Հայկի ու Բելի ճակատամարտով ու մեր նահապետի հաղթանակով ամեն ինչ միայն սկսվում է: Սակայն քչերը գիտեն, թե ովքեր էին Հայկի սերունդները, ով, որտեղ բնակվեց ու ինչպիսի՞ն էր: Ինչպես ընդունված է հին ավանդություններում և առասպելներում հերոսի հաղթանակից հետո, ստեղծվում է նրա ժողովրդի ապրելու տարածքը: Այսպես էլ Հայկի զավակներն ու թոռները իրենց անուններն են տալիս Հայաստանի լեռներին, ձորերին, լճերին ու մարզերին:
ԺԲ
ՀԱՅԿԻՑ ՍԵՐՎԱԾ ՑԵՂԵՐԻ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ,
ԵՎ ԹԵ ՆՐԱՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ Ի°ՆՉ ԳՈՐԾԵՑ
Սրանից հետո, ասում է նա, Հայկը դառնում է իր բնակության տեղը. իր Կադմոս թոռին պարգևում է շատ ինչք պատերազմի ավարից և անվանի մարդիկ իր ընդոծիններից: Նրան հրամայում է իր առաջին տանը բնակություն հաստատել, իսկ ինքը գնում դադար է առնում Հարք կոչված դաշտում: Սա տարիներ ապրելով, Արամանյակին սերեց Բաբելոնում, ինչպես վերն ասացինք. դրանից հետո դարձյալ ոչ քիչ տարիներ ապրելով՝ մեռավ, ամբողջ տոհմը հանձնելով իր Արամանյակ որդուն: Իսկ սա իր եղբայրներից երկուսին՝ Խոռին և Մանավազին իրենց ամբողջ աղխով, ինչպես Մանավազի որդի Բազին, թողնում է Հարք կոչված տեղում: Սրանցից Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ նրա որդին՝ Բազը ժառանգում է աղի ծովի հյուսիսարևմտյան ափը և գավառն ու ծովը կոչում է իր անունով: Ասում են, որ սրանցից են առաջ եկել Մանավազյան և Բզնունյանց նահապետությունները, նաև Որդունի կոչվածը, որոնք վերջերս սուրբ Տրդատից հետո, մեկը մյուսին ոչնչացրեց պատերազմով: Իսկ Խոռը բազմանում է հյուսիսային կողմերում, շեներ է հիմնում, և ասում են, որ նրանից սկսած մինչև այժմ շարունակվում է Խոռխոռունիների ցեղի մեծ նախարարությունը. քաջ և անվանի մարդիկ, որոնք այժմ էլ մեր ժամանակ երևելի են:
Իսկ Արամանյակը ամբողջ բազմությունն առնելով չվում է դեպի հյուսիս-արևելք և գնում իջնում է բարձրագագաթ լեռներով շրջապատված մի խոր դաշտավայր, որի միջով մի կարկաչահոս գետ է անցնում արևմտյան կողմից, և դաշտի արևելյան մասը կարծես մեջքի վրա պառկած երկարությամբ ձգված է արեգակի կողմը, իսկ լեռների ստորոտներում բխում են բազմաթիվ ականակիտ աղբյուրներ, որոնք միանալով, գետեր կազմելով, հեզաբար հոսում են նրանց սահմանների մոտ, լեռների ստորոտներով և դաշտի եզրերով, կարծես թե որպես պատանիներ պտտվում են երիտասարդուհիների շուրջը: Իսկ հարավային արեգակնասլաց լեռը, սպիտակափառ գագաթով, ուղիղ բուսել է երկրից՝ պինդ գոտեվորված մարդու երեքօրյա ճանապարհի շրջապատով, ինչպես ասաց մերոնցից մեկը, և հետզհետե սրվում է դեպի վեր, իսկապես մի ծերունի լեռ երիտասարդացած լեռների մեջ: Արամանյակն այս խոր դաշտում բնակվելով՝ շենցնում է մի մասը դաշտի հյուսիսային կողմում և լեռան ստորոտը նույն կողմում. լեռն իր անվան նմանողությամբ կոչում է Արագած, իսկ կալվածը՝ Ոտն Արագածո:
Բայց սքանչելի մի բան է ասում պատմագիրը, թե շատ տեղերում ցիրուցան բնակվում էին սակավաթիվ մարդիկ մեր երկրում նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը: Արամանյակը տարիներ ապրելուց հետո սերեց Արամայիսին, որից հետո էլ բավական տարիներ ապրելով մեռավ: Նրա որդին՝ Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ: Իսկ իր որդուն՝ բազմազավակ և շատակեր Շարային ամբողջ աղխով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, հյուսիսային լեռան Արագածի թիկունքում, որտեղից շատ ջրեր են հոսում. նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ: Ուստի, թվում է, թե ճշտվում է գյուղացիների մեջ տարածված առասպելը. «Թե քո որկորը Շարայի որկորն է, բայց մեր ամբարները Շիրակի ամբարները չեն»: Այս Արամայիսը տարիներ ապրելով սերեց իր որդի Ամասիային, որից հետո էլի տարիներ ապրելով մեռավ:
Ամասիան Արմավիրում բնակվելով՝ տարիներ անցնելուց հետո սերում է Գեղամին և Գեղամից հետո արի Փառոխին ու Ցոլակին: Սրանց սերելուց հետո գետն անցնում, մոտենում է հարավային լեռան: Այստեղ լեռան ստորոտում՝ խորշերում խոշոր ծախսերով շինում է երկու տուն, մեկը արևելյան կողմում՝ լեռան ստորոտից բխող աղբյուրների ակունքների մոտ, իսկ մյուսը՝ նույն տնից դեպի արևմուտք նրանից հեռու՝ հետևակ մարդու կեսօրվա ճանապարհով երկար օրում: Սրանք նա տվեց ժառանգություն իր երկու որդիներին՝ արի Փառոխին և կայտառ Ցոլակին, որոնք այնտեղ բնակվելով իրենց անունով կոչեցին այդ տեղերը, Փառոխից՝ Փառախոտ և Ցոլակից՝ Ցոլակերտ: Իսկ լեռը Ամասիան իր անունով կոչեց Մասիս և հետո նորից Արմավիր դառնալով կարճ տարիներ ապրեց ու մեռավ: Իսկ Գեղամը տարիներ անցնելուց հետո Արմավիրում սերեց Հարմային. նա Հարմային թողեց Արմավիրում բնակվելու իր որդիների հետ, իսկ ինքը գնաց հյուսիս-արևելքում եղած մյուս լեռան հետևի կողմը՝ մի ծովակի ափ: Նա շենցնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ և իր անունով լեռը կոչում է Գեղ, իսկ շեները՝ Գեղարքունի, որով կոչվում է նաև ծովը:
Այստեղ նա սերեց իր Սիսակ որդուն, որ մի սեգ ու թիկնավետ, վայելչակազմ, ճարտասան և գեղեցիկ աղեղնավոր էր: Նրան տվեց իր ստացվածքի մեծ մասը և բազմաթիվ ծառաներ, և նրան ժառանգական սահման կտրեց ծովից դեպի արևելք մինչև այն դաշտը, ուր Երասխը սեպացած լեռները ճեղքելով, երկար ու նեղ ձորերով անցնելով, ահագին շառաչյունով թափվում է դաշտը: Սիսակն այստեղ բնակվելով իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք. բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական: Վերջերը Հայոց առաջին թագավոր Վաղարշակը՝ Պարթև ցեղից, գտնելով սրա սերունդներից անվանի մարդիկ՝ այս երկրին տերեր է նշանակում, որ Սիսական ցեղն է: Վաղարշակը այս անում է պատմությունից իմանալով, իսկ թե ինչպես այս եղավ, իր տեղում կպատմենք:
Իսկ ինքը Գեղամը նորից դառնում է հիշյալ դաշտը, և նույն լեռան ստորոտում, մի ամուր ձորակում շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի: Վերջերը, Վաղարշակի թոռան՝ Արտաշեսի ժամանակ, սրա սերունդներից մի պատանի է եղել Վարաժ անունով, եղջերուների, այծյամների և վարազների որսերում հաջողակ, ուժեղ և ճիշտ նետաձիգ: Սրան (Արտաշեսը) նշանակում է արքունական որսերի վրա և շեներ է պարգևում Հրազդան կոչված գետի ափին: Սրանից, ասում են, առաջ է եկել Վարաժնունյաց տունը: Այս Գեղամը, ինչպես ասացինք, տարիներ ապրելով սերեց Հարմային, որից հետո էլի ապրելով, մեռավ և իր որդուն՝ Հարմային հրամայեց Արմավիրում բնակվել:
Այս Հայկը՝ Թորգոմի որդին, Թիրասի որդին, Գամերի որդին, Հաբեթի որդին,- հայաստանցիների նախնին է. և այս են նրա ցեղերն ու սերունդները և նրանց բնակության երկիրը: Այնուհետև, ասում է (Մար Աբասը), նրանք սկսեցին բազմանալ և երկիրը լցնել:
Հարման տարիներ ապրելով սերեց Արամին՝ Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները՝ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ:
Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Պատմություն հայոց /թարգմ. ծանոթագր. և առաջաբ.` Ստ. Մալխասյան, խմբ.` Վ. Առաքելյան, Ա. Աբրահամյան/, Երևան, 1968:
Նկ. Ս.Աղաջանյան, Արարատը և Արարատյան դաշտը, 1934, աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am