Մինչ էկրաններ բարձրանալը, ֆիլմն անցնում է բազմաթիվ փուլերով՝ մոնտաժից մինչև նախադիտում։ Վերլուծելով առաջին դիտողների կարծիքներըը՝ որոշ ռեժիսորներ ճշգրտումներ են անում՝ երբեմն արմատապես փոխելով ֆիլմերի ավարտը։
Art365-ը առանձնացրել է մի քանի ֆիլմ, որոնց ավարտը փոխվել է պրեմիերայից օրեր առաջ:
Pretty Woman / Սիրունիկը
Ֆիլմի նախնական վերնագիրն ամենևին էլ «Pretty Woman» չէր, այլ «3000», հենց այդքան էր ֆինանսական մագնատ Էդվարդն առաջարկել գլխավոր հերոսուհի Վիվիենին «որոշակի ծառայությունների» համար։ Նաև նշենք, որ ֆիլմի նախնական սցենարով «happy end» չէր նախատեսվում. սկզբնական տարբերակում Ռիչարդ Գիրի կերպարը աղջկան դուրս է հրում շքեղ մեքենայից՝ նրա երեսին փող նետելով։ Այս տեսարանից հետո Ջուլիա Ռոբերթսի հերոսուհին գնում է տուն և ներարկում դեղի մահացու չափաբաժին...
Titanic / Տիտանիկ
Կինոնկարի նախնական տարբերակում Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի և Քեյթ Ուինսլեթի կերպարի փեսացուի միջև մեծ և երկար կռվի տեսարան կար։ Սակայն հանդիսատեսը, որին պատիվ էր ընձեռնվել առաջինը դիտել Ջեյմս Քեմերոնի հայտնի ֆիլմը, կարծիք հայտնեց, որ տեսարանը դանդաղեցնում է ֆիլմի դինամիկ տեմպը։ Բացի այդ, նրանք համոզիչ չէին համարում սիրո հողի վրա երկար բարակ կռիվները, երբ հերոսները կյանքի ու մահվան եզրին էին։
First Blood / Ռեմբո. առաջին արյուն
Հոլիվուդը տարիներ շարունակ պայքարում էր՝ փորձելով նկարահանել Դեյվիդ Մորելի վեպը Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյի մասին: Որպեսզի հանդիսատեսը կարողանա կարեկցել գլխավոր հերոսին, նրան պետք էր ներկայացնել որպես հանգամանքների զոհ, այլ ոչ թե որպես դահիճ, ինչպես գրքում է։ Ուստի, ի վերջո, Թեդ Կոտչեֆը նկարահանեց մի ֆիլմ, որտեղ Ռեմբոն ընդհանրապես ոչ ոքի չսպանեց, այլ միայն վիրավորեց ու անշարժացրեց ոստիկաններին, որոնք ծաղրում էին Հարավարևելյան Ասիայից վերադարձած «թափառաշրջիկին»։ Միայն մի խնդիր կար՝ ավարտի հետ կապված. գրքում Ռեմբոն կյանքն ավարտում է իր հրամանատար Թրաութմանի միջամտությամբ, սակայն գլխավոր դերակատար Սիլվեստր Ստալոնեին դուր չի եկել այս ավարտը, քանի որ այն ոչ մի հույս չէր թողնում Վիետնամի վետերանների համար և կարող էր տպավորություն ստեղծել, որ նրանց համար միակ ելքը մահն է։ Այդուհանդերձ, պրոդյուսերները պնդեցին եզրափակիչ տեսարանի այն տարբերակի վրա, որտեղ Ջոնը չէր ցանկանում բանտ նստել, ինքնասպան է լինում Թրաութմանի զենքով։ «Այնուհետև Վեգասում փորձնական ցուցադրություն եղավ», - հիշում է ռեժիսոր Թեդ Քոտչեֆը: «Դիտման ընթացքում հանդիսատեսի արձագանքից հասկացանք, որ ֆիլմը հաջողություն է ունենալու։ Բայց Ռեմբոյի մահից հետո մեռելային լռություն տիրեց, և դահլիճում ինչ-որ մեկը բղավեց. «Եթե ռեժիսորն այժմ դահլիճում է, ապա նրան պետք է կախել հենց այստեղ»:
Վերջաբանը շտապ փոխվեց՝ ի ուրախություն Ստալոնեի: Նոր տարբերակում Ռեմբոն հանձնվեց Թրաութմանին և բանտ նստեց: Այս վերջաբանի շնորհիվ էլ հնարավոր եղավ հետագայում ևս երեք ֆիլմ նկարահանել, որտեղ Ջոնն ընդհանուր հաշվարկներով մի քանի հարյուր մարդ է սպանում...