1945 թ․ օգոստոսի 7-ին է ծնվել Հովհաննես Գրիգորյանը։ Հ․ Գրիգորյանի ստեղծագործությունները սիրելի են ընթերցողական տարբեր սերունդներին իրենց անմիջականությամբ ու քնարականությամբ, իրականության նուրբ անդրադարձներով, անպասելի, երբեմն նույնիսկ կենցաղային՝ ոչ բանաստեղծական պատկերներով, սակայն մշտապես հուզիչ ու խորը ընդհանրացումներով։ Թեև պոեզիայի սիրելի եղանակը աշունն է, սակայն հայ ու համաշխարհային պոեզիայում շատ են նաև ամառային պատկերները։ Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում դրանց առկայությունը մասամբ պայմանավորված է բանաստեղծի՝ օգոստոսին ծնվելու հանգամանքով, սակայն կան նաև ամռանն անդրադարձի գաղափարական-հոգեբանական այլ պատճառներ։ Բանաստեղծական ամառը հասունության անցումային մի շրջան է աշնանից առաջ։ Մի եղանակ, երբ ժամանակը կարծես դանդաղեցում է իր ընթացքը, երբեմն կանգ է առնում, մարդկանց գցում թմբիրի մեջ։ Ամառը երբեմն ձանձրալի եղանակ, սակայն մշտապես սպասումներով, տագնապներով ու մեղքերով լի։ Art365-ը ներկայացնում է Հովհաննես Գրիգորյանի ամառային բանաստեղծությունների մի խումբ։
Նոր տողից
Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
քրոջս, որին իˉնչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ`
ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…
Ամռան այգին ծփում է
Ամռան այգին ծփում է
տագնապների մեջ հասուն
և մեղավոր բույրերի,
որ կպչուն են մեղրի պես:
Թեթև քամի – և նայիր`
աչքերը փակ շվարել,
կարկամել է դեղձենին –
չի իմանում, թե ինչպես,
չի իմանում, թե ինչով
քամու ձեռքից փախցնի
ստինքները իր շիկնած…
Վարդը
Վարդը,
որ հանկարծ բացվել է ամռան մեջ,
վարդը,
դեռատի մի աղջիկ,
որ ծնողներից թաքուն
ներկել է շուրթերն ամենավառ
կարմիր շրթներկով
և նստել է հայելու դեմ –
վարդը,
որ բացվել է ամռան մեջ հանկարծ
և չի իմանում, և չի հասկանում,
թե ինչ է կատարվում իր ներսում…
Նվագախումբ
Երբևէ կիրականանան իմ երազանքները,-
ասաց որսորդը և մտամոլոր,
աջ ու ձախ կրակելով խորացավ ու անհետացավ
անտառի մեջ` խուճապ առաջացնելով
բնակչության շրջանում, որը զբաղված էր
խաղաղ, ստեղծագործ աշխատանքով:
Ոմանք խոսում են անգլերեն, ոմանք էլ` շշուկով:
Ոմանք գաղտագողի նայում են ժամացույցին
և շտապում են, շտապում են մահանալ…
Երբևէ կիրականանան իմ երազանքները,-
ասաց ձկնորսը և ցանցը ջուրը նետեց,
և ցանցը շրխկաց ավազին` ջուրն այդ պահին
հասցրեց հեռանալ ափից, և ձկնորսը շնչակտուր
վազում էր ջրի ետևից, ոտները խճճվում էին
ցանցի մեջ, գլորվում էր ու նորից ոտի ցատկում,
բայց ջուրը հեռանում էր ու հեռանում… Իսկ ոմանք
դեռ շարունակուն են խոսել, պահանջել
արդարություն` աջ ու ձախ կրակելով, մինչդեռ
արդարությունը վաղուց բարձրացել է երկինք
առույգ թափահարելով փոքրիկ ու ցանցառ թևիկները:
Երբևէ կիրականան իմ երազանքները,- ասաց ոչնչով
աչքի չընկնող մի մարդ, որը տանից դուրս է եկել
օգոստոսի յոթի առավոտյան
և այլևս չի վերադարձել…
Տաք եղանակներ
Գիշերվա կեսին շենքը նորից արթնացավ
շների անտանելի վայնասունից.
անթաքույց տրվել էին սիրո վայելքին,
բնության հարազատ ու բոլորովին տկլոր զավակները,
մոռացած, որ ապրում են քաղաքակիրթ մարդկանց
շրջապատում, որոնք տասնամյակներ առաջ,
երբ գազը դեռևս էժան էր և էլ. էներգիան էր դեռևս էժան,
եռացրած ջուր էին շփում վերևից անխնա
սիրատենչ շներին քշելու համար, իսկ հետո,
երբ այդ ամենը կտրուկ թանկացավ,
սկսեցին պարզապես սառը ջուր լցնել, իսկ հիմա,
երբ ջուրն էլ է շեշտակի թանկացել –
հայհոյանքների տարափ են տեղում վերևից,
առատորեն օգտվելով մեր բառ ու բանից մայրենի –
միակը, որ գնալով էժանանում է
այս համատարած թանկության մեջ,
և շուտով գուցեև դառնա բոլորովին ձրի,
անտանելի վայնասունի պես անտեր շների:
Լիճը-ամռան տապին
Լիճը – ամռան տապին բացված պատուհան,
և զով քամին շոյում է այրվող երեսդ:
Բոբիկ ոտներով քայլիր ավազների վրայով,
նախամարդու նման մերկ և մասուրի պես
մազմզոտ: Իսկ հենց հասնես ջրին, նետվիր
նրա ալիքների մեջ առանց երկմտելու,
նետվիր աչքերդ փակ և ձեռքերդ կրծքիդ
խաչած: Իˉնչ վերին հաճույք` թփրտալ
անսահման զովության մեջ, լողալ, մինչև
որ նվաղեն մկաններդ, և ձեռքերդ ու ոտներդ
անօգնական կախվեն: Եվ երբ դուրս գաս ջրից,
ավազների վրա կանգնես գլուխդ խոնարհած
ներքև – կզգաս հանկարծ,
որ միամիտ ու մաքուր է
հոգիդ նախամարդու պես ու երջանիկ և արդար ես
ինչպես մասուրի թուփ…
Օգոստոս
Զարմանալի ամիս, որի լայնք ու երկայնքով
առյուծներ են թափառում` ծույլ-ծույլ թափահարելով պոչերը:
Մի գունագեղ Աֆրիկա,
որը հարմար տեղավորվել է երեսուն օրերի մեջ:
Ստեղծված են սքանչելի պայմաններ դդումների
հասունացման համար,
և չկա ոչ մի լուր քեզանից:
Դատարկ արկղերի բարիկադներ, որոնց բարեբեր
պարունակությունը
արդեն տարածվել է քաղաքով մեկ, և հոգնած
գործակատարը ստվերում նստած ուտում է վերջին պոմիդորը,
անտարբեր նայելով փողոցի կեսը բռնած մի անհնարին տիկնոջ,
որն այնքան շատ էր մի փոքրիկ, բազմաչարչար ժողովրդի համար,
որն հիմա ապրում է խաղաղ ու ապահով կյանքով,
…և չկա ոչ մի լուր քեզանից:
Սա քո ամիսն է,
երբ փողոցներում, թատրոններում և համերգասրահներում
հետզհետե ստվարանում է այն մարդկանց բազմությունը,
որոնք տանջահար են եղել զանազան ծովափներում և հիմա,
ինչպես գուրգուրված շնիկի` ցուցադրության են հանում
իրենց թխացած մաշկերը,
…և չկա ոչ մի լուր քեզանից:
Իսկ կույր աշուղների երամը վերջապես իջավ դիմացի
կանաչ լանջին,
նախ սկսվեց լարվող գործիքների ճնկճնկոցն ու միանգամից
հնչեց համերաշխ երաժշտությունը, և մի ձայն
չափազանց տաք ու քաղցր երգեց – չկա ոչ մի
լուր քեզանից, չկա ոչ մի լուր քեզանից - գնում-գալիս էի
պատշգամբում – չկա, ասում էի, չկա ոչ մի լուր քեզանից,
և մատներս էի կոտրատում նյարդայնացած…
Լավ կլիներ, եթե անձրև գար (երևի կինս էր խոսողը),
լավ կլիներ…
…Լսեցի՞ր, երեխայի ճիչ, լսեցի՞ր…
…Լսեցի՞ր, երեխայի լաց, լսեցի՞ր…
Իսկ տատս թափահարեց ոտներիցս ու ասաց.
Տղա է, թող երկար կյանք տա Աստված: