Խաչատուր Աբովյանի հուշարձանի ճակատագիրը ինչ-որ առումով նման է մեծ գրողի ճակատագրին՝ ճանապարհորդություններ, շրջագայություններ, փորձություններ...
Խաչատուր Աբովյանի արձանը «շրջագայել» է 7 անգամ, ընդ որում 3 անգամ՝ երկրից երկիր:
Պատմությունը հետևյալն է.
Աբովյանի անհետացման 60-ամյակի առթիվ որոշվում է Երևանում կանգնեցնել գրողի հուշարձանը: Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12.000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համերգներից ստացվող հասույթով։ Մի քանի տարում տեղի են ունենում համերգներ Կովկասի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում, սակայն պահանջվող գումարը հաջողվում է հավաքել միայն մի քանի տարի անց։
Արձանը քանդակելու համար հայտարարվում է մրցույթ: Արդյունքում, ներկայացված ութ նախագծերից ժյուրիի հավանությանն է արժանանում Անդրեաս Տեր-Մարուքյանի ներկայացրած նախագծերից երկրորդը։ 2 տարի անց արձանը պատրաստ էր, սակայն այն գտնվում էր քանդակագործի բնակության վայրում՝ Փարիզում, քանի որ այն Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ գումարը չկար:
Շուտով քանդակագործը մահանում է՝ այդպես էլ չտեսնելով իր ստեղծագործությունը նախատեսված վայրում, ինչպես նաև չստանալով խոստացված հոնորարը:
Անդրեաս Տեր‐Մարուքյանն իր արվեստանոցում՝ Խաչատուր Աբովյանի արձանի հետ, Փարիզ, 1910 թվական
Միայն խորհրդային կարգերի օրոք՝ 1925 թվականին, պահանջվող գումարը փոխանցվում է, և քանդակը Փարիզից ուղարկվում է Երևան, բայց... սխալմամբ հասնում է Թիֆլիս. Սա արձանի երկրորդ կանգառն էր։ Թիֆլիսում արձանը մնաց շուրջ 8 տարի և հետո միայն տեղափոխվեց Երևան ու տեղադրվեց «Մոսկվա» կինոթատրոնին կից՝ Աբովյանի անվան հրապարակում:
Այսքանով արձանի «ճանապարհորդությունը» չավարտվեց. 1950 թվականին Աբովյան փողոցը վերակառուցվում է, ինչի պատճառով արձանը տեղափոխվում է Երևանի կրկեսի մոտ, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ անշուք մի վայր:
Որոշ ժամանակ անց Տեր-Մարուքյանի ստեղծած արձանը կրկին տեղափոխվում է՝ այս անգամ հայտնվելով Ծիծեռնակաբերդի բլրի վրա: 1957 թվականին արձանը կանգնեցվում է Մանկական երկաթուղու տարածքում՝ Աբովյանի անվան զբոսայգում, թունելների մոտ։ Միայն յոթ տարի անց՝ 1964 թվականին, արձանը զբաղեցնում է իր ներկայիս տեղը՝ Քանաքեռում` Աբովյանի տուն-թանգարանի տարածքում, ինչից տարիներ անց՝ 1980-ականների վերջին, վանդալները կրակում են Աբովյանի արձանի վրա: