«Նավը լեռան վրա» վեպը հայ նշանավոր գրող Կոստան Զարյանի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1943 թ. Բոստոնում, ապա որոշակի խմբագրումներով՝ 1963 թ. Երևանում: Վեպի գործողությունները ծավալվում են 1918-1920 թթ. Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման դժվարին ժամանակաշրջանի ճակատագրական պատմական իրադարձությունների ֆոնին: Անորոշ ու ողբերգական իրականությունը, անկանխատեսելի ապագան ու միմյանց հաջորդող ողբերգություններն ու կորուստները սակայն, չեն ընկճում վեպի գլխավոր հերոս Արա Հերյանին: Նա դժվարին օրերին գալիս է հայրենիք և փորձում է փոխել այդ իրականությունը: Նա անշեղորեն, գերմարդկային ճիգերով ընթանում է դեպի իր երազանքի իրականացումը. նա ցանկանում է Սևանա լիճ նավ հասցնել և հիմնել հայկական նավատորմ: Հայոց պետականությունը խորհրդանշող նավը վեպի առաջին տարբերակում, թեև Սևան այդպես էլ չի հասնում, սակայն մենք տեսնում ենք հեղինակի միտումը, նաև հավատը իրականություն փոխող փոքրաթիվ մարդկանց, ծրագրերի, գաղափարների նկատմամբ: Ամեն ինչ հնարավոր է, եթե կա երազանք ու առաքելության գիտակցում, հավատարմություն արժեքներին ու մշակույթին, անձնազոհություն և կամք: Art365-ը ներկայացնում է հատված «Նավը լեռան վրա» վեպի բոստոնյան հրատարակությունից:
Նավը լեռան վրայ
— Երբ ամէն ինչ քանդւում է,— մի քիչ լռութիւն հաստատւելուց յետոյ ասաց Պերոնեանը,— հարեւանները տանդ վերջին քարերն էլ առնում են ...
—Քեմալականները մեր գաւառներում մնացած հինաւուրց եկեղեցիների հոյակապ յիշատակարանները թնդանօթի են բռնում, որպէսզի հայութիւնից ոչ մի հետք չմնայ ,— աւելացրեց Հայկ Շուշանը։
— Վաղը պիտի տեսնէք, Քեմալին պիտի համարեն մեծ եւ ազատարար մարդ...
Աշխարհի բաները այդպէս են... Ամերիկացի պատւելիները, որոնք իրենց կապիտալիզմի առաջնորդներն են, պիտի գովաբանեն արիւնարբու գազաններին...
— Սրանք հին ցաւեր են, որոնց մասին աւելի լաւ է չխոսել, ասաց Սուլթանեանը։ Պերոնեանը իրաւունք ունի, երբ ազգերը խեղճանում են եւ պատմական կարեւորութիւնից զրկւում՝ նրանց արհամարհում են եւ կողոպտում։ Երբ մի օր, նորից, ոտքի կանգնենք՝ մեր բարեկամների թիւը անմիջապէս կ'աւելնայ: Նախ՝ մենք մտածենք մեր մասին, հոգեպէս վերականգնենք, յետոյ կը տեսնենք...
—Քիչ առաջ, Սուլթանեան, դու խօսում էիր մեծ մի մշակոյթ ստեղծելու մեր պատմական ճիգի մասին... Խօսքդ կտրեցին — ասաց Կարան:
— Հա, այդ էի ուզում ասել...— շարունակեց Սուլթանեանը,—այդ․․․ Մշակոյթը ոգի է եւ մեծ մշակոյթը յատուկ է մանաւանդ փոքրիկ ժողովրդներին...
— Ընտրեալ փոքրիկ ժողովուրդներին... Եթէ ուզում ես։ Գոնէ անցեալում այդպէս է եղել. Աթէնքը, Ֆլօրանսը... Մշակոյթը հարստութիւն, քաղաքակրթութիւն, ընկերային բարենորոգւած կազմ կամ պետական զօրութիւն չէ, այլ զուտ ոգեկանութիւն. կեանքը լուսաւորող եւ հարստացնող ճրագ... Արդ՝ եթէ լաւ ուսումնասիրէք մեր պատմութիւնը, պիտի տեսնէք, որ ըսկըզբից, առասպելական օրերից, մենք վազել ենք այդ ճրագի, այդ լոյսի ետեւից: Արան․․․
— Արքան այդ լոյս, արքան արեւ,
Որ սուրն պարզեց եւ մթնաթեւ
Խաւարի դէմ կռիւ հանեց.
Շամիրամայ սէրը մերժեց...
Կարան իր գրած ոտանաւորի այդ տողերը արտասանեց եւ նայեց Սուլթանեանի աչքերի մէջ:
— Հա, էդպէս,— գլխի չարժումով Կարային քաջալերելով, շարունակեց Սուլթանեանը։ ― Նշանակալից է, որ մեր պատմութիւնը սկսւում է ոսկէ այդ առասպելով։ Կարծես պատմութիւնը մեզ ասում է. առէք այդ լոյսը եւ քայլեցէք... Եւ մենք քայլել ենք դժւարին ճանապարհներով եւ ամէն անգամ, որ այդ լոյսը մարել է՝ մենք դեգերել ենք խաւարի մէջ, մեր հասակից վայր ենք իջել, հրաժարւել ենք մեր մեծութիւնից... Արայի եւ Շամիրամայ լեգենդը երկու սկզբունքների պայքարն է: Մէկ կողմից Արան,— յովազի ուժեղ, ճկուն մարմնով, քաջ, լուսաւոր մտքով, ամբողջական եւ զօրեղ արեւային արքան․ անմար ճառագայթներով հիւսւած կամքը, խորհրդանշաններ ստեղծող յանդուգն տեսլապաշտը, արիւնը եւ տառապանքը երջանկութեան վերածող եւ տիեզերքի իմաստը լոյսով դրսեւորող քրմապետը, եւ, միւս կողմից, Շամիրամը՝ ասորա-բաբելական անապատային ջերմը, կանացիութիւնը, հիստերիան, լիբիդօն, աղաւնին եւ օձը, ոսկին եւ ոճիրը, լուսնային պաշտամունքի տաճարը...
—Մոռանում ես, որ յաղթւողը եղաւ Արան,— նկատեց Շուշանը: — Այդպէս էլ պէտք էր լինի։ Ողբերգութեան օրէնքով հերոսը պէտք է զոհւի, պսակւի մահով, որպէսզի վերածնւի։ Արեւը մայր է մտնում նորից ծագելու համար․․․
— Մի քիչ րօմանտիկ է — նկատեց Պերոնեանը: Կարելի է մեզ համար, բայց ոչ մեր ժողովրդի համար,— պատասխանեց Սուլթանեանը։ Մեր ժողովուրդը արեւային այդ սկզբունքից երբեք չի հեռացել: Նախ՝ մի մոռանաք, որ Զրադաշտը ծնւել է հայ մի գաւառում՝ Ղարաբաղում եւ, մենք, պարթեւների եւ պարսիկների հետ միասին, դարերով եղել ենք նրա պաշտողները, ապա՝ երբ մեզ պարտադրել են քրիստոնէութիւնը, մենք այդ կրօնը կերպարանափոխել ենք արայականի ... Մեր ժողովրդի համար Յիսուսը՝ Արեւ է: Յիսուսը յարութիւն առած Արան է: Լոյս, կրակ: Մեր գիւղացին իր օճախում անմար կրակ է պահում, երդւում է արեւի անունով, պաշտում է լոյսը, զոհաբերութեան միջոցով վերակոչում է Արայի մահը, արեւի մայր մտնելը, եւ աղոթում է՝ դէմքը արեւածաղին դարձրած...
— Այդ ճիշդ է,— համաձայնեց Պերոնեանը,— մեր ժողովուրդը ասում է. իմ արեւ, արեւդ վկայ, օճախդ չմարի...
— Ասում է նաեւ,— նկատեց Կարան,— մարդ-աստւած...
—Մեզ մօտ աստւածութիւնը դրսից իշխող, անողոք եւ անդիմադրելի ուժ չէ, այլ լոյսի նման եւ մարդի միջոցով միշտ վերածնւող, միշտ վերաստեղծւող զօրութիւն: Մարդը ինքը պարտ է դառնալ լոյս, ճառագայթ, աստւածանալ... Երեւի մեր նախնիքները ունեցել են հոգեկան միջոցներ այդ մեծութեան հասնելու համար, միջոցներ, որ մենք կորցրել ենք։
Լռեցին:
Քովի սենեակում նորից երգում էին: Մելամաղձոտ, ողբի նման գանգատւող, արեւելեան մի մեղեդի: Մօրուքաւոր մարդը, գլուխը ձեռքերի մէջ բռնած, լսում էր: Երեսը կարմրել էր, աչքերը ուռել էին։ Ամէնքն էլ խմած էին:
Հէրեանը — մինչ ոչ ոք չէր լսում ― ականջ դրաւ երգին, բաժակը լեցրեց, խմեց եւ սաստիկ տխրեց: Հիշեց Զւարթին։
— Ինչ որ է,— ասաց իր ընկերների աչքերի մէջ պիշ պիշ նայելով,— ինչ որ է. հալա մի խմենք...
Ծիծաղեցին:
— Ի՞նչ կայ որ ,— կմկմաց նա չփոթւած — վատ բա՞ն ասացի...
— Չէ։ Յիշեցի որ անունդ Արա է... — ասաց Պերոնեանը։
Հէրեանը սաստիկ կարմրեց։
— Դու էլ բա՞ն ասացիր․․․
—Այդ բոլորը շատ լաւ, շատ գեղեցիկ — ասաց Կարան, - բայց անմիջական կեանքը, իր պահանջները... Քաղաքական պայմանները, տնտեսական ազդակները ...
— Գիտէի որ այդ առարկութիւնը պիտի մէկն ու մէկը անի — պատասխանեց Սուլթանեանը։ — Առարկայական պայմանները, պատմական օրէնքները․․․Դրանք կան, անկասկած գոյութիւն ունեն և, սակայն, թող զարմանալի չթւի եթէ ասեմ, մեծ բաները միշտ էլ իրագործւել են հակառակ առարկայական պայմանների: Ահա մի բան
որ հաշւապահների եւ տիրացուների ցեղը չի հասկանում․․․
― Ես, տիրացո՞ւ,— զայրացաւ Կարան:
— Չէ, չէ , խոսքը քո մասին չէ — հանգստացրեց նրան Սուլթանեանը: — Ասում եմ առհասարակ... Ախր, հէնց վերցնենք մեր պատմութիւնը. եթէ տնտեսական ազդակը լինէր միակ գերիշխանը՝ մենք վաղուց է պարսիկ, արաբ կամ թուրք դարձած էինք, մինչդեռ մեր պատմութիւնը կազմւած է ողբերգական արկածների անհաւատալի յաջորդութիւններից է յանուն մի գերագոյն յիմարութեան ․․․ Այսօր իսկ, եւ վաղը, ի՞նչով կարող ենք մրցել հսկայական ռուսական արտադրական մեքենայի հետ, մենք, որ, հարուստ ենք միայն քարերով․․․
— Չափազանց յոռետես ես: Մեր տնտեսութիւնը մեզ կը բաւի, - առարկեց Պերանեանը:
— Անցել են այն ժամանակները, որը կարող էինք մեկուսանալ մեր լեռներում եւ ապրել մեր աւանդական կեանքով . . Աշխարհը շաղկապւած է եւ ամէն մի ժողովուրդ պարտ է բերել իր ուրոյն արժէքները ― ասաց Շուշանը։
— Շատ ճիշդ — համաձայնեց Սուլթանեանը: Հենց հարցը - դրանումն է՝ ինչ արժէքներով մենք կարող ենք մասնակցել ընդհանուր կեանքին ... Այսօր մարդկութիւնը անոթի է նիւթով․ խենթացած, վայրենացած՝ նա վազում է նիւթական բարիքների ետեւից եւ այդ, բարիքները ձեռք բերելու համար քանդում է, այրում, ռմբակոծում ամէն ինչ...
— Քանդեցին եւ մեր տունը, զոհեցին եւ մեզ,— ասաց Հէրեանը։
— Այո, վաղը մեքենային պիտի հակադրեն մեքենան գործարանին՝ գործարան: Պիտի մխրճւեն նիւթ արտադրելու մարզի մէջ, պիտի երդւեն նիւթի անունից, պիտի աստւածացնեն երկաթը, ցեմենտը, պողպատի բաղադրութիւնները, առարկան եւ պիտի զոհեն մարդը եւ իր անհատականութիւնը․․․
Մենք փոքրիկ ժողովուրդներս, այդ մրցումին չենք կարող մասնակցել, բայց կարող ենք փրկել զուտ մարդկային արժէքները։ Երկաթի տեղ՝ ստեղծագործական զորութիւն, ցեմենտի տեղ՝ հոգեկան վերելք, պողպատի տեղ՝ մտքի խորութիւն եւ հոգեկան կառուցողութիւն: Մենք կարող ենք հակադրել ծխոտ, մութ, աղմկալից գործարանին՝ մարդկային արժանապատւութեամբ տոգորուած ընտրանին: Առաջ բերել մեծ եւ ուժեղ անհատականութիւններ, անձեր, որոնք ի վիճակի լինեն հնարել եւ ղեկավարել իրենց կեանքի նպատակները, բաւականանալ իրենց հոգեկան վերելքով, ինքնակառուցւել, իրականանալ ամբողջապէս․․․ Ես նախատեսնում եմ մարդկային մի ցեղ կազմւած ներքին կեանքի հզօրներից, հոգեկան վերելքի հերոսներից. ջահակիր, աստւածաստեղծ... Երբ մի օր, տնտեսական շղթայումներին ենթարկած, միջատի վերածւած ամբոխները կ՚ապստամբեն մեքենաների դէմ եւ կ'աղաղակեն իրենց հոգու մենակութիւնը եւ պարապութիւնը՝ այդ ցեղը դուրս կը գայ իր ներքին թաքստոցներից եւ կը վերադարձնի մարդկանց՝ մարդկայինը եւ կը լեցնի պարապը՝ նոր եւ հրաշալի բովանդակութիւնով։
—Դա բանաստեղծութիւն է ,— մրմռալով նկատեց Պերոնեանը։
—Եւ թող լինի բանաստեղծութիւն,— պատասխանեց Սուլթանեանը, — թող լինի բանաստեղծութիւն։ Բանաստեղծութիւնը այնքան իրական է, ինչքան սէրը եւ մահը եւ, յամենայն դէպս, աւելի կարևոր է կեանքին քան երկաթը եւ ցեմենտը..․
Աղբյուրը՝ Կոստան Զարեան, Նաւը լեռան վրայ, Բոստոն, 1943։