Հայ և համաշխարհային գրականության նոր ու նորագույն շրջանների շատ հայտնի հեղինակներ բանաստեղծական աղոթքներ են ստեղծել։ Դրանք որոշ դեպքերում կրկնելով հանդերձ եկեղեցական-կանոնիկ աղոթքների կառուցվածքային ու մոտիվային առանձնահատկությունները(Աղոթքի մասին տե'ս այստեղ), ինքնուրույն ու ինքնատիպ ստեղծագործություններ են։ Բանաստեղծական աղոթքներում խոստովանության, ապաշխարության, փառաբանության կանոնիկ մոտիվներին զուգակցվում են հեղինակների անհատական ապրումների պատկերները, խնդրանքները, դիմումները, երբեմն ընդվզումն ու բողոքը։ Աղոթքի ժանրի բանաստեղծական իրացումներում հաճախ փոխվում է խոսքի հասցեատերը․ Արարչին փոխարինում է հոգին, բնությունը, սիրելի կինը, ինչի հետևանքով ամբողջությամբ փոխվում է աղոթքի տոնայնությունը, թեմատիկ-գաղափարական առանցքը։ Ներկայացնում ենք հայ բանաստեղծների հինգ աղոթքներ։
Միսաք Մեծարենց
Արդի մարդուն Հայր Մերը
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Եւ ես` հանգոյն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դէմքի մը վրան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան`
Ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան`
Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգեակիս ընեմ խորան`
Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրեան:
Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,
Ու չըլլայ որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվէժին մէջ դափիս ձայնին:
Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,
Ու չըլլա՜յ որ ծափիս ձայնին երգը գուժկան
Եսիս սենեա՜կն ունենայ` ցու՜րտ առանձնարան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ու սեղանիս վըրայ դրուած մէն մի նըկան`
Զոյգ մը խինդե՜ր գէթ ունենայ թող խաչանիշ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտիս ժայռին` իբրեւ մական`
Որ բղխեցնէ ջուրն աներկմիտ երանութեան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն ջուրերու վըրայ ձըգեմ իբրեւ ուռկան,
Զայն իբր արօր ակօսներո՜ւն ձըգեմ վըրան:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն իբր անձրեւ ցօղեմ ամէն դաշտին վըրան,
Զայն իբր արեւ բաշխեմ ամէն հորիզոնի:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Զայն ընդգրկած իտէալին ըլլամ որսկան.
Զայն լաստ ըրած ես Լոյսերու նաւո՜րդն ըլլամ:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ժողվել` հոգւոյն մէջ ծերերուն, կոյսին, մանկան,
Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանուորին:
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ժողվել` հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական
Հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ` ամէն ժամ:
Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն,
Անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն,
Տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն`
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական:
Վահան Տերյան
Աղոթք
Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Մի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...
Սաֆո
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կյանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...
Ավետիք Իսահակյան
Իմ աղոթքը
Սիրտս ահա—դատարկ անոթ,
Լցրու նրան,ո՛վ բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ։
Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ բնություն աստվածային։
Սիամանթո
Աղօթք
Կարապները թունաւորուած լիճերէն այս իրիկուն յուսահատօրէն գաղթեցին,
Ու տրտում քոյրեր, թիարանին պատերուն տակ, եղբայրներ կ՚երազեն…
Շուշանով ծաղկած դաշտերուն վրայ պատերազմները վերջացան,
Ու գետնափորներու մէջէն գեղեցկուհիներ դագաղներու կը հետեւին,
Եւ իրենց դէմքերը հողին ծռած՝ երգեցին.
«Օ՜, աճապարեցէ՛ք, մեր ցաւագին միսերը սառեցան այս անիրաւ խաւարներէն…
Աճապարեցե՛ք դէպի մատուռն, ուր կեանքն աւելի գթած պիտի ըլլայ.
Գերեզմանոցին մատուռն, ուր մեր եղբայրը կը քնանայ…»։
Հոգիիս մէջ այրի կարապ մը կը տանջուի,
Ու հոն նոր թաղուած մեռելներուն վրայ
Աչուըներէս վար արիւն անձրեւ մը կը տեղայ…
Անդամալոյծներու բազմութիւններ կ՚անցնին սրտիս ճամբաներէն,
Ու բոպիկ ոտքերով կոյրեր անոնց հետ՝
Աղօթողի մը պատահելու աստուածային յոյսով…
Եւ անապատներու կարմիր շուներն ամբողջ գիշեր մը լացին,
Յուսահատօրէն աւազներուն վրայ ողբալէ յետոյ,
Անծանօթ ցաւի մը համար, որ չի հասկցուիր…
Ու մտածումիս փոթորիկը անձրեւին հետ դադրեցաւ.
Սառած ջուրերուն տակ ալիքներն անգթօրէն բանտարկուեցան.
Հսկայական կաղնիներուն տերեւները, վիրաւորուած թռչուններու նման,
Հոգեվարքի ճիչերով վար ինկան.
Եւ խաւարչտին գիշերն անհունօրէն ամայացաւ,
Ու մենաւոր ու արիւնոտ լուսնկային հետ,
Մարմարեայ անշարժ ու բիւրաւոր արձաններու պէս՝
Մեր հողին բոլոր մեռելներն իրարու համար աղօթքի ելան…
Եղիշե Չարենց
Իմ լերան աղոթքը
Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս աղոթքը իմ լերան:
Քե՜զ, ո՛վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ,
Քեզ՝ Տվողիդ հանճար, և՜ ինքնություն, և՜ ձիրք. —
Դող՝ տարփուհուն պարող, շնորհք՝ բանաստեղծին,
Որ բարբառեն բանիվ և գեղգեղեն ձեռամբ…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ինձ լիաբուռ ձոնած
Շնորհների համար և ձիրքերի անեղծ, —
Որ կոչեցիր երգիչ ու բանաստեղծ
Նվիրեցիր տավիղ և էվոլյան քնար…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, —
Այլև ասպետ, և պետ, և զինակիր
Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի:
***
Իբր ադամանդ մաքուր տառապանքով թրծած,
Պայծառացավ նա հար՝ և կարծրացավ անվերջ, —
Հայրենական հողում որքան ապաքինվեց՝
Ստրկության դժնի կոշկոճներով քերծած: —
Ո՛վ Տեր, գիտե՜ս, որ այս հողն հոգևոր ցողող
Իբր հայրենի հողի վաղվաղակի մշակ —
Դեմքիս հազարամյա հալածանքի նշան՝
Հերկդ եմ հերկել խոսքի ադամանդյա խոփով…
Գիտես, որ հար՝ ելած նախքան լուսաստղը վաղ՝
Ինքըս՝ ոգով անխոնջ լծված իբր համր եզ՝
Խոփն եմ քաշել խոհիս — և ինձ հենց ինքըս ես
Խարազանել խստիվ, որ չընթանամ դանդաղ, —
Եվ վաստակել եմ մինչ ուշ գիշեր խրթին,
Մինչև վերջին կաթիլն առօրյական ուժիս, —
Ապա քնել եմ ես դաշտում քնով ուշիմ
Որ լուսաստղից առաջ — կրկին ելնեմ երթի: —
Սակայն գիտես դու, Տեր, որ ոչ ինձ լուծիդ
Ծանրությունն է ընկճել
Ոչ զեփյուռը շնչով շոյել է դեմքիս վճիտ
Զովացուցիչ քրտինքը — իբրև բալզամ —
***
Օ, ո՜չ. — դու չե՜ս լսել երբեք տրտունջը իմ
Ոչ հոգնության, ոչ չար հերյուրանքի հանդեպ.
Թեկուզ իջել են ծանր, օրհասական ամպեր
Իմ ուսերին խոնջած և անտերունչ շնչին…
Ինձ չի՜ ընկճել երբեք և ո՜չ մի ծանր քար,
Եվ ոչ մի սև կոշկոճ՝ ընկած խոփիս առջև. —
Ես չեմ շեղվել երբեք, — երբեք ետ չեմ դարձել
Ակոսներից երկար, և քարքարոտ, և դար: —
Ես չեմ շեղել երբեք հերկն հայրենի Խոհի, —
Եվ հանդուրժել, որ բյուր սերունդների հերկած
Հին գրքերում մնա անգամ չնչին մի քար
Նետված օտար ձեռքով, որ խարանե Ուղին…
Եվ մառախուղ, և մեգ, և կողմերից օտար
Հռնդալով թռչող ոչնչաշունչ քամի, —
Եվ վայրենի վրեժ դժնի բարեկամի,
Եվ ոսոխի ժանիք արյունոտած —
Հեղեղատներ՝ հանկարծ հայրենական հողի
Անդաստաններն համայն հեղեղատող, —
Չեն ընդհատել երբեք այս Տքնությունն անդուլ
Հազարամյա արյամբ սրբագործված Խոհի…
***
Եվ դու, ով իմ Տեր, որ՝ չնայած անվերջ,
Անհատնելի, նորանոր, որոմային ձիրքով՝
Զարհուրելի կենսունակ, ինչպես անհուն ձեռքով
Աղետալի բեղմնությամբ ցանված որոմ անկեզ,
Յուրաքանչյուր անարատ բողբոջի կողքին,
Ահ, որպիսի ամեհի, անմարելի խանդով
Հռընդում են, բազմանում ու բազմանում անթիվ
Իրարամերժ սաղմերն այս սև — դժնի դժոխքի…
Եվ այն գիտես, ով Տեր, դու, որ որոմն անցան՝
Սաղմն անմշակ այդ սերմի՝ հրի պես լափող, —
Ինչպես մորեխ ինքնակեր՝ զարհուրելի թափով
Բազմանալով, լափելով սերունդների անծայր:
Անխզելի տքնությամբ՝ հերկում միևնույն՝
Ամենօրյա, տվնջյան աշխատանքով ցանած
Բերքն անաղարտ, — խժռելով դեռ նորընծա կանաչ,
Անգամ արմատ ձգած պիրկ շյուղեր ինքնահուն, —
Հրկիզելով, խանձելով, իբր անխորհուրդ հրդեհ —
Հազարամյա մեր ցանի բերքն այսօրվա կանաչ, —
Հրկիզելով անգամ մեր երգն այսօրվա անհաս,
Ողջ կենսաբաղձ մի սերունդ՝ սեզ նորածիլ իբրև դեռ, —
Միևնո՜ւյնն է, ո՛վ Տեր, հանճարավոր անմահ, —
Ո՛վ ինձ խորհուրդ պարգևող և անխորտակ ոգի, —
Զրահավոր քո տված իմաստությամբ՝ գիտեմ,
Որ՝ ինչպես բոց ինքնաչափ՝ ընդերքներին անմաս, —
Ինչպես երեկ, ինչպես միշտ՝ չգտնելով շուրջն իրենց
Հեշտ, դյուրակեզ ոչ մի շյուղ այլևս կենդանի, —
Լափլիզելու են իրենց զարհուրելի խանդով
Եվ մոխրացած՝ < > հողն հայրենի:
Թեկուզ անինչ իմ ողին երբեմնակի բեկված՝
Թողած ակոս, թողած հերկ, թողած հազարամյա,
Անձկալի տքնությունն — իր հին, զառամյալ
Ողբն է հյուսել՝ սգալով կարոտն աներկբա, —
Շնորհակալ եմ, Տեր, ինձ շնորհած անմահ
Իմաստության համար այն՝ զրահավոր, որով՝
Կարողացել եմ տեսնել թե ծիլ, թե որոմ, —
Եվ սնել ծիլ բազմաթիվ՝ ուժերին անմարս…