Շուշին 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ մշակույթի զարգացման առաջնակարգ կենտրոն է եղել: Գործել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, գրախանութներ, տպարաններ: Այստեղ են առաջին անգամ հրատարակվել հայ մշակույթի ու գրականության համար նշանակալի շատ գրքեր: Տպարաններից ամենից շատ գրքեր տպագրել է Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը: Այն գործել է 1879-1905 թթ. և տպագրել 54 անուն գիրք. հայ գեղարվեստական ու թարգմանական գրականություն, հայագիտություն, եկեղեցու և իրավունքի պատմություն և այլն: Առաջին հրատարակությունը թարգմանական էր՝ Ջոն Դրեյպերի «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորը(թարգ. Արիստակես Սեդրակյան): Հայտնի է, որ այս տպարանում է աշխատել հետագայում հայտնի պատմաբան Լեոն: Ներկայացնում ենք այս տպարանում տպագրված 5 նշանակալի գրքեր.
1.Րաֆֆի, Խենթը. արկածներ վերջին ռուս-թուրքական պատերազմից, 1881:
Հայ մեծ վիպասան Րաֆֆու հանրահայտ վեպը գրվել է 1881 թվականին: Ինչպես նշվում է վերնագրում, այն պատմում է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի, այդ ընթացքում հայ ժողովրդի կյանքի, ազատագրման ձգտումների ու հերոսության մասին: Գլխավոր հերոսը Վարդանն է, որն ունի պատմական նախատիպ՝ ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսյանը: Այս ստեղծագործության ուշագրավ հատված է Վարդանի երազը, որտեղ հերոսը տեսնում է Հայաստանի երջանիկ ու խաղաղ ապագան:
Հատված վեպից
Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում էՀիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը:Դարերի ընթացքում, համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ. նա չափազանց տոկուն է...:
2.Ավետիք Բահաթրեան, Հին հայոց տաղաչափական արուեստը, 1891:
Շուշեցի ուսուցիչ Ավետիք Բահաթրյանի այս կարևոր գիրքը հայ բանաստեղծության տաղաչափության ուսումնասիրության բացառիկ ձեռնարկ է: Հեղինակն անդրադարձել է հայկական հնագույն չափածո առասպելների, հոգևոր բանաստեղծության, միջնադարյան տաղերի տաղաչափությանը, քննել ազգային բանաստեղծության առանձնահատկությունները: Այս գիրքը շատ բարձր է գնահատել Եղիշե Չարենցը, այն անվանելով՝ «գիրք հանճարեղ և զարմանալի»:
2.Դաւիթ եւ Մհեր: Ժողովրդական դիւցազնական վէպ, 1889։
«Սասնա ծռեր» ազգային դյուցազնավեպի երկրորդ պատումը գրառել է 1886 թվականին Մանուկ Աբեղյանը Էջմիածնում մոկացի Նահապետից, կամ Նախո քեռուց: Առաջին՝ Գարեգին Սրվանձտյանցի գրառած պատումից 13 տարի անց գրառված, ապա Շուշիում հրատարակված էպոսի այս տարբերակը ըստ էության դառնում է ազգային էպոսի ուսումնասիրության հիմքը, մեծապես խթանելով էպոսի ճանաչումն ու հետազոտությունը:
«Վեպի այս նոր վարիանտը ոչ միայն լրացնում է Հ. Սրուանձտեանի հրատարակությունը, այլ մանաւանդ թէ ինքն ևս մի գեղաղարուեստական ամբողջություն է կազմում, որ ունի իւր առանձին արժանաւորութիւնները: ...մեր վարիանտն ևս Դաւթի կեանքից ունի շատ վիպական մանրամասնութիւններ, որոնք իրենց վրայ կրում են հնագոյն դիւցազներգութեան կնիք. սրանում երևում է աւելի միջին դարերի Հայոց պատմական կեանքը, մանաւանդ աւելի հարուստ է ընտանեկան կեանքի նկարագրությամբ դյուցազնականի հետ»,- գրում է առաջաբանում Մ. Աբեղյանը:
4. Չարլզ Դիկկենս, Ծննդեան պատմութիւն, 1891։
Չարլզ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Սուրբ ծննդյան պատմությունը»(կամ երգը) պատմում է ժլատ ու միայնակ մի մարդու՝ Սքրուջի մասին, որին Սուրբծննդյան տոնին երեք ոգիներ են այցելում և նրան վերափոխում՝ դարձնելով ավելի լավը, բարի ու գթասիրտ:
5.Ռոստամ և Սոհրաբ: Ամբողջ վէպ եւ զանազան հատուածներ Շահ-Նամայից: Սամուել Գյուլզադյանցի թարգմանությամբ, 1893:
10-11-րդ դարի բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» պոեմում Ռոստամը (Ռուստամ)՝ կենտրոնական հերոսներից մեկի՝ Զալի որդին է և իրանական էպոսի հիմնական թեմայի՝ Իրանի և Թուրանի միջև մղվող դարավոր կռիվների գլխավոր մասնակիցը: Ռոստամը, ապա և նրա որդին Զոհրաբը «Շահնամեի» գլխավոր հերոսներն են, իսկ նրանց` միմյանց չճանաչելու, մենամարտի և Զոհրաբի սպանության մոտիվներն ու պատմությունը, համաշխարհային էպիկական ժառանգության ամենահետաքրքիր, տպավորիչ ու ողբերգական դրվագներից: Ընդհանրապես, «Շահնամեի» հարուստ ու գրավիչ աշխարհը, վիպական հերոսների սխրանքները ներկայացնող մոտիվաշարերը սիրվել են նաև իրանական միջավայրից դուրս և իրենց որոշակի արձագանքն են ունեցել տարածաշրջանում ապրող այլ ժողովուրդների, նաև հայ վիպական ավանդույթներում:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան