Ապրիլի 22-ին է ծնվել գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը(1724-1804): Իր հայտնի ուսումնասիրություններում՝ «Զուտ բանականության քննադատություն», «Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի» և այլն, Կանտը քննարկել է ճանաչողության, բարոյականության, գեղագիտության, մտածողության և բազում այլ՝ փիլիսոփայության առանցքային հարցեր: Կանտի փիլիսոփայական հայացքները ահռելի ազդեցություն են թողել հետագա շրջանի փիլիսոփայության ու հասարակագիտության վրա: Art365-ը ներկայացնում է քաղվածքներ մեծ փիլիսոփայի ուսումնասիրություններից, որտեղ անդրադարձ կա նաև հայ ժողովրդին:
Երկու բան միշտ հոգին լցնում է նոր և ավելի ուժեղ զարմանքով և ներշնչքանով, որքան հաճախ և ավելի երկար ենք անդրադառնում դրանց. աստղազարդ երկինքն իմ գլխավերևում և բարոյական օրենքը իմ մեջ:
Պատերազմի համար հատուկ խթաններ պետք չեն. այն ըստ երևույթին ներարկված է մարդկային էության մեջ և նույնիսկ համարվում է վեհ բան, որին մարդուն մղում է փառասիրությունը, այլ ոչ թե շահը: Սա հանգեցնում է նրան, որ ռազմական հմտությունը համարվում է արժեք (ամերիկյան վայրենիների, ինչպես նաև ասպետական ժամանակներում եվրոպացիների շրջանում) ոչ միայն պատերազմի ժամանակ (ինչը ճիշտ է), այլ նաև դառնում պատերազմի պատճառ: Եվ հաճախ պատերազմ է սկսվում միայն այս քաջությունը ցույց տալու համար. հետևաբար, ներքին արժանապատվությունը երևում է հենց պատերազմի մեջ, այնպես որ նույնիսկ փիլիսոփաները գովաբանում են պատերազմը որպես մարդկային ցեղը ազնվացնող բան...:
Հայերի մեջ տիրապետում է մի ինչ‐որ յուրատեսակ առևտրական ոգի. նրանք զբաղվում են ապրանքափոխանակությամբ, ոտքով ճամփորդում են Չինաստանի սահմաններից մինչև Կորսո հրվանդանը Գվինեայի ծովափին: Դա ցույց է տալիս այդ խելամիտ և ժրաջան ժողովրդի առանձնահատուկ ծագումը, որը հյուսիս‐արևելքից մինչև հարավ‐արևելյան ուղղությամբ անցնում է գրեթե ամբողջ Հին Աշխարհով և կարողանում է սիրահոժար ընդունելություն գտնել բոլոր ժողովուրդների մոտ, որոնց հետ նրանք շփվում են: Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը, որի սկզբնական ձևավորումը մենք այլևս չենք կարող հետաքննել`այժմյան հույների թեթևամիտ և քծնող բնավորության հետ համեմատած:
Երեխաներին պետք է դաստիարակել ոչ թե ներկայի, այլ ապագայի, մարդկային ցեղի զարգացման հնարավոր լավագույն մակարդակի համար։
Ամենաերկարն են ապրում նրանք, որոնք ամենաքիչն են մտածում երկարակեցության մասին։
Եթե մի օր ավելի բարձր կարգի էակ ստանձներ մեր դաստիարակությունը, ապա նոր իսկապես կերևար, թե ինչ կարող է դառնալ մարդը։
Եթե երեխային պատժես չարության համար, իսկ բարության համար պարգևատրես, ուրեմն նա բարիք կգործի հանուն շահի։
Կան որոշ սխալ պատկերացումներ, որոնք հերքել չենք կարող։ Պետք է մոլորված մտքին հաղորդել այնպիսի գիտելիք, որը կլուսավորի նրան։ Այդ ժամանակ զառանցանքն ինքնին կվերանա։
Քաջություն ունեցեք օգտագործել ձեր սեփական միտքը:
Երբ արդարությունը վերանում է, ոչինչ չի մնում, ինչը կարող է արժևորել մարդկանց կյանքը։
Ով վախով հոգ է տանում, որ չկորցնի իր կյանքը, երբեք չի վայելի այդ կյանքը:
Սեր կյանքի նկատմամբ նշանակում է սեր ճշմարտության նկատմամբ:
Մահից մենաքիչն են վախենում այն մարդիկ, ում կյանքը ամենամեծ արժեքն ունի:
Ով դառնում է սողացող որդ, հետո կարող է բողոքել, որ իրեն տրորել են։
Կնոջ ճակատագիրը տիրելն է, տղամարդու ճակատագիրը՝ թագավորելը, ըստ այդմ էլ տիրում է կիրքը, իսկ կառավարում՝ խելքը:
Խելամիտ հարցեր բարձրացնելու կարողությունն արդեն խելքի և խորաթափանցության կարևոր և անհրաժեշտ նշան է:
Բնավորորությունը՝ սկզբունքների համաձայն գործելու կարողությունն է: