Մեր լեզուն արձակի լեզու չէ
... ես ժամանակին այդպիսի արտահայտություն արեցի, որ թերևս մեր լեզուն արձակի լեզու չէ: Ես իրավունք ունեի այդ արտահայտությունը նետելու, որովհետև եթե ազգային լեզվիդ, հայերենիդ բարձրագույն նվաճումները, գագաթներն են «Վերք Հայաստանին», «Երկիր Նաիրին», Դերենիկ Դեմիրճյանը, և այլն, և այլոք, որտեղ էպիկական պատումը չկա, ես ստիպված եմ մտածել, որ թերևս մեր լեզուն պրոզայի լեզու չէ, որ թերևս մեր մարդը չի կարող գետափին նստել և կրակի կպչելուն սպասելով՝ իր կողքի հարևանին մի սիրուն պատմություն պատմել: Մերոնք աֆորիկ, պատկերալի, կարճ արտահայտություններով միմյանց կցկտուր արտահայտություններ են անում: Ինչպես թուրքը կնստի և իր հարևանին երկար մի պատմություն, նաղլ կպատմի, արաբը մի նաղլ կպատմի, ռուսը իր կողքի ընկերոջը երկար պատմություն կպատմի, կարծես թե մեր լեզուն այդ հատկանիշը չունի: Դրա համար էլ ես ասել եմ, որ թերևս մեր լեզվի հատկանիշը չէ էպիկական, խաղաղ պատումը: Ձգտումս, խաղաղ պատումի երազս այդ է, և չեմ կարծում, թե այդ ուղղությամբ որևէ առաջընթաց քայլ է եղել: Կռիվս անընդհատ խաղաղ պատումի արձակ ստեղծելն է, հանգիստ, առանց մակդիրների, մակդիրների քչությամբ, զուտ բայով և գոյականով, հանգիստ ընթացքի գործեր: Թերևս մի քանի էջ ունենամ հաջողված:
Գրամեքենայով չեմ կարող աշխատել
– Էսօրվա գրողներից մեկն ինձ մի գեղեցիկ բան սովորեցրեց. տետրակի մի էջում գրել, մյուսն ազատ թողնել, սպիտակ էջում գրանցումներ անել, որոնք հետո գնան առաջին էջ... Գիտեմ, որ շատ մաքուր գրված էջերն անպետքության նշան են: Եթե միանգամից գրվել է, եթե չի աշխատված, ես սարսռում եմ ու գիտեմ, որ ինչ-որ մի վատ բան կա: Հաճախ, նույնիսկ հանիրավի, միջամտում եմ, բայց ոչ խճճելու, շատացնելու, պաուզաներ անելու... Ոչինչ չգիտեմ... Գրամեքենայով չեմ կարող աշխատել: Մի գործի վրա երկու անգամ նստելով, տասնվեցերորդ էջ դուրս եկա և սարսափով տեսա, որ ոճս փոխվել է, ուրիշ բան է դառել՝ մեքենան ուրիշ բան էր հուշել: Այդտեղ էլ ավարտվեց, և այդ հիանալի գործը փչացավ: Թողեցի, բայց կարոտով հիշում եմ, չգիտեմ, գուցե երբևէ կարողանամ անդրադառնալ: Միայն գրիչով:
Դավանել եմ ոչ թե բառի կուլտուրային, այլ տեքստի
– Բառը ես չեմ ընդունում... Երբ տեքստի մեջ հանդես է գալիս որպես փրկարար: Միշտ խուսափել եմ դրանից: Տեքստը պիտի ուժեղ լինի, ոչ թե մի բառը փրկի ողջ տեքստը: Բոլոր բառերը պիտի լինեն հավասարազոր: Բառի փրկարար զորությունն ամենից շատ օգտագործում էր Գուրգեն Մահարին: Դալի-դոլի շարադրանքից հետո մեկ էլ տեսնում էիր հայտնվեց մի փրկարար բառ, որը փրկեց ողջ էջը: Եվ էդպես՝ բառի, արտահայտությունների շնորհիվ տեքստեր էին, որ փրկվում էին: Իսկ ճշմարիտ, մեծ արվեստագետները բառ չունեն, բառը նրանց համար նշանակություն չունի: Հովհաննես Թումանյանի տեքստում բառը նշանակություն չունի, բառերն այնքան ճշգրիտ են գտնված, որ ոչ մեկը չի առանձնանում: Կարծես թե էդպես գորշ բառերի շարան է, բայց որը առաջացնում է վառվռուն, մեծ պատկեր: Բառերը, իրենք լինելով գորշ, աննշանակ, առաջացնում են նշանակալից տեքստ: Ես չգիտեմ՝ ինչ գրող եմ, բայց լավ ընթերցող եմ և լավ գրականագետ էի ի սկզբանե: Դավանել եմ ոչ թե բառի կուլտուրային, այլ տեքստի, ամբողջի կուլտուրային, միշտ վառվռուն բառերը մարել եմ, դուրս գցել տեքստից:
Թումանյանի «Գիքորի» մեջ այդ բառը չկա, բառն ամբողջ «Գիքորն» է: Այս ամենից ելնելով՝ քեզ համար մի ճշմարիտ հղում եմ անելու: Արամ Իլյիչ Խաչատրյանին, որ նաև մեծ երաժշտագետ էր, հարց էին ուղղել «Գայանե» բալետի մասին: Խոսքը «Սուսերով պարի» մասին է: Բալետմեյստերն առաջարկել էր, թե ինչ-որ բան չի հերիքում, արի մի պատկեր գտնենք: Նա հետո էդ նշանավոր «Սուսերով պարի» մեղեդին գրել էր և կյանքի վերջում ասում էր՝ երանի գրած չլինեի: Դա բալետը փչացրեց... Դա հենց բառն է: Փոքրիկ տեքստ է, առանձնացավ և բալետի էպիկենտրոնը տեղափոխեց իր վրա:
Իրականությունը չէ գրականության օբյեկտը, այլ ինքը՝ գրողը
Որովհետև աշխարհն ինչքան օբյեկտիվ, այնքան էլ սուբյեկտիվ ներկայություն է: Որովհետև Աստծո հայացքի ներքո այլ երկիր է առաջանում, սատանայի հայացքի ներքո՝ մի այլ բան: Որովհետև պարզվում է, որ իրականությունը չէ գրականության օբյեկտը, այլ ինքը՝ գրողն է: Օբյեկտն ընկալող սուբյեկտի մասին է քո հարցը: Իրականությունը կար և՛ Թումանյանի առջև, և՛ իր ժամանակակիցներից շատ-շատերի: Թումանյանի առջև դա վերածվում է մի չքնաղ, իրական գրական աշխարհի, մյուսների հայացքների տակ իրականությունը մեռնում է, չի վերաճում գրականության: Այդ հայեցող սուբյեկտները չեն զորում վերաճեցնել գրական իրողության:
Աղբյուրը՝ www.hrantmatevossian.org