Շատերը գիտեն Խաչատուր Աբովյանի կյանքի գլխավոր իրադարձություններից մեկի՝ Արարատի գագաթ վերելքի մասին: Հայ մեծ գրողը Արարատ է բարձրանում 1829 թ. սեպտեմբերի 27-ին՝ Դորպատից Հայաստան եկած պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և նրա ուղեկիցների հետ: Սակայն քչերը գիտեն, որ Խ. Աբովյանը Արարատ է բարձրացել երեք անգամ: Առաջին վերելքից հետո, երկրորդ անգամ՝ բնագետ-ճանապարհորդ՝ Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխի հետ` 1845 հուլիսի 29-ին: Իսկ վերջին անգամ՝ 1846 թվականի աշնանը անգլիացի ճանապարհորդ, հետագայում պառլամենտի անդամ՝ Հենրի Դենբի Սեյմուրի հետ: Արարատ բոլոր վերելքների մասին պահպանվել են թե՛ Աբովյանի, և թե՛ ճանապարհորդների ուղեգրական հուշերը կամ հոդվածները: Բանն այն է, որ շատերը կասկածի էին ենթարկում Խ. Աբովյանի Արարատ բարձրանալու փաստը և գիտնականներն ու Աբովյանը ստիպված էին իրենց տարբեր գրություններով փաստել ապացուցել վերելքը: Բոլոր վերելքների պատմություններն էլ անչափ հետաքրքիր են: Ներկայացնում ենք երրորդ վերելքի մասին Խ. Աբովյանի ռուսերեն հոդվածի հայերեն թարգմանությունը: Այստեղ տեսնում ենք պայծառ մարդ ու հայրենասեր Աբովյանին, տեղեկանում Մասիսի հրաբխային ակտիվության, Ակոռի գյուղի կործանման մասին և, իհարկե, կարդում հայ մեծ գրողի խորհուրդները Մասիս բարձրանալու վերաբերյալ:
ՆՈՐ ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ
(հատվածաբար)
Անցյալ տարվա աշնանը, արևելքում կատարած իր հեռավոր ճանապարհորդությունից հետո, Երևան ժամանեց անգլիացի Հանրի Դենբի Սիմուրը։ Պատահմամբ ծանաթանալով նրա հետ, ես տեղեկացա նրա դիտավորությանը՝ այցելել Էջմիածնում ամենայն հայոց հայրապետին և լինել Արարատի շրջակայքում, անձամբ տեսնելու համար այն ավերածության հետքերը, որոնք պահպանվել էին 1840 թվի հունիսի 20-ին տեղի ունեցած հեղակարծ փլվածքից հետո։ Նա հրավիրեց ինձ ևս ուղեկցելու իրեն գոնե մինչև այնտեղ, ուր գտնվում էր նախկինում Ակոռին: Կարծելով, որ մեր գնալ֊գալը երեք օրից ավելի տևի, իսկ այդ երեք օրը, տոնի պատճառով, ես ազատ Էի իմ ծառայության գրաղմունքներից, ես հաճույքով ընդունեցի ազնիվ անգլիացու առաջարկությունը։
Մեր պատրաստությունները երկար չտևեցին։ Սեպտեմբերի 1<4>—ին մենք Սիմուրի և ենթասպա Ի-ի հետ արդեն Էջմիածնում Էինք, արժանացանք հայրապետի օրհնությանը և, նորին սրբազնության սիրալիր ընդունելությունից հետո, նրա ցուցմունքներով առաջնորդվելով, մյուս օրը Արաքս գետի մերկացած հովտով դիմեցինք դեպի Արարատ՝ չպատահելով և ոչ մի աչքի ընկնող բանի։
