Գրառվել ու մեզ են փոխանցվել ժողովրդական հմայական բազում աղոթքներ։ Դրանք ուղղված են Աստծուն և սրբերին, կիրառվել են չար ուժերից, հիվանդություններից, թշնամիներից, արհավիրքներից պաշտպանության և այլ նպատակներով։ Այս աղոթքները հիմնականում փոքրածավալ, չափածո ոտանավորներ են, որոնք շատ ընդհանրություններ ունեն գրքային աղոթքների հետ, սակայն իրենց բառ ու բանով, գեղարվեստական առանձնահատկություններով տարբերվում են գրքային աղոթքներից։ Լինելով քրիստոնեական աղոթքներ, դրանք հաճախ հին հայերի հնագույն հավատալիքների, նաև թերևս որոշակի ծիսական գործողությունների ու սնահավատությունների արձագանքներ են։ Այս աղոթքներից շատերը գրվել են երկար գալարաթղթի վրա, դարձել հմայիլներ և կարվել հագուստին՝ նպատակ ունենալով պահպանել այն կրողին։ Այս աղոթքներում առաջին հերթին զարմացնում է Աստծո կենդանի զորության, այլ ոչ թե գրքային պատկերացումների առկայությունը։ Աստված, սրբերը ըստ աղոթողների կենդանի, գործուն, զորություններ են, բայց միաժամանակ անչափ հարազատ ու մտերիմ, որոնց կարող ես դիմել և՛ որպես հայր և՛ որպես զավակ։ Art365-ը ներկայացնում է իրենց պահպանիչ զորությամբ կիրառվող հմայական աղոթքների մի փունջ։
Հավատով խոստովանեմ`
Յոթ գլուխ Ավետարան,
Կանգնած հացի խերխրիշտակ,
Մայր կուս, մայր Աստվածածին.
Դու չարկամներաց կալես, կապես,
Խալես, խափանես,
Կրակ կազաբից, արուն խղեղից
Ազատ անես,
Յա չարխափան Սուրբ նշան:
Վասպուրական
Թէ գայլ ես` նայ գառ եղես,
Թէ առիւծ ես` նայ մաքի ես,
Թէ օձ ես` նայ կով ես.
Զերդ գառն տեսայ քեզ,
Զերդ մաքի բռնեցի,
Զերդ կով կթեցի զքեզ:
Ի սուրբ կուսանքն խապար տարան,
Իւր մուրազն զարկի:
Չունիք իշխանութիւն
Ոչ հպարտանաք, ոչ մեծանաք
Եւ ոչ բարձրանաք
Ի դիմաց ծառայիս Աստուծոյ [անուն]:
Մատենադարան, Հմայիլ 134
.Յուսին, .յուսին սուրբ Կուսին,
Ելանք գացինք դուռ Մուսեսին,
Երեք բևեռ Քրիստոսին.
Մեկն` ի բերան գել գազանին,
Մեկն` ի բերան չար աչքին,
Չար լեզվին, չար նիաթին, չար սահաթին,
Մեկն էլ ի՞նչ, կես քշերի, մեջ գիշերի
Դալան տոլաջմիշ կանի:
Թևը թևին թուլ անես,
Աչքն երեսին կուր անես,
Լեզուն բերնին օղ անես,
Ոտը ոտին կոնտ անես:
Աշտարակ /Ոսկեվազ
Լուսը լուսացավ,
Բարին բացվեցավ.
Լուսեղեն կապել է կամար,
Հոգին պահ տամ քեզի համար:
Ուսին, ուսին սուրբ կուսին,
Իրեք բևեռ Քրիստոս[ին].
Մայրամ նստել սեղանին,
Գիրկն է առել սիրուն որդին,
Խաչըմ սրտին, խաչըմ լերդին,
Աղոթք կէնե լուս տաճարին:
Գյումրի
Տե՛ր ջան, դու տաս երկրին,
աշխարքին խաղաղություն,
Մեզ էլ` կանաչություն, առողջություն,
Փորձանքից հեռու,
Ուրախահոտ, ծաղրերես,
Էլած սրտին համբերություն տաս:
Տե՛ր ջան, քաղցրանաս,
Չար մարդկանց սիրտը բարեցնես,
Խիղճ տաս իրենց,
Գութ գցես սրտերը:
Մուխաննաթին էյթաջ չէնես,
Բարի աչքդ վրեներս պայես,
Անփորց, անքյադար պայես,
Հացին էժնություն,
Մային թանկություն։
Շիրակ/Առափի
Հե¯յ քե մեռնեմ, յոթ անվան տեր,
Յոթ մասունք Օհանես
Մկրտիչ, ամենափրկիչ.
Ապավինել եմ քեզի, բարի լուսու
քաղցր Քրիստոս,
Իմալ մթնցուցեր ես, մթան, լուսո տեր,
Դու մի դուռ բացես ամեն անճարի վրեն:
Անճարին ճար էնող Տեր,
Դու խասես ամեն անճարին.
Էս ձեռ էն ձեռին հավջա
Մարդը նամարդին մուխթեճ չէնես,
Քո սրտով էնես,
Ստեղծածիդ սրտով չէնես,
Ամեն մարդու սրտի չափով հուրին տաս:
Աստվա՛ծ, դու ազատիս
Գիշերվա, ցերեկվա փորձանանցեն,
Հում լեզվեն,
Հոտած բերնեն,
Կրճալը ատամեն,
Անօրի շառեն,
Զուր ու բուխտընեն,
Հանկարծակի փորձանանցեն,
Իմ մեղացեն,
Դառն դժոխքեն,
Պարտքեն ու փոխեն:
Աստվա՛ծ, դու ազատիս
Խրեն, ջրեն, կրակեն,
Սրեն, թրեն, դրեն,
Իմ մեղացեն,
Պարտքեն ու փոխեն:
Աստվա՛ծ, դու ազատիս
Սարեն, քարեն,
Գելեն, գազանեն,
Աժդահարեն, վուշապեն,
Ամենայն գիջու ջանավարեն,
Սելեն սելաֆեն,
Թոփեն, թվընքեն,
Կռիվ ու կռվանքեն,
Իմ մեղացեն,
Դառն դժոխքեն,
Պարտքեն ու փոխեն:
Աստվա՛ծ դու ազատիս
Թոնեն, թնջանքեն,
Կարկուտեն, կայծակեն,
Ծաղկեն, կարմրուկեն,
Պատեն, պատատըկեն,
Քարեն, քարսպանեն,
Փետեն, փետուրանքեն,
Ձնեն, ձմերանքեն,
Ցրտեն, խիամաթեն,
Իմ մեղացեն...
Աստվա՛ծ, տաս աշխարհին խաղաղութեն,
Իմ մեղաց թողութեն,
Պարտքեն ու փոխեն ազատութեն,
Եկեղեցաց պայծառութեն,
Հացին .յեժնութեն,
Մահին թանկութեն,
Թագավորաց և դատավորաց համբերութեն,
Մեզի ուրախութեն արժանի էնիս, ամեն:
Ալաշկերտ
Աղբյուրը՝ Սարգիս Հարությունյան, Հայ հմայական ժողովրդական աղոթքներ, Երևան, ԵՊՀ, 2006: