2000 թվականի հունիս-հուլիս ամիսներին Լևոն Խեչոյանը մասնակցում է է Եվրոպական խորհրդի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ իրականացված «Գրական ճեպընթաց - Եվրոպա-2000» միջոցառմանը, որի շրջանակում հատուկ գնացքով, եվրոպացի այլ գրողների հետ Լ․Խեչոյանը շրջագայում է Եվրոպայի 21 քաղաքներով: Գրողը լինում է Մադրիդում, Փարիզում, Կալինինգրադում, Բեռլինում, որտեղ էլ ընթերցում է «Պատերազմը և գրականությունը» զեկույցը: 2001 թվականին Բեռլինում գերմաներեն լույս է տեսնում գրական ճեպընթացի մասնակից գրողների ստեղծագործություններն ամփոփող «Europaexpress» ժողովածուն։ Այս ժողովածուում է ընդգրկված Լևոն Խեչոյանի «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն: Հունվարի 8-ը Լևոն Խեչոյանի հիշատակի օրն է։ Նա արդեն 10 տարի մեզ հետ չէ և Art365-ը ներկայացնում է սիրելի արձակագրի այս ուշագրավ ու արդիական ստեղծագործությունից մեկ հատված։
Համազգային միաբանություն ու ներքաղաքական բռնցքամարտ
Զարմանալով զարմանում եմ այս շքեղ երկրների և քաղաքների գեղեցիկ գոյությամբ, նրանց մեջ ապրող կախարդանքով:
Ինչպե՞ս են այս երկրներն իրենց ներսի հակադիր, տարամետ ուժերի հաշվեկշռված համերաշխության հասել, այո՛, կարելի է այսքան խոշոր, անթերի քաղաք կառուցել` բետոնով ու երկաթով, բայց որ նրա ներսում նաև լույսը զրնգա, դա հնարավոր է միայն ու միայն համազգային միաբանությամբ:
Նրանց կուսակցությունները, գործիչները, քաղաքական ասպարեզում սևի և սպիտակի մեկնաբանությամբ, չեն ժխտում մեկը մյուսին, լավագույնի ավանդույթն են իրար փոխանցելով մարդկության գործը առաջ տանում: Ժամանակի ամբողջականությունը չեն կտրատում որևէ կուսակցության կամ քաղաքական առաջնորդի կամքով, նրանք, ինչքան էլ հակադիր կուսակցություններ լինեն, այնուամենայնիվ մի դրվագում, երբ խնդիրը վերաբերում է իրենց ժողովրդին ու հայրենիքին, միաբան են: Մերոնց` կուսակցությունների և քաղաքական գործիչների հակադրությունը մինչև վերջ է, աններում: Այս իշխանությունները չեն ներում նախկիններին, նախկինները` նախորդներին, նախորդներն էլ` իրենցից առաջ եղածներին: Մի թշնամանք, որ ուղեկցվում է թե՛ գաղափարական և թե՛ ֆիզիկական ոչնչացման ճանապարհով: Իսկ ժողովրդի ամենամաքուր ոգին գտնվում է ամբողջական ժամանակի խորքում, երբ կտրտվում է ժամանակը, նրա հետ մասնատվում է ոգին: Այստեղ է, որ մեր տղաների ատամը չի կտրում, այստեղ է, որ քաղաքական գործիչը, ներքին զորություն չունենալու պատճառով, չի վերածվում մետաֆիզիկ մտածողի, ամբողջությունը բզիկ-բզիկ են անում` վերածելով մասերի, նրա ամեն մի հատվածում ցանում են իրենց` այդ միայն մեկ ժամանակի մարդու, օրախնդրի ու շահերի հունդը, և սերնդեսերունդ ընթանում են ներքաղաքական բռնցքամարտեր:
Զինվորն ու հաղթության ոգին
Դարվինի իմաստուն «Տեսակների ծագումը» աշխատության խելացի մտքերից մեկը մեզ ուսուցանում է, թե ինչքան էլ կուսակցությունները սկզբունքներով, ծրագրերով և գաղափարախոսություններով հա- կասեն իրար, այնուամենայնիվ, նրանց առաջնորդների տեսակի ծագումը նույնն է, նույնը կլինի և բանականությունը, հետևաբար, ոչ թե նրանք ինչով են իրարից տարբեր, այլ ինչով են իրար նման` իդեալների և ցանկությունների մեջ չկրելով էական տարբերություններ:
Պատերազմից վերադարձավ փառապանծ զինվորը, սակայն պետական և քաղաքական կառույցները չկարողացան դիվանագիտական ասպարեզում նրա հաղթած պատերազմը ավարտին հասցնել: Քառատված զինվորը, լեռ ու դաշտերից, ջուր ու հրից, տափաստանների տապից, ինչից կարող էր, կտրեց, ճղեց, ձևեց, կցմցեց, լայնացրեց, դարեր շարունակ պատերազմից սպասված արդյունքը տուն բերեց, իսկ այդ հաղթությունը ըստ արժանվույն ոչ մի տեղ չվավերացվեց, բացի գերեզմանատներից:
Չստեղծվեց հաղթության ոգին, հետո` կերպարը:
Հաղթանակը՝ մնայուն արժեք
Ահա քայլում եմ Եվրոպայի միջով, բա որտեղի՞ց նրան, Լիսաբոնից մինչև Բեռլին, այսքան հաղթական կամարներ, առնականության սիմվոլ-սյուներ, եկեղեցիների բակերում` խոցված զինվորների վրա ոսկեփետուր թևերը տարածած, խոնարհված հրեշտակներ, ծառսած ձիերով` աշխարհի փորը թափած սպարապետներ:
Թող իմ ասածը նաև այնպես չհասկացվի, թե պատերազմ եմ քարոզում: Ինչպես որ եկեղեցին հավերժական արժեք է, որտեղից փառաբանում են Աստծուն, այնպես էլ պատերազմում տարած հաղթանակը ազգային արժեք է, մի հարստություն, որ պահվում է երկրի գանձարանում, որով փառաբանվում են սերունդները:
Հաղթանակած պետության ոգին չարարելու համար կուրորեն վրիպելու պատճառ կարող էր լինել դարձյալ քաղաքական դաշտի տկարությունը, քարոզչության միջոցով` կռված տղաների վարկը չհզորացնելը և քաղաքական ասպարեզում առաջնայնության հնարավորություն չտալը` հաճախ շփոթելով այն կարևոր հանգամանքը, որ զինվորը և նրա տարած հաղթանակը նույն բաները չեն, որ զինվորը սոցիալապես մահկանացու կատեգորիա է, իսկ նրա տարած հաղթանակը` ազգային մնայուն արժեք` հավասար մեր մնացած ունեցվածքներին…
Հայրենիքի սահմանները
Ինձ թվում է` մի կարևոր վրիպում էլ ունենք մեր ֆունդամենտալ կողմնորոշման մեջ, որը մեկ այլ դրսևորումով արտահայտվում է արվեստում` շատ հաճախ հայրենիքի սահմանները համարելով երկրագնդի չորս ծագերի վրա տարածված 29,8 հազար քառակուսի կիլոմետրը: Ասում ենք` իբրև թե, միայն իր թիկունքում խոշոր, լայնատարած երկիր ունեցող արվեստագետն է ընդունակ մեծ կտավի գործեր ստեղծելու: Իսկ ո՞վ է ասում, թե մեր Հայրենիքը միայն հորիզոնական փռված, երկրաչափորեն հաշվարկվող այն տարածքն է, ինչը որ աչքն է տեսնում: Հայրենիքի չափը ուղղահայաց հեռուներում նաև երկինքն է, ինչքան որ մեր բանականությունը կկտրի: Անծայրածիր հողեր ու օվկիանոսներ ունեցող ամերիկացի Ֆոլկներին և Ուիթմենին համարժեք դա արել է Նարեկացին: Աշխարհագրական չափերին գումարեց ևս երկինք բարձրացող խորությունները: Նարեկացին, Թումանյանը տեսցրին նաև անդինում գտնվող մեր Հայրենիքի ճանապարհը:
Դորտմունդում երեկ մեզ էքսկուրսիա տարան գեստապոյի նախկին բանտը: Խցերից մեկի պատին «Օլգա Ոսկանյան» էր գրված` բանտարկյալի գիրն էր: Երկար ժամանակ նստած էի աթոռին, այլևս ոչ մի տեղ չէի ուզում գնալ, շուրջս` օդի մեջ, ինչ-որ միայնակ բան կար, նա էլ ինձ ճանաչեց:
Աղբյուրը՝ Գրական թերթ, 08.01.2014: