Ռուս հայտնի բանաստեղծ, թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին(1884-1967) 1916 թ․ գալիս Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատ` որպես ռազմական թղթակից։ Կովկասում` Թիֆլիսում, ծանոթանում և մտերմանում հայ գրողների, մասնավորապես Հովհաննես Թումանյանի հետ։ Հայտնի է Ամենայն հայոց բանաստեղծի՝ Ս․ Գորոդեցկու կնոջը նվիրված բանաստեղծությունը․
Հյուսիսի կողմից,
Խստաշունչ հողմից
Եկաք դուք մեզ մոտ,
Մեր անհոգ, ուրախ
Ու զոռով խաղաղ
Երկիրն արևոտ։
Եկաք ու ընկաք
Մի նոր դըժընդակ
Փոթորկի առջև,
Ուր կիտվում են դեռ
Ահեղ, շանթաբեր
Ամպերը սև-սև։
1918 թ. հունվարի 29
Ս․ Գորոդեցկին հայերեն է սովորում, իսկ նրա հայոց լեզվի ուսուցիչն էր Հովհ․ Թումանայնի որդի Համլիկը։ Հայտնի բանաստեղծն իր տարբեր հոդվածներում նաև պոեզիայում անդրադարձել է հայոց պատմությանն ու մշակույթին, հայոց ցեղասպանությանը։ Հրատարակել է «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծությունների ժողովածուն։ 1919 թ. «Կավկասկոյե Սլովո» թերթում հրապարակում է Ղարաբաղին նվիրված մի ուշագրավ հոդվածը, որը արդիական է նաև այսօր։
ՂԱՐԱԲԱՂ
Ամեն երկիր, ամեն մի ազգ իր նվիրական պատվարն ունի: Երբ ժողովրդի պատմությունը հաջող ընթացք Է ունենում, այն դառնում Է մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոն: Իսկ երբ ճակատագիրը հալածում Է ազգին, այն դառնում Է ազգային կյանքի հենարան, հույսերի կղզի, վերածնության երաշխիք:
Հայ ժողովրդի համար հենց նշված վերջին դերն Է խաղացել ու խաղում Ղարարաղի լեռնային մարզը:
Բուն բնությունն Է նրան հսկայական նշանակություն տվել: Այնտեղ, Ղարարաղի անառիկ բարձունքներում, որ Կարսի ու Սևանի բարձրավանդակների շարունակությունն են, ավելի քան երկու հազար տարի հայ ժողովուրդը տոկացել Է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պահպանելով իր ազգային դեմքը:
Ազգագրական, տնտեսական ու լեզվային առումով լինելով միասնական, Ղարաբաղը դարձել Է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը:
Այդպիսին Է նա եղել անցյալում, այդպիսին Է ներկայումս և այդպիսին կլինի ընդմիշտ, քանի որ առանց Ղարաբաղի տերը լինելու, անկարելի Է պաշտպանել Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը:
Պատմության ընթացքում բազմիցս են հարձակման ալիքները զարնվել ու փշրվել Ղարաբաղի ամրությանը, թափանցելով սոսկ գետահովիտները, բայց այդտեղ Էլ երկար չեն մնացել: Սյունիքի (այդպես Էր կոչվում Ղարաբաղը) իշխանության մելիքությունները հին ժամանակներում բազմիցս են սեփական ուժերով տեղի հողերից քշել թշնամուն: Պատմությունը կրկնվում Է, և վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ:
Արցախցին
Բնությունը և պատմությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված տիպ: Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին
հեշտ Է ճանաչել ամենուր: Գործունեության լայն թափ, անձնուրաց քաջություն, կյանքը վտանգելու պատրաստակամություն,
ինքնավստահություն, ինքնատիպ համառություն, շիտակ նպատակամտություն, նահապետական պարզ կենցաղավարություն՝ ահա ղարաբաղցուն բնորոշ այն առինքնող հատկանիշները, որոնք ասես խտացնում են հայի հինավուրց առաքինությունները, որոնք այլուրեք դժգունել են պատմության արհավիրքներից, բայց անաղարտ վիճակում պահպանվել են Ղարաբաղում: Բարձրահասակ, պնդակազմ ժողովուրդը կյանքը փրկելու համար բարձրանալով լեռները, ամրապնդվեց լեռնային օդի ազդեցությամբ և իրեն զերծ պահեց այն վարակներից, որոնք բաժին են ընկնում հովիտների բնակիչներին Հայաստանի ազգային հիշողությունը պետք է պահպանի անվանի շատ ղարաբաղցիների հիշատակը: Չկա մի այնպիսի բնագավառ, որտեղ նրանք դրսևորած չլինեն իրենց ձեռներեցությունն ու տաղանդը: Քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առևտուր' այդ ամենը աշխատանքի ասպարեզ է ծառայել նրանց համար...
Տալով բազմաթիվ նշանավոր տղամարդ գործիչներ, Ղարաբաղը ստեղծել կամ ավելի ճիշտ իր զուտ տեսքով պահպանել է
նաև հին հայ կնոջ տիպը, որի հոգեբանության մեջ ու կենցաղում շատ բան է պահպանվել նահապետականությունից:
Ղարաբաղի նշանակությունը
Իր մշակույթով ու կենցաղով դարբնված Ղարաբաղը մեր օրերում ևս ստվեր չի գցել իր վաղեմի փառքի վրա: Ինչպես Թամեռլանի ժամանակներում հավաքելով իրենց զորագնդերը, մելիքները պաշտպանեցին Ղարաբաղի անկախութիւնը: Շուշիի միջադեպը
չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, և պաշտպանության գիծը, ըստ էության, մնաց անձեռնմխելի, ինչպես նախկին հարձակումների ժամանակներում:
Այդպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար: Եթե Հայաստանը կորցներ Ղարաբաղը, ապա ազգերի ինքնորոշման գաղափարը հարկավ խիստ կոտնահարվեր: Եվ ընդհակառակը, տերը լինելով Ղարաբաղի, Հայաստանը կստանա մշակութային եռանդագին ուժի հուժկու հորձանք, որը հորդելով Հայաստանի ավերված տարածությունները, դրանք կբեղմնավորի մշակույթով և դրանով իսկ կամբողջացնի Ղարաբաղի բազմադարյան պանծալի պատմությունը:
Յուրաքանչյուր ժողովուրդ հիմա փնտրում է իրենը: Վերածնված ազգերի ամբողջ ապագան կախված է այն բանից, թե նրանք
իրենց մեջ ազգային մշակույթի բավականաչափ, այսպես ասած, մակարդ կգտնեն արդյոք: Նման պայմաններում բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով կենտրոնացվել է մշակութային կյանքը, բացառիկ նշանակություն են ստանում: Այդպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար:
Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ, դեպի տաք ծովը, և գուցե հենց այդտեղից հորդեն ուժեր, որոնք
Ղարաբաղը դարձնեն Հայաստանի հյուսիսային ծայրամասը:Բայց այդ դեպքում ևս նա չի կորցնի իր նշանակությունը իբրև
անձեռնմխելի և դարերում քննություն բռնած մշակույթի ֆոնդի:
Աղբյուրը՝ Հանրագիտակ-օրացույց-1990: