Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկը շատ ու տարբեր պատճառներով բացառիկ ու հանճարեղ գործ է, որ դարեր շարունակ ծանոթացրել է մեզ մեր հին պատմությանը, կրթել իր բազում դասերով, ներշնչել ու առաջնորդել գաղափարապես։ Ի թիվս գաղափարական ու բարոյական այլ բազում խորհուրդների, պատմության էջերում կարող ենք տեսնել Մովսես Խորենացու՝ երկրի, պետության իդեալական առաջնորդի տեսլականը։ Ընդհանրապես, «Հայոց պատմության» շարադրանքի առանցքում մի քանի հիմնական կերպարներ են․ նրանցից երեքը՝ Հայկը, Արամը և Տիգրանը Խորենացու հատկապես առանձնացրած ու իդեալ հերոսներն են, սակայն կան նաև այլ սիրելի կերպարներ՝ Արա գեղեցիկը, Վաղարշակ թագավորը, Տրդատը, Մեսրոպ Մաշտոցը և այլք։ Նրանց միջոցով հեղինակը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը, հերոսը, թագավորը, ուսուցիչը։ Խմբավորելով սիրելի հերոսների խորենացիական բնութագրումները, ներկայացնենք այն հատկանիշները, որոնք պետք է ունենա երկրի իդեալական ղեկավարը․
Քաջ ու ըմբոստ
Այս Հայկը, ասում է վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ․․․
Աշխատասեր, հայրենասեր, արժանապատիվ
Սա (Հայկյան Արամը) աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը, լավ էր համարում հայրենիքի համար զոհվել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգեր ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա։
Հզոր ու խոհեմ
․․․Սա (Տիգրանը) մեր թագավորներից ամենահզորն ու ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրենց հնազանդեցրեց և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրը․ բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի, թե ինքը և թե իր ժամանակը։
Գործունյա կազմակերպիչ ու շենացնող
Եվ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական վարքի և խոհականության, չի զվարճանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա(Տիգրանը) տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազդը բարձրացրեց, և մեզ, որ (օտարների) լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ. մթերքներ` ոսկու և արծաթի, և պատվական քարերի և զգեստների և զանազան գույների և գործվածքների՝ տղամարդկանց և կանանց համար՝ առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանում: Հետևակ կովողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով և երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլմունքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու: Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։
Պարկեշտ ու օրինավոր
Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր աշխարհին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել։
Իմաստուն, պերճախոս, արդարադատ ու հոգատար
․․․մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր (հատկություններով), որ պիտանի են մարդուն: Եվ այս գրքում ի՞նչ կա ինձ ավելի սիրելի, քան սրա(Տիգրանի) մասին եղած գովեստներն ու պատմությունը երկարելը: Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը։
Լավ կառավարիչ, օրենքի պաշտպան ու արդարադատ
Այս գլուխը մեծ է և հավաստի պատմություններով լի և արժան ընդարձակ և կոկիկ պատմելու: Որովհետև շատ կա այստեղ՝ տների, ցեղերի, քաղաքների, գյուղերի, դաստակերտների և ընդհանրապես թագավորության կարգերի և կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև թագավորության հետ կապված զորքերի, զորապետների, կողմերի կողմնակալների և սրանց նմանների:..
Եվ իր թագավորական տանը օրենքներ է հաստատում(Վաղարշակը), ժամեր է սահմանում (արքունիք) մտնելու և իջնելու, խորհրդի, կերուխումի և զբոսանքների համար: Սահմանում է զինվորական կարգեր, առաջին, երկրորդ, երրորդ և այլն. և երկու մարդ գրով հիշեցնողներ, մեկը բարին հիշեցնողը, մյուսը՝ վրեժխնդրությունը: Բարին հիշեցնողին հրաման է տալիս՝ թագավորի բարկանալու կամ անիրավ հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին և մարդասիրությունը: Սահմանում է իրավարարներ արքունի տանը, իրավարարներ քաղաքներում և ավաններում։ Հրաման է տալիս, որ քաղաքացիների հարգն ու պատիվը ավելի լինի, քան գյուղացիներինը, որ գյուղացիները պատվեն քաղաքացիներին, ինչպես իշխանների, բայց որ քաղաքացիները շատ չգոռոզանան դյուղացիների մոտ, այլ եղբայրաբար վարվեն, բարեկարգության և աննախանձ կյանքի համար, որ հիմք է կազմում շինության և խաղաղ կյանքի...
Երկիրը շենացնող
Բոլոր առաքինական գործերից և բարեկարգություններից հետո Արտաշեսը հրամայում է գյուղերի և ագարակների սահմաններ որոշել, որովհետև նա մեր աշխարհը բազմամարդացրեց շատ ազգեր (ուրիշ երկիրներից) բերելով, որոնց բնակեցրեց լեռ ներում, հովիտներում ու դաշտերում: Սահմանների համար նա նշաններ սահմանեց այսպես. հրամայեց տաշել քառակուսի ձևով քարեր, մեջերը պնակի նման փոսցնել և թաղել հողի մեջ, իսկ նրանց վրա կանգնեցնել քառակուսի կոթողներ՝ գետնից քիչ բարձր․․․: Բայց ասում են, թե Արտաշեսի ժամանակ մեր Հայոց աշխարհում անմշակ հող չմնաց, ո՛չ լեռնային և ոչ դաշտային, այն քան շենացել էր երկիրը:
Բարեպաշտ և նվիրյալ
․․․Սուրբ Հոգուն հաճո թվաց ավագություն տալ իմ լուսավորոչին՝ միայն խոստովանողի, կավելացնեմ նաև առաքելության կոչումով, իսկ սրանից դուրս՝ (նրանք երկուսը՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատը) իրար հավասար են խոսքերով և գործով: Բայց այստեղ ես նկատում եմ թագավորի առավելությունը, որովհետև Աստծու մասին մտածելու և ճգնողության մեջ նրանք երկուսը հավասար էին, իսկ համոզական կամ ստիպողական խոսքերով (նոր հավատին) հնազանդեցնելու մեջ՝ թագավորի շնորհն ավելի էր, որովհետև նրա հավատից գործը հետ չէր մնում: Այս է պատճառը, որ ես նրան կոչում եմ նախաշավիղ ճանապարհ և մեր լուսավորության երկրորդ հայր:
․․․Սա (Տրդատը) Քրիստոսին հավատալուց հետո ամեն տեսակ առաքինություններով փայլելով՝ ավելի և ավելի ջանքեր էր անում խոսքով ու գործով Քրիստոսի (հավատի) համար. սաստելով և համոզելով մեծամեծ նախարարներին, այլև ռամիկ մարդկանց բազմությանը, իրապես Քրիստոսի (հավատացյալ) լինելու, որպեսզի նրանց գործերը համապատասխանեն նրանց հավատին: Բայց այստեղ ես շեշտելու եմ մեր ազգի խստասրտությունը, այլև ամբարտավանությունը սկզբից մինչև այժմ, որ նրանք անտարբեր լինելով դեպի բարին, խորթ լինելով ճշմարտության կամ թե բնությամբ մեծամիտ և կամակոր լինելով, դիմադրում են թագավորի կամքին քրիստոնեական կրոնի վերաբերմամբ, հետևելով իրենց կանանց և հարճերի կամքին: Եվ թագավորը, չկարողանալով այս բանը ներել, գցում է երկրային պսակը, գնում է երկնային պսակի հետևից, շուտով հասնելով այն տեղը, ուր Քրիստոսի ճգնավորը (Մանին) լեռների քարայրում էր ապրել:
Այստեղ ես ամաչում եմ ասել ճշմարտությունը, մանավանդ թե մեր ազգի անօրենությունն ու ամբարշտությունը, մեծամեծ ողբերի և արտասուքների արժանի նրանց գործը: Որովհետև նրա հետևից մարդ են ուղարկում, կանչում են, որ գա թագավորությունը շարունակել, (խոստանալով) նրա կամքով վարվել: Իսկ երբ սուրբը չի համաձայնում, նրան (թունավոր) ըմպելիք են տալիս, ինչպես հնումը աթենացիները Սոկրատին տվին մոլախինդը, կամ մերն ասելով՝ կատաղած եբրայեցիները մեր Աստծուն տվին լեղի խառնած ըմպելիք: Այսպես անելով նրանք իրենց վրայից հանգցրին աստվածապաշտության բազմափայլ ճառագայթը:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981: