Արցախը բոլոր ժամանակներում հայ մշակույթի զարգացման առաջնակարգ կենտրոն է եղել: Արցախի վանքերում գործել են դպրոցներ, գրչության կենտրոններ, մատենադարաններ: Առաջին դպրոցը ըստ պատմական աղբյուրների հիմնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Ամարասում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիմնած վանքում: Գանձասարում, Դադիվանքում, Գտչավանքում, Եղիշե Առաքյալի և մյուս վանքերում, անկախ անբարենպաստ հանգամանքներից բոլոր դարերում զարգացել է հոգևոր- մշակութային կյանքը, ստեղծվել են նշանավոր ու սրբազան ձեռագրեր՝ գեղեցիկ ու ինքնատիպ մանրանկարներով, յուրօրինակ խաչքարեր: Ներկայացնում ենք Արցախի հայտնի գրչության կենտրոնները, որտեղ ստեղծված ձեռագրական գանձերը պահվում և ցուցադրվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Գտչավանք
Պատմական Հայաստանի Արցախ նահանգի Դիզակ գավառի հոգևոր-մշակութային և գրչության նշանավոր կենտրոն: Այսօր գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ: Վանքը հիմնադրվել է 4-5-րդ դարերում, եղել գավառի եպիսկոպոսանիստը:
8-րդ դարում պատկանել է Առանշահիկ տոհմի Դիզակի իշխանությանը: 15-րդ դարից հայտնի գրչության կենտրոն էր, ուներ հարուստ մատենադարան:
Ամարաս
Վարանդա գավառում գտնվող հոգևոր-մշակութային և գրչության նշանավոր կենտրոն: 4-րդ դարի սկզբին վանքը հիմնել է Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: 5-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Արցախի առաջին դպրոցը բացել է Ամարասում: Վանքը եղել է գավառի եպիսկոպոսանիստը:
Դադիվանք
Ներկայիս Քարվաճառի շրջանում, նախկինում Վերին Խաչենի գտնվող հոգևոր-մշակութային և գրչության նշանավոր կենտրոն:
Ըստ ավանդության, եկեղեցին հիմնել է Թադեոս առաքյալի աշակերտ Դադին, որը մ. թ. 1-ին դարում Արցախում քարոզել է քրիստոնեություն և այստեղ էլ նահատակվել: Հետագայում Դադիի գերեզմանի տեղում կառուցվել է վանքը: 13-րդ դարում
վանքը եղել է Վերին Խաչենի Վախթանգյան տոհմի եպիսկոպոսանիստն ու տոհմական դամբանատունը: 1214 թ. Վախթանգ իշխանի կին Արզուխաթուն իշխանուհին ամուսնու և երկու որդիների հիշատակին կառուցել է տվել վանքի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին: Համալիրի արևմտյան մասում երկհարկանի զանգակատունն է, որի խորշում տեղադրվել են վանքի առաջնորդ Աթանասի` 1283 թ. կանգնեցրած երկու բարձրարվեստ և ժանեկազարդ խաչքարերը։ 2014 թ. վերականգնվել են Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու Սուրբ Ստեփանոս Նախավկայի և Նիկողայոս Սքանչելագործի պատկերներով որմնանկարները, որոնք ստեղծվել են 1278 թ.:
Մեծառանաց Սուրբ Հակոբավանք
Արցախի Մեծառանք գավառի հոգևոր-մշակութային կենտրոն: Այսօր գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մոտ: Մեզ հասած ամենահին վկայությունը մի խաչքարի պատվանդանին պահպանված 853 թվականի արձանագրությունն է: 14-րդ դարից Գանձասարի հետ եղել է Գանձասարի կաթողիկոսների նստավայրը:
Երիցմանկանց վանք
Ջրաբերդ գավառի հոգևոր և գրչության նշանավոր կենտրոն (ներկայիս Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ): Վանքը 1691 թ. կառուցել է Սիմեոն Ա Խոտորաշենցի կաթողիկոսը որպես Գանձասարի հակաթոռ կաթողիկոսություն:
Եղիշե Առաքյալի(Ջրվշտիկ) վանք
Պատմական Ջրաբերդ գավառի, ներկայիս Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտ գտնվող նշանավոր վանք: 5-րդ դարում հեթանոսական սրբավայրի տեղում վանքը հիմնադրել է Վաչագան Բարեպաշտ արքան, որտեղ ամփոփել է Եղիշե առաքյալի մասունքները: Վաչագան Բարեպաշտը նշանավոր թագավորը ևս թաղված է վանքում:
Խադավանք
Արցախ նահանգի Վերին Խաչենի հոգևոր կենտրոններից է(ներկայիս Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք): Վանքն անունն ստացել է Թադեոս առաքյալի աշակերտ Խադ եպիսկոպոսի անունից: Ավերվել է 1139 թ. երկրաշարժից և 1143 թ. սելջուկ-թուրքերի ասպատակություններից: 12-րդ դարում եղել է գավառի առաջնորդանիստը և Դոփյան իշխանական տան տապանատունը: 1195-1204 թթ. Հովհաննես Խաչենցին վերակառուցել է վանքը և կից հիմնել գրչության կենտրոն և հարուստ մատենադարան:
Գանձասար
Այս նշանավոր վանքը կառուցել է Ներքին Խաչենի իշխանաց իշխան Հասան-Ջալալ Դոլան 1216-1238 թթ. , իր հոր՝ Վախտանգ-Թանգիկի կտակի համաձայն: Հին եկեղեցու վայրում կառուցել է նորը՝ այն անվանելով Սուրբ Հովհաննես Մկրտչի պատվին։ Գանձասարի վանքը 12-13-րդ դարերում եղել է եպիսկոպոսանիստ և Հասան-Ջալալյան իշխանական տոհմի տապանատունը: 14-րդ դարից մինչև 1815 թ. վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան-Ջալալյանները: Գանձասարն Արցախի գլխավոր ուսումնավայրն էր և հայ գրչության արվեստի նշանավոր կենտրոններից մեկը: Տեղի ատենադարանում պահվել է ձեռագրերի հարուստ հավաքածու: