20-րդ դարի համաշխարհային գրականության ամենանշանակալի հեղինակներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի (1883-1924) մասին հուշագրական մեծ գրականություն կա։ Մտերիմների, գործընկերների, սիրելի կանանց հեղինակած հուշերում Կաֆկան հիմնականում ներկայանում է այնպես, ինչպես մենք նրան պատկերացնում ենք իր գործերից ստացած տպավորությամբ։ Այս՝ ավանդական ու գրական Կաֆկայի կերպարը մի փոքր այլ գույներով ու մանրամասներով է ներկայանում չեխ գրականագետ ու երաժշտագետ Գուստավ Յանուխի՝ «Զրույցներ Կաֆկայի հետ»(1951) գրքում։ Յանուխն ու Կաֆկան ծանոթացել են ապահովագրական ընկերությունում, որտեղ գրողի հետ աշխատում էր Գուստավի հայրը։ Գրեթե ամենօրյա հանդիպումներն ու տարբեր երևույթների մասին զրույցները անչափ հետաքրքիր են ինչպես մեծ գրողին ճանաչելու, այնպես էլ նրա գրականությունը հասկանալու տեսանկյունից։ Art365-ը ներկայացնում է քաղվածքներ Գուստավ Յանուխի «Զրույցներ Կաֆկայի հետ» գրքից։
*****
․․․Հավանաբար այն(լույսը) շեղում է ներքին խավարից: Լավ է, երբ լույսը հաղթում է մարդուն: Եթե չլինեին այդ մռայլ, անքուն գիշերները, ես գուցե թե ընդհանրապես չկարողանայի գրել:
Իսկ գրելիս շարունակ գիտակցում եմ իմ մռայլ մենակությունը:
*****
Չկա ավելի գեղեցիկ բան, քան ազնիվ, պարզ, բոլորի համար օգտակար արհեստը: Հյուսնությունից բացի ես զբաղվել եմ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ: Դա շատ ավելի գեղեցիկ ու արժեքավոր գործ է, քան պարտադիր ծառայությունը գրասենյակում: Մարդու համար արտաքուստ այն ավելի բարձր, ավելի լավն է: Բայց միայն արտաքուստ: Իսկ իրականում մարդը միայնակ է, ուստիև՝ ավելի դժբախտ: Դա է եղած–չեղածը:
Մտավոր աշխատանքը մարդուն պոկում է մարդկանց համայնքից: Արհեստը, ընդհակառակը, նրան տանում է դեպի մարդիկ:
*****
— Դուք բանաստեղծին նկարագրում եք իբրև մի զարմանալի հսկայի, որի ոտքերը հողի վրա են, իսկ գլուխը կորած է ամպերում: Դա միանգամայն բնական պատկեր է
մանրբուրժուական պայմանականությունների տեսանկյունից: Դա նվիրական ցանկությունների պատրանքն է, որն իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի: Իրականում բանաստեղծը միշտ ավելի փոքր ու ավելի թույլ է, քան հասարակայնորեն միջին անհատը: Դրա համար էլ երկրային գոյության ծանրությունը նա շատ ավելի սուր և ուժեղ է զգում, քան մյուսները:
Նրա երգը անձամբ իր համար լոկ աղաղակ է: Արվեստը արվեստագետի համար տառապանք է, որի միջոցով նա ազատագրում է իրեն նոր տառապանքի համար: Նա հսկա չէ, այլ միայն գունեղ թռչուն՝ փակված սեփական գոյության վանդակի մեջ:
*****
Ես միանգամայն անհնարին թռչուն եմ, ես արջնագռավ եմ՝ kavka:․․․ Այո՛, իմ ցեղակցի կյանքն ավելի լավ է ընթանում, քան իմը: Թեև նրա թևերի փետուրները կտրված են: Ես դրա կարիքը չունեմ, քանի որ իմ թևերը ջարդված են: Այդ պատճառով ինձ համար բարձունքներ ու հեռաստաններ չկան: Ես մոլորված այս ու այն կողմ եմ թռչում մարդկանց մեջ: Նրանք ինձ նայում են անվստահությամբ: Չէ՞ որ ես վտանգավոր թռչուն եմ, գիշատիչ եմ, արջնագռավ: Բայց դա միայն թվում է: Իրականում ես հետաքրքրություն չունեմ փայլուն առարկաների հանդեպ, ուստի չունեմ նաև փայլուն, սև փետուրներ:
Ես գորշ եմ, ինչպես մոխիրը: Արջնագռավ, որը երազում է անհետանալ քարերի մեջ։
*****
․․․Դահիճն այսօր ազնիվ, ծառայողական նպատակահարմարության տեսանկյունից բարձր վարձատրվող մասնագիտություն է:Ինչո՞ւ յուրաքանչյուր ազնիվ ծառայողի մեջ
մի դահիճ չխցկել:
— Բայց չէ՞ որ ծառայողները մարդ չեն սպանում:
— Այն էլ ինչպես են սպանում,— հավատացրեց ինձ Կաֆկան՝ ձեռնափերով ուժեղ հարվածելով սեղանին,— կենդանի, կյանքով լեցուն մարդկանց նրանք վերածում են
մեռյալների, որևէ փոփոխության չենթարկվող գրանցման համարների:
*****
․․․Յուրաքանչյուր մարդ ապրում է վանդակի մեջ, որը նա կրում է իր ներսում: Այդ պատճառով է, որ հիմա շատ են գրում կենդանիների մասին: Դա ազատ, բնական կյանքի երազանքի արտահայտություն է: Սակայն մարդկանց համար բնական կյանքը մարդկային կյանքն է: Բայց դա չի երևում: Չես ուզում տեսնել:
Մարդկային կեցությունը շատ ծանր է, ուստի նա ցանկանում է այն գոնե երևակայության մեջ թեթևացնել:
*****
Գիրքը չի կարող փոխարինել աշխարհին: Դա անհնար է: Կյանքում ամեն ինչ ունի իր իմաստն ու խնդիրները, որոնք մյուսների համեմատությամբ ոչ պակաս իրավունք ունեն իրականանալու: Սեփական կյանքը մեկ ուրիշի միջով ապրել հնարավոր չէ: Այդպես էլ աշխարհն ու գիրքը: Փորձում են կյանքը արգելափակել գրքերում, ինչպես երգող թռչուններին՝ վանդակներում: Բայց դա չի հաջողվում, ընդհակառակը: Մարդը գրքերի վերացարկումներից կառուցում է սոսկ վանդակների համակարգ ինքն իր
համար: Փիլիսոփաները գունագեղ զգեստներ հագած լավ թութակներ են զանազան վանդակներում:
Աղբյուրը՝ Գուստավ Յանուխ, Զրույցներ Կաֆկայի հետ․գրառումներ և հիշողություններ(թարգմ․ գերմ․՝ Արա Առաքելյանի), Երևան, Զանգակ, 2018։