալիս Նիկողայոս Անդրոսալիտեսին իր զվարճությունների ճանապարհին և իր հետ առնում բնավորությամբ իրեն հարևնման վանականին: Այս մարդը շատ էր սիրում իր ծառայության մեջ ունենալ արտաքո գեղեցիկ, քաջությամբ աչքի ընկնող ու աչքառու երիտասարդ մարդկանց, որոնցով սովորություն ուներ պարծենալու պալատականների առջև: Վասիլին տեսնելով՝ միանգամից ցանկացավ նրան իր տանն ունենալ:
Վանահայրը դա անհնարին համարեց՝ չբացատրելով պատճառը: Վասիլը քիչ հեռվից լսում էր, թե ինչ են խոսում իր մասին այդ երկուսը: Վանահոր համառությունը մյուսին տարօրինակ էր ու անհասկանալի, չէր եղել երբեք, որ նա որևէ բանում մերժեր իր բարեկամին: Դա ավելի էր գրգռում Թեոփիլիցեսին, և որքան մեկը համառում էր մերժման մեջ, մյուսը համառում էր իր պահանջի մեջ: Թեոփիլիցեսը մոտ կանչեց Վասիլին ու հարցրեց նրան, թե արդյոք չի՞ ցանկանա այժմ իսկ իր տուն գնալ, որպես իր ծառան:
— Վասիլը չի կարող ծառա լինել որևէ մեկին,— ասաց վանահայրը:
— Ո՞վ է այս աննման պատանին,— հարցրեց պալատականը:
— Մեր վասիլը:
— Ի՞նչ է նշանակում՝ մեր վասիլը: Այս մարդը մեր վասի՞լն է:
— Այո՛, իհարկե:
— Ների՛ր, պատրո՛ն,— միջամտեց Վասիլը:— Շփոթմունքի պատճառն իմ անունն է: Իսկ քո առաջարկին ես համաձայն եմ, միայն թե ինձ տանես այս վանքից:
«Ինչ–որ տեղից ծանոթ է թե՛ անունը և թե՛ կերպարանքը, բայց դեմքն ուրիշ է: Ո՛չ, չի կարող պատահել», հայերեն, ինքն իրեն ասաց պալատականը: Վասիլն աշխատեց չժպտալ, նա գաղտնիք ուներ և չէր ցանկանում այժմ բացել, հայտնի չէր, թե ինչով կարող էր վերջանալ պողոսական լինելու իր հանգամանքը, որովհետև նա այս կարճլիկին իսկույն էր ճանաչել:
Թեոփիլիցեսը, ձեռքերը կրծքին խաչած, Վասիլին ոտից գլուխ չափելով, մի պտույտ արեց նրա շուրջը՝ կրկին մայրենի լեզվով ինքն իրեն ասելով. «Ո՛չ, չի՛ կարող պատահել»: Ապա , իր դիրքին վերադառնալով, ասաց.
— Հիմա հասկացա, թե ինչ ես ինձանից թաքցնում: Մոռացե՞լ ես, որ քո ցնորամտության մասին ինձ պատմել ես: Սա նա՞ է:
— Նա է,— ասաց նրա բարեկամը:— Բայց կայսրի ներկայությամբ ինչո՞ւ ես գոռում:
— Ների՛ր, պատրո՛ն,— դիմեց Վասիլը պալատականին, բայց վանականը կանխեց նրան՝ թույլ չտալով խոսքը շարունակել:
— Սա նա է, բայց սա այն Վասիլը չէ, որ քեզ պետք է ծառայի,— ասաց նա:
— Քո զվարճաբանությունները լավն են խնջույքի սեղանի մոտ,— ասաց մյուսը:— Ես քո անմիտ պատմություններին չեմ հավատում: Սա այնպիսի մի երիտասարդ է, որ ձեռքից բաց չեմ թողնի: Ի՞նչ գին ես առաջարկում:
— Նա չի վաճառվում, որ գին առաջարկեմ: Եվ չափավորիր քեզ, որովհետև չգիտես, թե ինչ կարող է լինել հետագայում:
— Քո խոսքերով ինձ մի վախեցրու, ես վախեցողը չեմ: Ոչ էլ նրանից, որ մի անգամ էլ ասացիր, իբր, ինձ Միքայել կայսրի հետ միասին են սրախողելու:
— Այո՛, ինչ կա դրա մեջ: Քեզ Միքայելի հետ են սրախողելու,— ասաց վանականը:
— Այդպիսի կատակները լավ են,— ասացի, —երբ գինու թասը ձեռքիդ է:
— Ների՛ր, պատրո՛ն,— կրկին միջամտեց Վասիլը, դիմելով Թեոփիլիցեսին, որին այլևս լիովին ճանաչել էր՝ չնայած պալատականի նրա ճքճքուն զգեստավորությանը, Կարբեասի քաղաքում նա ընդամենը մի հեգ գերի էր, կեցվածքն էլ այսպես խրոխտ չէր: Այն ժամանակ նա մորուքով էր, այժմ միայն փոքրիկ բեղիկներով:— Ես համաձայն եմ քո պայմանին, եթե դու ևս համաձայնես իմ պայմանին:
— Ասա՛ պայմանդ, երիտասա՛րդ,— ասաց մյուսը, չկասկածելով, որ իր դեմ իր նախկին տերն է, իր բարերարը, որի նկատմամբ երախտամոռ գտնվեց թեթևամտության պատճառով:
Նրա մտքով չէր անցնում, որ պողոսականն այդքան հանդգնություն կունենա կայսրության մայրաքաղաքում հայտնվելու, իսկ ուղղափառ վանականի զգեստը, մանավանդ եմիփորոնը պողոսականի ուսերին աներևակայել էր, իսկ ողջ դեմքը ծածկող մորուքը նրան կատարելապես անճանաչելի էր դարձրել:
— Ինչ վճար էլ առաջարկես, տասնապատիկը կստանաս,— ասաց նա:
— Ասա՛, տե՛ր իմ, ինչքա՞ն պիտի ծառայեմ, որ վարձը բավարարի մի ջորի գնելու համար,— ասաց Վասիլը:
— Ջորի՞: Սովորական մի ջորի՞:
— Սովորական մի ջորի, որին կարելի է հեծնել ու ճանապարհ գնալ:
— Միայն մեկ ջորի՞:
— Այո՛, միայն այդքանը:
— Երիտասա՛րդ,— ասաց պալատականը,— թաշկինակը գրպանիցս հանելիս երբեմն հատակին զնգոցով այնքան ոսկի է թափվում, որ եթե ինձ հետ իմ ծառաներից որևէ մեկը չի լինում, ինքս զլանում եմ կռանալ ու գետնից հավաքել: Ինչո՞ւ կեռնեխի ձայն հանեցիր,— ասաց նա վանականին: Ապա շարունակեց:— Մինչդեռ այդքան ոսկով կարելի է ոչ թե մեկ, այլ ջորիների մի ամբողջ երամակ գնել:
— Ների՛ր, պատրո՛ն, ջորիները երամակ չեն կազմում,— ասաց Վասիլը:— Երամակ կազմում են միայն ձիերը:
— Ինչո՞ւ միայն ձիերը: Ես դա չգիտեի:
— Որովհետև ջորիների երակներում կիսով չափ ավանակի արյուն է,— ասաց Վասիլը:— Իսկ ավանակները միմյանց հարգել ու հանդուրժել չգիտեն, երամակ չեն կազմում:
Թեոփիլիցեսը ծիծաղեց, ապա ասաց.
— Դու գնալով ինձ ավելի ես դուր գալիս, դու նաև քո տիրոջը զվարճացնել գիտես:
— Բայց իմ խնդրանքը լուրջ էր, պատրո՛ն:
— Հարկա՛վ, հարկա՛վ: Այժմ դու պատրա՞ստ ես ինձ հետ իմ տուն գնալ:
— Պատրաստ եմ, պատրո՛ն:
— Հե՛նց հիմա:
— Հե՛նց հիմա:
— Գնա՛նք:
— Գնա՛նք:
Հրաժեշտից առաջ վանականը Վասիլին մի կողմ տարավ, առանձին ասաց նրան.
— Քո ժամը հնչեց, դու պալատ ես գնում: Բայց, տե՛ր իմ, այս ստահակի տասը խոսքից մեկին էլ չհավատաս, ինչպես նրա խոստացած տասը ոսկուց մեկն էլ չես ստանալու:
— Գիտեմ,— ասաց Վասիլը:
— Որտեղի՞ց գիտես, եթե միայն այսօր ես նրան տեսնում:
— Ով շատ է խոստանում, նա քիչ է կատարում:
— Դա ևս ճիշտ է:
— Մնա՛ս բարով, տե՛ր իմ,— ասաց Վասիլը:
— Քեզ բարի ճանապարհ դեպի կայսրություններից մեծագույնի՝ Բյուզանդիայի փառավոր գահը:
— Տե՛ր իմ, դու դարձյալ շփոթեցնում ես ինձ քո խոսքերով:
— Միայն մեկ տարի համբերիր, և կլինի այն, ինչն արդեն բազմիցս ասել եմ:
— Բայց դա սարսափելի է:
— Քեզ ոչինչ չի լինի, քանի որ դա ճակատագրի վճիռն է: Քո ճակատագիրը քեզ կպաշտպանի ամեն չարիքից:
— Ո՛չ, դա սարսափելի է:
— Նաև սքանչելի է: Եվ, տե՛ս, ապերախտ չլինես, չմոռանաս սուրբ վկա Դիոմեդես վանքի վանահայր Նիկողայոս Անդրոսալիտեսին:
— Մնա՛ս բարով:
— Գնա՛ս բարով, Մե՛ծն Վասիլ, Երանելի կայսր համայն Բյուզանդիայի, փառավորդ դարեդար, աննման հիմնախնդիրդ մեծագույն կայսերական հարստության, Երիցս Երանելի և այլն և այլն և այլն: Քեզ բարի՛ երթ,— խաչակնքելով, օրհնեց նա,— քեզ բարի երթ դեպի անմահություն:
Վասիլը ծիծաղեց և զվարճանալով իր հետ կատարվող հրաշալիքների վրա, թեթև սրտով գնաց այդ կարճլիկ, բեղիկները վեր ոլորած Թեոփիլիցեսի հետ:
Մատենագիրն այնուհետև այսպես է շարադրում եղելությունը: Կարճլիկ կամ փոքրիկ Թեոփիլոսը, նրա տերը, տեսնելով, որ Վասիլը մարմնական ուժով ու մանավանդ մտավոր կարողություններով շատ էր գերազանցում իր մյուս ծառաներին, շուտով նրան նշանակեց ստրատոր, այն է՝ ախոռապետ: Ձի հեծնելու ու ճամփորդության բոլոր հոգսերը նրա վրա էին: Դա մեծ պաշտոն էր:
Սերը նրա նկատմամբ աճում էր օրեցօր, նա հիանում էր իր ծառայի հուժկու կերպարանքով, բնածին խելամտությամբ, մանավանդ նրա գերբնական ճարպկությամբ: Իր մեծ ու ծանր մարմինը նա այնպիսի թեթևությամբ էր կարողանում շարժել, որ թվում էր նրա մասերը գործողության մեջ դնողը ոչ թե մկանային ուժն է, այլ կայծակը: Երբեմն շտապելիս շատ հասարակ ցատկում էր երկրորդ, նույնիսկ երրորդ հարկերից, տեսնողները սարսափից փակում էին աչքերը: Այդ բաներն անելիս շատերը այնպես էին զարհուրում, որ այլևս վախենում էին նրան շատ մոտիկ կանգնել: Իսկ Թեոփիլիցեսի համար նրա գլխավոր արժանիքն այն էր, որ ծառան հրամանները կատարում էր արագ ու անթերի, և նրան առանձնապես դուր էր գալիս, որ Հերակլեսի կերպարանքով այդ պատանին այդպես հլուհնազանդ պատրաստ է իր կարգադրություններին, ինքն այդքան փոքր, նա՝ աժդահա, և դա, ասում է, հատկապես այլոց վրա մեծ տպավորություն էր թողնում: