Օրիորդ Աշխենին
Սրտիս թեթև, թրթիռների պես հարազատ
Հնչում է միշտ ձայնը քո ջինջ «Բաժակ թեյ»-ում,
Սրտիս թեթև թրթիռների պես հարազատ,
Թռչում է միշտ ձայնը քո ջինջ դեպի հեռուն։
Թռչում է նա դեպի օրերը մանկական,
Դեպի աշխարհը այն կապույտ ու հմայուն,
Ուր երազները ջինջ վճիտ էին այնքան,
Ուր մանկական աչքերն էին կյանքին նայում։
Մութ օրերում կյանքս անցավ, օրս անցավ,
Շուրջս հիմա ոչ մի թեթև թրթիռ չկա,
Բայց մանկանում է սիրտս միշտ, դառնում անցավ,
Երբ ես լսում եմ վճիտ ձայնը աղջկա։
Եղիշե Չարենցի՝ 1920 թվականի հունվարի 15-ին գրած այս ուշագրավ բանաստեղծությունը ստեղծվել է բանաստեղծի կյանքի այն շրջադարձային ժամանակներում, երբ վերջնականապես խզվում էին կապերը անցյալի հետ ու տարածվում էր նրա հռչակը:
Հայտնի է, որ 1919-ի սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսներին Եղիշե Չարենցը աշխատում էր Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում, որպես ուսուցիչ։ Նույն դպրոցում Ե․ Չարենցի հետ աշխատում էր հետագայում սովետահայ հայտնի բանաստեղծ ու գործիչ Գևորգ Աբովը, որը հիշում է․ «Ես նշանակված էի Բաշքյադիկլար գյուղի դպրոցի վարիչ, իսկ Չարենցը՝ նույն դպրոցի ուսուցիչ։ Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրինք թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով գյուղ բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների․․․»։
Այս ընթացքում է, որ Չարենցը հաճախ էր գնում հայրենի քաղաք տարբեր հարցերով և, ըստ Աբովի, մի օր էլ վերադառանում է անչափ ոգևորված.
«- Մի տե՛ս ... տես ի՜նչ եմ բերել, ի ՜նչ .. . — ու ձեռքում թափահարում էր Երևանի թերթերից մեկը։ Թերթը ընդարձակ հաղորդագրություն էր տպել, թե' Չարենցի, որպես մի նո՜ր, տաղանդավո՜ր բանաստեղծի մասին, Երևանում կարդացվել է դասախոսություն և ասվել են շատ ու շատ գովեստներ», -հիշում է Գ. Աբովը:
Բանն այն է, որ 1919 թ․ հոկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության և արվեստի նախարար, գրականագետ Նիկոլ Աղբալյանը Երևանում հրապարակային դասախոսություն էր ունեցել և ներկայացրել է Չարենցի ստեղծագործությունը: Եվ այդ մասին թերթում լուր էր տպվել: Հետագայում այս իրադարձության մասին Չարենցը կգրի.
Էլ ինչո՞ւ ծիծաղեր հոգիս,
Երբ մի լուրջ քննադատ մի օր
Սարսելով դահլիճն ու ֆոյեն—
Ավետեց ամբողջ աշխարքին,
Որ ծնվել է— մեծ մի պոետ...
Սակայն մինչ այդ անհրաժեշտ էր Երևան հասնել, իսկ Չարենցը՝ գյուղական դպրոցի ուսուցչի իր աշխատավարձով, չուներ համապատասխան միջոցներ և նույնիսկ իր հռչակին համապատասխան պատշաճ հագուստ: Նա 1919 թ. թողնում է ուսուցչությունը, սակայն որոշ ժամանակ հաստատվում է հայրենի Կարսում, մինչ հնարավորություն լիներ Երևան տեղափոխվել: Հենց այս ամիսներին էլ՝ 1919 թ. վերջերից մինչ 1920 թ. սկիզբը Չարենցը անցկացնում է բանաստեղծության մեջ հիշատակվող «Մի բաժակ թեյ» անունով սրճարանում: Սրճարանը բարեգործական էր և նպատակ ուներ հավաքված միջոցներ հատկացնելու աղքատ երեխաների կարիքների համար: Եվ այս թեյատանն էլ ամիսներ շարունակ գրեթե ամեն օր լինում էր Եղիշե Չարենցը: Ըստ այս բանաստեղծության հերոսուհի, թեյատան գանձապահ Աշխեն Թաթուլյանի, բանաստեղծը գրեթե ամբողջ օրն անցկացրել է թեյատանը, խմել միայն թեյ, անվերջ ծխել ու գրել: Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում են պահվում նաև Աշխեն Թաթուլյանին Չարենցի նվիրած ու ընծայագրած երկու գրքերը՝ «Ծիածանն» ու «Ամբոխները խելագարված»:
Ըստ Ա. Թաթուլյանի վկայության, նա հոգատար է եղել աղքատիկ տեսքով ու ընկճված բանաստեղծի նկատմամբ, և բանաստեղծն էլ՝ ի նշան շնորհակալության Աշխենի անունն անմահացրել նրան նվիված այս ստեղծագործության մեջ: Չարենցի այս ու այդ օրերին ստեղծված այլ գործեր պահպանում են հայրենի Կարսի հուշն ու ծննդավայր վերջին այցելության տպավորությունները: 1920 թ. հունվարին բանաստեղծն անդարձ հեռանում է հայրենի քաղաքից: