Առակը հայ միջնադարյան գրականության ու բանահյուսության ամենից տարածված ժանրերից է: Առակները այլաբանական, սեղմ, խորիմաստ ստեղծագործություններ են, որոնք բավական փոքր ծավալի մեջ, փոքրիկ դիպաշարավոր պատմություններով կամ զրույցներով ներկայացնում են կրոնական, բարոյական, մարդու ու ժողովրդի կյանքի ու կենցաղի հետ կապված կարևոր ճշմարտություններ, ուղերձներ, խրատներ: Իրենց այլաբանությամբ ու սյուժեներով առակները մոտենում են առասպելին, պատմողական բնույթով՝ զրույցներին ու հեքիաթներին, խրատական նշանակությամբ՝ առածներին։ Հայ միջնադարյան հազարավոր առակներ մեզ են հասել տարբեր ժողովածուներով և դրանց հեղինակ են համարվել Վարդան Այգեկցին ու Մխիթար Գոշը: Նշանավոր ու սիրված են հատկապես Վարդան Այգեկցու առակները, որոնք հավաքվել են Աղվեսագիրք կոչվող ժողովածուներում, թերևս նկատի ունենալով կենդանական առակների ամենից տարածված կերպար աղվեսին: Բացի բարոյախրատական ու դաստիարակչական կարևոր նշանակությունը, առակները՝ իրենց կերպարներով ու նկարագրություններով կարևոր տեղեկատվություն են հաղորդում հայ միջնադարյան կյանքի ու կենցաղի, աշխարհի մասին պատկերացումների, մարդկային հարաբերությունների վերաբերյալ: Տեղեկատվություն, որ չենք կարող գտնել պատմագրական երկերում: Ներկայացնում ենք Վարդան Այգեկցու երկու հայտնի առակ գինու նշանակության ու դրա գործածման չափի մասին:
Գինու վնասը
Երեք ճգնավոր, մի անապատում աղոթում էին: Մանկությունից էին նրանք տարվել անապատ և չգիտեին աշխարհի ինչ լինելը: Եվ մի օր թողին աղոթելն ու ճգնությունը և միասին նստած հարցրին իրար, թե ինչ է փառքը աշխարհի։ Առաջինն ասաց, թե գինին են գովում, որովհետև նա սիրո օրինակն է։ Մյուսն ասաց, թե միսն են գովում բոլոր կերակուրների մեջ։ Երրորդն ասաց, թե շնությունն են գովում։
Եվ թողնելով հոգևոր մշակությունը, առաջինն ասաց՝ գնում եմ գինի խմելու, տեսնեմ, թե գինին ինչ հաճույք կամ բնույթ ունի։ Երկրորդն ասաց, միս ուտեմ և իմանամ նրա համն ու բնույթը: Մյուսն ասաց՝ ես գնամ կնոջ մոտ և մեղքի համն առնեմ:
Եկան քաղաք։ Նա, որ ասաց միս ուտեմ, գնաց խոհակերանոց և հոտած մսի գարշ հոտն առավ, ասաց.
— Թե սա է միսը, որ գովում են, սա ինձ համար չէ, — ու վերադարձավ անապատ։ Նա, որ գնաց կնոջ մոտ, տեսավ, որ կանայք ու տղամարդիկ առանց ամոթի ու պատկառանքի չար գործ են անում, ասաց.
— Վայ ձեր կյանքին, որ անցավոր կյանքի համար զրկվում եք անանց փառքից, — և դժոխքի հոտն առնելով փախավ։
Այն, որ ասաց գինի խմեմ, գնաց գինետան դուռը, տեսավ՝ շատ գեղեցիկ երիտասարդներ նստած մեղաց գինին են ըմպում։ Սիրով մեծարեցին նրան, և երբ գինով հարբեց, միս կերավ, և երբ փորը լցրեց մսով ու գինով, գնաց շնացավ։
Այսպես այն երկուսն ազատվեցին, իսկ գինեխումը կործանվեց։ Պարզ է, որ գինին է բոլոր մեղքերի մայրը և բոլոր մեղքերը գինին է գործել տալիս։
Գինի
Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:
Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք: