Արդեն ուժի մեջ մտած 2024 թվականը նահանջ տարի է, այսինքն տարի, երբ փետրվար ամիսը 29 օր ունի։ Ըստ հին հայկական՝ Հայկյան օրացույցի, որը հաշվվում է Հայկ Նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի օրվանից, այժմ 4516 թվականն է, իսկ տարին 4517 թվականի կփոխվի օգոստոսի 11-ին, այսինքն Նավասարդ ամսի 1-ին։
Ըստ արևելյան օրացույցի, որը սկսվում է փետրվարի 10-ից, տարվա խորհրդանիշը կանաչ վիշապն է, որն ընդհանուր առմամբ դրական զարգացումներ է խոստանում․ սպառված ուժերի վերականգնում, գիտելիքների ամբարում ու խաղաղ ստեղծագործ աշխատանք։ Կանաչ վիշապը նաև խորհրդանշում է իշխանությունը, վեհությունը, պատիվն ու հաջողությունը։ Ըստ արևելցիների՝ այս տարվա տարրը՝ փայտն է, որը զարգացման ու հաջողության խորհուրդներն ունի։
Ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցի տարին սկսվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնով՝ հունվարի 5-ի ճրագալույցի սուրբ պատարագով ու Աստվածահայտնությամբ։ Ապա հաջորդում են անշարժ ու շարժական տոներ ու հիշատակության օրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հավատացյալներիմ համար։ Մասնավորապես՝
Անվանակոչության տոնը՝ հունվարի 13-ին է։
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 23-ին։
Սիրահարների ամենեհաս օգնական ու գերիների ազատարար Սուրբ Սարգսի տոնը հունվարի 27-ին է։
Սուրբ Վարդանանց տոնը՝ փետրվարի 8-ին։
Մեծ պահքն այս տարի սկսվում է բավական վաղ՝ փետրվարի 12-ին։
Նորապսակների սիրելի Տրնդեզը՝ Տեառնըդառաջը՝ փետրվարի 14-ին է։
Մեծ պասը կիսող Միջինքը մարտի 6-ին է։
Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ մարտի 24-ին է։
Մեկ շաբաթ անց՝ մարտի 31-ին՝
Սուրբ Հարության տոնն է, Մեծ Զատիկը։
Համբարձման տոնը՝ մայիսի 9-ին է։
Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը՝ հուլիսի 7-ին։
Տարվա չորրորդ տաղավար տոնը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը՝ օգոստոսի 18-ին։
Խաչվերացը կամ Սրբխեչը՝ սեպտեմբերի 15-ին։
Սուրբ Գևորգի տոնը՝ սեպտեմբերի 28-ին։
Սուրբ Թարգմանիչների տոնը՝ հոկտեմբերի 12-ին։
Իսկ եկեղեցական տոնացույցի վերջին հիշատակության օրը՝ Սուրբ Հովհաննեսի ու Սուրբ Հակոբոսի տոնն է՝ դեկտեմբերի 28-ին։
Եկեղեցական տոնացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։