Արարատն այդ ամբողջ ժամանակ կանգնած էր իր համակ պայծառության և վեհության մեջ, միայն երբեմն ծածկվելով վերահաս ամպերով։ Իմ ուղեկիցները, հափշտակված սրբազան լեռան գեղեցիկ տեսքով, հիացմունքով խոսում էին այն մասին, թե ինչպես երջանիկ կլինեին, եթե իրենք լինեին նրա գագաթին, բայց ինձնից թաքցնում էին իրենց բուն դիտավորությունը՝ անպայման բարձրանալ Արարատի գագաթը։
Նրանց այդպիսի ցանկաթյունը ինձ ավելի քան տարօրինակ Էր թվում, քանի որ այդ պարոնները դեռ չգիտեին, թե ինչպիսի դժվարություններ, նախապատրաստություն, ջանք ու անձնազոհություն Է պահանջել գիտնական մադկանցից այդ վերելքը՝ նամանավանդ պարոններ Պարրոտից և Աբիխից: Բանը սակայն շուտով պարզվեց։ Սեպտեմբերի 15֊ին մենք արդեն գտնվում Էինք Արալըխ պահակատեղի մոտ՝ Երևանից 50 և Ակոռու փլվածքից 15 վերստ հեռու։Պարոն Սիմուրի վճռական մտադրությունը լինել Արարատի գագաթին, ինձ վհատության մեջ գցեց։ Իմ երկարատև բացակայությունը տարվա այդ ժամանակին, կենսամթերքի, տաք զգեստների, գործիքների և մարդկանց միանգամայն պակասությունը, ինձ հայտնի վտանգներն ու դժվարությունները՝ կապված այդ տեսակ ձեռնարկության հետ,- այդ բոլորը ծանր ազդեցություն արին իմ երևակայության վրա: Ես փորձեցի մի քանի անգամ համոզել անգլիացուն՝ ետ կենալու այդ ձեռնարկություններից, բայց զուր անցավ։ Ես էլ կամա-ակամա պիտի հետևեի նրանց։ Մեզ առաջնորդելու համար մենք վերցրինք Նոր-Ակոռի գյուղից Սիմեոն Սարգսյանին, որը անցյալ տարի ուղեկցել Էր պարոն Աբիխին։ Թուրքերին սպասելը, որոնց հետեից մի կազակ էր ուղարկված մերձավոր գյուղը և որոնք պիտի գային ձիերով երեկոյից ոչ շուտ, առիթ տվեցին ինձ օգտվելու այդ պատեհությունից, որպեսզի ետ դառնամ, երբ հանկարծ անսպասելի ստացվեց կորդոնի պետի՝ եսավուլ Կ.-ի աոաջարկությունը ուղեկցել մեզ դեպի լյառը, որ և վերացրեց իմ երկբայությունները և մեր կանխատեսած բոլոր անհարմարությունները։ Եվ մենք նրան ենք պարտական այդ ձեռնարկության ողջ հաջողությունը։
Վերցնելով կազակներից այն ամենը, ինչ միայն կարելի էր գտնել նրանց մոտ և մնաս բարև ասելով պարոն Ի.֊ին, որ տաոապում էր ջերմով, ժամը 2-ի մոտ, ճաշից հետո, պարոն եսավուլ Կ.-ի, չորս կազակների ու երեք հայերի ուղեկցությամբ ճանապարհ ընկանք դեպի Հին֊Ակոռի:
Երեկոյան արդեն հասանք մի փոքրիկ պարտեզի, որ անվնաս էր մնացել փլվածքից և գտնվում էր Ակոռուց ոչ հեռու։ Վշտալի է, երբ մարդ նայում է երբեմնի ծաղկյալ բնակավայրից մնացած այդ տխուր հետքերին, նամանավանդ ինձ՝ նրա նախկին բարեկեցությունը հիշողիս և այդ տեղերը հանգուցյալ Պարրոտի, չորս տարի սրանից առաջ պարոն Վագների և 1844-ին՝ պարոն Աբիխի հետ հաճախակի այցելողիս համար: Ոչ ավելի քան վեց տարի առաջ այստեղ դեռ գոյություն ուներ գեղեցիկ գյուղը՝ ինչպես իր տեղով ու դիրքով, և կլիմայով, այնպես էլ իր հարստությամբ ու հնությամբ:
Բայց Արարատի մի ճակատագրական ժայթքումը մի քանի րոպեի մեջ միայն ամայություն սփռեց և ճակատագրական գերեզմանով ծածկեց 5000 բնակիչ` իրենց բոլոր տներով, այգիներով և դաշտերով` վեց վերստ լայնություն և 15-ից մինչև 20 վերստ երկարություն ունեցող տարածության վրա։ Մի քանի ծառ այստեղ-այնտեղ բոլորովին չորացած ու մի քանի տեղ էլ դեռ տխրադեմ կանաչ մնացած, մի քանի տապանաքար սուրբ Հակոբի հովտից աջ, խոտերի մեջ խրված, նախկին գերեզմանոցի
մնացորդները, ու մի քանի փոս էլ զոհված մարդկանց տների վրա բան գտնելու հույսով գիշատիչ քրդերի ձեոքով փորված, թախծալիորեն հիշեցնում էին անցյալ կյանքի հետքերի մասին: Այստեղ մենք անցկացրինք առաջին գիշերը։
Առավոտյան վաղ մենք հասանք Փոքր Մասսի հյուսիսային ստորոտում գտնվող փոքրիկ անտառի մոտ: Այստեղ, ի զարմանս մեր, շատ կետերում հանդիպեցինք ձյան հյուսերից գոյացած ջրի, որ այսքան ուշ ժամանակ ընդհանրապես չէր կարելի սպասել։ իսկ այսպես կոչված Սարդարի աղբյուրը մինչև իսկ առատաջուր էր դարձել, ինչպես ամառ ժամանակ։
Այստեղից, այսպես ասած, քայլ առ քայլ գնացինք պարոն Աբիխի հետքերով և մոտավորապես ժամը 2-ին, ճաշից հետո, հասանք նրա նախկին գիշերած տեղը՝ անկարգ զանգվածներով առատորեն թափված ահագին ձյան հյուսերի և բլրակների մեջ։ Այստեղ է գտնվում բոլոր այս տեղերի մեջ միակ ապաստարանը՝ հանգստանալու համար: Պետք է թողնեինք ձիերը և
ամեն մեկս հավաքելով ուժերս, ոչ թե գնայինք, այլ մագլցեինք վեր: Չորս կողմը լռություն էր, երկինքը պարզ էր, և Արարատը չէր մռայլվում ոչ մի կտոր ամպով: Մենք պատրաստ էինք շարունակելու ճանապարհը, բայց մեր առաջնորդներին հանգստություն էր հարկավոր և լավ էլ էր, որ այդպես եղավ, ապա թե ոչ մենք հարկադրված պիտի լինեինք երկու գիշեր
անցկացնել ամենացուրտ բարձունքներում:
Շուտով Արարատի հսկա ստվերը պարուրեց մեզ ամայի աղջամուղջով, այնինչ Արաքսի ամբողջ հովիտը և նրան շրջապատող լեռնաշղթաները դեռ փայլփլում էին ծիրանի ցոլքով։ Երեկոյան դեմ լեռնային հեղեղատների խոխոջյունը սկսեց սակավ առ սակավ կենդանացնել գերեզմանային լռությունը:
Այդ բարեհաջողությունը նշան էր, որ Արարատի հեռավոր բարձունքների վրա ևս դեռ կար բավականաչափ ջերմություն։
Սեպտեմբերի 17-ը մեզանից շատերի համար առեղծվածային էր: Արարատը կատարելապես պարզ ու պայծառ նկարվում Էր մեր առաջ, ինչպես հայելու մեջ: Պետք Էր օգուտ քաղել հրաշալի եղանակից: Մենք շտապեցինք վերցնել մեզ հետ այն բոլորը, ինչ անհրաժեշտ Էր նման ճանապարհի համար՝ տաք զգեստներ, ածուխ ու փայտ, հաց ու գինի։ Շալակն առնելով բեռը, յուրաքանչյուրը զինվեց կազակական տեգով, և, այսպիսով, մեր ամբողջ քարավանը, բաղկացած բացի ինձանից, պարոն Սիմուրից և եսավուլ Կ.-ից, ևս երեք հայերից ու մի կազակից, Աստծո օգնությամբ առաջ շարժվեց նախ Մեծ Մասսից ուղիղ դեպի արևելք և Փոքր Մասսի ուղղությամբ ձգվող ձորով, ապա առաջին և երկրորդ ձորերի մեջ գտնվող ժայռոտ լեռնակողով և, վերջապես, դեպի հյուսիս֊արևմուտք՝ մի փոքր պտույտ տալուց հետո՝ բավական զառիթափ և ժայռոտ տարածության վրայով, որ նույն ուղղության վրա Է և սև շերտի ձևով համարյա հասնում Է մինչև Արարատի բուն գագաթը: Այդ տարածությունից կամ
շերտից դեպի աջ բարձրանում Է այդ տեղերում միակ բարձր կետը՝ Քիլիսատաշը (այսինքն եկեղեցու քար), որ այդպէս է կոչված հայկական եկեղեցիների գմբեթին նմանվելու պատճառով։ Այստեղից մինչև բուն գագաթը ձգվում է հավերժական ձյունով ու սառույցով ծածկված լեռնային մի զառիվայր, իսկ դրան կից ընկած է այն նվիրական շերտը, որ երկարատև ու վտանգավոր որոնումներից հետո հայտնագործել էր պարոն պրոֆեսոր Աբիխը:
Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխ
Դա կարծես մի բնական սանդուղք լինի՝ հենց բնության կողմից այդ նպատակով ստեղծված, և մի այլ ավելի հարմարավոր ուղի չկա այստեղ վերելքի համար: Աստիճան առ աստիճան բարձրանալով նրանով ավելի ու ավելի վեր, մենք բոլորովին ապահովված պիտի համարեինք մեզ այն բոլոր վտանգներից, որոնք սպառնում են զառիվայրերը բարձրանալիս. ամենահուսալի հենարանն էր մեծամեծ քարերի բազմությունը թափված ամբողջ ճանապարհի վրա, և դժվարություն էր աոաջ գալիս միայն այնտեղ, ուր հանդիպում էին երբեմն հեշտությամբ ոտքի տակից սահող մանր քարեր, ավազ և կավ: Այդ ճանապարհին, տարվա այդքան ուշ ժամանակ, երբեմն տեսնում էինք քարերի մեջ կանաչ խոտեր ու ծաղիկներ և մի երկու-երեք տեսակ երգող թռչնիկներ: Շուտով գոհությամբ նկատեցինք, որ չնայած աշնանային օրվա կարճությանը, մենք բավականաչափ վաղ անցել ենք այն վտանգավոր տեղերը, որտեղ սրանից մի երկու տարի առաջ մեր կատարած կրկնակի փորձերից հետո, պարոն Աբիխի հետ միասին հազիվ կարողացանք փրկել մեր կյանքը: Այդ տեղերն իսկական դժոխք դարձնող ահռելի բքից, մրրկից, փոթորկից, ամպրոպից։
...Մեր առաջին գործը եղավ կրակ անել և տաքանալ թեյով։ Մութն էլ արդեն կամաց-կամաց կոխում էր բովանդակ շրջակայքը։ Դժվար է պատկերել գիշերվա վեհ տեսարանը լեռնային բարձունքի վրա, ուր քար լռությունը, մերկ ու մռայլ ժայռերը և մթին անդունդները երկնային լուսատուների դժգույն ցոլքի մեջ ներգործում են հափշտակված ուղևորի վրա...։
...Գիշերր բարեհաջող անցավ մեզ համար, և բացվեց ուրախ առավոտը։ Գիշերը ցուրտն աննշան էր, և մենք կատարելապես կարող էինք բախտավոր համարել մեզ, եթե միայն մեր ընկերներից մի քանիսին անհանգիստ արած չլիներ գլխացավը, որն ինչքան որ Երևանի թունդ գինու գործածությունից էր (ի դեպ, պետք է ասեմ, ամենևին չպետք է գինի գործածել լեռնային ուղևորությունների ժամանակ), այնքան էլ նոսրացած օդից և շատ բարձր տեղեր ելնելուն անընտել լինելուց։
Թևավորված շուտով մեր թափառումների ցանկալի նպատակին՝ այստեղից արդեն մոտիկ՝ Հին Կտակարանի լեռանը հասնելու հույսով, մենք վերստին առաջ ընկանք արեգակի պայծառ ճառագայթների լույսով։ Այժմ արդեն պարոն Սիմուրը, որ առաջ ետ էր ընկնում, սկսեց ուրիշներից առաջ անցնել...:
...Այստեղ հարյուր քայլի վրա վերելքն ավելի զառիթափ է դառնում, ձյունից մերկացած շերտն սկսում է սեղմվել, այնուհետև նրա ետևում բացվում է Արարատի լայն և համարյա հարթ-հավասար գագաթով ավարտվող ձյունածածկ թեքվածքը: Պետք էր դարձյալ մի քանի զորեղ քայլ աոաջ անել բավական թեք լանջի վրայով, որպեսզի հասնեինք լեռան գագաթը։ Այս անգամ բախտը կամեցավ ինձ շնորհել մարդկային ցեղի նախահոր սրբազան բնակավայրին աոաջինը երկրպագելու երջանկությունը։ Լեռան բուն գագաթը մի տափարակ, փոքր ինչ կարծրացած ձյունից խորդուբորդ հարթություն է, որի վրա հարմար է ման գալ ոտքով։ Լեռան հեռվից դժվարամատույց թվացող թեքությունը ոչ այլ ինչ է, բայց եթե տեսության խաբուսիկ երևույթ, որ ավելի ևս զորանում է նրանից, որ Արարատի դեպի Երևան նայող երեսը, իրոք որ, համարյա ուղղաձիգ է և այդ կողմից դեպի
գագաթը տանող ուղին մատչելի է միայն երկնային թռչուններին։
.
..Ուրախության աոաջին զեղումներից հետո մենք պետք է մտածեինք դարձի, երկար ու դժվարին ճանապարհի մասին։ Կեսօրից արդեն անցել էր։ Ամրողջ մոտակա շրջակայքը կորչում էր թանձր մառախուղի մեջ, միայն գյուղերն ու քաղաքներն էին հազիվ սևին տալիս դժվար նշմարելի կետերի նման։ Մեզանից դեպի արևմուտք՝ մոտիկ տարածության վրա, իր ձմռային արծաթյա զգեստների մեջ բարձրանամ էր ինձ համար հուշերով թանկ լեռան գագաթը, ուր առաջին անգամ, սրանից 17 տարի տարի առաջ իմ բարերար և դաստիարակ պրոֆեսոր Պարրոտի հետ ես երկրպագեցի այդ նվիրական սրբությանը և այնտեղ փոքրիկ փայտե խաչ կանգնեցրի...:
Թափանցող քամու և ցածրում թողած տաք զգեստների պակասության պատճառով բարձունքին այլևս մնալը անկարելի էր, ուստի, հենց որ պարոն Սիմուրն ավարտեց իր նամակներր Արարատի գագաթից՝ մեկը Կովկասի փոխարքային, իսկ մյուսները Անգլիա՝ իր բարեկամներին, մենք երկյուղածությամբ մնաս բարև ասացինք սրբազան գագաթին և վերադարձի ճանապարհ բռնեցինք։
Եթե մեկին վիճակվի այս կողմից բարձրանալ Արարատ, խորհուրդ չեմ տա վերադառնալ նույն ճանապարհով, որը քարքարոտ լինելու պատճաոով ավելի դժվարին Է, քան լեռը րարձրանալիս։ Ավելի հարմար ու հեշտ կլինի սողալ փխրուն ձյան վրայով՝ կանգնած կամ նստած և կանգ առնել ուզածդ տեղը սրածայր ցցի միջոցով՝ վազքի ժամանակ խրելով այն փափուիկ ձյան մեջ...
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 7, 1956: