Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1979) վիպասքը մի զարմանալի ու ներշնչող ստեղծագործություն է, որտեղ գործող անձերը թեև առանձին հերոսական անհատներ են, ազգային ազատագրական շարժման առաջնորդներ՝ Զորավար Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մախլուտոն և այլք, սակայն պատումը հյուսվում է ժողովրդի հերոսական ու անկոտրում ոգու շուրջ։ Հայրենասեր ու աշխատասեր մարդիկ, որոնք հերոսություն են դրսևորում դժվար գյուղական աշխատանքներում, սակայն, պահի մեջ պատրաստ են նաև զենք վերցնել ու անխախտ հավատով պայքարել իրենց սրբությունների համար։ Պայքարել ու երբեք չկորցնել հավատը։ Art365-ը ներկայացնում մի հատված Խաչիկ Դաշտենցի հիանալի վեպից
ՀԱՎԱՏՔԻ ՈՒԺԸ
Երկու-երեք քարընկեց էր մնացել, որ հասնեի ս. Աղբերիկ, երբ իմ առաջ բացվեց լեռնային աշխարհի անկրկնելի մի տեսարան։
Մի խումբ սասունցիներ, ձորի խոր հատակից քարքաշով դեպի սարի գլուխն էին հանում մի վիթխարի ջրաղացքար։ Քարքաշը երկճղանի կոշտ ու կոպիտ մի փայտ էր՝ ուղղահայաց մի ցից կենտրոնում։ Գլխի հաստ կողմում կացնի նեղ բերանով փորված մի անցք կար։ Ջրաղացքարը պառկեցրել-հագցրել էին ցցի վրա, փորանցքից մի երկայն շղթա էին անցկացրել, շղթայից՝ հորիզոնական ձողեր։ Երկու կողմից երեքական տղամարդ ձեռքերով պինդ բռնած և կրծքերը դեմ տված այդ ձողերին, հսկում էին, որ հավասարակշռությունը չխախտվի։ Լծել էին նաև յոթ լուծ եզ հոտաղները լուծքերին, և անդունդի թեք քարքարոտ կողերով դեպի վեր էին տանում հսկա քարը, ամեն րոպե պատրաստ քարքաշով, ջրաղացքարով և լծկաններով ձորը գլորվելու։ Թվով տասնութ-քսան հոգի էին, բոլորն էլ դարչնագույն թուխ դեմքերով, բրդյա գդակներով և կռնակներին այծամորթի։ Ամենից բարձրահասակը մի հաղթանդամ ծերունի էր ալրոտ հագուստով։ Սա ետևից էր գալիս, զգուշորեն հետևելով, որ քարը չպոկվի քարքաշից։
Երկու օր առաջ լեռնային հեղեղը քանդել էր քեռի Միրոյի հնադարյան ջրաղացը և նրա վերին քարը տեղահանելով գլորել անդունդ։ Տեսնողների վկայությամբ քարը շարունակել էր թավալվել անդունդի հատակին, իր վրայից դեն շպրտելով հեղեղի կատաղի հորձանքները։ Այդ բանը ավելի ամրապնդել էր խութեցիների հավատքը իրենց ջրաղացի զորության մասին։
Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադառնալով, Հավատամք լեռան վրա պատերազմի էր բռնվել Տարոնի քրմական բանակի դեմ։ Ավանդություն կա, որ նա իր ձեռքին բռնած փայտաշեն խաչով հաղթել է քրմական բանակին և նրանց առաջնորդներ Գիսանե և Դեմիտրի քրմապետներին սպանելով և նրանց մարմինները այրելով՝ մոխիրը Փրե-Բաթմանի կամուրջից թափել է ջուրը։ Պարտված քրմերի և քրմուհիների մի մասը իրենց տաճարների փլատակներից փախչելով, ըստ ավանդության, վերափոխվել են կաքավների, իսկ մյուսներին Լուսավորիչը ժողովելով լցրել է Հավատամք լեռան և Սասնո լեռների անդունդների մեջ, նրանց վրա շպրտելով հսկայական քարեր։
Միայն մի կաղ դև է ազատվել այդ մութ զնդաններից, խոստանալով որպես փահլեվան հավետ ծառայել ս. Կարապետի և ս. Աղբերիկի վանքերին, մաքրելով նրանց կրակարանները և մոխիրը գիշերով թափելով Փրե-Բաթմանի մեջ։
Ու Տարոնի ժողովուրդը հավատում է, որ երբ ամենքը քնած են, կաղ դևը իր հսկա սակառը շալակած գիշերով գալիս մաքրում է այդ վանքերի մոխիրը և մի ոտքը Շամիրամի լեռանը դրած, մյուսը Ծովասարին Մարաթուկի վրայով շտապում է դեպի Բաթմանի կամուրջը և կռանալով իր ծանր բեռը դատարկում է գետի մեջ։
Սասունցիները իրենց լեռների խոռոչներում ժամանակին հայտնաբերել էին ապառաժյա աղաքարերի բազմաթիվ կուտակումներ։ Իբրև թե դրանք եղել են Մշո դաշտի քարե հեթանոս մատյանները, որ Գրիգոր Լուսավորիչը կործանելով շպրտել է փախչող դևերի ետևից։ Հեթանոս գրերը ակնթարթում մեղուներ դարձած պարս են կապել Ծիրնկատարի ծերպերին, իսկ սարաժայռերը իրար վրա կուտակվելով, փակել են լեռների խոռոչներում թաքնված դևերի փախուստի ճանապարհը։
Խութեցիները մանավանդ հավատում էին, որ իրենց ջրաղացքարը այդ ապառաժներից է շինված։ Այդ էր պատճառը, որ գյուղացիները հավաքվելով միահամուռ ուժերով նորոգել էին ավերված ջրաղացը և յոթ լուծ եզ ու քարքաշ առնելով իջել էին ձորը, որ նվիրական քարը խորխորատից բարձրացնեն և նորից հաստատեն իր հիմքին։
Թեթև դադար եղավ։ Երբ հրաման տրվեց գութանը քաշելու, հոտաղները ցատկեցին լուծքերին, ձայն տվին իրար, եզները ձգեցին շղթան և քարքաշը տեղից պոկվելով շարժվեց սարն ի վեր։ Հոտաղներից մեկը տալվորիկցի Ֆադեն էր։ Սա նստած էր առաջին լուծքին, քշտած ոտքերը անդունդի վրա կախած։ Ֆադեն Խտանա կածից առաջինն էր տեսել անդունդի հեղեղի մեջ թավալվող քարը և թիակը ուսին դեպի Ծովասար գոռալով շտապել էր օգնության։ Ես էլ մասնակցեցի խութեցոց ջրաղացքարը անդունդից հանելու աշխատանքին։ Միայն մի կարճ պահ տևեց իմ մեկուսի կանգնելը։ Վայրկյանապես մոտեցա և ծերունի Միրոյի կողքին տեղ գրավելով, իմ կուրծքը դեմ տվեցի երկաթե շղթային։
Մանրատերև սալորենու տակ մոլորված կածանը անդարձ կորել էր, շնչակտուր դեմ առնելով լերկ քարափին։ Ինչ-որ ջրհեղեղից անդունդ քշված մի քար էր, որ նույնպես կորցրել էր իր ուղին, և մենք մեր ուսերն ու բազուկները իրար նեցուկ արած ու հավատքով կպած գործին, ժայռոտ լեռնալանջով նրան մղում էինք դեպի վեր, դեպի արևոտ բարձունք։
Եզները ձիգ տալով դանդաղ շարժվում էին կճղակները ապառաժներին սեղմած։
— Հասանք, հա՜, հասանք, ձեզ ղուրբան, — ետևից ոգևորում էր ջրաղացպան Միրոն, շարունակելով աչալուրջ հսկել, որ քարքաշի հավասարակշռությունը չխախտվի։
Վերջապես մեծ դժվարությամբ ջրաղացքարը անդնդախոր ձորից հանեցինք սարի գլուխ, խորդուբորդ ոլորաններով հասցրինք ջրաղացի դուռը, թեթև կռանեցինք և մեր թևերին առած ներս տանելով հաստատեցինք ներքին քարի վրա։
Ֆադեն իսկույն կարգի բերեց մայր առուն, և ջրաղացը նորից սկսեց թափով աշխատել։
Աղորիքի տերը՝ քեռի Միրոն, բոլոր մասնակիցներին ճաշ տվեց և, իմանալով իմ պատմությունը, ինձ պահեց իր մոտ, թաքցնելով իր շողտան մեջ ջրաղացի ստորին հարկում։
Ամբողջ գիշերը ջրի զորավոր հոսանքը աչքերիս առաջ ուժգնորեն դարձնում էր ջրաղացի թափանիվը, և ես այդ պտուտակի մոտ կանգնած, մտածում էի հեղեղից քանդված և վերականգնված ջրաղացի մասին և այն զարմանալի տոկուն ջրաղացպանի մասին, որի անունը Միրո էր, այն լեռնականների մասին, որոնց կամքը ավելի հզոր էր, քան լեռնային ամեհի հեղեղը։ Միայն հավատքի ուժը կարող էր անդունդի հատակից վեր բարձրացնել խորտակված ալյուրաքարը։ Եվ ակամայից ես մեր ժողովրդի բախտը համեմատում էի խութեցի Միրոյի ջրաղացի հետ։ Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։ Ո՞վ պետք է վերևից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը և սարից-սար գոռալով, առաջինը շտապի օգնության։
Ո՞վ պիտի այդ տեղահանված քարը անդունդից հանի և վերստին հաստատի իր հիմքի վրա։
Այդ պետք է անենք մենք։ Պետք է անեն հավատքի ուժը և հավատավոր մարդիկ։ Եթե բոլորս ի մի զորվենք և մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտված մնա անդնդում։